ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0610/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0610/02/10 |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Քոչարյանի հայցի ընդդեմ Աշոտ և Արթուր Քոսյանների` առողջությանը և գույքին պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տիգրան Քոչարյանը պահանջել է Աշոտ և Արթուր Քոսյաններից բռնագանձել 12.257.595 ՀՀ դրամ գումար` որպես առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ս. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Աշոտ և Արթուր Քոսյաններից համապարտության կարգով հօգուտ Տիգրան Քոչարյանի բռնագանձվել է 8.411.799 ՀՀ դրամ` որպես առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.06.2011 թվականի որոշմամբ Աշոտ և Արթուր Քոսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 14.03.2011 թվականի վճիռը մասնակիորեն` հայցապահանջի բավարարված մասով բեկանվել և մասնակիորեն փոփոխվել է` Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ Աշոտ Քոսյանի մերժվել է, մնացած մասով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Քոչարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը, անհիմն կերպով ընդլայնել է առավել վտանգի աղբյուր հանդիսացող օբյեկտների վերաբերյալ նշված հոդվածում տրված սահմանումը, որի համաձայն` տրանսպորտային միջոցները հանդիսանում են առավել վտանգի աղբյուր` անկախ դրանք մասնագիտական գործունեության հետ կապված շահագործվելու հանգամանքից: Առավել վտանգի աղբյուրի բնութագրման համար որպես չափանիշ մասնագիտական գործունեությունը չի կիրառվում:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վնասը պատճառվել է առավել վտանգի աղբյուրով, վնասի հատուցման պարտականությունը չի դրել վնաս չպատճառած անձի վրա:
2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը և 212-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանի 22.04.2011 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է, իսկ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի պատճենը Տիգրան Քոչարյանի ներկայացուցիչը չի ստացել: Բացի այդ, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մասին Տիգրան Քոչարյանի ներկայացուցիչը ծանուցվել է միայն 11.05.2011 թվականին այն դեպքում, երբ գործի քննությունը նշանակվել է 19.05.2011 թվականին:
Հետևաբար Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չստանալով վերաքննիչ բողոքի պատճենը` Տիգրան Քոչարյանը զրկվել է դրա վերաբերյալ երկշաբաթյա ժամկետում պատասխան ուղարկելու իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 02.06.2011 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 14.03.2011 թվականի վճռին` Աշոտ Քոսյանից համապարտության կարգով հոգուտ Տիգրան Քոչարյանի բռնագանձում կատարելու մասով, մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ և գործն ուղարկել Դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2008 թվականի դատավճռով հաստատվել է, որ Արթուր Քոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է` «ՎԱԶ-21011» մակնիշի 61ՕԼ569 պետհամարանիշի ավտոմեքենայով ընթանալիս թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների հակասող գործողություններ, որի արդյունքում վրաերթի է ենթարկել հետիոտներ Տիգրան Քոչարյանին և Կարեն Խաչատրյանին, որի հետևանքով անզուշությամբ Տիգրան Քոչարյանին պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, իսկ Կարեն Խաչատրյանի առողջությանը` միջին ծանրության վնաս: Նշված դատավճռով Արթուր Քոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման մեկ տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երկու տարի ժամկետով զրկմամբ (հատոր 1-ին, գ.թ.13-14).
2) ավտովթարի հետևանքով վնաս պատճառելու պահին «ՎԱԶ-21011» մակնիշի 61 ՕԼ 569 պետհամարանիշի ավտոմեքենան հաշվառված էր Աշոտ Քոսյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ.15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1. բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
Նույն օրենսգքրի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես՝ Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2008 թվականի դատավճռով հաստատված է համարվել, որ Արթուր Քոսյանը, ընթանալով «ՎԱԶ-21011» մակնիշի 61ՕԼ569 պետհամարանիշի ավտոմեքենայով, թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով վրաերթի է ենթարկել նաև հետիոտն Տիգրան Քոչարյանին` դրա արդյունքում անզուշությամբ վերջինիս պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նշված ավտոմեքենան վթարի պահին հաշվառված էր Աշոտ Քոսյանի անվամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` նույն օրենսգրքի 1076-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:
Վերաքննիչ դատարանը, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածը, գտել է, որ «իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ» արտահայտությունը մեկնաբանելիս և դրա իրական իմաստն ըմբռնելու համար պետք է հիմք ընդունել հետևյալ չափանիշները`
1. իրավաբանական անձանց և քաղաքացիների գործունեությունը, որը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ, պետք է լինի մասնագիտական գործունեություն (իրավաբանական անձի պարագայում բխի դրա կանոնադրությամբ ամրագրված նպատակներից)
2. իրավաբանական անձանց և քաղաքացիների գործունեությունը պետք է ուղղված լինի շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի շահագործմանը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, Աշոտ և Արթուր Քոսյանների վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանելով, որ «Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2008 թվականի թիվ ԵԱԴԴ/0028/01/08 վճռով Տիգրան Քոչարյանի առողջությանը ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառելու մեջ մեղավոր է ճանաչվել պատասխանողներից Արթուր Քոսյանը», «տվյալ գործով պատասխանատվությունը պետք է սահմանել` ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության տրամաբանությունից, ըստ որի` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից», արձանագրել է, որ «տվյալ պարագայում պատասխանողներից Աշոտ Քոսյանը չի համարվում պատշաճ պատասխանող` համապարտ պարտապան և նրա մասով հայցապահանջը ենթակա է մերժման»:
Վճռաբեկ դատարանը, ելնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումների հետ կապված օրենքի միատեսակ կիրառության ապահովման նպատակից, անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի նշված մեկնաբանություններին և դրանց համապատասխանությանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ դրույթների տրամաբանությանը:
1. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ» օրենսդրական ձևակերպումը պետք է մեկնաբանել նշված հոդվածի ամբողջ իրավակարգավորման և ձևակերպման համատեքստում` մասնավորապես հաշվի առնելով, որ նույն հոդվածում օրենսդիրը բացահայտում է, թե ինչպես է դրսևորվում տրանսպորտային միջոցների հետ կապված քաղաքացիների գործունեությունը: Որպես այդպիսին համարվում է տրանսպորտային միջոցի օգտագործումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն այս դեպքում նկատի է ունեցել ցանկացած գործունեություն, որը վնաս պատճառելու առավել վտանգ է ներկայացնում այն հիմնավորմամբ, որ մարդն ի վիճակի չէ ամբողջական, լիակատար վերահսկողություն իրականացնել նմանատիպ գործունեության նկատմամբ: Ընդ որում, այդ գործունեությունը կապված է նյութական աշխարհի որոշակի օբյեկտների օգտագործման, շահագործման հետ, որոնք շրջապատի համար մեծ վտանգավորություն են ներկայացնում:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը «գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ» ձևակերպմամբ նկատի չի ունեցել միայն տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնագիտական գործունեությունը: «Գործունեություն» եզրույթն օգտագործվել է սովորական իմաստով, և «գործունեություն» ասելով օրենսդիրը նկատի է ունեցել ոչ թե անձի մասնագիտական գործունեությունը, այլ ցանկացած գործունեությունը` անկախ դրա մասնագիտական կամ ոչ մասնագիտական լինելու հանգամանքից, այլապես դա կհակասեր հոդվածի (առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի ինստիտուտի) էությանն ու տրամաբանությանը:
Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ հոդվածի իմաստով «գործունեությունը» կարող է դրսևորվել անձի թե´ մեկանգամյա, թե´ բազմակի գործողության կատարմամբ կամ անգործության դրսևորմամբ, իսկ «գործունեությունը» առավել վտանգի աղբյուրի օգտագործման, պահպանման, փոխադրման, շահագործման հետ կապված գործողությունների ամբողջությունն է, համախումբը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
1. Այն պետք է լինի ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեություն
2. Գործունեությունը պետք է կապված լինի ցանկացած օբյեկտի հետ, որը շրջապատի համար առավել վտանգ է ներկայացնում
3. Գործունեությունը պետք է կապված լինի օբյեկտի (առավել վտանգի աղբյուրի) օգտագործման, պահպանման, փոխադրման, շահագործման և այլնի հետ ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական գործունեության շրջանակներում:
2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2008 թվականի թիվ ԵԱԴԴ/0028/01/08 վճռով Տիգրան Քոչարյանի առողջությանը ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառելու մեջ մեղավոր է ճանաչվել պատասխանողներից Արթուր Քոսյանը, ուստի տվյալ պարագայում պատասխանողներից Աշոտ Քոսյանը չի համարվում պատշաճ պատասխանող` համապարտ պարտապան, և նրա մասով հայցապահանջը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տրանսպորտային միջոցով վնաս պատճառելիս այդ միջոցի սեփականատերը միայն այն դեպքում պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, երբ ապացուցում է, որ
1. առավել վտանգի աղբյուրն օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) փոխանցվել է այլ անձի տիրապետմանը, կամ
2. առավել վտանգի աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, և միայն այդ դեպքում է, որ տրանսպորտային միջոցի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են տրանսպորտային միջոցն ապօրինի տիրապետած անձինք:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանություններով մասնակի բեկանելով և փոփոխելով Դատարանի 14.03.2011 թվականի վճիռը, անտեսել է, որ սույն գործի փաստերի համաձայն` Աշոտ Քոսյանը չի վկայակոչել և չի ապացուցել այն փաստը, որ վերը նշված տրանսպորտային միջոցն օրինական հիմքով գտնվել է Արթուր Քոսյանի տիրապետման տակ, կամ նշված տրանսպորտային միջոցով Տիգրան Քոչարյանին վնաս պատճառելիս այդ միջոցն իր տիրապետումից դուրս է եկել Արթուր Քոսյանի ապօրինի գործողությունների հետևանքով: Այսինքն` բացակայել է Աշոտ Քոսյանին` որպես առավել վտանգի աղբյուրի տիրոջը, պատասխանատվությունից ազատելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածով նախատեսված հիմքը:
Վերաքննիչ դատարանի կողմից Աշոտ Քոսյանին պատասխանատվությունից ազատելն այն հիմքով, որ վերը նշված դատավճռով մեղավոր է ճանաչվել միայն Արթուր Քոսյանը, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` առկա են Աշոտ Քոսյանին պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր` վերը նշված ավտոմեքենայի սեփականատերն Աշոտ Քոսյանն է, և սույն գործով ապացուցված չէ վերջինիս պատասխանատվությունից ազատելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածով նախատեսված վերը նշված հիմքերը:
2) Վճռաբեկ բողոքի առաջին հիմքը հիմնավոր լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2011 թվականի որոշման` Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ Աշոտ Քոսյանի մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|