ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2011 թվականի N 1853-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՈՒ «ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
1.1. Սահմանել, որ`
1) «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության բնագավառում հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմանն ուղղված պետական միջոցառումների ապահովումը, պետական, ազգային, պլանային ու բարձունքային գեոդեզիական ցանցերի, պետական նշանակության տեղագրական և թեմատիկ քարտեզների ստեղծման, թարմացման, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների մշակման, գործիքների և սարքավորումների չափաբանական ապահովումն է.
2) կազմակերպությունն իրականացնում է`
ա. Հայաստանի Հանրապետության ազգային, համաշխարհային, պետական գեոդինամիկական, գեոդեզիական (պլանային և բարձունքային, ինչպես նաև ռեալ ժամանակով մշտական գործող) ցանցերի ստեղծում, թարմացում և զարգացում, գեոդեզիական ու ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգներ) ստեղծում և վարում, վարչատարածքային միավորների ու հատուկ պահպանվող տարածքների սահմանների հիմնավորման, սահմանագծման և նկարագրման աշխատանքներ,
բ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիա) և սահմանազատման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ,
գ. պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի ստեղծում` թվային ու ավանդական եղանակներով, դրանց թարմացում, հրատարակում և բազմացում,
դ. ֆոտոգրամետրիական աշխատանքների իրականացում, օրթոֆոտոքարտեզների, օրթոֆոտոհատակագծերի և բազային թվային քարտեզների ստեղծում,
ե. օդալուսանկարահանման և արբանյակային հանութագրման նյութերի դաշտային վերծանման աշխատանքներ,
զ. պետական և տեղական նշանակության նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման ու վարման աշխատանքներ,
է. կադաստրային թվային քարտեզների ստեղծում և մշակում (մուտքագրում, թվայնացում, տպագրում),
ը. պետական երկրատեղեկատվական համակարգի ստեղծում,
թ. աշխարհագրական անվանումների հաշվառում, գրանցում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում ու վարում, պաշտոնական տեղեկագրի (գազետիր), բառարանների և ցանկերի հրատարակում,
ժ. հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս) ստեղծում և հրատարակում,
ժա. քարտեզագրագեոդեզիական աշխատանքների փորձաքննության և գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրականացում, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում,
ժբ. գեոդեզիական և քարտեզագրական գործիքների ու սարքավորումների հաշվառում և գրանցում, տեխնիկական նորմերի ու ստանդարտների մշակում,
ժգ. Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի և տեղեկատվության ընդունման, մշակման, արխիվացման աշխատանքներ,
ժդ. տիեզերալուսանկարահանման տվյալների ընդունման, ստացված լուսանկարների նախնական մշակման և արխիվացման աշխատանքներ,
ժե. նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ,
ժզ. հողաշինարարության, հողերի տարածքային կազմակերպման և գնահատման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ու ստանդարտների մշակում,
ժէ. հողային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ծրագրերի մշակում, հողերի միավորման, բաժանման պետական նպատակային ծրագրերի ու նախագծերի մշակում և կատարում,
ժը. հողային ֆոնդի հաշվառման աշխատանքներ` հողերի կատեգորիաների փոփոխության վերլուծություն, պատճառների վերհանում և առաջարկություններ ներկայացնելը,
ժթ. գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի կադաստրային գնի որոշում,
ի. կադաստրի տեղեկագրի պատրաստում և հրատարակում.
3) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան գեոդեզիական խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական ու հանութային աշխատանքների իրականացում,
բ. կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացում,
գ. գերատեսչական և տեղական (համայնքային) նշանակության երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում,
դ. հրատարակչական գործ, տպագրական գործ, տպագրական նյութերի վերարտադրում,
ե. տեղական նշանակության քարտեզագրագեոդեզիական նյութերի և տվյալների մասին տեղեկատվության տրամադրում,
զ. թեմատիկ քարտեզների ու հատակագծերի կազմում և հրատարակում,
է. սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների չափաբանական ապահովում,
ը. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական նշանակության, ինչպես նաև նրա սահմաններից դուրս (հարակից տարածքներում) քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով տիեզերանկարահանման տվյալների ընդունման և դրանց մշակման աշխատանքներ,
թ. քաղաքաշինական ոլորտի գործունեության նախագծային աշխատանքների իրականացման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,
ժ. ինժեներատեխնիկական գծային կառուցվածքների (երկաթգիծ, ճանապարհ, էլեկտրականության և կապի վերգետնյա ու ստորգետնյա գծեր, խողովակաշարեր) նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,
ժա. հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսային հողաշինարարական նախագծերի, հողերի օգտագործման և պահպանության, նոր հողերի իրացման, բարելավման, ռեկուլտիվացիայի նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների նախագծային աշխատանքների իրականացում, գլխավոր հատակագծերի կազմում,
ժբ. անշարժ գույքի շուկայական գնահատում:
(1.1 կետը լրաց. 15.03.12 N 320-Ն)
1.2. «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
(1.2 կետը լրաց. 15.03.12 N 320-Ն)
2. Սահմանել, որ «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից`
1) մեկամսյա ժամկետում հաստատել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
2) «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 27 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.04.2020, N 530-Ն | 23.04.2020, N 1853-Ն | |
15.12.2016, N 1380-Ն | 12.01.2017, N 1853-Ն | |
15.03.2012, N 320-Ն | 05.04.2012, N 1853-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|