Գլխավոր տեղեկություն
Համար
N 333-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.04/18(892) Հոդ.336
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 333-Ն

 

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1079-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1079-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 333-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության (այսուհետ` մասնագիտական կրթություն) պետական կրթական չափորոշիչների (այսուհետ` չափորոշիչ) ձևավորման և հաստատման կարգը:

2. Մասնագիտական կրթության չափորոշիչները ձևավորվում (վերանայվում) և հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկերում ներառված մասնագիտությունների յուրաքանչյուր որակավորման համար:

3. Մասնագիտական կրթության մասնագիտությունների կամ որակավորումների ցանկում չներառված, սակայն աշխատաշուկայի կարիքներին համապատասխան նոր մասնագիտությունների և (կամ) որակավորումների համար չափորոշիչները ձևավորվում և հաստատվում են սույն կարգի համաձայն: Չափորոշչի հաստատումից հետո այդ մասնագիտությունները կամ որակավորումները ներառվում են ցանկում:

4. Մասնագիտական կրթության չափորոշիչները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի բնութագրիչների պահանջներին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից սահմանված մասնագիտական կրթության չափորոշիչների բաղադրիչներին համապատասխան:

5. Մասնագիտական կրթության չափորոշիչների նախագծեր կարող են մշակվել մասնագիտական կրթության ոլորտի սոցիալական գործընկերների և բոլոր շահագրգիռ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՄԸ

 

6. Մասնագիտական կրթության չափորոշիչների նախագծերի մշակման աշխատանքները կազմակերպում է նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (այսուհետ` ՄԿՈՒԶԱԿ):

7. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ մշակման և (կամ) վերանայման ենթակա չափորոշիչների ցանկը` մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, ձևավորում է նախարարությունը: Այդ նպատակով ներգրավվում են սոցիալական գործընկերները, շահագրգիռ պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները: Ցանկը հաստատելուց առաջ այն քննարկվում և հավանության է արժանանում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդում (այսուհետ` ՄԿՈՒԶԱԽ): Վերջնական ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

8. Սոցիալական գործընկերների, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների նախաձեռնությամբ չափորոշիչների նախագծերի մշակման, դրանց վերանայման դեպքում դրանք նախարարության յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ մշակման և (կամ) վերանայման ենթակա չափորոշիչների ցանկում չեն ներառվում:

9. Ըստ մասնագիտությունների և որակավորումների` մասնագիտական կրթության չափորոշիչների նախագծերը մշակում են աշխատանքային խմբերը, որոնք ձևավորվում են յուրաքանչյուր մասնագիտության որակավորման գծով 5-7 փորձագետներից:

10. Չափորոշչի նախագիծ մշակող աշխատանքային խումբը ձևավորվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և սոցիալական գործընկերների ներգրավմամբ: Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել նաև գիտական կազմակերպությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

11. Չափորոշիչների նախագծերը մշակելու ընթացքում աշխատանքային խմբերը պարտադիր հաշվի են առնում համապատասխան ոլորտների գործատուների առաջարկությունները, աշխատաշուկայի պահանջները, սպասվող զարգացումները, տվյալ ոլորտի առաջավոր փորձը:

12. Աշխատանքային խմբերը չափորոշիչների մշակված նախագծերը ներկայացնում են ՄԿՈՒԶԱԿ:

13. Մինչև հաստատման ներկայացնելը` չափորոշիչների մշակված նախագծերը ՄԿՈՒԶԱԿ-ում և նախարարի կողմից հաստատված համապատասխան ոլորտային հանձնաժողովներում ենթարկվում են փորձաքննության:

14. Ոլորտային հանձնաժողովների անվանական կազմը ձևավորվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և սոցիալական գործընկերների կողմից նախարարություն ներկայացված թեկնածուների կազմից: Ոլորտային հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել նաև գիտական կազմակերպությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

15. Ոլորտային հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է նվազագույնը` 11, առավելագույնը` 19 մարդ:

16. Ոլորտային հանձնաժողովները չափորոշիչների նախագծերը փորձաքննության անցկացնելուց հետո, ՄԿՈՒԶԱԿ են ներկայացնում` նախարարի կողմից հաստատված ձևաչափերին համապատասխան, պետական կրթական չափորոշիչների նախագծերի և պետական կրթական չափորոշիչների նախագծերի տեխնիկական փորձաքննությունների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները:

17. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշչի նախագիծ մշակող աշխատանքային խմբի և ոլորտային հանձնաժողովի ձևավորման կարգը և դրանց աշխատակարգերը հաստատում է նախարարը:

18. Խորհրդակցելով փորձաքննություն իրականացրած ոլորտային հանձնաժողովի հետ` փորձաքննություն չանցած չափորոշիչների նախագծերը ՄԿՈՒԶԱԿ-ը վերադարձնում է աշխատանքային խմբերի վերանայմանը կամ նոր նախագիծ մշակելու համար առաջարկում է նախարարությանը ձևավորել նոր աշխատանքային խումբ:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

19. Մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների դրական փորձաքննություն անցած չափորոշիչների նախագծերը 10-օրյա ժամկետում ներկայացվում են նախարարություն և հաստատվում նախարարի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան