Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.28
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ3/0336/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ3/0336/05/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Աբովյան

Գ. Ղարիբյան

Ա. Առաքելյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Զորիկ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.05.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Զորիկ Դավթյանի հայցի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ գյուղական համայնքի (այսուհետ` Համայնք), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Էդիկ Միրզիկյանի` որոշումը և պետական գրանցումը մասնակի առ ոչինչ ճանաչելու, ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Զորիկ Դավթյանը պահանջել է մասնակիորեն 42,0քմ մակերեսով առ ոչինչ ճանաչել Համայնքի ղեկավարի 24.02.2005 թվականի թիվ 10 որոշումը և դրա հիման վրա Էդիկ Միրզիկյանի անվամբ 42,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել Էդիկ Միրզիկյանին քանդելու ինքնակամ կառույցը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա.Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 07.02.2011 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2011 թվականի որոշմամբ Զորիկ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.02.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զորիկ Դավթյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 37-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը գործի փաստերը չի պարզել ի պաշտոնե, ավելին, Համայնքի ղեկավարի 24.02.2005 թվականի թիվ 10 որոշման իրավաչափության հարցը քննարկելիս անտեսել է այն հանգամանքը, որ ինչպես «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 16.09.2009 թվականի փորձագետի թիվ 12110907 եզրակացությամբ, այնպես էլ Կադաստրի ներկայացուցչի ցուցմունքով արձանագրվել է, որ առկա է Զորիկ Դավթյանի և Էդիկ Միրզիկյանի սեփականության իրավունքով գրանցված հողամասերի համադրում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 12.10.2004 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1429160 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ համայնքում գտնվող հասարարական կառուցապատման 1,7հա հողամասի սեփականատերը Զորիկ Դավթյանն է: Հիմք` 20.09.2004 թվականի աճուրդով վաճառելու մասին թիվ 1 արձանագրությունը, 01.10.2004 թվականի առուվաճառքի թիվ 2387 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 14-15)։

2. Համայնքի ղեկավարի 24.02.2005 թվականի թիվ 10 որոշման համաձայն` որոշվել է «Արարատի մարզի Ոսկետափ համայնքի վարչական տարածքում Է.Միրզիկյանի կողմից ինքնակամ կառուցված 20,4քմ (մետաղյա տաղավար) շինության և ինքնակամ զբաղեցված 100քմ հողամասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքն առանց օտարման պայմանագրի (համաձայն հատակագծի), պարտավորեցնել Է.Միրզիկյանին Ոսկետափ համայնքի ֆինանսական հաշվեհամարին մուծել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կադաստրային արժեքը և ինքնակամ կառուցված շինության համար օրենքով սահմանված համապատասխան վճարումները» (հատոր 1-ին, գ.թ. 105)։

3. 02.03.2005 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1823539 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ համայնքում գտնվող 20,40քմ մակերեսով մետաղյա տաղավարի և դրա տեղադրման համար 0,01հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի սեփականատերն Էդիկ Միրզիկյանն է (հատոր 1-ին, գ.թ. 16-19)։

4. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱ կազմակերպության 16.09.2009 թվականի փորձագետի թիվ 12110907 եզրակացության համաձայն` «Տարբերակ 1–Որպես ելակետային տվյալ և Զորիկ Դավթյանի հողամասի տեղակայման սկզբնաղբյուր ընդունելով վերջինիս հողատարածքի ձախ կողմի հետին անկյունը, այսինքն` որպես սկզբնակետ է ընդունվում անշարժ տեղակայված քարե պարիսպը և դրան անմիջապես կից քարաշեն պահեստը, որոնք ժամանակի ընթացքում փոփոխության և տեղաշարժման չեն ենթարկվել: Տարբերակ 2–Որպես ելակետային տվյալ և Զորիկ Դավթյանի հողամասի տեղակայման սկզբնաղբյուր ընդունելով վերջինիս պատկանող հողատարածքի գլխավոր ճակատային հատվածով անցնող գլխավոր փողոցի սահմանագիծը, որը նույնպես անշարժ է և ժամանակի ընթացքում չէր կարող տեղաշարժվել և փոփոխության ենթարկվել: Առաջին տարբերակի դեպքում, տախոմետրիական հանույթի քարտեզի վրա կողմերին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքների տեղակայումից պարզվում է, որ Էդիկ Միրզիկյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքը 135,0մ2  մակերեսով (իր կողմից փաստացի զբաղեցրած հողամասի հետին և աջակողմյան մասով), համադրվում է Զորիկ Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի հետ, սակայն տվյալ պարագայում հայցվոր Զորիկ Դավթյանին պատկանող հողատարածքի գլխավոր ճակատային սահմանը 10,04մ-ով ձգվում է դեպի փողոցի կողմ, այսինքն` դա նշանակում է, որ եթե հիմք ընդունենք հայցվորին տրված թիվ 1429160 վկայականում արտացոլված չափերը, իսկ համեմատման սկզբնաղբյուր` ժամանակի ընթացքում չտեղաշարժված քարե պարիսպը և պահեստային շենքը, ապա տվյալ պարագայում հայցվորին պատկանող հողատարածքի ճակատային մասով անցնող գլխավոր փողոցը 10,04մ լայնությամբ կհայտնվի հայցվորին պատկանող հողատարածքի սահմաններում (մանրամասն տես սույն եզրակացությանը կից թիվ 1 հավելվածի հատակագիծը): Երկրորդ տարբերակի դեպքում, կողմերին տրամադրված հողատարածքների տեղակայումից պարզվում է, որ Էդիկ Միրզիկյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքը 42,0մ2  մակերեսով (իր կողմից փաստացի զբաղեցրած հողամասի աջակողմյան մասով), համադրվում է Զորիկ Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի հետ, սակայն տվյալ պարագայում հայցվոր Զորիկ Դավթյանին պատկանող հողատարածքի ձախ կողմի հետին սահմանը նվազագույնը 9,33մ-ով ձգվում է դեպի քարաշեն պահեստների կողմ, այսինքն` դա նշանակում է, որ եթե հիմք ընդունենք հայցվորին տրված թիվ 1429160 վկայականում արտացոլված չափերը, իսկ համեմատման սկզբնաղբյուր` ժամանակի ընթացքում չտեղաշարժված գլխավոր ճակատային մասով անցնող գլխավոր փողոցը, ապա տվյալ պարագայում հայցվորին պատկանող հողատարածքի հետին մասում անմիջապես կից պահեստային քարաշեն շինությունները, նվազագույնը 9,33մ լայնությամբ կհայտնվեն հայցվորին պատկանող հողատարածքի սահմաններում (մանրամասն տես սույն եզրակացությանը կից թիվ 2 հավելվածի հատակագիծը)» (հատոր 1-ին, գ.թ. 20-25)։

5. Կադաստրի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում հայտնել է, որ «Մենք ընդունում ենք, որ 11քմ համադրում առկա է հայցվորի և պատասխանողի գրանցված իրավունքների միջև, որը ծանրաբեռնված է 7,2քմ շենք-շինություններով, և այսօր մետաղական տաղավարը ապամոնտաժվել է, և կառուցվել է շինություն»: «Համադրում առկա է, եթե հիմք ենք ընդունում որպես ելակետային տվյալ փաստացի կառուցված շինության ջրատարի կողմից Արտաշատ-Արարատ մայրուղու ամենահեռու կետը» (հատոր 1-ին, գ.թ. 151, 152)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է՝ 1) նշանակել փորձագետ, ընդ որում, դատարանը փորձագետի նշանակման հարցում նախապատվություն է տալիս այն փորձագետին, որի թեկնածության վերաբերյալ համաձայնվել են կողմերը կամ 2) սահմանել փորձագետի նշանակման կարգ, որով փորձագետի նշանակումը կհանձնարարի կողմերին կամ որևէ մասնագիտացված հաստատության՝ վերջինիս համաձայնությամբ: Պետական փորձագիտական հաստատությունների համաձայնությունը ենթադրվում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը`բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործի փաստերը դատարանը պարզում է ի պաշտոն» («ex օfficiօ»):

Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալու դատական նիստի:

Վճռաբեկ դատարանը նախկինում ընդունած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը)։

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Զ.Դավթյանն առաջադրել է վիճարկվող որոշմամբ Է.Միրզիկյանի անվամբ օրինականացված 100քմ հողամասի մի մասը` 42.0քմ չափով, սեփականության իրավունքով իրեն պատկանող 17.000քմ մակերեսով հողամասի հետ համադրվելու փաստը։ Այդ փաստը հիմնավորվում է «ՀՀ փորձագիական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 16.09.2009 թվականի թիվ 12110907 փորձագիտական եզրակացությամբ: Այդ փորձաքննությունը կատարվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (թիվ ԱՎԴ1/0535/02/08 քաղ. գործ) 25.02.2009 թվականի դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա։ Փորձաքննությանն առաջադրվել են հարցեր այն մասին, թե Զ.Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող 1,7հա մակերեսով հողամասի զավթում առկա է, թե ոչ, և որքան է կազմում զավթված հողամասի չափը։ Փորձաքննությամբ արձանագրվել է, որ Համայնքի ղեկավարի 24.02.2005 թվականի թիվ 10 որոշմամբ Է.Միրզիկյանին հատկացվել է 100քմ հողամաս, և դրա նկատմամբ նրա սեփականության իրավունքն ստացել է պետական գրանցում, սակայն Է.Միրզիկյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 191քմ։ Փորձագետի եզրակացությամբ տարբերակների ձևով եզրահանգումներ են կատարվել միայն Է.Միրզիկյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կապակցությամբ։ Այսինքն` փորձագետի եզրակացությամբ որևէ կերպ չի հիմնավորվում այն փաստը, որ Է.Միրզիկյանին հատկացված 100քմ հողամասը որևէ չափով համադրվել (համադրվում) է սեփականության իրավունքով հայցվորին պատկանող 17.000 քմ մակերեսով հողամասի հետ։ Ընդհակառակը` գործով հավաքված ապացույցների գնահատման և կողմերի դիրքորոշումների հաշվառման հիման վրա բողոքով դատաքննության արդյունքում հաստատված է համարում, որ հիշյալ 100քմ և 17.000քմ մակերեսներով հողամասերը որևէ մասով միմյանց չեն համադրվել և չեն համադրվում։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկու տարբերակներով ներկայացված փորձագիտական եզրակացության առաջին տարբերակի դեպքում արձանագրվել է, որ Էդիկ Միրզիկյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքը 135,0մ2  մակերեսով (իր կողմից փաստացի զբաղեցրած հողամասի հետին և աջակողմյան մասով) համադրվում է Զորիկ Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի հետ: Երկրորդ տարբերակի դեպքում արձանագրվել է, որ Էդիկ Միրզիկյանի կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքը 42,0մ2  մակերեսով (իր կողմից փաստացի զբաղեցրած հողամասի աջակողմյան մասով) համադրվում է Զորիկ Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի հետ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված հողամասի հատակագծի, նշված հողամասերի նկատմամբ Զ.Դավթյանի և Է.Միրզիկյանի սեփականության իրավունքների գրանցման վկայականների «հողամասերի հատակագիծը» բաժինների բովանդակած ուրվագծերի պատկերների ու դրանց վրա նշված չափային տվյալների համադրությունից հետևում է, որ վերոնշյալ հողամասերը չեն համադրվում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ ապացույցները չեն հետազոտվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հիշյալ ապացույցների հետազոտումից միանշանակ չէ հողմասերի չհամադրման փաստը: Այսպես` ըստ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված հողամասի հատակագծի` Է.Միրզիկյանի հողամասի չափերն են 6,15 (լայնք) և 17,38 (երկարություն) (հատոր 1-ին, գ.թ. 50)։ Մինչդեռ, Է.Միրզիկյանի սեփականության իրավունքի վկայականի համաձայն, վերջինիս հողամասի չափերն են 5,6մ (լայնք) և 18մ (երկարություն):

Բացի այդ, ըստ Զ.Դավթյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի` վերջինիս հողամասի 1-11, 11-10, 10-9 հատվածների հանրագումարը կազմում է 70,7 գծամետր, մինչդեռ ըստ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված հողամասի հատակագծի նշված հատվածի երկարությունն ընդամենը 64,6 գծամետր է: Նշվածից հետևում է, որ ըստ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված հողամասի հատակագծի, որտեղ արտացոլված է նաև Է.Միրզիկյանի հողամասը, Զ.Դավթյանի հողամասի տվյալ հատվածն ավելի կարճ է, քան Զ.Դավթյանի սեփականության վկայականում նշվածը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերոհիշյալ ապացույցները չեն հետազոտվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը գործի փաստերը չի պարզել ի պաշտոնե և այդ ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, չի պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտն անհիմն է։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.05.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան