Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.22/16(890).1 Հոդ.136.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1028/02/10

2011թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1028/02/10

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

                   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի դեկտեմբերի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արփիկ Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Գևորգ Քեշիշյանի դիմումի` ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գևորգ Քեշիշյանը պահանջել է ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարել և 11.04.2008 թվականին մահացած Ծաղիկ Բոջիկյանի 27.08.2002 թվականի կտակով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2010 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2011 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արփիկ Բոջիկյանը և Շաքե Պոջուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Քեշիշյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1217-րդ, 1225-րդ, 1226-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և 103-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան սեփականատերն էր Հակոբ Բոջիկյանը, ում մահից հետո նշված տունը 1/2-ական բաժիններով պատկանել է Ծաղիկ և Խաթուն Բոջիկյաններին: Ծաղիկ Բոջիկյանը 27.08.2002 թվականի կտակի համաձայն` Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան իրեն պատկանող բաժինը կտակել է Գևորգ Քեշիշյանին, ով Ծաղիկ Բոջիկյանի մահից հետո ( 11.04.2008 թվական) օրենքով սահմանված ժամկետում չի դիմել ըստ կտակի ժառանգության վկայագիր ստանալու համար` չնայած այն հանգամանքին, որ տեղյակ էր իր մորաքրոջ` Ծաղիկ Բոջիկյանի մահվան մասին:

Մինչդեռ Արփիկ Բոջիկյանը և Շաքե Պոջուկյանը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել են իրենց քրոջ` Ծաղիկ Բոջիկյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունը, ավելին Շաքե Պուջուկյանը 1994 թվականից գրանցված և մինչև օրս փաստացի բնակվում է Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժնում:

Արփիկ Բոջիկյանը և Շաքե Պոջուկյանը որպես ըստ օրենքի ժառանգներ սույն քաղաքացիական գործին մասնակից չեն դարձվել, ինչը նշանակում է, որ հնարավորություն չեն ունեցել արտահայտել իրենց դիրքորոշումներն ու առարկությունները դիմումի կապակցությամբ: Ուստի, սույն գործով վիճելի է, թե ով է փաստացի տիրապետում Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժինը, այսինքն՝ իրավունքի վերաբերյալ վեճ է ծագել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2011 թվականի որոշումը և դիմումը թողնել առանց քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխանում պատճառաբանել է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը նյութական և դատավարական իրավունքի նորմեր չի խախտել, խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ծաղիկ Բոջիկյանը 27.08.2002 թվականի կտակով Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան իր բաժինը կտակել է Գևորգ Քեշիշյանին:

2) 28.10.2010 թվականին Գևորգ Քեշիշյանը դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան 11.04.2008 թվականին մահացած Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով:

3) Ծաղիկ Բոջիկյանը Արփիկ Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի քույրն է:

4) Արփիկ Բոջիկյանը հաշվառված, փաստացի բնակվում է Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով` առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:

Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հայցն առանց քննության թողնելու հիմք է:

Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (տես նաև` «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի թիվ 3-445(Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը):

 

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասով ծագել է վեճ: Հետևաբար, սույն գործի դատական քննության ժամանակ առկա էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հայցն առանց քննության թողնելու հիմքը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412  -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2011 թվականի որոշումը և դիմումը թողնել առանց քննության:

2. Գևորգ Քեշիշյանից հօգուտ Արփիկ Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված և վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան