ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 մայիսի 2012 թ. |
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված` «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 11.04.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիայի փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Կոնվենցիայի փոփոխությունն ընդունվել է 2005 թվականի հուլիսի 8-ին` 1979 թվականի հոկտեմբերի 26-ին ստորագրված` Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:
2. Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ին:
3. Սույն փոփոխություններով խմբագրվում, ինչպես նաև բովանդակային փոփոխությունների են ենթարկվում Կոնվենցիայի որոշ դրույթներ, ինչպես նաև Կոնվենցիան լրացվում է նոր հոդվածներով, մասնավորապես նախատեսվում է Կոնվենցիայի վերնագրի փոփոխություն, որն այսուհետ անվանվելու է Միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիա:
4. Սույն փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Կոնվենցիան կիրառել խաղաղ նպատակներով օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութի և խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային տեղակայանքների նկատմամբ` պայմանով, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվեն միայն այն միջուկային նյութի նկատմամբ, որը միջազգային փոխադրման ընթացքում է,
● ամբողջությամբ կրել իր սահմաններում ֆիզիկական պաշտպանության ռեժիմի սահմանման, իրականացման և պահպանման ողջ պատասխանատվությունը,
● Կոնվենցիայի որևէ դրույթ չմեկնաբանել որպես խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային նյութի կամ միջուկային տեղակայանքի դեմ ուղղված զինված ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի օրինական թույլտվություն,
● Կոնվենցիայի դրույթները չկիրառել ռազմական նպատակներով օգտագործվող կամ պահվող միջուկային նյութի նկատմամբ կամ այդպիսի նյութեր պարունակող միջուկային տեղակայանքների նկատմամբ,
● մշակել, ներդնել և պահպանել միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության համապատասխան ռեժիմ,
● օգտագործվող, պահեստավորված և փոխադրվող միջուկային նյութը գողությունից կամ դրան անօրինական այլ ձևերով տիրանալուց պաշտպանելու համար ստեղծել ու պահել ֆիզիկական պաշտպանությունը կարգավորող իրավական և կարգավորող համակարգ, նշանակել իրավասու մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն այդ համակարգի ներդրման համար, ինչպես նաև ազգային օրենսդրությանը համապատասխան` տրամադրել հնարավոր առավելագույն աջակցություն,
● ապահովել արագ ու համապարփակ միջոցառումների իրականացում կորսված կամ գողացված միջուկային նյութի հայտնաբերման և, անհրաժեշտության դեպքում, նաև վերականգնման համար, ինչպես նաև պաշտպանել միջուկային նյութերն ու միջուկային տեղակայանքները սաբոտաժից,
● իրականացնել պատշաճ պաշտպանություն միջուկային նյութի փոխադրման ժամանակ, մինչև այդ պատասխանատվությունը սահմանված կարգով փոխանցվի մեկ այլ պետության,
● հստակ սահմանել պետության ներսում ֆիզիկական պաշտպանության տարբեր տարրերի իրականացման համար պատասխանատվությունը և ապահովել, որ միջուկային նյութերի կամ միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության իրականացման առաջնային պատասխանատվությունը կրեն համապատասխան լիցենզիա կամ թույլտվություն տրամադրող այլ փաստաթղթեր ունեցող անձինք,
● ֆիզիկական պաշտպանության հիմքում դնել սպառնալիքի ընթացիկ գնահատումը, ինչպես նաև մշակել և ներդնել որակի ապահովման քաղաքականություն և որակի ապահովման ծրագրեր,
● սահմանել պահանջներ` պաշտպանելու համար այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնց անօրինական բացահայտումը կարող է վտանգել միջուկային նյութերի ու միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությունը,
● նշանակել Կոնվենցիայի հետ կապված հարցերով կապն ապահովող բաժին և միմյանց այդ մասին տեղեկացնել ուղղակիորեն կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցով,
● կիրառել պատժամիջոցներ միջուկային նյութի գողության կամ կողոպուտի, միջուկային նյութի յուրացման կամ խարդախությամբ ձեռք բերելու և Կոնվենցիայով սահմանված այլ դեպքերում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված` «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
4 մայիսի 2012 թ. ՍԴՈ-1025 |