ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1789-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար իրականացվելիք աշխատանքների անխափան և շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 27-ը սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարների` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 26-ը չօգտագործված միջոցները որպես կանխավճար փոխանցել այդ նպատակով գանձապետարանում բացված հատուկ դեպոզիտային հաշիվներին` փոխանցումները կատարելով ուղղակի վճարման եղանակով, ներկայացնելով միայն վճարման հանձնարարագրեր.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փոխանցումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ցանկ՝ ըստ օբյեկտների և ծախսատեսակների` սույն որոշման հավելվածների ցուցանիշներին համապատասխան:
1.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) գանձապետարանում բացել հատուկ դեպոզիտային հաշիվներ՝ մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը ժամկետով, սույն որոշմամբ կատարված հատկացումների ֆինանսավորումը 2012 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված հատուկ դեպոզիտային հաշիվներից գումարների ելքագրումը` սույն որոշման, ինչպես նաև բյուջեների կատարումը սահմանող գործող ընթացակարգերին համապատասխան:»:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշմամբ հաստատված գումարների հաշվին 2011 թվականին կնքված գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված ապրանքների մատակարարման, գույքի ձեռքբերման, աշխատանքների և ծառայությունների կատարման վերջնաժամկետները երկարաձգելով մեկ անգամ՝ մինչև այդ պայմանագրերով նախատեսված աշխատանքների և ծառայությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
(2-րդ կետը լրաց. 29.03.12 N 417-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|