Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.23/10(884) Հոդ.128
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2012 թվականի N 118-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կենտրոններում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 13
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 9-ի N 118-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբոսաշրջային կենտրոններ հայտարարված տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները` գեղագիտական չափանիշներին բավարարող միասնական քաղաքաշինական միջավայր ձևավորելու նպատակով:

2. Զբոսաշրջային կենտրոնների (այսուհետ` կենտրոններ) կազմակերպման նպատակով հողատարածքներն առանձնացվում են համայնքների գլխավոր հատակագծերով և գոտևորման նախագծերով, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում են համապատասխան համայնքի ղեկավարի պատվերով` նրա կողմից կազմված նախագծման առաջադրանքի (այսուհետ` առաջադրանք) հիման վրա:

3. Գոտևորման նախագծերի և դրա բաղկացուցիչ մաս կազմող բնակավայրի քաղաքաշինական կանոնադրության (այսուհետ` քաղաքաշինական կանոնադրություն) առաջադրանքով` ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված պահանջների, ամրագրվում են սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կենտրոնների քաղաքաշինական միջավայրի կազմավորման հիմնական տարրերին ներկայացվող` տվյալ բնակավայրին բնորոշ ճարտարապետական կերպարի, մշակութային, բնակլիմայական և լանդշաֆտային առանձնահատկություններից բխող կառուցապատման միասնական պահանջներ:

4. Սույն կարգի 3-րդ կետով նշված պայմանները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծերի պահանջներին:

5. Սույն կարգում չընդգրկված խնդիրների մասով գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը:

6. Եթե կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է հատուկ պահպանվող պատմամշակութային հողերի և (կամ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի սահմաններում, ապա դրանց նկատմամբ կիրառվում են նաև համապատասխանաբար` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված պահանջները:

7. Սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծեր ունեցող զբոսաշրջային կենտրոն հանդիսացող համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում սույն կարգից բխող լրացումների կատարման անհրաժեշտությունը ներառվում է տվյալ համայնքի քառամյա զարգացման ծրագրում` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 28-րդ կետի պահանջներին համապատասխան:

8. Կենտրոնների կազմակերպման համար առանձնացված տարածքում անհրաժեշտ է`

1) նախատեսել կառուցապատման հետևյալ տեսակների կիրառումը.

ա. հասարակական նշանակության շենքեր և շինություններ` առևտրի, սննդի, սպասարկման, առողջարանային (համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում), բուժական, հանգստի և ակտիվ ժամանցի համար նախատեսված օբյեկտներ,

բ. զբոսաշրջիկների անհատական և համատեղ կեցության համար նախատեսված շենքեր և շինություններ` հյուրանոցներ, մոթելներ, ինչպես նաև «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ օբյեկտներ,

գ. բնական և քաղաքային լանդշաֆտի հանրային օգտագործման կանաչ տարածքներ,

դ. ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, այդ թվում` ստորգետնյա (անհրաժեշտության դեպքում) և վերգետնյա ավտոկայանատեղիներ, կենտրոններն սպասարկող տրանսպորտի համար նախատեսված կանգառներ և այլ շինություններ.

2) առաջադրանքով նախատեսել սույն կետի 1-ին ենթակետով նշված օբյեկտների կառուցապատման սխեմայի (այսուհետ` կառուցապատման սխեմա) մշակման պայման` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մայիսի 2-ի «Կառուցապատման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 608-Ն որոշման պահանջներին համապատասխան.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված կառուցապատման սխեմաներով նախատեսել`

ա. զբոսաշրջիկների և բնակչության հարմարավետ հանգիստն ու սպասարկումն ապահովող օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքների տեղակայումը հետիոտնի հասանելիության նորմատիվային սահմաններում,

բ. կենտրոնների հարմար ճանապարհատրանսպորտային կապի ապահովումը միջպետական կամ հանրապետական ու համայնքային նշանակության ավտոճանապարհների հետ,

գ. ավտոկայանատեղիների (անհրաժեշտության դեպքում` ստորգետնյա) տեղաբաշխման սխեմայի մշակումը, շենքերի բակային տարածքներում դրանց տեղակայման հնարավորությունների գնահատումը` հասարակական երթևեկության անվտանգության պայմանների ապահովմամբ,

դ. հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելիության պայմանների ապահովումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 392-Ն որոշման պահանջներին համապատասխան,

ե. լանդշաֆտի կանաչապատ տարածքների զարգացման և պահպանման միջոցառումների սահմանումը,

զ. հասարակական վայրերի հագեցվածությունն արտաքին դիզայնի անհրաժեշտ միջոցներով և կահավորանքով (գովազդային վահանակներ, ցուցանակներ, ճարտարապետական փոքր ձևեր և այլն),

է. սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված պահանջներն ապահովող նախագծային լուծումները:

9. Սույն կարգի իմաստով կենտրոնների քաղաքաշինական միջավայրի կազմավորման հիմնական տարրերն են (այսուհետ` հիմնական տարրեր) շենքերն ու շինությունները (իրենց ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումներով), փողոցները, լանդշաֆտը և սույն կարգի 10-րդ կետով սահմանված` քաղաքաշինական միջավայրի այլ բաղկացուցիչ մասերը:

10. Ելնելով տվյալ տարածքի առանձնահատկություններից, առաջադրանքով կանոնակարգվում են`

1) շենքերի և շինությունների ծավալային ու ճարտարապետահատակագծային լուծումներին, ինչպես նաև դրանց առանձին մասերին ներկայացվող պահանջները, այդ թվում`

ա. շենքի մասշտաբը, ճակատային լուծումներն ու դրանք շեշտադրող տարրերը (զարդաքանդակները, պորտալները, որմնախորշերը, շվաքարանները, քիվերը, կամարները և այլն),

բ. շենքի ճակատային մասի արտաքին բացվածքների (դռներ, պատուհաններ, ցուցափեղկեր) ձևավորումը,

գ. շենքի տանիքներն ու շենքերի հորիզոնական հարթությունները («հինգերորդ ճակատ»), ինչպես նաև ճակտոնները (ֆրոնտոնները), մանսարդները, ձեղնանցքները, եզրապատերը (պարապետները) և այլն,

դ. շվաքարանները (տենտերը, մարկիզաները),

ե. շենքի ճակատների և տանիքի հարդարման նյութերն ու երանգավորումը, արտաքին լուսավորությունը.

2) փողոցների, անցումների, հետիոտն ճանապարհների ու հեծանվաուղիների (ճանապարհային ցանց), հրապարակների, ներքին բակերի, շքաբակերի (կուրդոնյերների) և հարթակների կառուցվածքին ու ձևավորմանը, ավտոկայանատեղիների կազմակերպմանը ներկայացվող պահանջները, այդ թվում`

ա. ճանապարհային ծածկույթը (նյութը, դեկորատիվ տարրերը և գունային լուծումները),

բ. կենտրոններն սպասարկող տրանսպորտի համար նախատեսված կանգառների ձևավորումը,

գ. հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի տեղաշարժման համար անհրաժեշտ կահավորանքը (թեքահարթակներն ու հատուկ հարմարանքները` լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով),

դ. ֆունկցիոնալ ձևավորումը, կանաչապատումը և կահավորանքը (փոքր ճարտարապետական ձևեր կամ դեկորատիվ արվեստի նմուշներ, զրուցարաններ, շվաքարաններ, նստարաններ, շատրվաններ, դեկորատիվ ջրավազաններ, կանաչ տնկարկներ, այդ թվում` ուղղահայաց կանաչապատում և այլն),

ե. ճանապարհային ցանցին հարող պարիսպների, ցանկապատերի (այդ թվում` դալար ցանկապատերի) կառուցվածքին, նյութին ու ձևավորմանը ներկայացվող պահանջները.

3) լանդշաֆտին, այգեպուրակային շինարարությանը և կանաչապատմանը ներկայացվող պահանջները, այդ թվում`

ա. ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և հետիոտն շարժման ակտիվ գոտիների կանաչապատումն ու բարեկարգումը (փոքր ճարտարապետական ձևեր, ջրային մակերեսներ, շատրվաններ, նստարաններ, տաղավարներ, զրուցարաններ և բարեկարգման այլ տարրեր),

բ. այգեպուրակային շինարարության կազմը (հենապատեր, ծառուղիներ, հարթակներ, աստիճաններ, ինչպես նաև ծառեր, թփեր, սիզամարգեր, ծաղկաթմբեր և գալարվող բույսեր, դեկորատիվ բուսական ծածկույթ, բազմամյա և միամյա բույսերի տեսակներ, կանաչապատման և բարեկարգման այլ միջոցներ),

գ. անհրաժեշտության դեպքում` քամու դեմ պաշտպանական գոտու ստեղծման միջոցառումները (ծառատունկ, կանաչ ծածկույթների իրականացում տեղական ավանդական տնկանյութերի տեսակներից` տարբեր բարձրության բույսերի զուգակցմամբ):

11. Սահմանված կարգով հաստատվելուց հետո սույն կարգին համապատասխան մշակված քաղաքաշինական կանոնադրությամբ և կառուցապատման սխեմայով ամրագրված պայմանները ներառվում են համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում` համապատասխան դրույթներ ամրագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևի «Լրացուցիչ պայմաններ» բաժնում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան