Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/4862/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4862/05/09

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Առաքելյան

Ա. Սարգսյան

Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ի-ՏԵՔ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի (այսուհետ` Նախարար) 25.08.2009 թվականի «Հանքային իրավունքի դադարեցման մասին» թիվ 79-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարի 25.08.2009 թվականի «Հանքային իրավունքի դադարեցման մասին» թիվ 79-Ա հրամանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ք. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.04.2011 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը մերժվել է, և Դատարանի 15.07.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 23-րդ, 26-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, 4-րդ մասը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, 41-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության հանքային իրավունքը կարող էր դադարեցվել միայն, եթե առկա լինեին օրենքի, լիցենզիայի և պայմանագրի պայմանների խախտման, օրենքով նախատեսված վճարները չվճարելու փաստերը, Նախարարությունը գրավոր նախազգուշացներ Ընկերությանը խախտումները վերացնելու մասին, և եթե Ընկերությունը նախազգուշացման պահից 90 օրվա ընթացքում դրանք չվերացներ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր պարզել, թե արդյոք Ընկերությունը թույլ է տվել որևէ խախտում և այն օրենքով սահմանված կարգով արձանագրվել է, թե ոչ, իսկ եթե Ընկերությունը թույլ է տվել խախտում, ապա Նախարարությունը գրավոր նախազգուշացրել է վերջինիս այն վերացնելու մասին, ինչպես նաև արդյոք խախտումը վերացնելու մասին նախազգուշացումը ստանալուց հետո Ընկերությունը 90 օրվա ընթացքում չի վերացրել այն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարությունը չի ներկայացրել որևէ թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեին Ընկերության կողմից թույլ տրված խախտման, այն վերացնելու համար տրված նախազգուշացման և Ընկերության կողմից նախազգուշացմամբ առաջադրված խախտումը 90-օրյա ժամկետում չվերացնելու փաստերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հանքարդյունահանման լիցենզիան, ի թիվս այլ իրավունքների, լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք` տնօրինելու արդյունահանված օգտակար հանածոն, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում հանքային ջրի օգտագործման նպատակն ամրագրված է` շշալցում այն դեպքում, որ Ընկերությունը ստացել է ոչ թե շշալցման, այլ հանքարդյունահանման լիցենզիա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարությունն իր նախաձեռնությամբ վարչական ակտ` վիճարկվող հրամանն ընդունելու հիմքում պետք է դներ այն ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով իրեն վերապահված հայեցողական լիազորությունը, մինչդեռ վերը թվարկված հիմքերից և ոչ մեկը վիճարկվող հրամանի ընդունման պարագայում առկա չէր, քանի որ հանքային իրավունքի դադարեցման պահանջը կամ անհրաժեշտությունը կարող է կիրառվել, եթե 90-օրյա ժամկետում խախտումը չի վերացվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարությունը պարտավոր էր Ընկերությանը մասնակից դարձնել վիճարկվող հրամանի ընդունման համար հարուցված վարչական վարույթին, մինչդեռ Նախարարությունն Ընկերությանը զրկել է վարչական վարույթի ժամանակ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկվող հրամանում բացակայում է դրա իրավական հիմնավորումը` այն իրավական ակտը, որով սահմանված է որոշակի փաստերի առկայության պայմաններում հանքային իրավունքի դադարեցման պահանջ: Վիճարկվող հրամանում նշված չէ նաև դրանով լուծվող հարցի նկարագրությունը, դրա ընդունման հիմնավորումը, բողոքարկման ժամկետը և մարմինը, որին այն կարող է բողոքարկվել:

Այպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճարկվող հրամանը ոչ իրավաչափ վարչական ակտ է, հետևաբար նաև անվավեր, և Վերաքննիչ դատարանն այն պետք է ճանաչեր որպես այդպիսին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 14.04.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձն անտեսել է, որ տվյալ դեպքում լիցենզիայի` ածխաթթվային հանքային ջրի օգտագործման նպատակը շշալցումն է, այլ ոչ թե արդյունահանումը, ինչը սահմանված և ամրագրված է պայմանագրում` որպես դրա կարգավորման առարկա, իսկ վիճարկվող հրամանն էլ վերաբերում է Ընկերության կողմից ստորերկրյա հանքային ջրի տրամադրման և օգտագործման պայմանագրային պարտավորությունների խախտմանը` պայմանագրի առարկան և տրամադրված ջրի օգտագործման նպատակը (շշալցումը) չապահովելուն:

Բողոք բերած անձն անտեսել է, որ իր սեփականությունը տրամադրված ջրաքանակի շրջանակներում շշալցված հանքային ջրի տնօրինումից ստացված եկամուտն է, քանի որ թե' լիցենզիայով և թե' ստորերկրյա հանքային ջրի տրամադրման և օգտագործման պայմանագրով հանքային ջրի օգտագործման նպատակը սահմանվել է` շշալցում:

Այսպիսով, վիճարկվող հրամանը չի կարող ճանաչվել անվավեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախարարի կողմից 19.06.2009 թվականին Ընկերությանը տրվել է «Ստորերկրյա ջրերի հանքարդյունահանման» թիվ 28 լիցենզիան:

Նույն լիցենզիայում որպես օգտակար հանածոյի անվանում նշված է` ածխաթթվային հանքային ջուր, օգտագործման նպատակը` շշալցում, հանքավայրի (տեղամասի) անվանումը` ՀՀ Կոտայքի մարզի Բջնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայր, հորատանք 1/67(2ԷԿ), լիցենզավորվող ջրաքանակը` 0,113լ/վրկ:

Նույն լիցենզիայի համաձայն` դրա գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը և այն գործում է լիցենզային պայմանագրի գործողության ժամկետով (գ.թ. 11):

2) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Նախարարի, և Ընկերության միջև 15.07.2009 թվականին կնքվել է «Ստորերկրյա հանքային ջրի տրամադրման և օգտագործման» թիվ 023 պայմանագիրը:

Նույն պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` «Սույն պայմանագրով` «Ջուր տրամադրողը» N28 (տրված 19.06.2009թ.) ստորերկրյա ջրերի հանքարդյունահանման լիցենզիա ունեցող «Ջուր օգտագործողին» է հանձնում, իսկ «Ջուր օգտագործողը» ընդունում է 0,113լ/վրկ, այսուհետ` «Ջրաքանակ», արդյունաբերական (շշալցում) նպատակով ՀՀ Կոտայքի մարզի Բջնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի 1/67(2ԷԿ) հորատանքից»:

Նույն պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` «Սույն պայմանագրի գործողության ընթացքում` հանքավայրի օգտագործման արդյունքում «Ջուր օգտագործողի» ստացած եկամուտները նրա սեփականությունն են»:

Նույն պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն` ««Ջուր տրամադրողը» օգտագործման հանձնվող հանքավայրի բացառիկ սեփականատերն է»:

Նույն պայմանագրի 4.1-րդ կետի համաձայն. «4.1.1 «Ջուր տրամադրողն» իրավունք ունի` «Ջուր օգտագործողի» կողմից իրականացվող, սույն պայմանագրով նախատեսված ջրի օգտագործման ծավալի և նպատակային օգտագործման նկատմամբ իր կողմից սահմանված պարբերականությամբ իրականացնել ուսումնասիրություն և վերահսկողություն: 4.1.2 Եթե «Ջուր օգտագործողը» հանքավայրից ստացած ջրաքանակից օգտվում է օրենքին և իրավական այլ ակտերին, ինչպես նաև սույն պայմանագրի պայմաններին և/կամ դրանց նշանակությանն անհամապատասխան, ապա միակողմանի վաղաժամկետ լուծելու պայմանագիրը և «Ջուր օգտագործողից» պահանջել հատուցելու վնասները կամ իր կողմից սահմանված ժամկետում դադարեցնել (կասեցնել) սույն պայմանագրի գործողությունը` «Ջուր օգտագործողի» թույլ տրված խախտումները վերացնելու նպատակով»:

Նույն պայմանագրի 6.1-րդ կետի համաձայն` «Պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել, եթե` ա. ավարտվել է պայմանագրի գործողության ժամկետը. բ. ջուրն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրվել է. գ. «Ջուր օգտագործողը» լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է սույն պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարումից» (գ.թ. 12-16):

3) Նախարարության կողմից Ընկերությանը տրամադրված ՀՀ Կոտայքի մարզի Բջնիի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրում կատարված ուսումնասիրության արդյունքում 24.08.2009 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն` «Ընկերությունը շշալցում չէր իրականացնում, այլ հորատանքից արտամղված ածխաթթվային հանքային ջուրը խողովակաշարով վաճառում էր «Բջնի գրուպ» ՍՊ ընկերությանը»:

Նույն արձանագրությունը ստորագրել է նաև Ընկերության տնօրենը, վերջինս դրա վերաբերյալ որևէ առարկություն չի հայտնել (գ.թ. 70):

4) Նախարարի 25.08.2009 թվականի «Հանքային իրավունքի դադարեցման մասին» թիվ 79-Ա հրամանով դադարեցվել է Ընկերության` ՀՀ Կոտայքի մարզի Բջնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայր, հորատանցք 1/67(2ԷԿ) 19.06.2009 թվականի թիվ 28 լիցենզիայի գործունեությունը, և լուծվել է ստորերկրյա հանքային ջրի տրամադրման և օգտագործման թիվ 023 պայմանագիրը (գ.թ. 20):

5) Ընկերության տնօրենը Նախարարի 25.08.2009 թվականի «Հանքային իրավունքի դադարեցման մասին» թիվ 79-Ա հրամանը ստացել է 10.11.2009 թվականին (գ.թ. 19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտին տալ գրավոր զգուշացում, եթե նա` չի կատարում սույն օրենքով նախատեսված պարտավորությունները, չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով և լիցենզիայով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, չի վճարել օրենքով նախատեսված վճարները` դրա համար սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազոր մարմնի որոշմամբ հանքային իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում հանքային իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին, եթե հանքային իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված պատճառները, կամ եթե այդ պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա դրա դիմաց համարժեք փոխհատուցում է առաջարկել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի կողմից որևէ փաստի հաստատված լինելու հարցը որոշվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, որը պետք է ձևավորվի միայն գործում եղած բոլոր ապացույցների գնահատման արդյունքում, ապա նաև պատճառաբանվի վճռում:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական հիմնավորումը:

Դատական ակտի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Դատական ակտում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Դատական ակտի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս` ըստ Ռազմիկ Մարությանի հայցի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս գտել է, որ տվյալ դեպքում «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում ամրագրված նախազգուշացումը բովանդակային առումով իրականացվել է, իսկ որպես դրա ապացույց հղում է կատարել Նախարարության կողմից Ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված արձանագրությամբ հաստատվում է միայն Ընկերության կողմից Նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքներին` արձանագրված խախտումներին տեղեկանալու` նախազգուշացվելու հանգամանքը, ինչն ինչպես Նախարարության, այնպես էլ Ընկերության համար ենթադրում է որոշակի իրավական հետևանքների` իրավունքների և պարտականությունների առաջացում:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել Նախարարության կողմից Ընկերությանը խախտումները վերացնելու մասին նախազգուշացնելու, ինչպես նաև Ընկերության կողմից նախազգուշացման պահից 90 օրվա ընթացքում դրանք չվերացնելու հանգամանքները: Այսինքն` Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է միայն Ընկերության կողմից Նախարարության արձանագրած խախտումների մասին նախազգուշացվելու փաստը հաստատող ապացույցով և որևէ կերպ չի անդրադարձել սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմի բովանդակությունը կազմող մյուս հանգամանքների բացահայտմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի տվել իր որոշման իրավական և փաստական հիմնավորումը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը պետք է վկայակոչեր ոչ միայն Նախարարության կողմից Ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությունը, որի վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբաներ, թե ինչու է Ընկերության ներկայացրած ապացույցները կամ փաստարկները մերժում:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին, գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին և վճռաբեկ բողոքի պատասխանին չի անդրադառնում, քանի որ ստորադաս դատարանների դատական ակտերի պատճառաբանված չլինելու պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