Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.04.2012-13.04.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.01.11/1(735) Հոդ.2
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2009
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

18 նոյեմբերի 2009 թ.

N 36-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետին համապատասխան՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2009 թ. նոյեմբերի 18-ի

N 36-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն կանոններով սահմանվում են Երևան քաղաքի կանաչ տնկարկներով և բուսածածկով զբաղեցված ընդհանուր օգտագործման տարածքների (այսուհետ՝ կանաչ տարածքներ) պահպանման և վերարտադրության հետ կապված հարաբերությունները։

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ են հանդիսանում քաղաքի զբոսայգիները, անտառպուրակները, պուրակները, այգիները, ծառուղիները, սիզամարգերը և մայթեզրերի բուսածածկ տարածքները։

Կանաչ տարածքներում կանաչ տնկարկների պահպանումն ու վերարտադրությունը ներառում է դրանց հաշվառումը, գույքագրումը, գնահատումը, պահպանումը, խնամքը, տեղափոխումը և վերականգնումը նոր համարժեք կանաչ տարածքների ստեղծման միջոցով։

Կանաչ տարածքների թույլատրված օգտագործումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ (ներառյալ իրավունքները և սահմանափակումները)` բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա։

 

2. Սույն կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող լիազորված մարմինը

 

Սույն կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող լիազորված մարմինը սահմանվում է Երևանի քաղաքապետի կողմից (այսուհետ՝ լիազորված մարմին):

 

3. Կանաչ տարածքների պահպանման հիմնական սկզբունքները

 

Երևանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման, բացառությամբ անտառային գոտիների, որոնց պահպանումը իրականացվում է համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի, համապատասխան մարմինների կողմից։

Կանաչ տարածքներում քաղաքաշինական և ձեռնարկատիրական գործունեությունը պետք է համապատասխանի դրանց պահպանման պահանջներին։

Կանաչ տարածքների օգտագործումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը։

Կանաչ տարածքների ստեղծումը, ավելացումը և պահպանումը կատարվում է Երևան քաղաքի զարգացման ծրագրին համապատասխան։

 

4. Ծառերի, թփերի հատումը և բուսաշերտի տեղահանումը

 

Ծառերի, թփերի հատումը և բուսաշերտի տեղահանումը թույլատրվում է հետևյալ դեպքերում`

- քաղաքի զարգացման ծրագրին համապատասխան մշակված, քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծի իրականացման և օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության առկայության.

- քաղաքի գլխավոր դենդրոլոգի հետ համաձայնեցնելուց հետո սանիտարական հատումների իրականացման և կանաչ գոտու վերաձևավորման և փոփոխության ենթարկման.

- սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացության հիման վրա՝ բնակելի և ոչ բնակելի նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնման.

- վթարային արտակարգ իրավիճակների վերացման, այդ թվում՝ կապիտալ շինությունների և ստորգետնյա կոմունիկացիաների վերանորոգման (հետագա վերականգնման պայմանով)։

Ծառերի ու թփերի հատումը, ինչպես նաև բուսաշերտի տեղահանումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում։

 

5. Փոխհատուցվող կանաչապատում

 

Փոխհատուցվող կանաչապատումը պարտադիր գործողություն է վնասված կամ ոչնչացված կանաչ տնկարկների վերարտադրման և վերականգնման գործընթացում։

Կանաչ տարածքների ոչնչացման դեպքում փոխհատուցվող կանաչապատումը կատարվում է նույն հողատարածքում կամ լիազորված մարմնի կողմից առաջարկված մեկ այլ տարածքում Երևանի քաղաքապետի կողմից հաստատված կանաչապատման նախագծի համաձայն։

Վերականգնվող կանաչ գոտու ծավալներն ու տեսականին սահմանվում է կանաչապատման նախագծով: Փոխհատուցվող և վերականգնվող կանաչապատման նախագծերը կազմվում և Երևանի քաղաքապետի հաստատմանն են ներկայացվում լիազոր մարմնի կողմից, որոնք պարտադիր նշագրում է Երևան քաղաքի գլխավոր դենդրոլոգը:

Փոխհատուցվող կանաչապատումն իրականացվում է կանաչ գոտուն վնաս հասցրած սուբյեկտի միջոցների հաշվին։

(5-րդ կետը լրաց., խմբ. 16.03.12 N 409-Ն)

 

6. Կանաչ տարածքների օգտագործման պայմանները

 

Կանաչ տարածքներում արգելվում է՝

- կանաչ տնկարկների վնասումը կամ ոչնչացումը.

- տերևների, չոր խոտի այրումը և այլ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծող գործողությունների իրականացումը.

- ավտոտրանսպորտային և այլ տեխնիկայի երթևեկությունը և կանգառը.

- տարբեր բեռների և շինությունների պահեստավորումը, ինչպես նաև թափոնների կուտակումը,

- ավտոտրանսպորտային միջոցների լվացումը, նորոգումը, հեղուկների և այլ վնասակար նյութերի թափումը,

- կանաչ տարածքներին վնաս հասցնող, իրավական ակտերով արգելված այլ գործողություննեի կատարումը։

Կանաչ տարածքների վարձակալները ստանձնում են դրանց պահպանությունն ու խնամքը, ինչն ամրագրվում է համապատասխան պայմանագրով։

 

7. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում կանաչ տարածքների պահպանումը

 

Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է կանաչ տարածքների պահպանման պահանջներին համապատասխան:

Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացվում է միայն լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունից հետո։

Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արգելվում է պայթյունավտանգ, հրդեհավտանգ և թունավոր նյութերի օգտագործում, տարածքի աղտոտում և այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կանաչ տարածքների վնասմանը և ոչնչացմանը։

 

8. Վնասների հատուցում

 

Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա է հատուցման՝ բացառությամբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

Վնասի հատուցման չափը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ելնելով կանաչ տարածքի փոխհատուցվող արժեքից։

Բոլոր տեսակի վնասակար գործողություններից հասցված վնասի գնահատումը կատարվում է՝

- կանաչ տարածքի անօրինական վնասման կամ ոչնչացման դեպքում.

- ծառերի և թփերի օրինական (թույլատրված) հատման և հողաբուսաշերտերի պինդ ծածկույթով փոխարինման դեպքում։

Փոխհատուցումը կատարվում է գումարային կամ կանաչ տարածքը վերականգնելու ձևով:

Վնասի փոխհատուցումը կանաչ տարածքը վերականգնելու ձևով իրականացվում է վնաս հասցրած սուբյեկտի և լիազոր մարմնի միջև կանաչապատման աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրի կնքման հիման վրա։

Վնասը համարվում է ամբողջությամբ հատուցված՝ լիազորված մարմնի կողմից կատարված աշխատանքների ընդունումից հետո։

 

9. Չհատուցվող վնաս

 

Կանաչ տարածքներին հասցված վնասը ենթակա չէ հատուցման հետևյալ դեպքերում՝

- սանիտարական հատումների և կանաչ տնկարկների վերաձևավորման,

- սանիտարական և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինների եզրակացությամբ՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների նորմատիվային լուսավորության ռեժիմի վերականգնման,

- բնական աղետների (փոթորիկ, երկրաշարժ և այլն) հետևանքներով առաջացած ավերածությունների,

- չորացած կամ տապալման ենթակա ծառերի և թփերի հեռացման։

(Հավելվածը լրաց., խմբ. 16.03.12 N 409-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2020, N 204-Ն 13.04.2020, N 36-Ն
19.03.2013, N 623-Ն 13.04.2013, N 36-Ն
16.03.2012, N 409-Ն 07.04.2012, N 36-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան