ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0231/02/11 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0231/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ` Ա. Մկրտչյան |
|
Ն. Բարսեղյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գրիգոր Խաչատրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 2 հաշվառման քննական ստորաբաժանման, Վարդան Սաղաթելյանի, Գալինա Լիվադոնովայի, Ալբերտ Ամիրյանի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի բաժնի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գրիգոր Խաչատրյանը պահանջել է արգելանքից հանել «Մերսեդես Բենց CLS 350» մակնիշի 64 ՕՕ 005 պետհամարանիշի ավտոմեքենան:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մերանգուլյան) (այսուհետ՝ Դատարան) 31.05.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2011 թվականի որոշմամբ Ալբերտ Ամիրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 31.05.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Ամիրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետը, չի կիրառել նույն հոդվածի 16-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 02.07.2009 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքման պահին վիճելի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված չեն եղել տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կարգ և պայմաններ, այլ ընդամենը նախատեսված է եղել տրանսպորտային միջոցը ոստիկանությունում հաշվառման ներկայացնելու պայման: Ընդ որում, տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման ենթարկելու մեխանիզմները կարգավորվել են միայն վերոհիշյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.07.2010 թվականին: Սույն գործով ապացուցված է, որ Վարդան Սաղաթելյանի և Ալբերտ Ամիրյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա ավտոմեքենան Ալբերտ Ամիրյանին չի հանձնվել, այսինքն` նշված գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը չի ծագել, իսկ 02.07.2009 թվականի առուվաճառքի պայմանագրով վիճելի ավտոմեքենան հանձնվել է Գրիգոր Խաչատրյանին, այսինքն` այդ պահից սեփականության իրավունքով պատկանում է նրան, մինչդեռ այն գնելուց հետո դրա վրա արգելանք է դրվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.05.2011 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Գրիգոր Խաչատրյանը որևէ կերպ չի հիմնավորել վիճելի ավտոմեքենան որոշակի ժամանակահատվածում իրեն հանձնված լինելու փաստը, մինչդեռ Դատարանն առանց որևէ ապացույցի հաստատված է համարել, որ Գրիգոր Խաչատրյանի սեփականության իրավունքը ծագել է գույքը հանձնելու պահից` 2009 թվականին: Այսինքն` գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Վարդան Սաղաթելյանը մինչև ավտոմեքենայի արգելադրման պահը` 28.06.2010 թվականը, այն հանձնել է Գրիգոր Խաչատրյանին: Ավտոմեքենան Գրիգոր Խաչատրյանին հանձնված լինելու վերաբերյալ միակ ապացույցն այն է, որ վերջինս 16.03.2011 թվականին դիմել է պետական գրանցման համար և ստացել է մերժում: Հետևաբար, սույն գործում առկա ապացույցներով հնարավոր չէ հաստատված համարել, որ արգելադրումից առաջ վիճելի ավտոմեքենան հանձնված է եղել Գրիգոր Խաչատրյանին, և այդ պահից նրա մոտ ծագել է սեփականության իրավունք:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 20.11.2008 թվականի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Վարդան Սաղաթելյանն Ալբերտ Ամիրյանին է վաճառել «Մերսեդես Բենց CLS 350» մակնիշի 64 ՕՕ 005 պետհամարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 9):
2) Գրիգոր Խաչատրյանի և Վարդան Սաղաթելյանի անունից հանդես եկող Աշոտ Կրոյանի միջև 02.07.2009 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Վարդան Սաղաթելյանը վաճառում է, իսկ Գրիգոր Խաչատրյանը ձեռք է բերում «Մերսեդես Բենց CLS 350» մակնիշի 64 ՕՕ 005 պետհամարանիշի ավտոմեքենան: Նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն` ավտոմեքենայի վաճառքի գինը կազմում է 14.400.000 ՀՀ դրամ, որն արդեն վճարվել է: Նշված պայմանագրով դրա առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ որևէ պայման նախատեսված չէ (հատոր 1-ին, գ.թ. 10):
Սույն գործով պայմանագրի առարկա ավտոմեքենան գնորդ Գրիգոր Խաչատրյանին հանձնված լինելու փաստը չի վիճարկվել:
3) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 2 հաշվառման քննական ստորաբաժանման 16.03.2011 թվականի որոշմամբ մերժվել է նշված ավտոմեքենան պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ Գրիգոր Խաչատրյանի դիմումը այն պատճառաբանությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 21.01.2010 թվականի թիվ 204/02, 29.07.2010 թվականի թիվ 11310/02 և 11.02.2011 թվականի թիվ 2076/02 գրություններով ավտոմեքենան գտնվում է արգելանքի տակ (հատոր 1-ին, գ.թ. 14):
4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 09.12.2009 թվականի վճռով հաստատված համարելով այն փաստը, որ 20.11.2008 թվականի պայմանագրով սահմանված 5-օրյա ժամկետում Վարդան Սաղաթելյանի կողմից ավտոմեքենան և դրա վերաբերյալ փաստաթղթերը չեն հանձնվել Ալբերտ Ամիրյանին, Վարդան Սաղաթելյանից հօգուտ Ալբերտ Ամիրյանի բռնագանձվել է 23.000.000 ՀՀ դրամ` որպես նշված ավտոմեքենայի համար վճարված գումար, միաժամանակ որոշվել է 26.11.2008 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը 23.000.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ (հատոր 1-ին, գ.թ. 12, 20-25):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պարզման է ենթակա այն իրավական հարցը, թե 02.07.2009 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա վիճելի ավտոմեքենայի նկատմամբ Գրիգոր Խաչատրյանի սեփականության իրավունքը ծագել է, թե` ոչ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
⚖ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքի ծագումը պայմանավորել է գույքը հանձնելու պահով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված օրենքով կամ պայմանագրով, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 02.07.2009 թվականի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի կնքման պահին վիճելի իրավահարաբերությունը կարգավորող «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով տրանսպորտային միջոցների հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցման պարտադիր պայման նախատեսված չի եղել: Այդ պահանջը և այն չպահպանելու հետևանքները նախատեսվել են միայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.07.2010 թվականին: Մասնավորապես` նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից:
5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը կնքելուց հետո նոր օրենք ընդունվելու դեպքում կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, եթե ընդունված օրենքում ամրագրված չէ կողմերի համար սահմանված պարտադիր այլ կանոնների անմիջական կիրառումը նախկինում կնքված պայմանագրերի նկատմամբ:
Այսպիսով, օրենսդրի կողմից ըստ էության ամրագրվել է այն մոտեցումը, որ նախկինում կնքված պայմանագիրն իր պայմաններով գերակա է նոր ընդունված այն օրենքի նկատմամբ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ: Դա իր հերթին որոշակի երաշխիք է ստեղծում պայմանագրի կողմերի համար և բացառում նրանց կամքից անկախ՝ նոր ընդունված օրենքով, պայմանագրի պայմանների փոփոխումը, որոնք գործել են պայմանագիրը կնքելու պահին, և որոնց պահպանումը պարտադիր էր պայմանագիրը կնքող կողմերի համար:
Միաժամանակ, ընդհանուր կանոնից օրենսդիրը բացառություն է սահմանել այն դեպքը, երբ օրենքում ուղղակիորեն սահմանված է դրա գործողության տարածումը նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա (տե՛ս ըստ հայցի Մարիետա Ղուկասյանի ընդդեմ Նորայր Վարդանյանի` նվիրատվությունը վերացնելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ԵՔԴ/0318/02/08 որոշումը):
Տվյալ դեպքում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքում սահմանված չէ, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա, հետևաբար 02.07.2009 թվականի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը:
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ կողմերի միջև առուվաճառքի գործարքի կնքման պահին գործող օրենսդրությամբ չի նախատեսվել այդ տեսակի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով 2009 թվականին պայմանագրով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է գնորդին, մինչդեռ ավտոմեքենաների նկատմամբ պետական գրանցման վերաբերյալ օրենքի լրացումները և փոփոխություններն ուժի մեջ են մտել 01.07.2010 թվականին:
Վերաքննիչ դատարանը Դատարանի դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գրիգոր Խաչատրյանն առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո չի կատարել գույքի նկատմամբ իր իրավունքների պետական գրանցում, հետևաբար նրա սեփականության իրավունքը ավտոմեքենայի նկատմամբ չի ծագել:
Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, իսկ սույն գործով հայցվորը նման փաստաթուղթ չի ներկայացրել, ինչը Դատարանի կողմից անտեսվել է, մինչդեռ տվյալ նորմը կարգավորում է մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը հարաբերությունները և սույն գործով կիրառելի է:
Սույն գործի փաստերի համաձայն` 02.07.2009 թվականի առուվաճառքի պայմանագրով Վարդան Սաղաթելյանը «Մերսեդես Բենց CLS 350» մակնիշի 64 ՕՕ 005 պետհամարանիշի ավտոմեքենան վաճառել է Գրիգոր Խաչատրյանին, ով պայմանագրի առարկան փաստացի ընդունել է և ամբողջությամբ վճարել է պայմանագրի գինը: Նշված պայմանագրով դրա առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ որևէ պայման նախատեսված չէ: Հետագայում Վարդան Սաղաթելյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար նշված ավտոմեքենայի վրա արգելանք է դրվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 02.07.2009 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքման պահին գործող օրենսդրությամբ, մասնավորապես` վիճելի իրավահարաբերությունը կարգավորող «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի պետական գրանցման պարտադիր պահանջ և նշված պայմանագրով դրա առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չլինելու պայմաններում վիճելի ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելու պահից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի և 507-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դրա նկատմամբ ծագել է Գրիգոր Խաչատրյանի սեփականության իրավունքը: Հետևաբար նշված պայմանագրի կնքումից հետո Վարդան Սաղաթելյանի պարտավորությունների համար նշված ավտոմեքենայի վրա արգելանք դնելն իրավաչափ չէ, քանի որ արգելանք կարող էր դրվել պարտապանին՝ Վարդան Սաղաթելյանին, պատկանող գույքի վրա, մինչդեռ այդ ժամանակ վեճի առարկա ավտոմեքենան վերջինիս չի պատկանել:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետով (լրացումը կատարվել է վերոհիշյալ 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն օրենքով) սահմանված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր չներկայացնելը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի, քանի որ նշված հոդվածով մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ համարելու հանգամանքն ամենևին չի նշանակում, որ մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը կնքված տրանսպորային միջոցի գործարքներից ծագող իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման կամ այդ նորմը հետադարձ ուժ ունի, այսինքն` դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
Նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև նույն հոդվածի 16-րդ կետով, որի համաձայն` այն անձը, որ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք է ձեռք բերել մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը և չունի այդ տրանսպորտային միջոցի համար հաշվառման վկայագիր, կարող է 2010 թվականի հուլիսի 1-ից հետո տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման փաստաթղթեր ստանալու համար սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին: Այսինքն` օրենսդիրը տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքը չի կապել տրանսպորտային միջոցի համար հաշվառման վկայագիր և հաշվառման փաստաթղթեր ունենալու հետ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում վկայակոչված վիճելի ավտոմեքենան Գրիգոր Խաչատրյանին հանձնելու պահի վերաբերյալ փաստարկին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան որոշակի հիմքերով, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել այն Վերաքննիչ դատարան (տե՛ս ըստ «Գլուր» ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԳԴ/0171/02/08 որոշումը):
Սույն գործի փաստերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի պատասխանում նշված վիճելի ավտոմեքենան Գրիգոր Խաչատրյանին հանձնելու պահը վերաքննիչ բողոքում չի վիճարկվել, այսինքն` այդ հիմքով Դատարանի վճիռը չի բողոքարկվել Վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում այն Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ նաև Վճռաբեկ դատարանում:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված մյուս փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2011 թվականի վճռին:
2. Ալբերտ Ամիրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և Վճռաբեկ դատարանի 16.11.2011 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|