Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.22/16(890).1 Հոդ.136.15
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2447/02/10

2011թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2447/02/10 

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

                   Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վեներա Դավթյանի ընդդեմ Կազմակերպության` վնասը հատուցելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վեներա Դավթյանը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 1.100.803 ՀՀ դրամ` որպես 2005 թվականի հունվարից 2008 թվականի դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում չհատուցված կորցրած աշխատավարձ, և այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան հաշվեգրված տոկոսները` 114.700 ՀՀ դրամ` որպես 660.000 ՀՀ դրամին 01.01.2009 թվականից մինչև 05.11.2010 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան հաշվեգրված տոկոսներ, 230.760 ՀՀ դրամ` որպես 2009-2010 թվականների դեղամիջոցների ձեռքբերման համար կատարված ծախս, և պարտավորեցնել պատասխանողին յուրաքանչյուր տարի իրեն վճարել 261.200 ՀՀ դրամ` սկսած 2011 թվականից որպես դեղերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ՝ Դատարան) 03.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Կազմակերպությունից հօգուտ Վեներա Դավթյանի բռնագանձվել է 115.380 ՀՀ դրամ` որպես 2009-2010 թվականներին դեղամիջոցների ձեռքբերման համար կատարված լրացուցիչ ծախս, իսկ մնացած մասերով հայցը մերժվել է: Քաղաքացիական գործի վարույթը 130.600 ՀՀ դրամ` որպես դեղերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումար, յուրաքանչյուր տարի` սկսած 2011 թվականից վճարելուն պարտավորեցնելու հայցապահանջի մասով կարճվել է` հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2011 թվականի որոշմամբ Դատարանի 03.06.2011 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է. որպես 2005 թվականի հունվար ամսից մինչև 2008 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չհատուցված կորցրած աշխատավարձի բռնագանձման, այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան տոկոսներ հաշվեգրելու, ինչպես նաև 660.000 ՀՀ դրամին 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան տոկոսներ հաշվեգրելու մասերով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վեներա Դավթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ և 1079-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 12.04.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Կազմակերպությունը պարտավորվել է հօգուտ Վեներա Դավթյանի, սկսած 2009 թվականի հունվարի 1-ից, վճարել վերջինիս աշխատունակության կորստի աստիճանին` 60 տոկոսին համապատասխան գումար` 30.000 ՀՀ դրամ: Այսինքն` դա վկայում է այն մասին, որ վճռով արդեն իսկ սահմանվել է տուժողի կորցրած աշխատավարձի հատուցման չափը, ուստի դրա չափի կրկնակի սահմանումը կհակասի ՀՀ օրենսդրությանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ և 1079-րդ հոդվածները վերաբերում են կորցրած աշխատավարձին, այսինքն` քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու դեպքում չստացված այն աշխատավարձին, որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ: Մինչդեռ, Վեներա Դավթյանը Կազմակերպությունում վայր ընկնելու հետևանքով վնասվածք ստանալուց և բուժվելուց հետո` 2005 թվականից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը, շարունակել է աշխատել նույն Կազմակերպությունում և աշխատավարձ է ստացել, այսինքն` այդ ժամանակահատվածում նա կորցրած աշխատավարձ չունի:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները ևս ենթակա չեն գանձման, քանի որ Վեներա Դավթյանն իրեն հասանելիք աշխատավարձն ստացել է մինչև աշխատանքից ազատվելը, հետևաբար, Կազմակերպության կողմից գումարներն ապօրինաբար պահելու դեպք առկա չէ:

Վեներա Դավթյանի` 114.700 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը` որպես 01.01.2009-05.11.2010 թվականների համար Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1095/02/09 վճռով սահմանված 600.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված հաշվեգրված տոկոսների բռնագանձման մասին, ևս անհիմն է, քանի որ այդ գումարը 05.11.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա բռնագանձվել է, իսկ մինչ այդ գործը քննվում էր դատական կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձի դիրքորոշումը հետևանք է «աշխատավարձ» և «կորցրած աշխատավարձ» տերմինների նույնացման, մինչդեռ դրանց տարբերությունն էական է. «աշխատավարձը» և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ, այն վճարվում է աշխատողին աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարած աշխատանքի դիմաց, իսկ «կորցրած աշխատավարձն» այն դրամական գումարն է, որը վճարվում է տուժողին` որպես առողջությանը պատճառված վնասի հատուցում, և նշված գումարի վճարման հիմքը քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելն է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 12.04.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1095/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Կազմակերպությունը 2009 թվականի հունվարի 1-ից պարտավորվել է վճարելու Վեներա Դավթյանին ամսական 30.000 ՀՀ դրամ` որպես առողջությանը պատճառված վնասի հատուցում, որը և վճարել է 05.11.2010 թվականին 660.000 ՀՀ դրամ` 01.01.2009-30.10.2010 թվականների համար: 660.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման հիմքն այն է, որ բողոք բերած անձը վճռով սահմանված պարտականությունը կատարել է 1 տարի 10 ամիս կետանցով, ուստի նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Համաձայն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 00120704 տեղեկանքի` Վեներա Դավթյանը տեղի ունեցած դժբախտ դեպքի հետևանքով ունեցել է մասնագիտական աշխատունակության 50 %-ի կորուստ 14.06.2005 թվականի դրությամբ, իսկ 07.06.2006 թվականի դրությամբ աշխատունակության 60 %-ի կորուստ (հատոր 1-ին, գ.թ. 38-39):

