ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված հավելված 1-ի`
1) 12-րդ կետը լրացնել նոր 22.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`
«22.1) ապահովում է ներքին աուդիտի իրականացումը.».
2) 6-րդ գլուխը 46.15 կետից հետո լրացնել նոր 46.16 կետով` հետևյալ բովանդակությամբ`
«46.16. Ներքին աուդիտի բաժինը` «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով սահմանված կարգով`
1) իրականացնում է Աշխատակազմի գործունեության ներքին աուդիտի կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև գործունեության գնահատումը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից.
2) աուդիտի է ենթարկում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները, ենթակա հիմնարկները և կազմակերպությունները.
3) առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ.
4) իրականացնում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական, իրավական և այլ բնույթի գործառույթների գնահատումը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը.
5) իրականացնում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսական, կազմակերպական, իրավական և այլ բնույթի տեղեկատվության արժանահավատության և ճշտության գնահատումը.
6) իրականացնում է աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման աուդիտը.
7) իրականացնում է Աշխատակազմի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատումը.
8) կազմում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում ներքին աուդիտի վերաբերյալ ընթացիկ, ինչպես նաև եռամսյակային և տարեկան հաշվետվությունները.
9) կազմում, հաստատում և Աշխատակազմի ղեկավարի վավերացմանն է ներկայացնում ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.
10) իրականացնում է Աշխատակազմի ներքին հսկողության համակարգի գնահատումը.
11) ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
12) իրականացնում է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքից բխող այլ գործառույթներ:»:
2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածում`
1) 11-րդ կետի «նիստերի սպասարկման» բառերը փոխարինել «նիստերի ապահովման» բառերով.
2) լրացնել նոր 25-րդ կետ` հետևյալ բովանակությամբ` «25. Ներքին աուդիտի բաժին»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Ս. Նիկոյան | |
2012 թ. մարտի 24 Երևան ՆՈ-015-Ն |