Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.29/11(885) Հոդ.136.29
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/4957/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4957/05/09

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Սարգսյան

Լ. Սոսյան

Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Վ. Աբելյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.08.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Դոլունցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), Կենտրոն նոտարական գրասենյակի, Գայանե Հակոբյանի, երրորդ անձինք Արմեն Դոլունցի, Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումը, Կադաստրի պետական գրանցման միասնական մատյանի թիվ 00193 համարի տակ սեփականության իրավունքի պետական գրանցումը Գայանե Հակոբյանի մասով անվավեր ճանաչելու, 26.05.1994 թվականի դրությամբ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ Գրիգոր և Սեդա Դոլունցների սեփականության իրավունքի փաստը ճանաչելու, ինչպես նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1-3070 վկայագիրը Գայանե Հակոբյանի մասով և ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 8796 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արթուր Դոլունցը պահանջել է Գայանե Հակոբյանի մասով անվավեր ճանաչել Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումը, Կադաստրի պետական գրանցման միասնական մատյանի թիվ 00193 համարի տակ սեփականության իրավունքի պետական գրանցումը, 26.05.1994 թվականի դրությամբ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ ճանաչել Գրիգոր և Սեդա Դոլունցների սեփականության իրավունքի փաստը, ինչպես նաև Գայանե Հակոբյանի մասով անվավեր ճանաչել ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1-3070 վկայագիրը և ամբողջությամբ՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 8796 վկայագիրը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է անվավեր ճանաչել Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումը մասնակիորեն՝ Գայանե Հակոբյանի մասով, և որպես հետևանք վերացվել է Կադաստրի պետական գրանցման միասնական մատյանի թիվ 00193 համարի տակ Երևանի Մ. Խորենացու թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ Գայանե Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ մնացած մասերով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2011 թվականի որոշմամբ Գայանե Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.04.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 21-րդ, 31-րդ, 42-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացուցները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գայանե Հակոբյանի (Դոլունց) ԽՍՀՄ նմուշի անձնագրի կեղծ լինելը հաստատող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց գործում առկա չէ, և որևէ կերպ չի հիմնավորել իր այդ համոզմունքը: Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսելով, որ որևէ ապացույցով չի հիմնավորվում Գայանե Հակոբյանի (Դոլունց) ԽՍՀՄ նմուշի անձնագրի կեղծ լինելը, այդուհանդերձ Գայանե Հակոբյանի մասով անվավեր է ճանաչել Երևանի ժողովրդական դեպուտատների պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումը, որով Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանը սեփականաշնորհվել է Գրիգոր, Սեդա և Գայանե Դոլունցներին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Երևանի ժողովրդական դեպուտատների պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումն անվավեր ճանաչելով՝ ոչ իրավաչափորեն Գայանե Հակոբյանին զրկել է սեփականության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.08.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 02.11.1974 թվականի թիվ 9595 միասնական օրդերի համաձայն՝ Երևանի Մարքսի փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանը հատկացվել է Գրիգոր Դոլունցին: Նույն օրդերով բնակելի տարածության իրավունք ունեցողներ նշվել են նաև կինը՝ Սեդա Դոլունցը, տղաները՝ Արթուր և Արմեն Դոլունցները, և աղջիկը՝ Գայանե Դոլունցը (հատոր 2-րդ, գ.թ. 191):

2. Գայանե Դոլունցին 23.08.1986 թվականին տրված թիվ У-СЛ 437473 ծննդյան վկայականի համաձայն՝ Գայանե Դոլունցը, ծնվել է 1969 թվականին, որի մասին ծնունդների գրանցման գրքում 29.12.1969 թվականին կատարված է գրառում թիվ 2743 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 21):

3. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գորիսի անձնագրային բաժանմունքի 09.10.2009 թվականի թիվ 102-7/3770 գրության համաձայն՝ Գայանե Դոլունցը 06.08.1986 թվականին Գորիսի ՆԳ բաժնից 16 տարին լրանալու կապակցությամբ ստացել է X-СЛ թիվ 581938 անձնագիրը՝ 29.12.1969 թվականին Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՔԿԱԳ-ից ստացված I-ЖЗ սերիայի թիվ 061098 ծննդյան վկայականի հիման վրա: 09.12.1986 թվականին Գայանե Դոլունցը Երևանի Օրջոնիկիձեի ՔԿԱԳ բաժնից ստացած У-СЛ թիվ 437473 ծննդյան վկայականի հիման վրա Օրջոնիկիձեի ՆԳ բաժնից դարձյալ 16 տարին լրանալու կապակցությամբ ստացել է X-СЛ թիվ 684870 անձնագիրը: 24.11.1998 թվականին Գայանե Դոլունցն ազգանունը Հակոբյանի փոխելու կապակցությամբ Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից ստացել է ՀՀ քաղաքացու AC սերիայի թիվ 0382212 անձնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 23):

4. Թիվ 3/1 ԲՇՏՎ-ի պետի 29.03.1994 թվականի տեղեկանքի համաձայն՝ «Տրվում է Դոլունց Գ.Բ., որ նրա ընտանիքը բաղկացած է երեք անձից և երեք անձը դուրս է գրված: 1. Դոլունց Արթուր Գ.-10.11.1993 թվական, 2. Դոլունց Արմեն Գ.-27.08.1980 թվական, 3. Դոլունց Արամ Ա.-10.11.1993 թվական:» (հատոր 2-րդ, գ.թ. 189):

5. 30.03.1994 թվականի բնակելի տարածության սեփականաշնորհման մասին դիմումով Գրիգոր, Սեդա և Գայանե Դոլունցները դիմել են Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանը սեփականաշնորհելու համար: Նույն դիմումով Սեդա և Գայանե Դոլունցները տվել են իրենց համաձայնությունն այն մասին, որ բնակարանը սեփականաշնորհվի Գրիգոր Դոլունցի անունով (հատոր 2-րդ, գ.թ. 188):

6. Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշմամբ թույլատրվել է Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանը սեփականաշնորհել Գրիգոր Դոլունցին (հատոր 1-ին, գ.թ. 12):

7. Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշման հիման վրա Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ 20.06.1994 թվականին գրանցվել է Գրիգոր Դոլունցի սեփականության իրավունքը, և տրվել է թիվ 10131 սեփականության վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 13):

8. 03.03.1999 թվականի թիվ ԱԱ 101052 մահվան վկայականի համաձայն՝ Գրիգոր Դոլունցը մահացել է 03.03.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20):

9. 29.09.1999 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 03.03.1999 մահացած Գրիգոր Դոլունցի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են կինը՝ Սեդա Դոլունցը, և աղջիկը՝ Գայանե Հակոբյանը (հատոր 1-ին, գ.թ. 128):

10. 09.12.1999 թվականի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 0272135 վկայականի համաձայն՝ 29.09.1999 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ Կադաստրի անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ Կ4-19 մատյանի թիվ 00193 համարի տակ գրանցվել է Սեդա Դոլունցի և Գայանե Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

11. 22.10.2008 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 07.09.2007 թվականին մահացած Սեդա Դոլունցի գույքի նկատմամբ ժառանգ է դուստրը՝ Գայանե Հակոբյանը: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի 1/6-րդ բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 129):

12. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի 03.02.2011 թվականի որոշմամբ Արթուր Դոլունցի դիմումի հիման վրա Գայանե Հակոբյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Գայանե Հակոբյանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ «Գորիսի ՆԳ բաժնից ստացված անձնագրի ստացման հետ կապված հանգամանքները հնարավոր չի եղել պարզել, քանի որ նյութերի ընթացքում պարզվել է, որ Գրիգոր Դոլունցը, Վերիշեն գյուղապետարանի քարտուղար Գարեգին Գրիգորյանը և Գորիսի անձնագրային բաժանմունքի պետ Գուրգեն Հարությունյանը մահացել են» (հատոր 2-րդ, գ.թ. 236-237):

13. Գործում առկա չէ 09.12.1986 թվականին Գայանե Դոլունցին Օրջոնիկիձեի ՆԳ բաժնի կողմից տրված X-СЛ թիվ 684870 անձնագրի կեղծ լինելը հավաստող ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրին երաշխավորում է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իր սեփականությունը: Ճանաչելով և պաշտպանելով անձի սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող բոլոր պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք իրենց գործողություններում սահմանափակված են անձի այդ իրավունքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Գայանե Դոլունցը 06.08.1986 թվականին Գորիսի ՆԳ բաժնից ստացել է X-СЛ 581938 համարի ԽՍՀՄ նմուշի անձնագիրը և այդ անձնագրով 13.08.1986 թվականին հաշվառվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: Այս անձնագիրը եղել է Գայանե Դոլունցի գործող անձնագիրը, ուստի հետագայում նրա կողմից ստացած երկրորդ՝ X-СЛ 684870 համարի ԽՍՀՄ նմուշի անձնագիրն անվավեր է, իսկ դրանում արտացոլված տեղեկությունները՝ կեղծ: Իսկ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 հասցեում գտնվող բնակարանի սեփականաշնորհման գործընթացին մասնակից է դարձվել նաև Գայանե Դոլունցը X-СЛ 684870 համարի ԽՍՀՄ նմուշի անձնագրում արտացոլված գրանցման վերաբերյալ տեղեկությունների ուժով, ուստի Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշման համար հիմք են ծառայել X-СЛ 684870 համարի անձնագրի կեղծ տեղեկությունները, և գտել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ուժով 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումն անվավեր է:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Գայանե Դոլունցի (Գայանե Հակոբյան) անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշման հիման վրա, ուստի այն նույնպես անվավեր է:

Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործի փաստական հանգամանքները:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ Երևանի Օրջոնիկիձեի ՆԳ բաժնից 09.12.1986 թվականին Գայանե Դոլունցին տրված X-СЛ թիվ 684870 անձնագիրն անվավեր է, իսկ դրանում արտացոլված տեղեկությունները՝ կեղծ: Ավելին, Արթուր Դոլունցի դիմումի հիման վրա Գայանե Հակոբյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի 03.02.2011 թվականի որոշմամբ մերժվել է Գայանե Հակոբյանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Այսինքն՝ սույն գործում առկա չեն որևէ վերաբերելի և թույլատրելի այնպիսի ապացույցներ, որոնցով կարող է հիմնավորվել Գայանե Դոլունցին տրված X-СЛ թիվ 684870 անձնագրի անվավերությունը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտը, այն է՝ Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումն անվավեր ճանաչելու հիմքը:

Բացի այդ, 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունքի ծագման իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտել է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը (տե՛ս Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ/0476/05/08 որոշումը):

Վերոգրյալը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Դոլունցը (Հակոբյան) «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ուժով Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք և դարձել է այդ բնակարանի համասեփականատեր՝ անկախ իրավունքի պետական գրանցումից:

Այսպիսով, հաշվի առնելով, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք Գայանե Դոլունցը (Հակոբյան) ձեռք է բերել «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ուժով (այնուհետև՝ հանդիսանալով ժառանգ, օրենքով սահմանված կարգով 29.09.1999 թվականին` Գրիգորի Դոլունցի մահից հետո, և 22.10.2008 թվականին՝ Սեդա Դոլունցի մահից հետո, ընդունել է ժառանգություն), իսկ Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են, ուստի առկա չեն նաև Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի թիվ 106 բնակարանի նկատմամբ Գայանե Հակոբյանի (Դոլունց) սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքեր:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Վերաքննիչ դատարանը, Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի Օրջոնիկիձեի ՆԳ բաժնից 09.12.1986 թվականին Գայանե Դոլունցին տրված X-СЛ թիվ 684870 անձնագիրն անվավեր է, իսկ դրանում արտացոլված տեղեկությունները՝ կեղծ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով և քննության առարկա դարձնելով Երևանի Օրջոնիկիձեի ՆԳ բաժնից 09.12.1986 թվականին Գայանե Դոլունցին տրված X-СЛ թիվ 684870 անձնագրի իրավաչափության հարցը, անտեսել է այն հանգամանքը, որ այն կամ դրանում պարունակվող տեղեկությունները, ինչպես նաև անձնագիրը տալուն ուղղված լիազոր մարմնի գործողությունները չեն վիճարկվել:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ Երևանի Օրջոնիկիձեի ՆԳ բաժնից 09.12.1986 թվականին Գայանե Դոլունցին տրված X-СЛ թիվ 684870 անձնագրի տրման իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է դրա իրավաչափության հարցին և բացառել դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի Օրջոնիկիձեի ՆԳ բաժնից 09.12.1986 թվականին Գայանե Դոլունցին տրված X-СЛ թիվ 684870 անձնագիրը տրվել է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված անձնագիրն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմին, չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15- 118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.08.2011 թվականի որոշման՝ ՀՀ վարչական դատարանի 28.04.2011 թվականի վճռի հայցը բավարարելու մասերն անփոփոխ թողնելու մասը և այն փոփոխել՝ Գայանե Հակոբյանի մասով Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.05.1994 թվականի թիվ 19/172 որոշումը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման պետական գրանցման միասնական մատյանի թիվ 00193 համարի տակ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասերով հայցը մերժել: Որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

2. Արթուր Դոլունցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան