ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՆԴ/0007/11/09 |
Գործ թիվ ԵԱՆԴ/0007/11/09 |
|
Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան | |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դիմող |
Ա. Իսկանդարյանի |
2011 թվականի հոկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հետևանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ դիմող Ալբերտ Անդրանիկի Իսկանդարյանի վճռաբեկ բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի հունվարի 24-ին Ալբերտ Անդրանիկի Իսկանդարյանը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ներկայացրել Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի 16 տունը Ֆեդյա Իսկանդարյանի անվամբ սեփականաշնորհելու վերաբերյալ Էրեբունու շրջխորհրդի գործկոմի որոշումը կեղծ փաստաթղթերի հիման վրա կայացված լինելու, ինչպես նաև Ֆ.Իսկանդարյանի ժառանգների` ըստ օրենքի ժառանգության վկայագրի և նույն տան սեփականության իրավունքի վկայականի ձևակերպումները ևս կեղծ փաստաթղթերի հիման վրա տրված լինելու մասին:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2008 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:
2. Դիմող Ա.Իսկանդարյանը նշված որոշումը բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունիսի 20-ի որոշմամբ դիմող Ա.Իսկանդարյանի բողոքը բավարարվել է, և վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2008 թվականի ապրիլի 4-ի որոշումը:
3. Վերոգրյալ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2008 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ թողել է անփոփոխ, դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:
4. 2008 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12121708 քրեական գործը, և կատարվել նախաքննություն:
ՀՀ ոստիկանության Երևանի Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Է.Սիրականյանի 2009 թվականի հունիսի 19-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է:
Քրեական գործի վարույթը կարճելու մասին 2009 թվականի հունիսի 19-ի որոշման դեմ Ա.Իսկանդարյանի և Ռ.Գևորգյանի բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Մ.Ենգիբարյանի 2009 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ մերժվել է:
5. 2009 թվականի օգոստոսի 18-ին դիմողներ Ալբերտ Իսկանդարյանը, Ռոզա Գևորգյանը և նրանց ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը բողոք են ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով հարգելի համարել բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը, վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը և կայացնել քրեական գործի վարույթը վերսկսելու մասին որոշում:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2009 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժվել է:
6. Դիմողներ Ա.Իսկանդարյանի, Ռ.Գևորգյանի և նրանց ներկայացուցիչ Ս.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը:
7. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ դիմող Ա.Իսկանդարյանի և նրա ներկայացուցիչ Ս.Հարությունյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ վերադարձվել է:
8. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը՝ դիմող Ա.Իսկանդարյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:
ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է մի մասով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Նույն որոշմամբ ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնական ժամկետ է սահմանվել 2011 թվականի հունիսի 30-ը:
9. 2011 թվականի հուլիսի 13-ին դիմող Ա.Իսկանդարյանը, որպես նոր հանգամանք մատնանշելով ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշումը, ներկայացրել է վճռաբեկ բողոք` խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2011 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն Ա.Իսկանդարյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
11. Առաջին ատյանի դատարանն Ա.Իսկանդարյանի, Ռ.Գևորգյանի և նրանց ներկայացուցիչ Ս.Հարությունյանի բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ նրանց կողմից բաց է թողնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բողոքարկման ժամկետը, և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար դատարանին հիմնավոր ապացույցներ չեն ներկայացվել (տե՛ս Նյութեր, էջ 85):
12. Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ՝ օրինական և հիմնավորված համարելով Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ պատճառաբանությունը (տե՛ս Նյութեր, էջ 127):
13. ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և սույն գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
14. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` առկա է նոր հանգամանք:
Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ Առաջին ատյանի դատարան է բողոքարկել քննիչի` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, որը դատարանի կողմից մերժվել է` բողոքարկման ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է նույն պատճառաբանությամբ, իսկ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքը՝ վերադարձվել: Դրանից հետո դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով: ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշմամբ իր խնդրանքը բավարարվել է, և նշված դրույթը ճանաչվել է հակասահմանադրական: Նշված հանգամանքը, ըստ բողոքաբերի, հանդիսանում է նոր հանգամանք, քանի որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը քննիչի որոշման դեմ բերված իր բողոքի քննարկումը մերժել են օրենքով սահմանված ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ:
15. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշումը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը հակասահմանադրական է ճանաչվել, արդյո՞ք նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը վերանայելու համար:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում»:
Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է, որ վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, մինչդեռ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է բողոքարկման մեկամսյա ընդհանուր ժամկետ:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների միջև առկա նմանատիպ հակասությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Աթոյանի բողոքի կապակցությամբ կայացված որոշման մեջ և դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը գործում է օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին), մինչդեռ 185-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին):
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կոլիզիոն կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննության առարկա հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը՝ որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ:
(…) Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը բխում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կոլիզիոն կանոնից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բողոքարկման մեկամսյա ժամկետը քաղաքացիների համար ավելի նախընտրելի է, քան 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը» (mսtatis mսtandis, տե՛ս Հայարփի Աթոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշման 28-29-րդ կետերը):
19. ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան» դրույթը` նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման հետ անհամապատասխանության պայմաններում և սույն գործով դատական պրակտիկայում դրան տրված բովանդակության շրջանակներում ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:
ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը` «(…) եթե օրենսգիրքը նախատեսում է 290-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված ընդհանուր կարգից շեղում այլ իրավադրույթներում, ապա իրավական անորոշությունից խուսափելու համար անհրաժեշտ էր թեկուզ հավելել` «… եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ» բառակապակցությունը: Առկա խմբագրությունը և նշված երկու հոդվածներում ժամկետային կարգավորումները հստակ տարբերակված չեն, որը, ինչպես վկայում են քննության առարկա գործի նյութերը, մարդու իրավունքների խախտման իրական վտանգ են բովանդակում:
(…)
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի և 290-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` որպես մասնակիի և ընդհանուրի հարաբերակցում, հստակ չեն փոխհամաձայնեցված, ինչպես նաև դատական պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի և 263-րդ հոդվածի 2-րդ մասի` համակարգային ամբողջականության մեջ մեկնաբանման այնպիսի նախադեպ չի ձևավորվել, որպեսզի անձի համար գործնականում ապահովվի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված` դատարանի մատչելիության և իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի լիարժեք իրականացումը»:
20. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դիմողների բողոքը մերժել է` այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):
Ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ` նույն պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):
Վճռաբեկ դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ դիմող Ա.Իսկանդարյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Դրանից հետո, դիմող Ա.Իսկանդարյանի դիմումի հիման վրա, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշմամբ սույն գործով կիրառված օրենքը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը, ճանաչել է մի մասով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264 -րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել ամբողջությամբ կամ մի մասով.
(…)
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրանց ուժի մեջ մտնելու պահից:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
(…)»:
22. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-930 որոշումը, որով սույն գործով կիրառված օրենքը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասը, ճանաչվել է մի մասով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, հիմք է Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը վերանայելու, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի, Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի դատական ակտերը բեկանելու և գործը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:
23. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը: Դիմող Ա.Իսկանդարյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 8-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|