Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.21/16(890) Հոդ.283
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

7 մարտի 2012 թվականի N 272-Ն

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 7-ի N 272-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի բուսաբուծության ոլորտը:

2. Չնայած հանրապետության գյուղացիական տնտեսությունների, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող այլ սուբյեկտների ջանքերի և վարվող քաղաքականության` 2009-2010 թվականներին կլիմայական պայմանների և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում նկատվել է համախառն արտադրանքի նվազման միտում: 2009 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 0.1 տոկոսով, իսկ 2010 թվականին` 13.5 տոկոսով:

3. Վնասակար օրգանիզմների տարածման և դրանց քանակի ավելացման հետևանքով վտանգի տակ է դրվում գյուղատնտեսական մշակաբույսերից բերքի ստացումը և անտառի պաշտպանությունը: Ուստի, գյուղատնտեսական մշակաբույսերի (մկնանման կրծողներ, մորեխներ) և անտառի առավել վնասակար օրգանիզմների դեմ պետական միջոցների հաշվին պայքարի միջոցառումների կազմակերպումն անհրաժեշտություն է, որը բխում է ազգային անվտանգության և տնտեսական անկախության շահերից:

4. Վերջին յոթ տարիների ընթացքում բույսերի պաշտպանության միջոցառումներ են իրականացվել հետևյալ ծավալներով` 2004 թվականին` 181735 հա, 2005 թվականին` 118656 հա, 2006 թվականին` 199024 հա, 2007 թվականին` 136134 հա, 2008 թվականին` 117848 հա, 2009 թվականին` 92253 հա և 2010 թվականին` 141504 հա տարածության վրա: Նշված ցուցանիշներից ակներև է, որ պայքարի ծառայությունների ծավալները խիստ փոփոխական են և որոշակի պարբերականությամբ նկատվում է վնասակար օրգանիզմների վարակվածության բարձրացում, որը պայմանավորվում է բնակլիմայական պայմաններով (մկնանման կրծողների զարգացմանը նպաստում է տաք ձմեռը, իսկ սնկային հիվանդություններին` վեգետացիայի ընթացքում առատ տեղումները): Եթե չիրականացվեն բույսերի պաշտպանության միջոցառումներ, ապա վնասակար օրգանիզմների կողմից հասցվող վնասը կկազմի մի քանի միլիարդ դրամ: 2011 թվականին պայքարի միջոցառումներ են իրականացվել 139448 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա:

5. Մինչև 2008 թվականը (ներառյալ) մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով ձեռք է բերվել մկնասպան թունանյութ, որն անհատույց հատկացվել է բոլոր մարզերի համայնքներին իրենց ուժերով պայքարի աշխատանքներ կազմակերպելու համար: Հաշվի առնելով, որ մկնանման կրծողների զարգացման օջախներն են արոտավայրերը և խոտհարքները, որտեղ գյուղացիական տնտեսությունները պայքար չեն իրականացնում, սկսած 2009 թվականից այդ տարածքներում իրականացվել են կենտրոնացված պայքարի ծառայություններ` տրակտորային ցրիչներով, որն առավել արդյունավետ է: Շարունակվում է նաև պետության կողմից անհատույց հատկացված ցինկի ֆոսֆիդով, հողօգտագործողների միջոցներով մկնանման կրծողների դեմ պայքարի իրականացումը:

6. Մորեխների դեմ առավել վարակված հողատարածություններում իրականացվել են կենտրոնացված պայքարի ծառայություններ` տրակտորային սրսկիչներով և ձեռք է բերվել միջատասպան թունանյութ, որն անհրաժեշտության դեպքում անհատույց տրամադրվել է համայնքներին` պայքար կազմակերպելու համար:

7. Անտառի վնասատուների և հիվանդությունների (այսուհետ` անտառի վնասակար օրգանիզմներ) դեմ պայքարն իրականացվել է ավիացիայի միջոցով:

Մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ

Ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Շահառուների շրջանակի նկարագրությունը

Պետական հատվածի կողմից ծառայության փոխհատուցում

Մկնանման կրծողների դեմ պայքարի ծառայություններ` տրակտորային ցրիչներով

հանրապետության բոլոր մարզերի հողօգտագործողներ, տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

Մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով մկնասպան թունանյութերի ձեռքբերում և անհատույց բաշխում բոլոր մարզերի համայնքներին

հանրապետության բոլոր մարզերի հողօգտագործողներ, տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

Մորեխների դեմ պայքարի կենտրոնացված ծառայություններ` տրակտորային սրսկիչներով , և միջատասպան թունանյութերի ձեռքբերում համայնքներին տրամադրելու նպատակով

հանրապետության առավել վարակված տարածքների հողօգտագործողներ, տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

Միջատասպան թունանյութի ձեռքբերում և անհատույց բաշխում համայնքներին մորեխների վարակի օջախների վերացման նպատակով

հանրապետության օջախներով վարակված համայնքների հողօգտագործողներ, տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

Անտառի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կենտրոնացված ծառայություն` ավիացիայի միջոցով

հանրապետության անտառային տնտեսությունների առավել վարակված տարածքներ

ամբողջությամբ

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1476-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության 39-րդ կետի 9-րդ ենթակետի և 71-րդ կետի 16-րդ ենթակետի շրջանակներում բուսաբուծության զարգացման հիմնական խնդիրներից է՝ բույսերի պաշտպանության և կարանտին միջոցառումների իրականացումը և հանրապետության տարածքի բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով բույսերի կարանտին միջոցառումների 2010-2020 թվականների երկարաժամկետ և տարեկան ծրագրերի իրականացումը:

9. Չնայած, ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լուծված է գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների իրականացման հարցը, այնուամենայնիվ, գյուղական բնակչության ընդհանուր սոցիալական վատ վիճակով պայմանավորված ամբողջությամբ չեն իրականացվում պայքարի աշխատանքները, որի հետևանքով վնասակար օրգանիզմների վարակվածության աստիճանը դեռևս բավականին բարձր է:

10. Իրականացված ծառայությունների արդյունքում ծրագրի մեջ ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կբարելավվի բուսասանիտարական վիճակը, կնվազեն վնասակար օրգանիզմների քանակությունները, ինչը կնպաստի առողջ և բարձր բերքի ստացմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

11. Ծրագրի նպատակն է`

1) գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառի առավել վնասակար օրգանիզմների քանակությունների նվազեցումը, զանգվածային բազմացման ու հետագա տարածման կանխարգելումը, ինչպես նաև ծրագրի մեջ ընդգրկված հողատարածքներում պատճառված վնասների 80-85 տոկոսով նվազեցումը.

2) գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ու գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի ավելացումը, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր, անկորուստ ու որակով բերքի ապահովումը, հանրապետության պարենային ապահովության ու պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը և գյուղական բնակչության եկամուտների ավելացումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պայքարի աշխատանքների իրականացումը գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր վնասատուների` մկնանման կրծողների, մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների` ոսկետուտի, տերևակեր այլ վնասատուների և ալրացողի դեմ.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում առավել վնասակար օրգանիզմների և անտառի վնասատուների ու հիվանդությունների դեմ իրականացվելիք պայքարի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից մոնիթորինգի իրականացումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

12. Ծրագրի շրջանակներում` 2012-2014 թվականներին, յուրաքանչյուր տարի նախատեսվում է իրականացնել պայքարի միջոցառումներ 63048 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և 9000 հեկտար անտառային տարածքներում հետևյալ բաղադրիչներով`

1) պայքար մկնանման կրծողների դեմ` այս բաղադրիչով նախատեսվում է գյուղական համայնքներին անհատույց տրամադրել մկնասպան քիմիական միջոց (ցինկի ֆոսֆիդ կամ համարժեք) 56848 հեկտար տարածության վրա, գյուղացիական տնտեսությունների միջոցով մկնանման կրծողների դեմ պայքար իրականացնելու նպատակով, ինչպես նաև 2400 հեկտար տարածության վրա կենտրոնացված պայքար իրականացնել խոտհարքներում, արոտներում և գյուղատնտեսական անօգտագործելի հողատեսքերում` տրակտորային ցրիչներով.

2) պայքար մորեխների դեմ` ծրագրի իրականացման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում նախատեսվում է իրականացնել պայքար գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտներում և այլ հողատեսքերում, ինչպես կենտրոնացված կարգով` 3000-ական հեկտարի վրա այնպես էլ գյուղացիական տնտեսությունների միջոցով` 800-ական հեկտարի վրա, նրանց անհատույց հատկացնելով համապատասխան բույսերի պաշտպանության միջոց.

3) պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ: Այս բաղադրիչով նախատեսվում է հանրապետության 9000 հեկտար անտառային տարածքներում իրականացնել պայքարի կենտրոնացված ծառայություններ ավիացիայի միջոցով:

13. Ծրագրի իրականացման համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է 150000 հազ. դրամ, որը նախատեսվում է հատկացնել համաձայն ներկայացված աղյուսակի`

 

Միջոցառումը

Չափի միավորը

Միավորի գինը
(դրամ)

Քանակը

Ընդամենը
(հազ. դրամ)

1. Թունանյութերի գնում

     

63545

այդ թվում՝

       

ա) մկնասպան թունանյութ

(ցինկի ֆոսֆիդ կամ համարժեք)

կգ

3210

7406

23773

բ) միջատասպան միջոց` մորեխների և անտառի վնասատուների դեմ պայքարելու համար (արրիվո կամ համարժեք)

լ

5670

5070

28747

գ) սնկասպան բույսերի պաշտպանության միջոց

(բայլետոն կամ համարժեք)

կգ

6300

1750

11025

2. Պայքարի ծառայություններ,
այդ թվում`

     

86455

ա) ակնանման կրծողների դեմ, տրակտորային ցրիչներով

հա

6342

2400

15220

բ) մորեխների դեմ, տրակտորային սրսկիչներով

հա

5925

3000

17775

գ) անտառի վնասակար օրգանիզմների դեմ ավիացիայի միջոցով

հա

5940

9000

53460

Ընդամենը

     

150000

 

14. Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացման համար գումարը հատկացվելու է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման երկու հոդվածներով`

1) թունանյութերի ձեռքբերում` 63545 հազ. դրամ.

2) մասնագիտական ծառայությունների ձեռքբերում` 86455 հազ. դրամ:

15. Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացման համար պահանջվում է 450000 հազ. դրամ, յուրաքանչյուր տարի` 150000 հազ. դրամ:

16. Ծրագրի բաղադրիչներին համապատասխան իրականացվող պայքարի միջոցառումների ծավալները կախված են յուրաքանչյուր տարի կատարվող բուսասանիտարական վիճակի մոնիթորինգի արդյունքներից և ծրագրի բաղադրիչներում հնարավոր է փոփոխություն:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) հանրապետության պարենային ապահովության ու պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը և գյուղական բնակչության եկամուտների ավելացումը.

2) ծրագրում ընդգրկված տարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառի առավել վնասակար օրգանիզմների քանակության նվազումը շուրջ 85 տոկոսով.

3) ծրագրի մեջ ընդգրկված 63048 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում գյուղատնտեսական մշակաբույսերին պատճառած վնասների նվազեցումը 80-85 տոկոսով.

4) գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր, անկորուստ ու որակով բերքի ապահովումը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան