Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.23/4(878).1 Հոդ.56.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/4047/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4047/05/09

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Ա. Առաքելյան

Ա. Աբովյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Գագվագ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտը մասնակի անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտն անփոփոխ թողնելու և Ընկերությունից 14.767.700 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտի 1-ին, 4-րդ և 15-րդ կետերը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է անփոփոխ թողնել Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտը և Ընկերությունից բռնագանձել 14.767.700 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 10.12.2010 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն` վճռվել է Տեսչության 03.08.2009 թվականի թիվ 1007375 ակտը մասնակիորեն ճանաչել անվավեր և Ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 3.089.948 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն ըստ էության քննելիս իրավունք չունի դուրս գալ դրանում նշված պահանջի սահմաններից, այսինքն` պետք է վերաքննիչ բողոքը քննի միայն դրանում նշված ծավալով:

Տվյալ դեպքում Տեսչությունը վերաքննիչ բողոքով պահանջել է «Բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, մերժել Ընկերության հայցն ամբողջությամբ, փոփոխել Տեսչության հակընդդեմ հայցը մերժված` 11.677.800 ՀՀ դրամ գումարի չափով` բավարարելով Տեսչության հայցն ամբողջությամբ»:

Նշվածից հետևում է, որ Տեսչությունը վերաքննիչ բողոքով պահանջել է փոփոխել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը միայն հակընդդեմ հայցը մերժելու մասով և այն մերժված գումարի չափով բավարարել, այսինքն` հակընդդեմ հայցի բավարարված մասով դատական ակտը բեկանելու պահանջ չի դրվել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի պահանջի սահմաններից և Դատարանի վճիռը բեկանել է ամբողջությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Տեսչությունը վերաքննիչ բողոքով պահանջել է «Բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, մերժել Ընկերության հայցն ամբողջությամբ, փոփոխել Տեսչության հակընդդեմ հայցը մերժված` 11.677.800 ՀՀ դրամ գումարի չափով` բավարարելով Տեսչության հայցն ամբողջությամբ» (հատոր 2-րդ, գ.թ. 198-204):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` այն դեպքում, երբ վարչական դատարանը թույլ է տվել գործի լուծման վրա ազդող էական խախտումներ, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է վարչական դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնվում է անփոփոխ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի և գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում իր լիազորություններն իրականացնի բացառապես վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում: Այսինքն` կախված այն հանգամանքից, թե գործով ներկայացված պահանջների որ մասն է բողոքարկվում վերաքննության կարգով, այդ մասի շրջանակներում էլ Վերաքննիչ դատարանը պետք է իրականացնի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.13-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունները:

Սույն գործով Տեսչությունը, ներկայացնելով վերաքննիչ բողոք, պահանջել է. «Բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը, մերժել Ընկերության հայցն ամբողջությամբ, փոփոխել Տեսչության հակընդդեմ հայցը մերժված` 11.677.800 ՀՀ դրամ գումարի չափով` բավարարելով Տեսչության հայցն ամբողջությամբ»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարելով մասնակիորեն, որոշել է բեկանել Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Տեսչության վերաքննիչ բողոքի հիման վրա վերանայելով Դատարանի 10.12.2010 թվականի վճիռը և բեկանելով նաև վերաքննիչ բողոք բերած անձի հակընդդեմ հայցի բավարարված մասը, դուրս է եկել դրանում ներկայացված պահանջի սահմաններից, ինչի արդյունքում թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15- 118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.05.2011 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 10.12.2010 թվականի վճռի՝ «Գագվագ» ՍՊԸ-ից 3.089.948 ՀՀ դրամ բռնագանձելու մասով բեկանելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 10.12.2010 թվականի վճռին: Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան