ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2012 թվականի N 525-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է բարձրագույն ռազմամասնագիտական և լրացուցիչ մասնագիտական կրթություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով՝
1) ռազմաուսումնական հաստատության (այսուհետ՝ ՌՈՒՀ) ընդունելությունը նախարարության ՌՈՒՀ ընդունելությունն է, ինչպես նաև օտարերկրյա պետության ռազմաուսումնական հաստատությունում սովորելու համար թեկնածուի ընտրությունը.
2) բարձրագույն ռազմավարական կրթության ՌՈՒՀ-ը կրթական հաստատություն է, որն իրականացնում է օպերատիվ-ռազմավարական օղակի սահմաններում սպայական կադրերի պատրաստման կրթական, ռազմական, գիտական և մի շարք այլ ուղղությունների գծով մասնագիտական, հետբուհական կրթական ծրագրեր, գիտական ուսումնասիրություններ և նպատակաուղղված է ռազմաքաղաքական ոլորտում բարձր որակավորման մասնագետների պատրաստմանը և լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով վերաորակավորմանը.
3) բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ-ը կրթական հաստատություն է, որն իրականացնում է օպերատիվ-մարտավարական օղակի սահմաններում սպայական կադրերի պատրաստման կրթական, ռազմական, գիտական և մի շարք այլ ուղղությունների գծով մասնագիտական, հետբուհական կրթական ծրագրեր, գիտական ուսումնասիրություններ և նպատակաուղղված է ռազմական ոլորտում բարձր որակավորման մասնագետների պատրաստմանը ու լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով վերաորակավորմանը.
4) բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ՌՈՒՀ-ը կրթական հաստատություն է, որն իրականացնում է մարտավարական օղակի սահմաններում սպայական կադրերի պատրաստման կրթական, ռազմական, գիտական և մի շարք այլ ուղղությունների գծով մասնագիտական և հետբուհական կրթական ծրագրեր ու գիտական ուսումնասիրություններ.
5) թեկնածու է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը դիմել է բարձրագույն ռազմավարական, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ռազմամասնագիտական ՌՈՒՀ ընդունվելու համար.
6) սպա-ունկնդիր է համարվում բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմավարական կրթության ՌՈՒՀ-երում սովորող զինծառայողը.
7) կուրսանտ է համարվում բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ՌՈՒՀ-ում սովորող շարքային կամ ենթասպայական կազմի զինծառայողը:
II. ՌՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Բարձրագույն ռազմավարական կրթության ՌՈՒՀ կարող են ընդունվել զորամիավորման հրամանատարի տեղակալի, ինչպես նաև դրանց հավասարազոր կամ բարձր պաշտոն զբաղեցնող, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող սպաները, ում տարիքը չի գերազանցում 48 տարեկանը՝ հարցազրույցի միջոցով:
4. Բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ (բացառությամբ ինժեներական ֆակուլտետները) կարող են ընդունվել՝
1) գնդերի և բրիգադների հրամանատարի տեղակալները, գումարտակների, դիվիզիոնների և էսկադրիլիաների հրամանատարները, ինչպես նաև դրանց հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ում տարիքը չի գերազանցում 37 տարեկանը.
2) գումարտակների, դիվիզիոնների և էսկադրիլիաների հրամանատարների տեղակալները, ինչպես նաև դրանց հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ում տարիքը չի գերազանցում 34 տարեկանը:
5. Բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ-ի ինժեներական ֆակուլտետ կարող են ընդունվել՝
1) գնդերի և բրիգադների հրամանատարների տեխնիկական, սպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով տեղակալները, ինչպես նաև դրանց հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ում տարիքը չի գերազանցում 38 տարեկանը.
2) գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների տեխնիկական, սպառազինության գծով տեղակալները (էսկադրիլիաների տեխնիկական շահագործման մասերի պետերը), գնդերի և բրիգադների ծառայության պետերը, ինչպես նաև դրանց հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ում տարիքը չի գերազանցում 35 տարեկանը:
6. Բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ ընդունվելու համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝
1) բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն քաղաքացիական կրթություն.
2) համապատասխան ռազմահաշվարկային մասնագիտության.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ զինված ուժեր) սպայական պաշտոններում 5 տարվանից ոչ պակաս զինվորական ծառայություն.
4) զբաղեցրած կամ հավասարազոր պաշտոնում 2 տարուց ոչ պակաս զինվորական ծառայություն:
7. Բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ ընդունվում են մրցութային կարգով:
8. Օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի ադյունկտուրայում և դոկտորանտուրայում սովորելու համար որպես թեկնածու կարող են ընտրվել բարձրագույն ռազմական, բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն քաղաքացիական կրթություն (դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի աստիճան) ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ում առավելագույն տարիքը չի գերազանցում 50 տարեկանը՝ հարցազրույցի միջոցով:
9. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ՌՈՒՀ ընդունվում են հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած անձինք՝ մրցութային կարգով.
1) նախազորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած, ինչպես նաև պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները և զինծառայողները, ում տարիքը չի գերազանցում 23 տարեկանը:
10. Սույն կարգի 3-5-րդ և 8-9-րդ կետերով սահմանված տարիքները և ժամկետները հաշվարկվում են ընդունելության տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ:
11. Ընդունելությանը մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (այսուհետ՝ նախարար):
III. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ, ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՍՊԱ‑ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐ
12. Բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմավարական կրթության ՌՈՒՀ ընդունելությունն իրականացվում է բարձրագույն ռազմական կրթության ընդունելության հանձնաժողովի կողմից:
13. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ՌՈՒՀ-եր ընդունելությունն իրականացվում է բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ընդունելության հանձնաժողովի կողմից:
14. Բարձրագույն ռազմական կրթության և բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ընդունելության հանձնաժողովներում գործում են առարկայական ենթահանձնաժողովներ: Հանձնաժողովների և ենթահանձնաժողովների կազմերը հաստատում է նախարարը` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա մայիսի 30-ը:
15. Բարձրագույն ռազմական կրթության ընդունելության հանձնաժողովը`
1) կազմակերպում է թեկնածուի բժշկական քննությունը՝ նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում.
2) ստուգում է թեկնածուի ֆիզիկական պատրաստվածությունը՝ նախարարի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ձեռնարկով սահմանված նորմացույցերով.
3) գնահատում է թեկնածուի համընդհանուր և մասնագիտական գիտելիքները (թեստավորման միջոցով)՝ նախարարի կողմից սահմանված կարգով.
4) որոշում է ընդունում թեկնածուի ընդունելության վերաբերյալ:
16. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ընդունելության հանձնաժողովը`
1) կազմակերպում է թեկնածուի բժշկական քննությունը՝ նախարարի կողմից ստեղծված ռազմաբժշկական հանձնաժողովում.
2) ստուգում է թեկնածուի ֆիզիկական պատրաստվածությունը՝ նախարարի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ձեռնարկով սահմանված նորմացույցով.
3) հիմք է ընդունում մաթեմատիկա, ֆիզիկա, իսկ ռուսաց լեզու՝ միայն Ռուսաստանի Դաշնության ՌՈՒՀ ընդունվողների համար, առարկաներից միասնական պետական քննության արդյունքները՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հարցում կատարելով «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
4) որոշում է ընդունում թեկնածուի ընդունելության վերաբերյալ:
17. Սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ռազմաբժշկական հանձնաժողովի կազմը նախարարը հաստատում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը:
18. Բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ ընդունելության համար սահմանվում են հետևյալ քննությունները`
1) ֆիզիկական պատրաստություն (գործնական).
2) հայերեն, իսկ օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի համար՝ հրավիրող կողմի ուսուցման լեզու (թեստավորում).
3) համընդհանուր և ռազմամասնագիտական (ընդհանուր կամ զորատեսակների մարտավարություն, տեխնիկական կամ մասնագիտական պատրաստություն) գիտելիքները (թեստավորում):
19. Բարձրագույն ռազմական կրթության ընդունելության և բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ընդունելության հանձնաժողովները, մասնագիտական ընտրության բոլոր ցուցանիշների նկատմամբ համակարգված մոտեցում ցուցաբերելու հիման վրա, բաց նիստում ընդունում են ՌՈՒՀ ընդունելու մասին որոշումներ: Հավասար բալերի դեպքում առավելությունը տրվում է ֆիզիկական պատրաստությունից ավելի բարձր արդյունք ունեցող թեկնածուին:
20. Ընդունելության հանձնաժողովներն ընդունելության արդյունքները ամփոփելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրենց որոշումները ներկայացնում են նախարարին:
21. Թեկնածուներին որպես ՌՈՒՀ-ի սպա-ունկնդիրներ և կուրսանտներ գրանցելու մասին նախարարի հրամանները հիմք են զինծառայողներին զորամասի ցուցակներից, իսկ զինվորական ծառայություն անցած և նախազորակոչային տարիքի քաղաքացիներին` հաշվառման վայրի (իսկ հաշվառում չունեցողները՝ բնակության վայրի) զինվորական կոմիսարիատների այբբենական գրքերից հանելու համար:
IV. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
22. Թեկնածուն կարող է ընդունելության քննության գնահատականը և մրցույթի արդյունքները բողոքարկել քննության գնահատականը կամ մրցույթի արդյունքները հրապարակելու (ցուցակները փակցնելու) պահից՝ 24 ժամվա ընթացքում:
23. Ընդունելության քննության գնահատականը բողոքարկելու համար թեկնածուն դիմում է ներկայացնում ընդունելության հանձնաժողով:
24. Ընդունելության հանձնաժողովը բողոքարկման դիմումը վերանայում է այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում թեկնածուին:
25. Բողոքարկման ժամանակ քննությունները չեն վերահանձնվում:
26. Բողոքարկված գնահատականը կարող է չփոփոխվել, բարձրացվել կամ իջեցվել:
27. Մրցույթի արդյունքները բողոքարկելու համար թեկնածուն դիմում է ներկայացնում նախարարին:
28. Մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքը թեկնածուին են հայտնում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
29. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը հիմք է սպա-ունկնդիր և կուրսանտ գրանցված քաղաքացուն Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետության ռազմական կամ այլ ուսումնական հաստատություն գործուղելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.07.2022, N 1098-Ն | 22.07.2022, N 525-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|