Գլխավոր տեղեկություն
Համար
N 261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2012-17.11.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.16/11(424) Հոդ.278
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2012 թվականի N 261-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի (համայնքների) զարգացման ծրագրերում` սահմանված կարգով ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ:

2. Սահմանել, որ`

1) սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացված հայտերի հիման վրա կատարվում են սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքներ, որոնց արդյունքում կազմվում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ.

2) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի առդիր ամփոփագրում ներկայացվում են տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` վերակառուցվող թաղամասերի կամ առանձին շենքերի ու շինությունների կառուցապատման և ճարտարապետաշինարարական այլ նախագծերի մշակման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմակայունության ապահովման նպատակով.

3) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզը Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունում մշակվում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման տեխնիկական առաջադրանք և ներկայացվում համապատասխան տարածքային պետական ոչ առևտրային կազմակերպություն` ի կատարումն.

4) սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար, տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների հիման վրա, մարզերի և բնակավայրի զարգացման ծրագրի նախագծում ընդգրկվում են կարճաժամկետ, միջնաժամկետ ու հեռանկարային ծրագրեր և ներկայացվում լիազորված մարմին` համաձայնեցման:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սահմանել հսկողություն Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության մարզպետներին և համայնքների ղեկավարներին ներկայացնելը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 13

Երևան