ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0018/04/10 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0018/04/10 |
|
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան | |
Դատավորներ` Կ. Հակոբյան |
|
Տ. Սահակյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Էրեբունու հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության միջնորդության՝ «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ-ում (այսուհետ` Ընկերություն) բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության ստուգում կատարելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերության լուծարման հանձնաժողովը (այսուհետ` Լուծարման հանձնաժողով) պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 20.04.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
22.03.2011 թվականին ներկայացված միջնորդությամբ Տեսչությունը պահանջել է թույլատրել Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում:
Դատարանի 24.03.2011 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը ՀՀ կառավարության որոշմամբ չի լուծարվել, քանի որ Լուծարման հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության գույքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, դիմել է դատարան Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո լուծարման վարույթ սկսելու մասին որոշում չի ընդունվել, այսինքն՝ Ընկերությունը չի գտնվել լուծարման գործընթացում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել՝ միջնորդությունը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին Դատարանի 20.04.2010 թվականի վճռով հաստատված են համարվել հետևյալ հանգամանքները.
ա. ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշմամբ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում.
բ. Ըստ Ընկերության հաշվապահական հաշվեկշռի՝ պարտավորությունները կազմել են 97.649.000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 18.976.000 ՀՀ դրամ (գ.թ. 4-6):
2. Տեսչության պետի 22.03.2011 թվականի միջնորդության համաձայն՝ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի 12.03.2011 թվականի թիվ 01/20/3515-11 հանձնարարականի հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում 01.10.2007-31.12.2008 թվականները ժամանակաշրջանի համար, ուստի ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, խնդրում եմ Տեսչությանը թույլատրել Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում» (գ.թ. 7):
3. Գործում առկա չէ Ընկերության լուծարման վարույթ սկսելու մասին որոշում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ իրավաբանական անձը կարող է լուծարվել նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է:
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները: Իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական անձը կարող է լուծարվել ինչպես նրա հիմնադիրների, այնպես էլ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի որոշմամբ: Նշվածից բացառություն է այն դեպքը, երբ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար: Այս դեպքում իրավաբանական անձը կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով, որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է իրավաբանական անձի լուծարում միայն այն դեպքում, երբ պարտապանի ակտիվները բավարարում են պարտատերերի պահանջները, կամ լուծարվող իրավաբանական անձը պարտավորություններ չունի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:
Ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:
Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում):
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելելն օրենսդիրը պայմանավորել է պարտապանի լուծարման գործընթացը սկսելու հետ: Այսինքն՝ լուծարման գործընթացում գտնվող պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն չի թույլատրվում իրականացել, բացառությամբ հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված ուսումնասիրությունների, ընդ որում, պարտապանի լուծարման գործընթաց սկսելու մասին դատարանն ընդունում է որոշում:
Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ առկա է ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշումը, ըստ որի՝ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Հետևաբար, արդեն իսկ համապատասխան մարմնի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման գործընթաց, որպիսի պայմաններում կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն հանգամանքը, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում Դատարան ներկայացրել է Ընկերության լուծարման հանձնաժողովը, նշանակում է, որ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու 20.04.2010 թվականի վճռով Դատարանը հաստատված է համարել հանգամանքներն այն մասին, որ ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշմամբ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, և ըստ Ընկերության հաշվապահական հաշվեկշռի` պարտավորությունները կազմել են 97.649.000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 18.976.000 ՀՀ դրամ:
Ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո Տեսչության պետը 22.03.2011 թվականին ներկայացրել է Ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում կատարելու թույլտվություն տալու միջնորդություն, որում մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի 12.03.2011 թվականի թիվ 01/20/3515-11 հանձնարարականի հանձնարարվել է Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերստուգում 01.10.2007-31.12.2008 թվականները ժամանակաշրջանի համար, ուստի ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, խնդրում եմ Տեսչությանը թույլատրել Ընկերությունում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների ճշտության վերստուգում»:
Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ՀՀ կառավարության 18.12.2008 թվականի թիվ 1525-Ա որոշմամբ Ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում, հետևաբար արդեն իսկ համապատասխան մարմնի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման գործընթաց, անհիմն է, քանի որ Լուծարման հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության 97.649.000 ՀՀ դրամի պարտավորությունները գերազանցում են 18.976.000 ՀՀ դրամի ակտիվները, Ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Այսինքն՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու փաստով ավարտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կանոնակարգումներով Ընկերությունը լուծարելու գործընթացը, և սկսվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոնակարգումներով Ընկերությանը սնանկ ճանաչելու դատական վարույթը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում չի հիմնավորվում Ընկերության լուծարման գործընթացում գտնվելու հանգամանքը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ գործում առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Ընկերության լուծարման վարույթ սկսելու մասին դատարանի որոշում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|