Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.22/16(890).1 Հոդ.136.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1799/02/10

2011թ.   

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1799/02/10

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ` Ա. Մկրտչյան

                   Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աիդա Նազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Նազարյանի ընդդեմ Աիդա և Հարություն Նազարյանների` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Նազարյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին չխոչընդոտելու իրեն պատկանող Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեում գտնվող 70 տոկոս բաժնեմասին համապատասխան ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացին՝ համաձայն «Պ.Ա.Գ. Էսթեյթ» ՍՊ ընկերության կողմից տրված եզրակացության և հատակագծի, որտեղ կանաչ գույնով նշված են իրենց պատկանող ինքնակամ շինությունները, այդ թվում նաև թիվ 4, 5 և 6 սենյակները, որոնք կառուցվել են իր կողմից, սակայն ապօրինաբար իր տիրապետությունից դուրս են մնացել:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է «պարտավորեցնել Աիդա և Հարություն Նազարյաններին չխոչընդոտել Գյումրու Ֆուրմանովի փողոցի 4-րդ նրբանցք թիվ 17 տնատիրության՝ Ռոբերտ Նազարյանին պատկանող 70 տոկոս բաժնեմասին համապատասխան ինքնակամ շինությունների օրինականացմանը՝ «Պ.Ա.Գ. Էսթեյթ» ՍՊ ընկերության կողմից տրված փաստացի հատակագծի համաձայն: Պատասխանողների կողմից համաձայնություն չտալու դեպքում շինություններն օրինականացնել առանց նրանց համաձայնության»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2011 թվականի որոշմամբ Աիդա Նազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.02.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Նազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռոբերտ Նազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ և 192-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը կիրառել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ 26.12.2002 թվականի թիվ ՀՕ-510-Ն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը, որը չի գործում` ուժը կորցրել է 22.02.2005 թվականին: Նշված օրենքն ուժի մեջ է մտել 22.02.2003 թվականին և գործել է մինչև 22.02.2005 թվականը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը չի վերանայել բողոքի բոլոր հիմքերի ու դրանց հիմնավորումների սահմաններում, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում որոշման մեջ չի նշել գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և հանգել է սխալ եզրակացության` կայացնելով չհիմնավորված և ոչ օրինական դատական ակտ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Ռոբերտ Նազարյանի տնատիրությունը և Աիդա ու Հարություն Նազարյանների տնատիրությունը միմյանցից բաժանված է շուրջ 40 տարի առաջ կառուցված պարսպով, որը գծագրված են նույնիսկ Լենինականի միջշրջանային տեխնիկական գույքագրման բյուրոյի 09.09.1986 թվականի արձանագրության հատակագծում, և գտել է, որ Դատարանը վեճն ըստ էության ճիշտ է լուծել:

Վերաքննիչ դատարանը, եթե օբյեկտիվ գնահատեր գործի ապացույցները, անգամ պարիսպը 1990 թվականին կամ հետո` 1991 թվականին կառուցված լինելու ենթադրյալ եզրակացությունը, ապա հիմնավոր կհամարեր վերաքննիչ բողոքի փաստարկը վիճելի գույքը պարսպով առանձնացված լինելու մասին և հաստատված կհամարեր, որ պարսպով փաստացի առանձնացված ու սեփականության իրավունքով նաև պատասխանողներին պատկանող հողամասի վրա առկա ինքնակամ շինությունների նկատմամբ ենթակա է ճանաչման ոչ թե հայցվորի, այլ պատասխանողների սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անվիճելի է համարել այն փաստը, որ հայցվոր Ռոբերտ Նազարյանը հողի և շինության 70 տոկոսի սեփականատերն է, և գտել է, որ նրա պահանջն ինքնակամ շինություններն օրինականացնելու վերաբերյալ օրինական են, իսկ պատասխանողները, նրան համաձայնություն չտալով, խոչընդոտում են իր իրավունքներն իրականացնելու համար: Մինչդեռ, գործում առկա չէ որևէ ապացույց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում Ռոբերտ Նազարյանի բաժինը որոշելու, վիճելի հասցեի գույքի 70 տոկոս բաժնեմասի և նույն համամասնությամբ գույքով ծանրաբեռնված ու բակի հողամասի նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու կամ այդ իրավունքը գրանցված լինելու, ինչպես նաև բաժինն առանձնացնելու մասին:

Գործում, բացի փաստացի կառուցված պարսպից, առկա չէ որևէ այլ ապացույց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում կողմերի բաժինը որոշելու, կողմերին պատկանող հողամասը բաժանելու և առանձնացնելու մասին, որոշված չէ, թե պարսպով առանձնացված հողամասի որ մասը ինչ շինություններով կողմերից ում է պատկանում: Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարելի է որոշել ինքնակամ շինությունների պատկանելիությունը: Արդյունքում, թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ Ռոբերտ Նազարյանը որևէ հիմնավոր ապացույց` բաժնային սեփականությունում իր բաժինը 70 տոկոս կազմելու, ինչպես վերը նշված փաստերի մասին, մասնավորապես կողմերի բաժինն առանձնացված լինելու, ինչպես նաև յուրաքանչյուրի բաժինը որոշված լինելու, դրանց վրա առկա ինքնակամ շինությունների պատկանելությունը որոշված լինելու մասին չի ներկայացրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դեռևս 1991 թվականի Լենինականի գույքագրման բյուրոյի կողմից տրված Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցի 4-րդ նրբանցք թիվ 17 տան շինությունների և բակի հատակագծով և օրինական ու ինքնակամ շինությունների սեփականատերեր են հանդիսացել Արտաշես Նազարյանը 3/5-րդ և Ռոբերտ Նազարյանը 2/5-րդ բաժնեմասերով: Իսկ ըստ 19.10.2010 թվականի սեփականության իրավունքի թիվ 2412164 վկայականի վիճելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Ռոբերտ Նազարյանին՝ 70 տոկոս, Աիդա և Հարություն Նազարյաններին՝ 15-ական տոկոս բաժնեմասերով: Բողոքաբերի փաստարկն այն մասին, որ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի գույքը դեռևս 40 տարի առաջ պարսպով առանձնացվել է, անհիմն է, քանի որ թեկուզ մի պահ ընդունենք, որ գույքը պարսպով 40 տարի առաջ առանձնացված է եղել, այնուամենայնիվ, թիվ 2412164 սեփականության վկայականով Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցի թիվ 17 տունը սեփականության 70 տոկոս բաժնեմասի իրավունքով պատկանում է Ռոբերտ Նազարյանին, այնպես որ նշված պնդումը սույն վեճի հետ որևէ առնչություն չունի: Ինչ վերաբերում է պատասխանողի այն առարկությանը, թե գործում առկա չէ որևէ ապացույց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում կողմերի բաժինը որոշելու, կողմերին պատկանող հողամասը բաժանելու և առանձնացնելու մասին որոշված չէ, թե պարսպով առանձնացված հողամասի որ մասը ինչ շինություններով կողմերից ում է պատկանում, ապա համաձայն «Պ.Ա.Գ. Էսթեյթ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացության և հատակագծի՝ կանաչ գույնով նշված են Ռոբերտ Նազարյանին պատկանող ինքնակամ շինությունները, այդ թվում նաև 4, 5 և 6 սենյակները, որոնք կառուցել է հայցվորը, սակայն ապօրինաբար այժմ պատասխանողների տիրապետման տակ են գտնվում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1) Համաձայն 19.10.2010 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2412164 վկայականի՝ Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցի թիվ 17 տունը սեփականության իրավունքով պատկանում է Ռոբերտ Նազարյանին՝ 70%, Աիդա և Հարություն Նազարյաններին՝ 15-ական % բաժիններով, որում նշված են նաև ինքնակամ շինություններ (1-ին հատոր, գ.թ. 11-12):

2) Ռոբերտ Նազարյանը ցանկացել է Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող ինքնակամ շինությունների 70 տոկոսն օրինականացնել, որի դեմ առարկել են Աիդա և Հարություն Նազարյանները (1-ին հատոր, գ.թ. 3-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:

Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծած գույքի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ 26.12.2002 թվականի թիվ ՀՕ-510-Ն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը, հաստատված է համարել, որ հայցվորը հանդիսանում է հողի և շինության 70 տոկոսի սեփականատերը և գտել, որ նրա պահանջը ինքնակամ շինություններն օրինականացնելու վերաբերյալ օրինական է, իսկ պատասխանողներն իրենց համաձայնությունը չտալով` խոչընդոտում են հայցվորին իր իրավունքներն իրականացնելու համար:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրել է 22.02.2005 թվականին, հետևաբար այն չէր կարող կիրառվել դատարանի կողմից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի լուծման համար էական է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում Ռոբերտ Նազարյանի բաժինն առանձնացված լինելու փաստը (այսինքն՝ այն հանգամանքը, որ ինքնակամ շինությունները գտնվում են միայն Ռոբերտ Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում), որի առկայության դեպքում միայն կարող էր բավարարվել ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացին չխոչընդոտելու պահանջը: Մինչդեռ սույն գործում բացակայում է վերոնշյալ փաստը հիմնավորող որևէ ապացույց:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի վրա գտնվող ինքնակամ շինությունների օրինականացման համար անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի համաձայնությունը, քանի որ բաժնային սեփականության մեջ բաժիններն առանձնացված չլինելու պայմաններում ինքնակամ շինությունների օրինականացման ժամանակ պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ սեփականության մեջ բաժիններն առանձնացվելու դեպքում կարող է խախտվել այն ընդհանուր սեփականության մասնակցի շահը, որը համաձայնություն չի տվել ինքնակամ կառույցների օրինականացման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռոբերտ Նազարյանի հայցը ենթակա է մերժման:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Աիդա Նազարյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` Ռոբերտ Նազարյանի հայցը մերժել:

 2. Ռոբերտ Նազարյանից հօգուտ Աիդա Նազարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան