Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.22/16(890).1 Հոդ.136.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0264/02/11

2011թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0264/02/11

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

                   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նինա Գոլչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Նինա Գոլչյանի հայցի ընդդեմ Ալի Ղոլչիյանի, Զինա Ղոլչյանի` երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջի մասին, ինչպես նաև Ալի Ղոլչիյանի, Զինա Ղոլչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նինա Գոլչյանի` երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրենց հանձնելու, ավտոմեքենան հրապարակային սակարկություններով վաճառելու` ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նինա Գոլչյանը պահանջել է իր զավակներ Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունը հանձնել իրեն:

Գործի քննության ընթացքում Նինա Գոլչյանը պահանջել է իր զավակներ Զինա և Խանում Բադրի Գոլչյանների բնակության վայրը որոշել իր բնակության վայրով` ՀՀ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի հասցեով:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ալի Ղոլչիյանը և Զինա Ղոլչյանը պահանջել են Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունը հանձնել իրենց, ինչպես նաև հրապարակային սակարկություններով վաճառել «ՎԱԶ-210630» մակնիշի 23ՏԼ837 պետհամարանիշի ավտոմեքենան` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Երեխաներին թողնել բնակվելու ՀՀ Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղում՝ հակընդդեմ հայցվորներ, երեխաների պապիկի` Ալի Ղոլչիյանի, տատիկի՝ Զինա Ղոլչյանի հետ՝ համատեղ Միջնատուն գյուղ 4-րդ փողոց թիվ 1 տանը` խնամքը հանձնելով հակընդդեմ հայցվորներին: Մնացած մասով հակընդդեմ հայցը` մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.09.2011 թվականի որոշմամբ Նինա Գոլչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նինա Գոլչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ալի Ղոլչիյանը և Զինա Ղոլչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 56-րդ, 57-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 47-րդ, 53-րդ հոդվածները և 130-րդ հոդվածի 3-րդ կետը, չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ընդ որում, ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք: Հատկանշական է, որ Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհուրդը, ելնելով երեխաների` ուշադրության արժանի շահերից, եզրակացությամբ գտել է, որ անչափահաս Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունը պետք է հանձնել մորը` Նինա Գոլչյանին: Մինչդեռ, Զինա և Խանում Բադրի Գոլչյանների մոր` Նինա Գոլչյանի կողմից իր երեխաների խնամքը և դաստիարակությունն իրականացնելու պատրաստակամության պայմաններում երեխաների խնամքը և դաստիարակությունը պապին և տատին հանձնելը չի բխում երեխաների շահերից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.09.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 21.03.1989 թվականի թիվ 396633 ծննդյան վկայականի համաձայն` 28.09.1972 թվականին ծնված Բադր Ալիի Գոլչյանի ծնողներն են 18.06.1946 թվականին ծնված Ալի Ամոյի Ղոլչիյանը և 01.10.1947 թվականին ծնված Զինա Ջամալի Ղոլչյանը (հատոր 1, գ.թ. 38,45,46):

2. Բադր Ալիի Գոլչյանը և Նինա Բինբաշի Մստոյանն ամուսնացել են 11.08.1995 թվականին, և կինը կրում է Գոլչյան ազգանունը, հիմք` 11.08.1995 թվականի թիվ 410254 ամուսնության վկայականը (հատոր 1, գ.թ. 11):

3. 20.12.2010 թվականի թիվ ԱԲ-112907 ծննդյան վկայականի համաձայն` 31.10.1995 թվականին ծնված Զինա Բադրի Գոլչյանի ծնողներն են Բադր Ալիի և Նինա Բինբաշի Գոլչյանները (հատոր 1, գ.թ. 6):

4. 20.12.2010 թվականի թիվ ԱԲ-112908 ծննդյան վկայականի համաձայն` 06.02.1998 թվականին ծնված Խանում Բադրի Գոլչյանի ծնողներն են Բադր Ալիի և Նինա Բինբաշի Գոլչյանները (հատոր 1, գ.թ. 7):

5. 20.12.2010 թվականի թիվ ԱԲ-036908 մահվան վկայականի համաձայն` Բադր Ալիի Գոլչյանը մահացել է 03.07.2010 թվականին (հատոր 1, գ.թ. 10):

6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 13.05.2011 թվականի թիվ 03/28 և թիվ 03/29 տեղեկանքների համաձայն` Ալի Ղոլչիյանը 3-րդ խմբի աշխատանքային հաշմանդամ է և ստանում է 28.554 ՀՀ դրամ կենսաթոշակ, իսկ Զինա Ջամալի Ղոլչյանը 2-րդ խմբի աշխատանքային հաշմանդամ է և ստանում է 16.128 ՀՀ դրամ կենսաթոշակ (հատոր 1, գ.թ. 49,98):

7. Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհրդի եզրակացության համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը, հիմք ընդունելով երեխաների լավագույն շահերը, նպատակահարմար է գտել, որ անչափահաս Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունն այսուհետ իրականացվի մոր` Նինա Գոլչյանի կողմից (հատոր 1, գ.թ. 83-86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

 «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ: Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն` ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել քննությանը և ներկայացնել իրենց տեսակետները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը՝ երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները կամ համապատասխան դեպքերում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են: Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքները երաշխավորելու և դրանց իրականացմանը նպաստելու նպատակով մասնակից պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են տրամադրում երեխայի դաստիարակության իրենց պարտականությունները կատարելու գործում և ապահովում են երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք: Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք: Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 11-րդ գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա: Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման: Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան: Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

 «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար: Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, որպես իր դիրքորոշման հիմնավորում նշել է, որ «Զինա և Խանում Գոլչյանները, (երկուսի 10 տարին էլ լրացած է) չեն ցանկանում բնակվել իրենց մոր` հայցվոր Նինա Գոլչյանի հետ»:

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածով օրենսդիրն ամրագրել է երեխայի իրավունքն իր շահերը շոշափող ցանկացած հարցի լուծման դեպքում ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքն ինչպես ընտանիքում, այնպես էլ դատական և այլ մարմիններում: Ընդ որում, տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում: Հատկանշական է, որ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ պարագայում տասը տարին լրացած երեխաների կարծիքը հաշվի առնելու հիմքով վերջիններիս խնամակալությունը հարազատներին հանձնելու պայմաններում ըստ էության, խախտել է ծնողի` Նինա Գոլչյանի` այլ անձանց հանդեպ երեխային դաստիարակելու նախապատվության, երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար հոգ տանելու իրավունքները և պարտականությունները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` ՀՀ Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհրդի եզրակացությունը գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելու համար:

Այսպես` Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտն անփոփոխ թողնելու որոշումը հիմնավորել է նաև այն հանգամանքով, որ Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհրդի եզրակացությամբ չի հիմնավորվում, որ հայցվորն ունի բավարար պայմաններ` երեխաների` իր հետ բնակության և նրանց խնամքն իրականացնելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ, չի իրականացրել նաև վերոհիշյալ ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, քանի որ տվյալ ապացույցը չի գնահատել օբյեկտիվ` ծնողի` երեխային դաստիարակելու նախապատվության իրավունքի հաշվառմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկվող որոշումը նշված մասով անհիմն է:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է դատական ակտի` հայցը մերժելու և հակընդդեմ հայցի` անչափահաս Զինա և Խանում Գոլչյանների պապի` Ալի Ղոլչիյանի և տատի՝ Զինա Ղոլչյանի հետ համատեղ Միջնատուն գյուղ 4-րդ փողոց թիվ 1 տանը բնակվելու և խնամքը վերջիններիս հանձնելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման միայն այդ մասով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.09.2011 թվականի որոշման` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու մասերով վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.09.2011 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան