ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ1/0082/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ1/0082/05/10 2011 թ. |
Նախագահող դատավոր`
Դատավորներ` |
Լ. Սոսյան Ա. Սարգսյան Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ոստիկանության ընդդեմ Ավագ Սաֆրազյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ավագ Սաֆրազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության՝ տուգանքի գումարը բռնագանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու և վճարման կարգադրության մասին հայցադիմումը մերժելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է արձակել Ավագ Սաֆրազյանից 245.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 21.06.2010 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ավագ Սաֆրազյանը պահանջել է անօրինական ճանաչել 245.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելուն ուղղված գործողությունները և մերժել վճարման կարգադրության մասին հայցադիմումը:
Դատարանի 20.07.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:
Ոստիկանությունը, 29.09.2010 թվականի հակընդդեմ հայցի պատասխանով փոխելով հայցապահանջի չափը, պահանջել է Ավագ Սաֆրազյանից բռնագանձել 235.000 ՀՀ դրամ:
Դատարանի 24.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Արամ Սաֆրազյանից բռնագանձվել է 175.000 ՀՀ դրամ, հակընդդեմ հայցը նույնպես բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2011 թվականի որոշմամբ Դատարանի 24.12.2010 թվականի վճռի դեմ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Դատարանի 24.12.2010 թվականի վճիռը, այն է՝ Ոստիկանության հայցը` մերժված մասով, բավարարել` Ավագ Սաֆրազյանից բռնագանձել 60.000 ՀՀ դրամ տուգանքը, իսկ հակընդդեմ հայցը մերժել: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Միաժամանակ Ոստիկանությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5.250 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին կետը, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի էությունից և տրամաբանությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը բերվել է հայցի չբավարարված մասի և հակընդդեմ հայցը բավարարելու դեմ: Հետևաբար, վերաքննիչ բողոքը մասնակիորեն անհիմն համարելու ու դրա հետևանքով պետական տուրքի վճարման պարտականությունը Ոստիկանության վրա դնելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 18.05.2011 թվականի որոշման` Ոստիկանությունից պետական տուրք բռնագանձելու մասը և այն բռնագանձել Ավագ Սաֆրազյանից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ոստիկանության 19.12.2009 թվականի թիվ ԱԲ 341866 որոշմամբ Ավագ Սաֆրազյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1234 -րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի, որը նույն օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն հնգապատկվել է և կազմում է 250.000 ՀՀ դրամ (գ.թ. 3):
2) 22.12.2009 թվականի թիվ 91222055699031 և 15.01.2010 թվականի թիվ 100115033791031 անդորրագրերի համաձայն՝ Ավագ Սաֆրազյանը Ոստիկանության 19.12.2009 թվականի թիվ ԱԲ 341866 որոշման հիման վրա վճարել է համապատասխանաբար 5.000 ՀՀ դրամ և 10.000 ՀՀ դրամ (գ.թ. 12-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` պետական տուրքի հատուցման պարտականությունը կրում է այն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանելով և փոփոխելով Դատարանի 24.12.2010 թվականի վճիռը պատճառաբանել է, որ Ոստիկանության վերաքննիչ բողոքի պահանջը եղել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Դատարանի վճիռը, այն է՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել, այսինքն` բողոքի պահանջը` վճիռն ամբողջությամբ բեկանելու մասին, հիմնավոր չէ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը Ոստիկանությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել է 5.250 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հայցի մերժված մասը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու պայմաններում ըստ էության Ոստիկանության հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ Ավագ Սաֆրազյանի հայցը մերժվել է: Հետևաբար, Ոստիկանության հայցը բավարարվելու պայմաններում վերջինիս վրա պետական տուրքի պարտավորություն չէր կարող դրվել:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատասխանող է հանդիսացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:
Վերոնշյալ նորմից հետևում է, որ՝
1. եթե պատասխանողը պետական մարմին է, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության վրա,
2. Հայաստանի Հանրապետության վրա դատական ծախսերը դրվում են, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:
Սույն գործով 245.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու և վճարման կարգադրության մասին հայցադիմումը մերժելու պահանջի մասին հակընդդեմ հայցն արդյունքում մերժվել է:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատական ծախսը չէր կարող դրվել Ոստիկանության վրա, քանի որ վերջինիս որոշումը, գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ չի ճանաչվել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով սխալ է բաշխել դատական ծախսերը, ինչի արդյունքում խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15- 118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.05.2011 թվականի որոշման` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության 5.250 ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել. Ավագ Սաֆրազյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5.250 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի և 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար չվճարված պետական տուրք:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` | Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |