ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1314/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1314/02/10 |
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մանուկ Ղազանչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մանուկ Ղազանչյանի ընդդեմ Ալինա Չոբանյանի, երրորդ անձ Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ տեսակցության վայր և տեսակցության նոր կարգ սահմանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մանուկ Ղազանչյանը պահանջել է երեխայի` Լուսինե Ղազանչյանի հետ տեսակցության կոնկրետ վայր սահմանել Երևանի Մոլդովական 25/4-րդ շենքի 13-րդ բնակարանը և նշված բնակարանի շրջակայքում գտնվող իր ցանկությամբ հանգստի որևէ վայր, ինչպես նաև սահմանել տեսակցության նոր կարգ` առանց մոր ներկայության, շաբաթական 5 օր, օրական 4 ժամ` ժամը 16:00-ից մինչև 20:00-ը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2011 թվականի որոշմամբ Մանուկ Ղազանչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանուկ Ղազանչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 219-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ, 49-րդ, 54-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես` հաշվի չի առել, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008 թվականի վճռով երեխայի հետ տեսակցության կոնկրետ վայր չի նախատեսվել երեխայի մոր` Ալինա Չոբանյանի բնակության վայրը, և ընդհանրապես` տեսակցության կոնկրետ վայր չի սահմանվել: Նշված վճռով սահմանված չէ նաև, որ բողոք բերած անձի հանդիպումներն իր երեխայի հետ պետք է տեղի ունենան Ալինա Չոբանյանի մասնակցությամբ, մինչդեռ բողոք բերած անձն Ալինա Չոբանյանի պարտադրանքով իր երեխային տեսակցում է ոչ միայն նրա, այլև վերջինիս ընտանիքի անդամների ներկայությամբ: Բացի այդ, եթե նշված վճռի կայացման ժամանակ երեխան շուրջ 1,5 տարեկան էր, դեռ սնվում էր մայրական կաթով և մշտական մայրական խնամքի կարիք ուներ, ապա վիճարկվող որոշման կայացման պահին երեխան արդեն 4 տարեկան է և կարող է հոր հետ տեսակցել ավելի հաճախակի և երկար ժամանակով:
Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, որը տրվել է Ալինա Չոբանյանի, Մանուկ և Լուսինե Ղազանչյանների կյանքի հետազոտության հիման վրա` ելնելով երեխայի լավագույն շահերից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.09.2008 թվականի վճռով 01.05.2007 թվականին ծնված Լուսինե Ղազանչյանի բնակության վայրը որոշվել է մոր` Ալինա Չոբանյանի հետ` վերջինիս թողնելով երեխայի խնամքը: Միաժամանակ հաշվի առնելով մանկահասակ երեխայի սննդի, հանգստի ռեժիմը` երեխայի հետ հոր` Մանուկ Ղազանչյանի տեսակցության կարգ է սահմանվել յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերը` ժամը 17:00-ից մինչև 20:00-ը: Նշված վճռով երեխայի հետ տեսակցության կոնկրետ վայր և տեսակցությունն Ալինա Չոբանյանի մասնակցությամբ անցկացվելու վերաբերյալ որևէ կարգ սահմանված չէ: Ընդ որում, նշված վճռի կայացման պահին երեխան եղել է 1 տարի 4 ամսական, իսկ Վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին` 3 տարեկան 10 ամսական (հատոր 1-ին, գ.թ. 9-18):
2) Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, հիմք ընդունելով Ալինա Չոբանյանի, Մանուկ և Լուսինե Ղազանչյանների կյանքի հետազոտության ակտը, Մանուկ Ղազանչյանի ներկայացուցիչ Լիլիթ Զաքարյանի և Ալինա Չոբանյանի հայտարարություններն ու բացատրությունները, 12.08.2010 թվականին եզրակացություն է տվել այն մասին, որ Մանուկ Ղազանչյանը կարող է դստեր` Լուսինե Ղազանչյանի հետ տեսակցել և շփվել յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 16:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում` Մանուկ Ղազանչյանի բնակության վայրում` ք. Երևան Մոլդովական 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 31-33):
3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի` երեխայի հետ տեսակցություն կազմակերպելու մասին արձանագրությունների համաձայն` Լուսինե Ղազանչյանի հետ Մանուկ Ղազանչյանի տեսակցություններն անցկացվել են Ալինա Չոբանյանի ներկայությամբ (հատոր 1-ին, գ.թ. 65-77):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին (ընդ որում՝ տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի դատական ակտը, պատճառաբանել է, որ բողոքաբերը չի նշել, թե ինչպիսի հանգամանքների փոփոխություն է տեղի ունեցել 19.09.2008 թվականի վճռի կայացումից հետո, ինչն այսօր հիմք կարող է հանդիսանալ արդեն իսկ դատական կարգով սահմանված տեսակցության կարգը փոփոխելու համար, և ինչպես է դա բխում երեխայի լավագույն շահերից:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը համապատասխան գնահատական է տվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությանը և արձանագրել է, որ հանձնաժողովը հաշվի չի առել, որ բողոքաբերը աշխատում և առավելապես բնակվում է ԱՄՆ-ում, չի ուսումնասիրել, թե վերջինս ինչ հաճախականությամբ է լինում Հայաստանում և մեկ տարվա ընթացքում քանի անգամ է հանդիպում երեխայի հետ: Նման պայմաններում Դատարանը եկել է այն եզրահանգման, որ նպատակահարմար է փոփոխության չենթարկել երեխայի հետ տեսակցության վայրը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բողոքաբերը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ Ալինա Չոբանյանի տանը երեխային տեսակցելը բացասաբար է անդրադառնում երեխայի վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.09.2008 թվականի վճռով երեխայի հետ տեսակցության կոնկրետ վայր և տեսակցությունն Ալինա Չոբանյանի մասնակցությամբ անցկացվելու վերաբերյալ որևէ կարգ սահմանված չէ, մինչդեռ Լուսինե Ղազանչյանի հետ Մանուկ Ղազանչյանի տեսակցություններն անցկացվել են Ալինա Չոբանյանի ներկայությամբ, իսկ սույն գործով բողոք բերած անձը պահանջել է սահմանել երեխայի հետ տեսակցության կոնկրետ վայր, ինչպես նաև տեսացության նոր կարգ` առանց մոր ներկայության: Ընդ որում, նշված վճռի կայացման պահին երեխան եղել է 1 տարի 4 ամսական, իսկ Վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին` 3 տարեկան 10 ամսական:
Ավելին, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատշաճ հիմնավորմամբ չի հերքել Երևանի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությամբ նշված Մանուկ Ղազանչյանի` երեխայի հետ իր բնակության վայրում, այն է՝ ք. Երևան Մոլդովական 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանում տեսակցելու և շփվելու վերաբերյալ եզրահանգումը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված Մանուկ Ղազանչյանի՝ ԱՄՆ-ում բնակվելու և աշխատելու, Հայաստանում հաճախակի լինելու կամ չլինելու հանգամանքները խոչընդոտ չեն Մանուկ Ղազանչյանին երեխայի հետ իր բնակության վայրում, այն է՝ ք. Երևան Մոլդովական 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանում տեսակցելու և շփվելու իրավունք տրամադրելու համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|