2. Կազմակերպության կողմից տրված տեղեկանքի համաձայն` Վեներա Դավթյանի աշխատավարձը 2005 թվականի հունիսի 10-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար կազմել է ամսական 50.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 42):

3. 01.01.2009 թվականից Վեներա Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 78):

4. Թիվ ԵԱՔԴ/1095/02/09 քաղաքացիական գործով 12.04.2010 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Կազմակերպությունը պարտավորեցվել է հօգուտ Վեներա Դավթյանի, որպես առողջությանը պատճառված վնասի հատուցում, յուրաքանչյուր ամիս վճարել Վեներա Դավթյանի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանին` 60 %-ին համապատասխան գումար` սկսած 01.01.2009 թվականից, իսկ թիվ ԵԱՔԴ/0112/02/09 քաղաքացիական գործով 31.03.2009 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Վեներա Դավթյանի հայցը 279.816 ՀՀ դրամ առողջությանը պատճառված վնասի լրացուցիչ ծասերի փոխհատուցման պահանջով բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 46-54):

5. Կազմակերպությունը 12.04.2010 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Վեներա Դավթյանին 05.11.2010 թվականին վճարել է 660.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնաս (հատոր 1-ին, գ.թ. 45-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կորցրած աշխատավարձը (եկամուտը) սահմանելիս տուժողին` հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման (հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման): Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած, այսինքն` չստացած աշխատավարձը կամ եկամուտը, որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը հատուցելու եղանակով հնարավորինս վերականգնել տուժողի մոտ նախկինում` մինչ առողջությանը հասցված վնասը եղած վիճակը: Այսինքն` օրենքը նախատեսում է քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման հետևյալ տեսակները`

1. տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցում, որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ,

2. առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերի հատուցում,

3. այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերի հատուցում:

Վերոգրյալից բացի, այլ տեսակի դրամական փոխհատուցում օրենքով նախատեսված չէ:

Սույն գործի փաստերի համաձայն` Վեներա Դավթյանը Կազմակերպության սանհանգույցում ընկնելու հետևանքով ստացել է կոնքազդրային կոտրվածք, որի հետևանքով ունեցել է մասնագիտական աշխատունակության 50 %-ի կորուստ 14.06.2005 թվականի դրությամբ, իսկ 07.06.2006 թվականի դրությամբ աշխատունակության 60 %-ի կորուստ: 2005-2009 թվականները Վեներա Դավթյանը շարունակել է աշխատել Կազմակերպությունում և վարձատրվել է սահմանված կարգով: 01.01.2009 թվականից Վեներա Դավթյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Վեներա Դավթյանը դիմել է դատարան առողջությանը պատճառված վնասը` կորցրած աշխատավարձը, հատուցելու պահանջով:

Դատարանն այդ մասով մերժել է Վեներա Դավթյանի պահանջը` պատճառաբանելով, որ Վեներա Դավթյանը վնասվածք ստանալուց հետո 2005 թվականից մինչև 2009 թվականն ընկած ժամանակաշրջանը շարունակել է աշխատել կազմակերպությունում և ստացել աշխատավարձ, հետևաբար, այդ ժամանակաշրջանի համար կորցրած աշխատավարձի մասին խոսք լինել չի կարող:

 Վերաքննիչ դատարանը գտել է, որ նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման վերաբերյալ Վեներա Դավթյանի փաստարկները հիմնավոր են, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասը հատուցելիս հաշվի չի առնվում տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը): Այսինքն, եթե հայցվորը ստացել է աշխատավարձ, դա դեռ չի նշանակում, որ վերջինս աշխատունակության կորստի հետևանքով պատճառված վնասի համար չպետք է ստանա վնասի հատուցում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համեմատական վերլուծության արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ «կորցրած աշխատավարձ» կամ «կորցրած եկամուտ» հասկացությունն օրենսդիրն օգտագործել է` որպես աշխատունակության կորստի հետևանքով աշխատել չկարողանալու և համապատասխան աշխատավարձ (եկամուտ) չստանալու հետևանք, և այդ հոդվածով համապատասխան հատուցում ստանալու տուժողի իրավունքի նախատեսումն իրականում նպատակ է հետապնդում հնարավորինս վերականգնել վերջինիս իրավունքները, այսինքն` մինչև առողջությանը վնաս պատճառելը եղած վիճակը վերականգնելը, երբ առողջությունը չվնասվելու դեպքում սովորական պայմաններում կաշխատեր և կստանար համապատասխան վարձատրություն: Ինչ վերաբերում է 1078-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթին, ըստ որի` վնասը հատուցելիս հաշվի չի առնվում տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ նորմի իմաստն այն է, որ առողջության քայքայումից հետո աշխատելու դեպքում աշխատավարձ ստանալը չի վերացնում առողջությունը վերականգնելու փուլում չաշխատելու հետևանքով չստացած, կորցրած աշխատավարձը (եկամուտը) և այլ վնասները ստանալու տուժողի իրավունքը:

 

Այսպիսով, ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վեներա Դավթյանի հայցն այս մասով մերժելու վերաբերյալ Դատարանի իրավական դիրքորոշումը հիմնավոր է:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ դրամական պարտավորության չկատարման համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմք է ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելը (տե՛ս Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի, Լիլյա և Վիլեն Հայրապետյանների՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին և Վիլեն Հայրապետյանն ընդդեմ Արամ Հայրապետյանի՝ գումարի բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-502(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը: Այդ տոկոսները որոշվում են տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան:

Սույն գործում առկա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 12.04.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1095/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Կազմակերպությունը 2009 թվականի հունվարի 1-ից պարտավորվել է, որպես առողջության պատճառված վնասի հատուցում, Վեներա Դավթյանին վճարելու ամսական 30.000 ՀՀ դրամ: Կազմակերպությունը 05.11.2010 թվականին վճարել է 660.000 ՀՀ դրամ` 01.01.2009-30.10.2010 թվականների համար: Վեներա Դավթյանը պահանջել է 660.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` սկսած 01.01.2009 թվականից, որը կազմել է 114.700 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանը բավարարել է այս մասով Վեներա Դավթյանի բողոքը` պատճառաբանելով, որ դատական ակտից հետևում է, որ պարտավորությունները ծագել են 01.01.2009 թվականին, և դրանց դադարման օրն է 05.11.2010 թվականը, հետևաբար կետանցը կհամարվի 01.01.2009 թվականը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն այս մասով հիմնավոր է, քանի որ սույն գործով Վեներա Դավթյանին վերոհիշյալ դրամական միջոցները վճարելու պարտավորությունը Կազմակերպության մոտ ծագել է 01.01.2009 թվականից, ուստի Կազմակերպության կողմից մինչև 05.11.2010 թվականը նշված գումարը չվճարելու արդյունքում վերջինս ապօրինի պահել է Վեներա Դավթյանին վճարվելիք գումարը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված հաշվեգրված տոկոսների բռնագանձման մասին պահանջն անհիմն է, քանի որ այդ գումարը 05.11.2010 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա բռնագանձվել է, իսկ մինչ այդ գործը քննվում էր դատական կարգով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործը դատական կարգով քննության մեջ գտնվելու հանգամանքը հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը չկիրառելու համար, քանի որ Կազմակերպության՝ գումար վճարելու պարտավորությունը ծագել է 01.01.2009 թվականին՝ այն պահից, երբ կողմերի միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի հիման վրա և նույն օրենսգրքի 1079-րդ հոդվածով սահմանված չափով առաջացել են վնաս պատճառելուց բխող իրավահարաբերություններ: Հետևաբար, գործի դատական կարգով քննությունն ընդամենը անձի` իր իրավունքների դատական պաշտպանության եղանակն էր, որի ընթացքում դատարանը քննել է նախկինում ծագած իրավահարաբերությունների հետևանքով վնասի հատուցման հարցը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2011 թվականի որոշման` 2005 թվականի հունվար ամսից մինչև 2008 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չհատուցված կորցրած աշխատավարձի բռնագանձման մասը, և այդ մասով Վեներա Դավթյանի հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան