ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մարտի 2012 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2012 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով փոխառության համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագիրը (Փոխառության համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի փետրվարի 15-ին:
2. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Փոխառու) տրամադրում է երեսուն միլիոն (30.000.000) ԱՄՆ դոլարի չափով փոխառություն` Փոխառության համաձայնագրում սահմանված պայմաններով և կարգով` «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագրին» օժանդակելու համար:
3. Փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) վճարել սկզբնավճար` փոխառության գումարի մեկ տոկոսի քառորդ մասին (0,25 տոկոս) հավասար չափով.
բ) վճարել տոկոսագումար, որի դրույքաչափը հավասար է փոխառության արժույթի կողմնորոշիչ դրույքաչափին` գումարած փոփոխական տարբերությունը` պայմանով, որ փոխառության ողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի փոխարկման դեպքում, փոխարկման ժամանակահատվածում Փոխառուի կողմից այդպիսի գումարի վճարման ենթակա տոկոսը կորոշվի Փոխառության համաձայնագրով սահմանված կարգով.
գ) սկսած 2022 թվականի հուլիսի 15-ից մինչև 2036 թվականի հուլիսի 15-ը յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին հետ վճարել փոխառության մայր գումարը` 3,33 տոկոս վճարման մասնաբաժնով, իսկ 2037 թվականի հունվարի 15-ին` 3,43 տոկոս վճարման մասնաբաժնով.
դ) երաշխավորել, որ փոխառության միջոցները չեն օգտագործվի Փոխառության համաձայնագրում սահմանված բացառված ծախսերը ֆինանսավորելու համար, իսկ եթե ցանկացած ժամանակ Բանկը որոշում է, որ փոխառության որևէ գումար օգտագործվել է բացառված ծախսեր վճարելու նպատակով, ապա Բանկից ծանուցում ստանալով, անհապաղ Բանկին վերադարձնել այդ վճարման գումարին համարժեք գումար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականի մարտի 1-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Փոխառության համաձայնագրին:
5. Փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ծավալման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի փետրվարի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|