Գլխավոր տեղեկություն
Համար
N 143-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.03.28/4(35) Հոդ.152
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 143-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված մասնագետների, ինչպես նաև ՀՄԴ-ի հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից մինչև նրանց հավատարմագրումը ՀՄԴ-ի կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը, եթե դիմողը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) անձնագրի պատճենը,

գ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

դ) 2 լուսանկար` 3x4 չափսի,

ե) մասնագետի որակավորման վկայականի պատճենը՝ տրված սույն կետով սահմանված համապատասխան մարմինների կողմից,

զ) վկայականը տված մարմնի հավաստումն այն մասին, որ վկայականը ներկայումս ուժի մեջ է կամ անդամության վկայականի պատճենը:».

2) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.2. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերն օտար լեզվով ներկայացվելու դեպքում դրանց հետ պետք է ներկայացվեն նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված թարգմանությունները: Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով:

 1.3. 1.1-ին կետով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության, դրանց հիման վրա աուդիտորի որակավորման վկայական տալու կամ այն մերժելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգով:».

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգում`

ա. 3-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի դատավճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:»,

բ. 5-րդ կետի առաջին պարբերությունում «և Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական» բառերը փոխարինել «երկու» բառով,

գ. 8-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) աշխատանքային գրքույկի պատճենը և (կամ) տեղեկանքն աշխատավայրից` գործատուի կողմից կնքված ու ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,»,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը դրանք ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին բանավոր կամ գրավոր տեղեկացվում է դիմողին, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը լիազորված մարմին չներկայացվելու դեպքում դիմումը մերժվում է: Սույն կարգի 3-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին և մերժվում նրա` քննությանը մասնակցելու մասին դիմումը: Փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պետք է այն ներկայացնի մինչև քննության սկիզբը:»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.

«23.1. Քննության արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքում պետք է պարտադիր նշվեն բողոք բերողի պահանջը (բողոքարկման առարկան), կոնկրետ թեստը և (կամ) խնդրի դրույթը, որի գնահատումը բողոքարկվում է` նշելով սխալ գնահատված լինելու փաստարկներ և հիմնավորումներ:»,

զ. 24-րդ կետում «եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացվում է լիազորված մարմնի ղեկավարին, որի հիման վրա» բառերը փոխարինել «եզրակացության հիման վրա քննությունների ավարտի օրվան հաջորդող» բառերով,

է. 26-րդ կետը «ճանաչվում`» բառից հետո լրացնել «լիազորված մարմնի այդ հարցերով զբաղվող համապատասխան» բառերով,

ը. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած, քննությանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը: Սույն կետում նշված դիմողները քննությանը մասնակցելու համար կարող են ներկայացնել միայն սույն կարգի 8-րդ կետի «ա» և «դ» ենթակետերով պահանջվող փաստաթղթերը, եթե նախկին փաստաթղթերը ներկայացնելու օրվանից չի անցել մեկ տարի կամ դրանցում փոփոխություններ չեն կատարվել:»,

թ. 29-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Աուդիտորը կարող է իր անձնագրային տվյալների փոփոխման դեպքում (բացառությամբ անվան կամ ազգանվան փոփոխության դեպքերի) դիմում ներկայացնել վկայականի վերաձևակերպման համար` կցելով անձնագրի պատճենը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը:».

4) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ծրագրում`

ա. 1-ին բաժնի 2-րդ թեման շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեմա 2. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ»,

բ. 2-րդ բաժնում «Թեմա 9. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք» բառերը փոխարինել «Թեմա 9. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան