Գլխավոր տեղեկություն
Համար
N 1933-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2012-21.12.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.295
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.04.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1933-Ն

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրակայանքների շահագործման ժամանակ մարդու կյանքին ու առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 13
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1) «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է`

ա) 50 Վ-ից բարձր փոփոխական հոսանքի և 120 Վ-ից բարձր հաստատուն հոսանքի էլեկտրակայանքների սեփականատեր հանդիսացող, տնօրինող կամ տիրապետող անձանց կողմից մատուցվող ծառայությունների վրա.

բ) պայմանագրային հիմունքներով էլեկտրակայանքներն սպասարկող, փորձարկող, նորոգող, վերականգնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվող ծառայությունների վրա:

2) Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են «Արտադրանքի դասակարգում` ըստ գործունեության տեսակների». ՀԴ 006.3-2004 դասակարգչի հետևյալ ծառայությունների վրա`

29.71.90.000 Ծառայություններ էլեկտրական կենցաղային սարքերի տեղակայման, նորոգման և տեխնիկական սպասարկման

45.31.11.200

Ծառայություններ էլեկտրական սալօջախների տեղակայման

45.31.41.400

Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպանության ճոպանների կախման

45.31.41.600

Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի գցման

45.31.41.300

Ծառայություններ էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի կախման

31.10.92.000

Ծառայություններ էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների նորոգման, տեխնիկական սպասարկման և փաթաթման

31.10.91.000

Ծառայություններ էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների տեղակայման

45.31.41.900

Ծառայություններ էլեկտրասարքավորանքի տեղակայման, չներառված ուրիշ խմբավորումներում

45.34.22.000

Ծառայություններ էլեկտրատեղակայման աշխատանքների անցկացման, այլ, չներառված ուրիշ խմբավորումներում

 

3) Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում այն ծառայությունների վրա, որոնք կազմակերպությունները մատուցում են`

ա) նավերի և թռչող ապարատների մեջ գտնվող էլեկտրակայանքների.

բ) ռադիոյի, հեռուստատեսության և էլեկտրոնային հաղորդակցության միջոցների էլեկտրակայանքների բարձր հաճախականային մասի.

գ) փորձարկումների համար նախատեսված ոչ սերիական արտադրության եզակի էլեկտրակայանքների վրա (արագացուցիչներ, գերբարձր լարման էլեկտրաէներգիայի աղբյուրներ և այլն), որոնց անվտանգության պահանջները սահմանվում են այդ էլեկտրակայանքների կառուցման տեխնիկական պայմաններով և համաձայնեցվում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի հետ.

դ) կառուցվող կամ շահագործվող հանքահորերի և կառուցվող թունելների էլեկտրակայանքների վրա, որոնց անվտանգության ապահովման պահանջները սահմանվում են այլ տեխնիկական կանոնակարգերով և իրավական ակտերով.

ե) տեխնոլոգիական սարքավորման մաս կազմող հաստատուն հոսանքի և մինչև 1000 Վ լարման փոփոխական հոսանքի տեղային աղբյուրների և դրանց մնայուն միացված սարքերի վրա, երբ դրանք էլեկտրական կապ չունեն հոսանքի այլ աղբյուրի հետ.

զ) ռադիոլոգիական և բժշկական հատուկ սարքավորումների վրա, որոնց նկատմամբ անվտանգության պահանջները սահմանվում են այլ տեխնիկական կանոնակարգերով կամ շահագործման փաստաթղթերով:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) անվտանգություն` շրջակա միջավայրին, կյանքին ու գույքին վնաս հասցնելու անթույլատրելի ռիսկի բացակայություն,

2) անվտանգության նորմեր` իրավասու մարմնի կողմից հաստատված և տեխնիկական կանոնակարգերում, կատարման համար պարտադիր իրավական այլ ակտերում (շինարարական նորմեր, սանիտարահիգիենիկ նորմեր և այլն) ամրագրված պարտադիր նորմեր, որոնք սահմանում են արտադրական սարքավորման և (կամ) արտադրական գործընթացի անվտանգության հատկանիշները` որոշակի մեծություններով, պայմաններով, պահանջներով և այլ ձևերով,

3) աշխատանքային տեղ (այսուհետ` աշխատատեղ)` գործատուի հետ ուղղակի կամ անուղղակի կապված տեղ կամ վայր, որտեղ աշխատողը պետք է գտնվի կամ ուղևորվի` կապված աշխատանքային գործընթացի հետ,

4) աշխատանքի միջոցներ` աշխատողների կողմից իրենց աշխատանքի կատարման համար անհրաժեշտ մեխանիզմներ, սարքավորումներ, գործիքներ, պաշտպանության սարքեր և այլ միջոցներ,

5) աշխատողների անվտանգությունը և առողջությունը (կամ աշխատանքի անվտանգությունը)` աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ,

6) բարձր լարում՝ ցածր լարումը գերազանցող լարում,

7) էլեկտրակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված սարքավորում կամ սարքավորումների և կառույցների համալիր,

8) էլեկտրական տեղական (լոկալ) համակարգ` գործատուի կամ քաղաքացու տնօրինման տակ գտնվող էլեկտրական համակարգ, որն էլեկտրականապես կապված չէ ընդհանուր նշանակության էլեկտրական համակարգի հետ,

9) էլեկտրակայանքի տեխնիկական սպասարկում` էլեկտրակայանքի տեխնիկական վիճակը և անվտանգության սահմանված մակարդակն ապահովող տեխնիկական միջոցառումների համալիր (կանխարգելիչ պարբերական նորոգումներ, փորձարկումներ, անվտանգությունն ապահովող հարաչափերի ստուգումներ և այլն),

10) էլեկտրակայանքի օպերատիվ սպասարկում` իրականացվում են հետևյալ աշխատանքների համալիրը`

ա) էլեկտրակայանքի աշխատանքի պահանջվող ռեժիմի վարում,

բ) սարքավորումների փոխանջատումների կատարում և զննում,

գ) նորոգման համար նախապատրաստություն (աշխատատեղերի նախապատրաստում, թույլտվություն),

11) ընդհանուր նշանակության էլեկտրական համակարգ (ցանց)` Հայաստանի Հանրապետության էլեկտրական համակարգը, որում էլեկտրաէներգիայի աղբյուրները, հաղորդման և բաշխման էլեկտրակայանքներն էլեկտրականապես կապված են և էլեկտրաէներգիա են մատակարարում միացված սպառողներին,

12) ռիսկերի գնահատում` աշխատանքային գործընթացի բնականոն և կրիտիկական վիճակներում աշխատատեղում աշխատողների կյանքի ու առողջության համար ռիսկեր պարունակող վտանգավոր և վնասակար գործոնների հաշվառում, հնարավոր ազդեցության գնահատում, որից կախված է անվտանգության միջոցառումների ընտրությունը,

13) ռիսկերի կառավարում` ռիսկերի նվազեցման կամ աշխատողի առողջության ու անվտանգության վրա դրանց ազդեցության հետևանքների նվազեցման համալիր միջոցառումներ,

14) վտանգ` մարդու, կենդանիների վրա էլեկտրակայանքի էլեկտրաանվտանգության խախտման հետևանքով էլեկտրահարման և էլեկտրական աղեղի ազդեցության ռիսկեր, անթույլատրելի էլեկտրական մեծության մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության ռիսկեր, էլեկտրակայանքի մեխանիկական մասերի շարժման հետ կապված ռիսկեր, բարձրության վրա կատարվող աշխատանքների դեպքում աշխատողի վնասման (խեղման) ռիսկեր,

15) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ (այսուհետ` սպասարկող անձ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձանց էլեկտրակայանքների սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտացված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,

16) ցածր լարում` լարման տիրույթ, որը ներառում է`

ա) փոփոխական հոսանքի դեպքում` 50 Վ-ից բարձր լարում (գործող արժեքը) միջֆազային կամ «ֆազ-հող» հաղորդիչների միջև, մինչև 1000 Վ ներառյալ` միջֆազային լարման համար, կամ 600 Վ ներառյալ` ֆազային լարման համար,

բ) հաստատուն հոսանքի դեպքում` 120 Վ-ից բարձր լարման արժեքը (լարման տակ հաղորդիչների միջև կամ լարման տակ հաղորդիչների և հողի միջև), մինչև 1500 Վ ներառյալ` լարման տակ հաղորդիչների միջև, կամ 900 Վ ներառյալ` լարման տակ հաղորդիչների և հողի միջև:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են էլեկտրակայանքների անվտանգության ապահովման պայմանները, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման համար տեխնիկական պահանջները, ինչպես նաև դրանց կատարման համար գործատուների, աշխատողների, սպասարկող անձանց և քաղաքացիների փոխհարաբերությունները, և այն ներառում է`

ա) նոր և գործող էլեկտրակայանքների անվտանգության հիմնական տեխնիկական պահանջները,

բ) կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքների նախագծման, կառուցման գործարկման թույլատրման պայմանները,

գ) էլեկտրակայանքների շահագործման ժամանակ անվտանգության ապահովման համակարգը և դրան առաջադրվող պահանջները,

դ) պայմանագրային հիմունքներով էլեկտրակայանքներն սպասարկող անձանց առաջադրվող պահանջները և սերտիֆիկացման կարգը,

ե) էլեկտրամատակարարման ընթացքում էլեկտրամատակարարի և էլեկտրասպառող կազմակերպության փոխհարաբերությունները` անվտանգության ապահովման համար։

2) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են էլեկտրակայանքների էլեկտրաանվտանգության ապահովման պահանջներն աշխատողների և այլ անձանց համար, աշխատողների` բարձրության վրա և վերնաշխատանքներ կատարելիս աշխատանքի անվտանգության ապահովման պահանջները: Էլեկտրակայանքների կամ դրանց հետ տեխնոլոգիապես կապված կայանքների այլ վտանգավոր կամ վնասակար գործոնների անթույլատրելի ազդեցության կանխարգելման պայմանները (օրինակ, թթուների կամ տրանսֆորմատորային յուղի կիրառմամբ կատարվող աշխատանքների, էլեկտրակայանքի մաս կազմող շենքերի ու շինությունների նորոգման դեպքում) սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով:

Սույն տեխնիկական կանոնակարգի` կարգավորման ոլորտին վերաբերող էլեկտրակայանքների շահագործման ընթացքում անվտանգության ապահովման պահանջները նվազագույն պահանջներ են և պարտադիր են այդ պահանջների կատարումն ապահովող անձանց համար: Ելնելով տեղական պայմաններից և հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգի ու այլ նորմատիվ ակտերի պահանջները` յուրաքանչյուր գործատու, անձամբ կամ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում, էլեկտրակայանքները պայմանագրով սպասարկող անձի սպասարկմանը հանձնելով, էլեկտրակայանքների շահագործման ամբողջ ընթացքում պարտավոր է ապահովել աշխատողների անվտանգությունն ու առողջությունը, էլեկտրակայանքների հրդեհային անվտանգությունը, այդ թվում` իր սեփականությունը հանդիսացող տարածքից դուրս տեղակայված իր էլեկտրակայանքների անվտանգությունը մարդկանց, գույքի, կենդանիների և շրջակա միջավայրի համար: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պայմաններին համապատասխան`

ա) կատարի իր սեփականությունը հանդիսացող (իր կողմից տնօրինվող) տարածքում տեղակայված էլեկտրակայանքների ռիսկերի գնահատում և, հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները, անձամբ կամ սպասարկող անձի միջոցով մշակի և ներդնի էլեկտրակայանքների անվտանգության ապահովման ներքին իրավական ակտեր (կազմակերպության ստանդարտներ, կարգեր, կանոններ, հրահանգներ և այլն)` իր էլեկտրատնտեսության անվտանգությունն ապահովելու համար,

բ) կատարի մարդկանց և կենդանիների վրա` իր սեփականությունը հանդիսացող (իր կողմից տնօրինվող) տարածքից դուրս գտնվող իր էլեկտրակայանքների ազդեցության ռիսկերի գնահատում, մշակի և ներդնի ռիսկերի նվազեցման համակարգ (զանգվածային լրատվության միջոցներով պարբերական իրազեկում բնակելի և ոչ բնակելի տարածքներում գտնվող էլեկտրակայանքների վտանգի մասին, նախազգուշացնող պլակատների փակցնում էլեկտրակայանքներ պարունակող շինությունների, օդային գծերի հենասյուների վրա` նշելով էլեկտրակայանքի սեփականատիրոջ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարները և այլն),

գ) աշխատողներին ստորագրությամբ ծանոթացնի աշխատանքի անվտանգության ապահովման վերաբերյալ կազմակերպության ներքին իրավական ակտերին` դրանց ընդունումից հետո 3 օրվա ընթացքում, եթե դրանց ընդունման մասին գործատուի որոշմամբ այլ ժամկետ նախատեսված չէ: Քաղաքացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս` գործատուն պարտավոր է նրան ներկայացնել իր աշխատատեղին և աշխատանքային գործունեությանը վերաբերող աշխատանքի անվտանգության ու սանիտարահիգիենիկ պահանջների վերաբերյալ կազմակերպության բոլոր ներքին իրավական ակտերը,

դ) իր էլեկտրակայանքներն սպասարկող անձին պայմանագրով սպասարկման կամ փորձարկման, կամ վերակառուցման, կամ նորոգման հանձնելիս` այդ սպասարկող անձից պահանջի կատարվող աշխատանքների որակի և տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության համար երաշխիքներ և պայմանագրով նախատեսված պատասխանատվության ձևեր:

3) Էլեկտրակայանքներ սպասարկող, փորձարկող, հսկող յուրաքանչյուր աշխատող իր, այլ աշխատողների ու քաղաքացիների առողջությունը պահպանելու և անվտանգությունն ապահովելու համար պարտավոր է կատարել անվտանգության վերաբերյալ կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջները, իր գործունեությունն իրականացնել սույն տեխնիկական կանոնակարգի, իր աշխատանքային պարտականություններին և իրավունքներին վերաբերող այլ տեխնիկական կանոնակարգերի դրույթներին համապատասխան:

4) Կազմակերպության էլեկտրակայանքներն սպասարկող անձը պարտավոր է բոլոր աշխատանքները կատարել սույն տեխնիկական կանոնակարգի, այլ տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

5) Բնակելի և ոչ բնակելի տարածքներում գտնվող էլեկտրակայանքներում հրդեհի, պայթյունի, օդային գծերի հաղորդալարերի կտրման, մալուխային գծերի տեսանելի վնասվածքների դեպքում քաղաքացիները չպետք է մոտենան վնասվածքի վայրին և կատարեն որևէ գործողություն, որը կարող է վտանգ ներկայացնել կյանքի ու առողջության համար: Հրդեհի, պայթյունի կամ օդային գծի վնասվածքի մասին քաղաքացիներն զգուշացնում են այդ էլեկտրակայանքի սեփականատիրոջը, էլեկտրամատակարար կազմակերպությանը կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես և այլ անձանց` դեպքի վայրին չմոտենալու մասին:

6) Գործող էլեկտրակայանքները պետք է համապատասխանեն դրանց գործարկման պահին գործող անվտանգության պահանջներին և նորմերին: ործող էլեկտրակայանքների ամբողջական կամ մասնակի վերակառուցման, կամ սարքավորումների փոխարինման դեպքում վերակառուցվող (փոխարինվող) մասը պետք է համապատասխանի վերակառուցման (փոխարինման) պահին գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

7) Կազմակերպության տարածքում գտնվող և քաղաքացիների համար ոչ հասանելի էլեկտրակայանքները, որոնց տեխնիկական փաստաթղթերով սահմանված ծառայության ժամկետը լրացել է, գործատուի որոշմամբ կարող են մնալ շահագործման մեջ, եթե ըստ ստուգումների արդյունքների դրանց անվտանգության ցուցանիշները համապատասխանում են նորմատիվ ակտերի պահանջներին: Հասարակական վայրերում գտնվող էլեկտրակայանքները, որոնց տեխնիկական շահագործման ժամկետը լրացել է, կարող են շահագործվել միայն տեխնիկական հսկողություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ:

8) Կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքների կառուցման (վերակառուցման) համար կազմակերպությունը կարող է նախագծով նախատեսել նախկինում օգտագործված էլեկտրասարքավորման տեղադրում (բացառությամբ մեկուսացում ունեցող հաղորդալարերի, մալուխների, գերլարումներից պաշտպանության սարքերի և ցածր լարման ավտոմատ անջատիչների)` հետևյալ պայմաններով, որ`

ա) այդ տիպի սարքավորումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով են, և`

բ) եթե ամբողջական ծավալով դրանց փորձարկումների արդյունքներն ապացուցում են, որ այդ էլեկտրասարքավորումը բավարարում է անվտանգության ապահովման պահանջները:

9) Էլեկտրակայանքների նախագծման, գործարկման և շահագործման ընթացքում պետք է կատարվեն անվտանգության ապահովման հետևյալ պահանջները`

ա) էլեկտրաէներգիայի արտադրության, վերափոխման, հաղորդման, բաշխման և սպառման համար նախագծման փուլում ընտրվող ու տեղակայվող սարքավորումները պետք է համապատասխանեն գործող էլեկտրահամակարգի տեխնիկական պարամետրերին, շահագործման պայմաններին, տեղակայման վայրի բարձրությանը` ծովի մակարդակի նկատմամբ, սույն տեխնիկական կանոնակարգին, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, իսկ տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում` լինեն նաև սերտիֆիկացված կամ հայտարարագրված,

բ) էլեկտրամատակարարման և էլեկտրասպառման համակարգերը պետք է ունենան էլեկտրական վնասվածքների տեղայնացման և պաշտպանության, գերլարումների նվազեցման ու պաշտպանության փոխհամաձայնեցված համակարգեր,

գ) կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքները մինչև գործարկումը պետք է անցնեն նորմատիվ ակտերով նախատեսված կարգաբերումներ, փորձարկումներ և ստուգումներ, որոնց միջոցով հավաստվում է դրանց համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին և այլ նորմատիվ ակտերին: Էլեկտրակայանքների կարգաբերումը, փորձարկումը և ստուգումը պետք է կատարվեն սպասարկող անձի կողմից,

դ) 6 կՎ և բարձր լարման բոլոր կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքները պետք է ենթարկվեն տեխնիկական ստուգումների` տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմնի կողմից, որի տված թողարկման մասին եզրակացության ակտի հիման վրա մատակարարը թույլատրում է այդ էլեկտրակայանքների միացումն ընդհանուր նշանակության էլեկտրական համակարգին` սահմանված կարգով,

ե) գործող էլեկտրակայանքները շահագործման ամբողջ ընթացքում պետք է ենթարկվեն անվտանգության պարամետրերը և աշխատունակությունը հավաստող պարբերական փորձարկումների, իսկ անհրաժեշտության դեպքում` խախտված պարամետրերի վերանորոգումն ապահովող նորոգումների կամ փոխարինումների: Էլեկտրակայանքի պարտադիր փորձարկումների պարբերականությունը և անվանացանկը սահմանվում են շահագործման փաստաթղթերով, իսկ դրանց բացակայության դեպքում` գործատուի կամ էլեկտրակայանքը պայմանագրի հիման վրա սպասարկող անձի կողմից: Կազմակերպության էլեկտրակայանքների պարբերական փորձարկումների պարբերականությունը, ծավալները և դրանց փոփոխությունները համաձայնեցվում են էլեկտրամատակարար կազմակերպության հետ, եթե դրանք կարող են ազդել էլեկտրամատակարարման ցանցի, ենթասպառողների կամ մատակարարման ցանցին միացված այլ սպառողների էլեկտրակայանքների վրա,

զ) բարձր լարման բոլոր էլեկտրակայանքները և ցածր լարման բոլոր եռաֆազ էլեկտրակայանքները պետք է սպասարկվեն, փոխարինվեն, փորձարկվեն դրանց սեփականատեր հանդիսացող կազմակերպության մասնագիտացված անձնակազմի կամ սպասարկող անձի կողմից: Էլեկտրաէներգետիկայի համակարգի կազմակերպությունները և այլ ոլորտների կազմակերպությունները, որոնք ունեն աշխատողների անվտանգության ուսուցման որակավորման, գիտելիքների ստուգման ու ստաժավորման սեփական համակարգեր, իրավունք ունեն իրենց աշխատողներին շնորհելու վկայականներ: Նրանց տրված վկայականը գործում է միայն տվյալ կազմակերպությունում աշխատանքներ կատարելու համար,

է) անվտանգության պահանջներին չհամապատասխանող էլեկտրակայանքները կազմակերպության կողմից պետք է անջատվեն ընդհանուր նշանակության էլեկտրական համակարգից, կամ հնարավոր կարճ ժամկետում պետք է վերականգնվի այդ էլեկտրակայանքների համապատասխանությունն անվտանգության պահանջներին:

10) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության տեխնիկական պահանջների կատարումն ապահովող նորմերը կարող են փոփոխվել միայն իրավասու պետական մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե շահագրգիռ անձը (պատվիրատուն, նախագծողը, կառուցողը) ապացուցում է, իսկ իրավասու մարմինն ընդունում է, որ այլ տեխնիկական լուծումներն ապահովում են անվտանգության առնվազն նույն մակարդակը, ինչն ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի կատարման դեպքում:

11) Մինչև էլեկտրակայանքների նախագծման, սարքավորումների ընտրության և կառուցման վերաբերյալ նորմատիվ տեխնիկական պահանջների և նորմերի ամբողջական փաթեթի մշակումն ու հաստատումը` էլեկտրակայանքների համար հիմք են ընդունվում էլեկտրակայանքների անվտանգության ապահովման վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի III բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջները:

12) Էլեկտրակայանքների նախագծման ընթացքում պատվիրատուն կարող է նախագծողից պահանջել էլեկտրակայանքի անվտանգության ապահովման լրացուցիչ պահանջների կամ անվտանգության ավելի բարձր ապահովող նորմերի կիրառում, սակայն չի կարող պահանջել տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմերի մասնակի կիրառում:

13) Էլեկտրակայանքների նախագծման կամ կառուցման ընթացքում չպետք է նախատեսվեն կամ տեղակայվեն այնպիսի էլեկտրական սարքավորումներ, հաղորդագծեր կամ այլ սարքեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստված չեն և չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգերին` անկախ դրանց` շուկայում վաճառքի մեջ լինելուց:

14) Յուրաքանչյուր նոր սպառողի` էլեկտրամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմաններ տալիս` էլեկտրամատակարարը պարտավոր է սպառողին ներկայացնել էլեկտրամատակարարման առաջարկվող սխեմայի հուսալիությունը և էլեկտրամատակարարման ընդհատման ռիսկերը: Այն սպառողները, որոնց էլեկտրամատակարարման ընդհատումները կարող են հանգեցնել աշխատողների կամ այլ անձանց առողջության ու անվտանգության խախտման ռիսկերի կամ շրջակա միջավայրի վրա անթույլատրելի ազդեցության, պարտավոր են նախատեսել դրանց կանխարգելման միջոցներ (սնման սեփական ռեզերվային աղբյուրներ, անվտանգ տեխնոլոգիաներ և այլն): Սպառողի էլեկտրասնման ռեզերվային աղբյուրների և ընդհանուր նշանակության էլեկտրական համակարգի զուգահեռ աշխատանքը բացառող տեխնիկական միջոցների նկատմամբ տեխնիկական պահանջները սահմանում է էլեկտրամատակարարը:

 

4. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1) Էլեկտրակայանքի կառուցման կամ վերակառուցման նախագծերը պետք է կազմվեն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից և օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ենթարկվեն փորձաքննության:

Սպառողի կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքի նախագծերը ենթակա են էլեկտրամատակարար կազմակերպության հետ համաձայնեցման, եթե, համաձայն միացման պայմանագրի (էլեկտրամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանների), նախատեսվում է կառուցվող էլեկտրասնման գծերի միացում ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին կամ ցանցին միացված` գործող գծերի թողունակության (բեռնվածքի) մեծացում: Համաձայնեցման գործընթացում էլեկտրամատակարար կազմակերպությունն ստուգում է`

ա) նախագծի համապատասխանությունը միացման պայմանագրին (էլեկտրամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմաններին),

բ) էլեկտրասպառման համակարգի (սարքավորումների) և ընդհանուր նշանակության էլեկտրական համակարգի էլեկտրամագնիսական համատեղելիությունը` սարքավորումների և սարքերի անվտանգ աշխատանքի ապահովման առումով,

գ) վնասվածքների կամ վթարների դեպքում պաշտպանության ու ավտոմատիկայի սարքերի ընտրությունը և դրանց աշխատանքային հարաչափերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցի հարաչափերին,

դ) անվտանգությունն ապահովող այլ տեխնիկական միջոցների (հողանցման և (կամ) զրոյակցման համակարգերը, գերլարումներից պաշտպանությունը և այլն) համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին և ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցի հարաչափերին: Եթե սպառողի կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքները, համաձայն միացման պայմանագրի, պետք է սնվեն (սնվում են) այլ սպառողին պատկանող էլեկտրական ցանցերից, ապա համաձայնեցման գործընթացի մասնակից պետք է հանդիսանա այն սպառողը, որի էլեկտրակայանքներին նախատեսվում է միացնել այլ սպառողի էլեկտրական համակարգը:

2) Էլեկտրակայանքի հավաքակցման համար օգտագործվող ցածր և բարձր լարման հոսանքի փոխարկիչ և պաշտպանության սարքերը պետք է լինեն հավաստված, ունենան սարքավորման տեխնիկական անձնագիր և համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

3) Կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքի պատվիրատուն կամ նրա գործառույթներն իրականացնող անձը պարտավոր է տեխնիկական վերահսկողություն իրականացնել էլեկտրակայանքների շինհավաքակցման աշխատանքների նկատմամբ իր մասնագիտացված անձնակազմի կամ իր կողմից ընտրված սպասարկող անձի միջոցով:

4) Անվտանգության պահանջներին և պարտադիր ստանդարտներով (սարքավորման տեխնիկական պայմաններով) սահմանված հարաչափերին էլեկտրակայանքի համապատասխանությունն ստուգելու համար կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքները պետք է ենթարկվեն փորձարկումների և ստուգումների` տեխնիկական կանոնակարգերով կամ սարքավորումների շահագործման փաստաթղթերով սահմանված կարգով:

5) Կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքների շինմոնտաժային աշխատանքների ավարտը փաստագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված կարգով:

6) Անկախ սեփականության ձևից` 6 կՎ և բարձր լարման փոփոխական հոսանքի էլեկտրակայանքների էլեկտրական մասի տեխնիկական ստուգումները և գործարկման եզրակացությունների տրամադրումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 412-Ն և հունիսի 1-ի N 739-Ն որոշումներով հաստատված կարգերի համաձայն: Էլեկտրամատակարար կազմակերպության լիազորված անձը մասնակցում է սպառողի կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքի ստուգման աշխատանքներին, եթե սպառողի էլեկտրակայանքը պետք է նոր էլեկտրական միացումներ ունենա ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին, և ստուգում է միացման պայմանագրի (էլեկտրամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանների), այդ թվում` հաշվառքի սարքերի տեղադրման ամբողջական կատարումը:

7) Փոփոխական հոսանքի մինչև 1 կՎ լարման և հաստատուն հոսանքի մինչև 1.5 կՎ լարման էլեկտրակայանքների գործարկման թույլատրման պայմանները սահմանում է գործատուն` հետևյալ պայմաններով`

ա) եթե կազմակերպության էլեկտրակայանքները շահագործման ընթացքում պայմանագրի հիման վրա պետք է սպասարկվեն մասնագիտացված կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից, ապա մասնագիտացված կազմակերպությունը մինչև գործարկումն ստուգում է էլեկտրակայանքի անվտանգությունը և տալիս գրավոր եզրակացություն ստուգման արդյունքների մասին,

բ) եթե կազմակերպության էլեկտրակայանքները պետք է սպասարկվեն սեփական մասնագիտացված անձնակազմի կողմից, ապա էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձը մինչև գործարկումն ստուգում է էլեկտրակայանքի անվտանգությունը և տալիս գրավոր եզրակացություն ստուգման արդյունքների մասին:

8) Կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքի (դրանց համախմբի) գործարկման համար կազմակերպությունը պարտավոր է կազմել հետևյալ փաստաթղթերի փաթեթը`

ա) էլեկտրակայանքի նախագիծը` շինհավաքակցման աշխատանքների ժամանակ կատարված` թույլատրված փոփոխություններով,

բ) սարքավորումների սարքավորման տեխնիկական անձնագրերն ու հրահանգները,

գ) ստուգման-փորձարկման մասին արձանագրությունները,

դ) էլեկտրակայանքի գործարկման թույլատրման մասին եզրակացությունը,

ե) էլեկտրակայանքի անվտանգ շահագործման մասին հրահանգները (փոփոխական հոսանքի 380 Վ և բարձր լարման էլեկտրակայանքների համար),

զ) ընդունող հանձնաժողովի հանձնման-ընդունման ակտը,

է) շինարարական նորմերով սահմանված շինհավաքակցման աշխատանքների վերաբերյալ այլ փաստաթղթեր,

ը) էլեկտրամատակարարման պայմանագիրը մատակարար կազմակերպության հետ, եթե սպառողի էլեկտրակայանքները պետք է միանան ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին:

 

5. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1) Մատակարարն ու սպառողն էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման ամբողջ ընթացքում պարտավոր են ապահովել միացման պայմանագրով, էլեկտրակայանքների նախագծերով, էլեկտրամատակարարման պայմանագրով և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով նախատեսված էլեկտրակայանքների անվտանգության պահանջները` նրանց էլեկտակայանքներին միացված` այլ անձի պատկանող էլեկտրակայանքների համար` հետևյալ միջոցառումների կիրառմամբ`

ա) էլեկտրակայանքների տեխնիկական վիճակի ստուգում, սարքավորումների հուսալիությունն ու անվտանգությունն ապահովող հարաչափերի վերականգնում և ապահովում տեխնիկական նորմատիվ փաստաթղթերով, սարքավորումների շահագործման փաստաթղթերով սահմանված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ծավալներով ու պարբերականությամբ,

բ) էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուր հանդիսացող և (կամ) լարման անհամաչափություն ստեղծող սպառողի սարքավորումների աշխատանքի մշտական հսկում,

գ) մատակարարի կողմից իր ցանցերում տեղակայված` սպառողի էլեկտրակայանքների ռելեական պաշտպանության տեխնիկական միջոցների հարաչափերի ապահովում,

դ) մատակարարի կողմից իր 0,4 կՎ լարման էլեկտրական ցանցից սնվող սպառողի էլեկտրակայանքների անվտանգությունն ապահովող մատակարարման ցանցի հողանցման համակարգի հարաչափերի մշտական ապահովում,

ե) կողմերից մեկի սեփականությունը հանդիսացող` մյուս կողմի տարածքում (այդ թվում` սենքերում) գտնվող գծերի ու սարքավորումների ամբողջականության պահպանում` տարածքի սեփականատիրոջ կողմից:

2) Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերից սնվող սպառողը պարտավոր է էլեկտրամատակարարին անհապաղ հայտնել իր էլեկտրակայանքներում վթարների և վթարային իրավիճակների մասին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մատակարարի ցանցերի վրա:

3) Սպառողի մոտ արտակարգ իրավիճակներում (հրդեհ, դժբախտ դեպքեր և այլն) էլեկտրամատակարարը պարտավոր է սպառողի առաջին իսկ պահանջով օրվա ցանկացած ժամին հնարավոր կարճ ժամկետում էլեկտրական ցանցից անջատել սպառողի էլեկտրամատակարարման գծերը:

4) Էլեկտրական համակարգի սնման ավտոնոմ աղբյուրներ ունեցող սպառողները պարտավոր են մշտապես աշխատունակ վիճակում պահել ուղեփակող սարքերը, որոնցով բացառվում է սնման ավտոնոմ աղբյուրի զուգահեռ միացումն ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին:

5) Եթե, մատակարարի գնահատմամբ, սպառողի էլեկտրակայանքները գտնվում են վթարային վիճակում, ինչն էական վտանգ է ստեղծում մատակարարի էլեկտրակայանքների համար, ապա մատակարարն իրավունք ունի, էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով զգուշացնելով սպառողին, ընդհատել վերջինիս մատակարարումը:

6) Սպառողը պարտավոր է էլեկտրամատակարարման պայմանագրով սահմանված կարգով ապահովել մատակարարի ներկայացուցիչների մուտքն իր էլեկտրակայանքները, որոնք մատակարարին պատկանող սնման գծերով միացված են վերջինիս ցանցին` այդ գծերի վրա ստուգման աշխատանքներ կատարելու համար։

7) 6 կՎ և բարձր լարման ընդհանուր նշանակության ցանցերից սնվող կազմակերպությունը պարտավոր է նշանակել էլեկտրամատակարարի հետ օպերատիվ խոսակցությունների վարման իրավունք և պարտականություն ունեցող պատասխանատու անձ (անձինք)` էլեկտրատեխնիկական անձնակազմից: Պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարները գրավոր ներկայացվում են էլեկտրամատակարար կազմակերպություն:

 

6. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Պայմանագրային հիմունքներով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների կողմից սույն տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին գլխում նշված ծառայությունների մատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

2) Կազմակերպությունը, որը պայմանագրի հիման վրա կատարում է պատվիրատուի էլեկտրակայանքների կարգաբերման, փորձարկման, տեխնիկական սպասարկման կամ նորոգման միանգամյա կամ մշտական աշխատանքներ, պարտավոր է`

ա) ապահովել իր կողմից կատարվող աշխատանքների ծավալների և անվանացանկի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին,

բ) ապահովել փորձարկված (կարգաբերված, նորոգված) էլեկտրակայանքների անվտանգությունը` պայմանագրով կամ սարքավորման տեխնիկական անձնագրով սահմանված միջփորձարկման (միջնորոգման) ժամանակահատվածի համար, պայմանով, որ պատվիրատուն օգտագործում է այդ սարքավորումները` դրանց տեխնիկական անձնագրերով սահմանված պահանջների պահպանմամբ,

գ) կազմել և պատվիրատուին տրամադրել փորձարկումների (նորոգումների կամ ստուգումների) մասին արձանագրություններ և այլ տեխնիկական փաստաթղթեր, որոնցով հավաստվում են կատարված աշխատանքների ծավալն ու արդյունքները:

 

II. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1) Սույն պահանջները տարածվում են`

ա) էլեկտրաէներգետիկայի ոլորտում էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման, բաշխման գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա,

բ) էլեկտրակայանքները հաստիքային մասնագիտացված անձնակազմի միջոցով շահագործող և (կամ) սպասարկող կազմակերպությունների վրա,

գ) այն կազմակերպությունների վրա, որոնք պայմանագրային հիմունքներով կատարում են շինհավաքակցման, փորձարկման աշխատանքներ` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կազմակերպությունների էլեկտրակայանքներում,

դ) էլեկտրասպառող կազմակերպությունների վրա` սույն գլխում սահմանված դեպքերում:

2) Յուրաքանչյուր կազմակերպություն իր սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող էլեկտրակայանքների անվտանգությունն այլ անձանց կյանքի ու գույքի համար և էլեկտրակայանքներն սպասարկող աշխատողների, գործող էլեկտրակայանքներում պայմանագրային հիմունքներով աշխատանքներ կատարող աշխատողների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար պարտավոր է ապահովել հետևյալ պարտադիր միջոցառումների կատարումը`

ա) կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքների գործարկում` սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին համապատասխան,

բ) յուրաքանչյուր աշխատատեղում և աշխատանքային գործընթացում ռիսկերի գնահատում, աշխատողների անվտանգության ապահովման ու առողջական վիճակի անձնագրերի կազմում,

գ) աշխատատեղերում և աշխատանքային գործընթացներում ռիսկերի գնահատում և դրանց ազդեցության նվազեցման վերաբերյալ աշխատողների, կազմակերպության էլեկտրակայանքներում աշխատանքներ կատարելու համար գործուղված անձանց նախնական հրահանգավորում և ուսուցում` մինչև ինքնուրույն աշխատանքի թույլատրելը, և պարբերաբար` աշխատանքային գործունեության ընթացքում,

դ) գործող էլեկտրակայանքների շահագործման, օպերատիվ և տեխնիկական սպասարկման վերաբերյալ ներքին իրավական ակտերի (կազմակերպության ստանդարտների, շահագործման կանոնների և այլն) մշակում, ընդունում և կատարում` էլեկտրակայանքների շահագործման ամբողջ ընթացքում դրանց անվտանգությունն ապահովելու համար,

ե) գործող էլեկտրակայանքների օպերատիվ և տեխնիկական սպասարկման, նորոգման և փորձարկման աշխատանքներ կատարող ստորաբաժանումների կառուցվածքի և գործառույթների սահմանում` կազմակերպության ներքին իրավական ակտերով,

զ) էլեկտրատեխնիկական անձնակազմի ուսուցման ծրագրերի, ուսուցման, հրահանգավորման, ատեստավորման, ինքնուրույն աշխատանքի անցնելու թույլատրման, կրկնորդման վերաբերյալ ներքին և անհատական իրավական ակտերի ընդունում,

է) աշխատանքների անվտանգ կատարման վերաբերյալ հրահանգների ու կանոնների կազմում և ընդունում, որոնցում ներառվում են անվտանգության ապահովման տեխնիկական ու կազմակերպական միջոցառումները, պաշտպանության միջոցներից օգտվելու պայմանները, աշխատանքի անվտանգությունն ապահովող յուրաքանչյուր աշխատողի իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը,

ը) աշխատանքների անվտանգ կատարման համար աշխատողների ապահովումը համապատասխան գործիքներով, սարքավորումներով, անհատական պաշտպանության միջոցներով, չափիչ և ստուգիչ սարքերով,

թ) անվտանգության կառավարման համակարգի` որպես կազմակերպության աշխատանքային գործունեության կարևոր օղակներից մեկի կազմավորումը և աշխատանքի ապահովումը (կազմակերպության անվտանգության ստորաբաժանման կազմավորումն ու աշխատանքի ապահովումը, անվտանգության ապահովման կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների մշակումը, ֆինանսավորումը, ներդրումը, անվտանգության վերահսկումը, խախտումների վերլուծությունը և այլն),

ժ) գործող էլեկտրակայանքներում աշխատանքներ կատարող էլեկտրատեխնիկական անձնակազմի աշխատողների` գործատուի հաշվին նախնական և պարբերական բժշկական զննումների անցկացումը,

ժա) կազմակերպության կողմից` իր տարածքից դուրս գտնվող օդային ու մալուխային գծերի, ենթակայանների, մալուխային էստակադների ու ստորգետնյա կառույցների պարբերական զննումների կազմակերպումն ու անցկացումը` այլ անձանց կյանքի ու գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կազմակերպությունն այդ էլեկտրակայանքների վտանգների մասին պետք է պարբերաբար տեղյակ պահի հանրությանը` զանգվածային լրատվության միջոցներով:

3) Էլեկտրամատակարար կազմակերպության կողմից` իր սեփականությունը հանդիսացող էլեկտրական ցանցերից սնվող սպառողներին էլեկտրամատակարարման ծառայությունների մատուցումը պետք է իրականացվի ԳՕՍՏ 13109 ստանդարտի պահանջներին և հետևյալ չափանիշներին համապատասխան, սակայն չսահմանափակվելով դրանցով`

ա) լարման մեծությունը` դրա թույլատրելի շեղումների սահմաններում,

բ) էլեկտրական ցանցերում առաջացող այն գերլարումների սահմանափակումը` մինչև թույլատրելի մակարդակը, որոնք էլեկտրական կամ էլեկտրամագնիսական կապերի շնորհիվ կարող են անցնել սպառողի էլեկտրական ցանցերը և վնասել սպառողի էլեկտրակայանքները։

4) Էլեկտրամատակարար կազմակերպությունը պետք է ապահովի իր սեփականությունը հանդիսացող էլեկտրական ցանցերին անմիջականորեն միացված` սպառողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական գծերի պաշտպանությունն էլեկտրական վնասվածքներից` համաձայն միացման պայմանագրի:

5) Գործատուն պետք է կազմակերպի աշխատողների ուսուցման կաբինետ, իսկ խոշոր կազմակերպությունների համար (100 աշխատողից ավելի)` նաև ուսուցման տեխնիկական բազաներ (պոլիգոններ):

 

8. ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1) Գործող էլեկտրակայանքներում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման համար գործատուն պարտավոր է գնահատել էլեկտրակայանքներում վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցության ռիսկերը` յուրաքանչյուր էլեկտրակայանքի (էլեկտրակայանքների խմբի) աշխատանքի համար, մշակել և ներդնել կազմակերպության աշխատանքի անվտանգության կառավարման համակարգ` հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

2) Էլեկտրակայանքներում աշխատանքներ կատարելիս` վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկերը գնահատվում են հետևյալ ձևով և չափանիշներով`

ա) ցածր ռիսկայնության աշխատանքներ,

բ) միջին ռիսկայնության աշխատանքներ,

գ) բարձր ռիսկայնության աշխատանքներ։

3) Ռիսկերի գնահատման համար սահմանվում են հետևյալ չափանիշները`

4) Ցածր ռիսկայնության աշխատանքի պայմաններում բացակայում են վտանգավոր գործոնները: Դրանց հանկարծակի առաջացման և աշխատողի վրա հնարավոր ազդեցության դեպքերում (օրինակ, հրդեհ կամ ֆորս մաժորի այլ երևույթ) աշխատողը հնարավորություն ունի խուսափելու դրանց ազդեցությունից:

5) Միջին ռիսկայնության աշխատանքի պայմաններում առկա են աշխատատեղի և (կամ) աշխատանքային գործընթացի հետ կապված վտանգավոր ու վնասակար գործոնները, որոնց նվազեցման համար նախատեսվում են անվտանգության միջոցառումներ, սակայն ռիսկերը մնում են, եթե`

ա) որոշ վտանգավոր գործոններ շարունակում են մնալ անկառավարելի,

բ) սահմանված անվտանգության միջոցառումների մասնակի կիրառման դեպքում էապես աճում է ռիսկի աստիճանը։

6) Բարձր ռիսկայնության աշխատանքի պայմաններում մեծ է վտանգավոր և վնասակար գործոնների ու դրանց հետ կապված ռիսկերի քանակը, որոնց մի մասն անկառավարելի է: Այդ ռիսկերը թույլատրելի մակարդակի հասցնելու համար պետք է կիրառվեն տեխնիկական կանոնակարգերով, ազգային ստանդարտներով սահմանված և բավարար փորձի արդյունքներին համապատասխանող լրացուցիչ անվտանգության միջոցառումներ:

 

9. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

1) Ցածր ռիսկայնության պայմաններով աշխատանք են համարվում հետևյալ աշխատանքները`

ա) վարչական և ծառայողական այն աշխատանքները, որոնք իրականացվում են էլեկտրատեխնիկական և ոչ էլեկտրատեխնիկական ղեկավար անձնակազմի կողմից,

բ) հաշվարկման տեխնիկայի, տեղական կապի, պահակային ծառայության, վարչական և արտադրական շենքերի (բացի էլեկտրական ցանցերից) տեխնիկական սպասարկման աշխատանքները,

գ) այլ աշխատանքներ, որոնց կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հատուկ ուսուցում և որակավորման ստուգում չեն պահանջվում:

2) Միջին ռիսկայնության պայմաններով աշխատանք են համարվում հետևյալ աշխատանքները`

ա) գործող էլեկտրակայանքներում բոլոր աշխատանքները, որոնց կատարման համար պահանջվում են անվտանգության միջոցառումներ,

բ) օպերատիվ փոխանջատումներ բարձր լարման էլեկտրակայանքներում` առանց հեռակառավարման միջոցների,

գ) մեխանիզմների կիրառմամբ բեռնաբարձման, բեռնաթափման, բեռների տեղափոխման, բեռների պահեստավորման աշխատանքներ,

դ) այլ աշխատանքներ` վերամբարձ և հողափոր մեխանիզմների կիրառմամբ,

ե) բարձր լարման կիրառմամբ չափումներ և փորձարկումներ` ստացիոնար լաբորատորիաներում,

զ) բաց կրակի, թունաքիմիկատների, բնական և հեղուկ գազի, ցնդող դյուրավառ նյութերի տեխնոլոգիական կիրառմամբ աշխատանքներ,

է) գազաէլեկտրաեռակցման աշխատանքներ,

ը) բարձր ճնշման տակ գտնվող կայանքների շահագործման, սպասարկման և նորոգման աշխատանքներ,

թ) գործող էլեկտրական գծերի անվտանգության գոտիներում մեխանիզմների կիրառմամբ կատարվող աշխատանքներ,

ժ) փակ մալուխային կառույցներում կատարվող աշխատանքներ, եթե դրանք տեխնիկական կանոնակարգով չեն սահմանված որպես բարձր ռիսկայնության պայմաններով աշխատանքներ:

3) Բարձր ռիսկայնության պայմաններով աշխատանք են համարվում հետևյալ աշխատանքները`

ա) աշխատանքներ 6 կՎ և բարձր լարման էլեկտրակայանքներում, որոնք բնորոշվում են որպես «աշխատանքային լարման տակ գտնվող հոսանքատար մասերի վրա» կատարվող աշխատանքներ,

բ) փորձարկման-չափման աշխատանքները` 1000 Վ-ից բարձր լարման կիրառմամբ շարժական լաբորատորիաներով,

գ) վթարային վիճակում գտնվող հենասյուներով օդային 0,4-35 կՎ գծերի սպասարկման աշխատանքները` հենասյուների վրա աշխատողի` 3 մ և ավելի բարձրանալու դեպքում,

դ) լարման տակ գտնվող 6 կՎ և բարձր լարման օդային գծերի սպասարկման աշխատանքները` հենասյուների վրա աշխատողի` 3 մ և ավելի բարձրանալու դեպքում,

ե) միջին ռիսկայնության պայմաններով աշխատանքներ, որոնք կատարվում են արտակարգ և շտապ գործողություններ պահանջող իրավիճակներում` առանց այդ աշխատանքների համար նախատեսված անվտանգության միջոցառումների ամբողջական կիրառման, որը մեծացնում է ռիսկերը:

 

10. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Գործող էլեկտրակայանքներում աշխատանքները պետք է կատարվեն շահագործող կազմակերպության կողմից տրվող կարգագրով կամ կարգադրությամբ:

2) Գործող էլեկտրակայանքներում օպերատիվ սպասարկման աշխատանքներն օպերատիվ կամ օպերատիվ-նորոգող անձնակազմի կողմից կատարվում են կարգադրությամբ` տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարմամբ:

3) Օպերատիվ փոխանջատումները պետք է կատարի օպերատիվ կամ օպերատիվ-նորոգող անձնակազմը, որն այդ աշխատանքների կատարման համար ստացել է թույլտվություն` համապատասխան ստորաբաժանման գրավոր կարգադրությամբ:

4) Հերթափոխի ավագը (անկախ անձնակազմի թվաքանակից) պետք է ունենա անվտանգության IV խումբ, իսկ հերթափոխի անդամները` III խումբ:

Օպերատիվ-մեկնման բրիգադի ավագը պետք է ունենա IV խումբ, իսկ բրիգադի անդամները` III խումբ` 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքների սպասարկման դեպքում, և համապատասխանաբար` III և II խմբեր` մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքների սպասարկման դեպքում:

5) Տեխնիկական սպասարկման և (կամ) էլեկտրակայանքների փորձարկման-ստուգման հետևյալ աշխատանքները պետք է կատարվեն հատուկ ուսուցում անցած և այդ աշխատանքների կատարման համար սահմանված կարգով թույլտվություն ստացած աշխատողների բրիգադի կողմից`

ա) վերնաշխատանքներ,

բ) բարձր լարման էլեկտրակայանքներում աշխատանքային լարման տակ գտնվող հոսանքահաղորդիչ մասերի վրա կատարվող աշխատանքներ,

գ) կողմնակի աղբյուրից բարձր լարման կիրառմամբ կատարվող փորձարկման-ստուգման աշխատանքներ (այդ թվում` մեգօհմաչափով),

դ) ակտիվ քիմիական նյութերի կիրառմամբ կատարվող աշխատանքներ,

ե) հեղուկ գազի կիրառմամբ կատարվող աշխատանքներ:

Կազմակերպությունը կարող է հատուկ ուսուցման պահանջներ սահմանել նաև այլ աշխատանքների կատարման վերաբերյալ` ելնելով տեղական պայմաններից:

6) Սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների կիրառումը պարտադիր է անձնակազմի համար: Կազմակերպությունը պարտավոր է աշխատողներին տրամադրել տեխնիկական կանոնակարգերով նախատեսված պաշտպանության միջոցներ, ապահովել դրանց պարբերական փորձարկումները և ստուգումները:

7) Չի թույլատրվում աշխատանքների ինքնակամ կատարում, ինչպես նաև կարգագրով կամ կարգադրությամբ սահմանված աշխատանքային տեղերի և ծավալների ընդլայնում:

8) Աշխատանքների պատասխանատու ղեկավարը կամ թույլատրողն այլ կարգագրի գործողության գոտում աշխատանքների կատարումը պետք է համաձայնեցնի ավելի վաղ տրված կարգագրով աշխատանքներ վարող աշխատողի (աշխատանքների պատասխանատու ղեկավարի) կամ կարգագիր տվողի հետ:

9) 1000 Վ բարձր լարման էլեկտրասարքավորումների նորոգման աշխատանքները, առանց լարումը հանելու, 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում աշխատանքները, ինչպես նաև ցանկացած լարման օդային գծի (այսուհետ` ՕԳ) նորոգումը, որպես կարգ, պետք է կատարվեն տեխնոլոգիական քարտերով կամ աշխատանքների կատարման նախագծով (այսուհետ` ԱԿՆ):

10) Էլեկտրակայանքներում չի թույլատրվում մարդկանց, մեխանիզմների և բեռնամբարձ մեքենաների մոտենալը լարման տակ գտնվող` չցանկապատված հոսանքատար մասերին` N 1 աղյուսակում նշված լարման տակ գտնվող հոսանքատար մասերից թույլատրվող հեռավորություններից պակաս հեռավորության վրա:

 

Աղյուսակ N 1

 

Լարման տակ գտնվող հոսանքատար մասերից թույլատրվող հեռավորություններ, մ

Լարումը, կՎ

Հեռավորությունը մարդկանցից և նրանց կողմից օգտագործվող գործիքներից ու հարմարանքներից, ժամանակավոր ցանկապատերից (մ)

Հեռավորությունն աշխատանքային կամ տեղափոխման վիճակում գտնվող մեխանիզմներից, բեռնամբարձ մեքենաներից, առասաններից, բեռնակալիչ հարմարանքներից և բեռներից (մ)

մինչև
1 կՎ

ՕԳ

0,6

1,0

մնացած էլեկտրա-կայանքներում

չի նորմավորվում
(առանց հպման)

1,0

1-35

0,6

1,0

60, 110

1,0

1,5

150

1,5

2,0

220

2,0

2,5

330

2,5

3,5

400

3,5

4,5

 

11) Էլեկտրակայանքների միանձնյա զննում կարող են կատարել`

ա) հերթափոխում գտնվող օպերատիվ անձնակազմի III խմբից ոչ պակաս որակավորում ունեցող աշխատողը,

բ) ստորաբաժանման ղեկավարի գրավոր կարգադրությամբ միանձնյա զննման իրավունք ունեցող վարչատեխնիկական անձնակազմի V խմբի որակավորում ունեցող աշխատողը` 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում, IV խմբինը` 1000 Վ ցածր լարման էլեկտրակայանքներում:

12) Էլեկտրակայանքները չսպասարկող աշխատողներին կարող է թույլատրվել այնտեղ գտնվել IV խմբի որակավորում ունեցող օպերատիվ անձնակազմի ուղեկցությամբ` 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում, և III խմբի որակավորում ունեցողին` 1000 Վ ցածր լարման էլեկտրակայանքներում, կամ միանձնյա զննման իրավունք ունեցող աշխատողի ուղեկցությամբ:

Ուղեկցող աշխատողը պետք է հետևի էլեկտրակայանքներ մուտք գործելու թույլատրված մարդկանց անվտանգությանը և նրանց նախազգուշացնի հոսանքատար մասերին մոտենալու վտանգի մասին:

13) Էլեկտրակայանքների զննման ժամանակ թույլատրվում է բացել վահանակների, հավաքվածքների, կառավարման վահանակների և այլ սարքվածքների դռները:

1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքների զննման ժամանակ չի թույլատրվում ներս մտնել չարգելափակված կամ չցանկապատված սրահները, խցերը, երբ այդ արգելափակումը և ցանկապատումը նախատեսված են հոսանքատար մասերին N 1 աղյուսակում նշված հեռավորություններից պակաս մարդկանց մոտենալու կանխարգելման համար: Չի թույլատրվում անցնել արգելափակոցներից և ցանկապատերից ներս: Զննման ժամանակ չի թույլատրվում որևէ աշխատանքի կատարում:

14) 6-35 կՎ լարման էլեկտրակայանքներում` հողակցման առկայության դեպքում մոտենալ հողակցման տեղին` փակ բաշխիչ սարքերում` 4 մ-ից պակաս հեռավորության վրա, և բաց բաշխիչ սարքերում ու օդային գծերում` 8 մ-ից պակաս հեռավորության վրա թույլատրվում է միայն հողակցման վերացման օպերատիվ փոխանջատումներ կատարելու կամ հոսանքահարված մարդկանց ազատելու համար: Մոտենալու դեպքում պետք է կիրառվեն էլեկտրապաշտպանության միջոցներ:

15) Ձեռքի հաղորդակով 1000 Վ բարձր լարման ընդհատիչները (բաժանիչները), անջատիչներն ու զատիչները (խզիչները) պետք է անջատել և միացնել դիէլեկտրիկ ձեռնոցներով:

16) Ապահովիչները հանելը և տեղադրելը պետք է կատարել լարումը հանելով: Թույլատրվում է ապահովիչները հանել և տեղադրել լարման տակ, բայց` առանց բեռնվածքի: Թույլատրվում է լարման և բեռնվածքի տակ փոխարինել երկրորդային շղթաների ապահովիչները, լարման տրանսֆորմատորի ապահովիչները և խցանային ապահովիչները:

17) Ապահովիչների հանման և տեղադրման համար անհրաժեշտ է օգտագործել`

ա) 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում` մեկուսացնող աքցաններ (ձողեր)` կիրառելով նաև դիէլեկտրիկ ձեռնոցներ և դեմքի ու աչքերի անհատական պաշտպանության միջոցներ,

բ) 1000 Վ ցածր լարման էլեկտրակայանքներում` մեկուսացնող ձողեր կամ դիէլեկտրիկ ձեռնոցներ, ինչպես նաև դեմքի ու աչքերի անհատական պաշտպանության միջոցներ:

18) Էլեկտրակայանքների սրահների, խցերի, վահանակների, հավաքվածքների դռները պետք է փակված լինեն փականով, բացի նրանցից, որոնցում կատարվում են աշխատանքները:

19) Էլեկտրակայանքների բանալիների պահպանման կարգը սահմանվում է դրանք շահագործող կազմակերպության ներքին իրավական ակտերով: Էլեկտրակայանքների բանալիները պետք է գտնվեն օպերատիվ (օպերատիվ-նորոգող) անձնակազմի հաշվառման տակ: Տեղային հերթապահություն չունեցող էլեկտրակայանքների բանալիները կարող են հաշվառվել վարչատեխնիկական անձնակազմի կողմից: Բանալիները պետք է լինեն համարակալված և պահվեն փակ արկղերում: Բանալիների մեկ լրակազմը պետք է լինի պահեստային:

20) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում աշխատանքային լարման տակ աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովվեն հետևյալ պահանջները`

ա) աշխատողը պետք է գտնվի ազատ դիրքում, հետևից ու կողքերից չարգելափակված հոսանքատար մասերը պետք է գտնվեն 1,2 մ հեռավորության վրա, կամ հետևից, վերևից ու կողքերից ազատ տարածությունը պետք է կազմի 0.9 մ-ից ոչ պակաս, և պետք է ապահովվի ազատ ելք դեպի դուռը:

Չի թույլատրվում աշխատել կարճաթև կամ հետ ծալված թևերով հագուստով, ինչպես նաև` օգտագործել երկաթե սղոց, խարտոց, մետաղական մետր և այլն:

Չի թույլատրվում էլեկտրակայանքներում աշխատել կռացած վիճակում, եթե ուղղվելիս հոսանքատար մասերից հեռավորությունը կլինի N 1 աղյուսակում նշված հեռավորություններից պակաս:

Չի թույլատրվում չցանկապատված հոսանքատար մասերի մոտ աշխատանքի ժամանակ այնպիսի դիրք ընդունել, որ այդ մասերը գտնվեն աշխատողի հետևում կամ երկու կողային կողմերում:

Չի թույլատրվում առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման հպվել մեկուսիչներին, լարման տակ գտնվող սարքավորումների մեկուսիչ մասերին,

բ) աշխատանքները պետք է կատարվեն մեկուսիչ տախտամածի (ռետինե գորգի) վրա կանգնած, սահմանված կարգով փորձարկված մեկուսիչ հատուկ գործիքներով, անհրաժեշտության դեպքում` մեկուսիչ ձեռնոցներով: Պտուտակահանի վրա, բացի դրանցից, պետք է մեկուսացվի նաև ձողը,

գ) աշխատանքների տևողությունը տվյալ աշխատատեղում չպետք է գերազանցի 1 ժ-ը,

դ) սարքավորումը, որի վրա աշխատանքներ են կատարվում, չպետք է ունենա այնպիսի տեխնիկական թերություններ, որոնք աշխատանքների կատարման ընթացքում առաջացնում են լրացուցիչ ռիսկեր,

ե) աշխատանքները պետք է կատարվեն կարգագրով կամ գրավոր կարգադրությամբ,

զ) եթե աշխատանքները կատարվում են 1,3 մ և ավելի բարձրության վրա, ապա աշխատանք իրագործողը պետք է ապահովի աշխատանքների կատարման համապատասխանությունը բարձրության վրա աշխատանքի անվտանգության պահանջներին:

21) 6 կՎ և բարձր լարման էլեկտրակայանքներում աշխատանքները, որպես կարգ, պետք է կատարվեն լարումը հանելով` N 1 աղյուսակում նշված թույլատրելի հեռավորությունների պահպանմամբ:

22) Օդային 0,4 կՎ գծի սպասարկման և նորոգման աշխատանքները պետք է կատարվեն սահմանված կարգով լարումը հանելով և հողանցմամբ: Թույլատրվում է առանց լարումը հանելու կատարել օդային 0,4 կՎ գծերի վրա աշխատանքներ` կապված մարդու կյանքի ու գույքի անվտանգության ապահովման հետ (օրինակ, կտրված ֆազային հաղորդալարի անջատում), որոնց ժամանակ պետք է կատարվեն համապատասխան անվտանգության միջոցառումներ:

23) Բաց բաշխիչ սարքերի փոխհատվող թռիչքներում լարման տակ գտնվող հաղորդալարերից ցածր անցնող հաղորդալարերի (մետաղաճոպանների), դրանց մեկուսիչների ու արմատուրի փոխարինման դեպքում` փոխարինվող հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրայով պետք է անցկացվեն սինթետիկ կամ բուսական մանրաթելերից պատրաստված պարաններ` վերևով անցնող հաղորդալարերին կպչելը կանխարգելելու համար:

Պարանները պետք է անցկացնել երկու տեղում` փոխհատման երկու կողմերից, դրանց ծայրերն ամրացնելով կոնստրուկցիաներին, խարիսխներին և այլնի:

Հաղորդալարը (մետաղաճոպանը) պետք է բարձրացնել դանդաղ ու սահուն:

24) Բաց բաշխիչ սարքերում լարման տակ գտնվող հաղորդալարերից վերև տեղադրված հաղորդալարերի (մետաղաճոպանների), դրանց մեկուսիչների ու արմատուրի վրա աշխատանքները պետք է կատարվեն` համաձայն կազմակերպության կողմից հաստատված աշխատանքների կատարման նախագծի: ԱԿՆ-ում պետք է նախատեսված լինեն հաղորդալարերի (մետաղաճոպանների) իջեցումը կանխարգելող, ինչպես նաև մակածված լարումից պաշտպանության միջոցները: Չեն թույլատրվում հաղորդալարերի (մետաղաճոպանների) փոխարինման աշխատանքները` առանց փոխհատվող հաղորդալարերից լարումը հանելու:

25) Թույլատրվում են աշխատողների տեղաշարժերը լարման բոլոր դասերի օդային գծերի 240 մմ2-ից ոչ պակաս կտրվածքի հաղորդալարերով և 70 մմ2-ից ոչ պակաս կտրվածքի մետաղաճոպաններով` պայմանով, որ հաղորդալարերը և մետաղաճոպանները բնականոն տեխնիկական վիճակում են, այսինքն` չունեն թրթռումներից, կոռոզիայից և այլ պատճառներից առաջացած վնասվածքներ: Տրոհված հաղորդալարերով և մետաղաճոպաններով տեղաշարժվելիս` ապահովիչ գոտու առասանը պետք է ամրացնել դրանց, իսկ հատուկ սայլակի օգտագործման դեպքում` սայլակին:

26) Հողային աշխատանքները պետք է կատարվեն սահմանված կարգով հաստատված նախագծերի պահանջների համաձայն:

27) 35 կՎ և բարձր լարման ենթակայանների սպասարկման աշխատանքների ընթացքում պետք է կիրառել հետևյալ անվտանգության պահանջները`

ա) փակ 35 և 110 ենթակայաններում աշխատանքներ կատարելիս (փակ բաշխիչ սարքավորումների սրահներ, տրանսֆորմատորի սրահներ և այլն)` աշխատողները պետք է ունենան դեպի դուրս ազատ ելքի հնարավորություն` էլեկտրակայանքի ցանկացած հատվածում հրդեհ առաջանալու դեպքում,

բ) ենթակայանում նորոգման (տեխնիկական սպասարկման, կարգաբերման) աշխատանքներ կատարելիս` արգելվում է նույն բաշխիչ սարքի կամ նույն սրահում գտնվող այլ կայանքի բարձր լարման կիրառմամբ ստուգումների կատարումը,

գ) ենթակայանի նույն էլեկտրակայանքի վրա մի քանի բրիգադների միաժամանակյա աշխատանքների կատարման թույլատրման դեպքում պետք է նշանակվի աշխատանքի անվտանգության մեկ պատասխանատու անձ` բոլոր բրիգադների աշխատանքների համակարգման համար` փոխադարձ անվտանգությունն ապահովելու նպատակով:

28) 0,4 կՎ-ից մինչև 35 կՎ մալուխային գծերի սպասարկման աշխատանքների ընթացքում պետք է կատարվեն հետևյալ անվտանգության պահանջները`

ա) մալուխային կառույցներում անցկացված մալուխային գծերի վնասվածքի տեղը, որպես կանոն, պետք է որոշել հրդեհի իրական վտանգ չառաջացնող մեթոդներով և եղանակներով, հատկապես, երբ վնասվածքն ըստ չափումների կարող է գտնվել էլեկտրակայանի կամ ենթակայանի տարածքում,

բ) հասարակական վայրեր ելքի դռներ (լյուկեր) ունեցող մալուխային կառույցներում աշխատանքներ կատարելիս` պետք է կանխարգելել բաց դռներից (լյուկերից) այլ մարդկանց և կենդանիների մուտքը մալուխային կառույց,

գ) մալուխային կառույց ունեցող բոլոր մասնաճյուղերում պետք է նշանակվի այդ կառույցների համար պատասխանատու անձ` ճարտարագիտատեխնիկական անձնակազմից, որն ունի աշխատանքի անվտանգության V խմբի որակավորում: Պատասխանատու անձը, որպես աշխատանքի ղեկավար, պետք է ապահովի մալուխային գծերի սպասարկման (նորոգման) բոլոր կազմակերպական և տեխնիկական միջոցառումների իրականացումը և անընդհատ հսկողություն սահմանի կատարվող աշխատանքների նկատմամբ,

դ) այլ կազմակերպությունների անձնակազմի կողմից մալուխային կառույցներում աշխատանքները պետք է կատարվեն միայն կազմակերպության կողմից լիազորված պատասխանատու անձի թույլտվությամբ և հսկողության ներքո,

ե) մալուխային կառույցների երկու ելքերի միջև ընկած հատվածներում արգելվում է երկու բրիգադի միաժամանակյա աշխատանքը,

զ) մալուխային կառույցներում արգելվում է ցանկացած միանձնյա աշխատանք, այդ թվում` միանձնյա զննումը և շրջայցը,

է) էլեկտրակայանքների սրահներում, հորերում, թունելներում, խրամուղիներում փակ ու բաց բաշխիչ սարքերի (բացառությամբ ռելեական, ղեկավարման և նման այլ վահանների), ինչպես նաև օդային գծերի սպասարկման ու նորոգման աշխատանքներն անձնակազմը պետք է կատարի` կրելով պաշտպանության սաղավարտ,

ը) անձնակազմը պետք է տեղյակ լինի, որ էլեկտրակայանքներում լարումն անհետանալուց հետո այն կրկին կարող է տրվել` առանց նախազգուշացման,

թ) չի թույլատրվում աշխատել չլուսավորված տեղերում: Աշխատանքի տեղամասում, աշխատատեղերում և դրանց մոտենալու տեղամասերում լուսավորությունը պետք է լինի հավասարաչափ` առանց աշխատողի վրա լուսավորիչ սարքերի կուրացնող ազդեցության,

ժ) արտակարգ իրավիճակներում (հոսանքահարված անձի ազատումը հոսանքից, հնարավոր հրդեհի կանխումը և այլն) աշխատողը պարտավոր է կատարել բոլոր գործողությունները (անջատումներ, հոսանքահարված անձի ազատում և այլն)` մեկուսիչ պաշտպանության միջոցների կիրառմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` իր հայեցողությամբ օգտագործել այլ մեկուսիչ նյութեր, որոնց կիրառումը չի վտանգում աշխատողի կյանքն ու առողջությունը,

ժա) անբարենպաստ եղանակային պայմաններում պետք է դադարեցվեն բաց էլեկտրակայանքներում կատարվող բոլոր աշխատանքները,

ժբ) ամպրոպի մոտենալու դեպքում պետք է դադարեցվեն օդային գծերի, կապի օդային գծերի, բաց բաշխիչ սարքերի, անմիջականորեն օդային գծերին միացված փակ բաշխիչ սարքերի ներանցիչների և փոխարկման ապարատների վրա, ինչպես նաև սրահներում տեղակայված կապի հանգույցների օդային գծերի արտանցիչների վրա և ալեհավաք-կայմային կառույցներում բոլոր աշխատանքները,

ժգ) դժբախտ դեպքերի ժամանակ` տուժողին էլեկտրահարումից ազատելու համար լարումը պետք է հանվի անմիջապես` առանց նախնական թույլտվություն ստանալու:

 

11. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆՔ

 

1) Աշխատանքային գործընթացների անվտանգ կազմակերպման և իրականացման համար կազմակերպությունն իր ներքին իրավական ակտերով սահմանում է աշխատանքների անվտանգ կազմակերպման և իրականացման համար պատասխաանատու անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, նրանց գիտելիքների ստուգման և նշանակման ընթացակարգերը` հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2) Աշխատանքային գործընթացները կազմակերպող և (կամ) իրականացնող անձանց գիտելիքներին առաջադրվող պահանջները սահմանվում են կազմակերպության ստանդարտներով: Կազմակերպությունը, ելնելով տեղական պայմաններից, իր էլեկտրակայանքների և տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկություններից, կազմակերպության ներքին իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ:

3) Աշխատանքային գործընթացների անվտանգ կազմակերպման և իրականացման պարտականությունները դրվում են հետևյալ պատասխանատու անձանց վրա`

ա) աշխատանքների կատարման գրավոր կարգագիր կամ կարգադրություն տվող,

բ) աշխատանքների կատարման պատասխանատու ղեկավար,

գ) աշխատանքները թույլատրող,

դ) աշխատանքներն իրագործող,

ե) հսկող,

զ) բրիգադի անդամ:

4) Աշխատանքների անվտանգության ապահովման պատասխանատու անձանց պարտականությունները, իրավունքները և պատասխանատվությունը սահմանվում են կազմակերպության ներքին իրավական ակտերով` ելնելով հետևյալ պահանջներից`

5) աշխատանքների կատարման կարգագիր կամ կարգադրություն տվողը պարտավոր է`

ա) մինչև էլեկտրակայանքի վրա աշխատանքի կատարման հանձնարարական տալը` հստակ տեղեկություն ունենա էլեկտրակայանքի սխեմայի, տեխնիկական վիճակի, իրական ռիսկերի և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեխնոլոգիական գործընթացների պայմանների մասին,

բ) կարգագրով (կարգադրությամբ) նախատեսել աշխատանքի անվտանգությունն ապահովող սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված, ինչպես նաև իր գնահատմամբ ռիսկերը նվազեցնող այլ միջոցառումներ:

Եթե կարգագիր (կարգադրություն) տվողը գտնում է, որ աշխատատեղում առկա են կամ կարող են առաջանալ այլ ռիսկեր, որոնք կարգագրի (կարգադրության) կազմման ժամանակ չեն նախատեսվել, ապա նա պարտավոր է կարգագրի «Հատուկ ցուցումներ» բաժնում կամ կարգադրությունների մատյանում հանձնարարականներ տալ աշխատանքի ղեկավարին, թույլատրողին կամ աշխատանքն իրագործողին` լրացուցիչ ռիսկերի առաջացման դեպքում լրացուցիչ անվտանգության միջոցառումների կատարման կամ աշխատանքը դադարեցնելու մասին,

գ) նշանակել աշխատանքի ղեկավարին (եթե դա նախատեսված է սույն տեխնիկական կանոնակարգով կամ, իր գնահատմամբ, դա անհրաժեշտ է աշխատանքի անվտանգության ապահովման համար), սահմանել նրա պարտականությունները (թույլտվության մասնակցություն, աշխատանքային գործընթացների անընդհատ հսկողություն և այլն)` դրա մասին գրառումներ կատարելով կարգագրի «Հատուկ ցուցումներ» բաժնում,

դ) նշանակել աշխատանքն իրագործողին և բրիգադի անդամներին` հաշվի առնելով նրանց որակավորումն աշխատանքի անվտանգությունից, աշխատանքների կազմակերպման ունակությունները և տևողությունը:

6) Աշխատանքի ղեկավարը պարտավոր է`

ա) գնահատել կարգագրով նախատեսված անվտանգության միջոցառումների համապատասխանությունը կազմակերպության անվտանգության ստանդարտներին, դրանց բավարար լինելը` աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններով դիմել կարգագիր-թույլտվություն կամ գրավոր կարգադրություն տվող անձին,

բ) մասնակցել թույլատրողի գործողություններին (եթե դա նախատեսված է կարգագրով) և հսկել աշխատատեղի ճիշտ նախապատրաստման, բրիգադի հրահանգավորման, աշխատանքների թույլատրման ժամանակ,

գ) անընդմեջ հսկել աշխատանքային գործընթացը (եթե դա նախատեսված է կարգագրով),

դ) ընդունել աշխատատեղը` աշխատանքների ավարտից անմիջապես հետո,

ե) կատարել կարգագիր-թույլտվությամբ (կարգադրությամբ) նախատեսված այլ գործողություններ,

զ) աշխատանքների թույլատրման և (կամ) աշխատանքային գործընթացների ժամանակ անթույլատրելի ռիսկերի հայտնաբերման դեպքում` իրականացնել անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ (դրա մասին հայտնելով կարգագիր տվողին) կամ դադարեցնել աշխատանքները` դրա մասին տեղյակ պահելով կարգագիր տվող անձին:

Աշխատանքների ղեկավարն իրավունք չունի ինքնակամ փոփոխելու կամ չկատարելու կարգագրով նախատեսված աշխատանքի անվտանգության միջոցառումները, մասնակցելու աշխատանքային բուն գործընթացներին (եթե դա չի նախատեսված կարգագրով):

7) Աշխատանքները թույլատրողը պարտավոր է`

ա) գնահատել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված անվտանգության միջոցառումների համապատասխանությունը կազմակերպության անվտանգության ստանդարտներին, դրանց բավարար լինելը` աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններով դիմել աշխատանքի ղեկավարին, իսկ վերջինիս չնշանակման դեպքում` կարգագիր (կարգադրություն) տվող անձին,

բ) կատարել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված բոլոր անջատումները, հողանցումները (եթե դրանք, կարգագրի համաձայն, չեն տեղադրվում աշխատանքների ղեկավարի կամ իրագործողի կողմից), ինչպես նաև անվտանգության այլ տեխնիկական միջոցառումներ,

գ) կատարել աշխատանքներն իրագործողի, աշխատանքների պատասխանատու ղեկավարի և անդամների նպատակային հրահանգավորում բոլոր վտանգների մասին (լարման տակ գտնվող սարքավորումներ, ճնշման տակ գտնվող անոթներ և այլն), այնուհետև բրիգադին թույլատրել աշխատանքների` դրա մասին գրառում կատարելով կարգագրում,

դ) հսկել աշխատանքային գործընթացը, եթե դա նախատեսված է կարգագրով (կարգադրությամբ),

ե) ընդունել աշխատատեղն աշխատանքների ավարտից անմիջապես հետո, եթե դա նախատեսված է կարգագրով (կարգադրությամբ),

զ) իրականացնել անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ (դրա մասին հայտնելով կարգագիր տվողին), իսկ դրանց անհնարինության դեպքում` բրիգադին չտալ աշխատանքներին անցնելու թույլտվություն, եթե աշխատանքների թույլատրման ժամանակ հայտնաբերում է անթույլատրելի ռիսկեր, որոնք հաշվի չեն առնվել կարգագիր (կարգադրություն) կազմելիս:

Աշխատանքները թույլատրողն իրավունք չունի ինքնակամ չկատարելու կարգագրով նախատեսված աշխատանքի անվտանգության միջոցառումները, մասնակցելու աշխատանքային բուն գործընթացներին:

8) Աշխատանքներն իրագործողը պարտավոր է`

ա) գնահատել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված անվտանգության միջոցառումների համապատասխանությունն անվտանգության պահանջներին, դրանց բավարար լինելը` աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, և անհրաժեշտության դեպքում` անվտանգության բարձրացման համար առաջարկություններով դիմել աշխատանքների ղեկավարին կամ կարգագիր (կարգադրություն) տվող անձին,

բ) ապահովել բրիգադին տվյալ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ գործիքներով, հարմարանքներով, անհատական պաշտպանության միջոցներով և սարքավորումներով, պահպանել դրանց օգտագործման կարգն ու պայմանները` աշխատանքային գործընթացներում,

գ) ստուգել աշխատատեղում իրականացված անվտանգության միջոցառումների (անջատումներ, հողանցումներ, ցանկապատերի ու պլակատների տեղադրում և այլն) համապատասխանությունը կարգագրին (կարգադրությանը),

դ) ընդունել աշխատատեղը թույլատրողից (աշխատանքների պատասխանատու ղեկավարից)` բրիգադին հրահանգավորելով աշխատատեղում առկա և աշխատանքային գործընթացներում առաջացող ռիսկերի մասին, և ղեկավարել (իրականացնել) աշխատանքները,

ե) տեղադրել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված բոլոր հողանցումները, (եթե դրանք կարգագրի համաձայն չեն տեղադրվում աշխատանքների ղեկավարի կամ թույլատրողի կողմից), ինչպես նաև անվտանգության այլ տեխնիկական միջոցառումները,

զ) խստիվ պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և անընդհատ հսկողություն իրականացնել բրիգադի անդամների նկատմամբ` ամբողջ աշխատանքային գործընթացի ժամանակ` նրանց կողմից աշխատանքի անվտանգության կանոնների կատարման համար,

է) աշխատանքային գործընթացում լրացուցիչ ռիսկեր առաջանալու դեպքում գնահատել դրանք, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` դրանց ազդեցությունը կանխարգելելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում դադարեցնել աշխատանքը և բրիգադը դուրս բերել աշխատատեղից: Եթե աշխատանքները կատարվում են պատասխանատու ղեկավարի անընդմեջ հսկողությամբ, ապա սույն կետով սահմանված ձեռնարկումներն ու որոշումները կայացվում են համատեղ:

9) Բրիգադի անդամը պարտավոր է աշխատանքային գործընթացներում պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, գործիքների, պաշտպանության միջոցների, հարմարանքների օգտագործման կարգը, կատարել աշխատանքների ղեկավարի և իրագործողի ցուցումներն ու կարգադրությունները:

10) Հսկողը պարտավոր է`

ա) ստուգել նախապատրաստված աշխատատեղի համապատասխանությունը կարգագրով սահմանված պահանջներին (անջատումներ, հողանցումներ, շրջափակոցների ու պլակատների տեղադրում և այլն) և դրանց պահպանումն ամբողջ աշխատանքային գործընթացում,

բ) իրականացնել բրիգադի մշտական հսկողություն` էլեկտրաանվտանգության ապահովման նպատակով:

Հսկողը պատասխանատվություն չի կրում աշխատանքային գործընթացների անվտանգ իրականացման համար:

11) Թույլատրվում է աշխատանքների անվտանգության համար պատասխանատու անձանց (կարգագիր տվողի, աշխատանքների ղեկավարի, աշխատանքներն իրագործողի) մեկ համատեղում, եթե աշխատանքները կատարվում են պարզ և ակնառու սխեմայով էլեկտրակայանքներում կամ այն էլեկտրակայանքներում, որոնք չունեն տեղային օպերատիվ անձնակազմ: Բարձր ռիսկայնության աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգության համար պատասխանատու անձանց համատեղում չի թույլատրվում:

12) Աշխատանքի անվտանգության ապահովման համար աշխատանքների պատասխանատու ղեկավար պետք է պարտադիր նշանակվի`

ա) մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքներում, եթե այդ աշխատանքները կատարվում են լարման տակ գտնվող 6000 Վ-ից բարձր լարման գծերի կամ բաց բաշխիչ սարքերի դողերի անվտանգության գոտում,

բ) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում, եթե պահանջվում են էլեկտրասարքերի անջատումներ` բացառությամբ պարզ և ակնառու սխեմայով էլեկտրակայանքների,

գ) տրանսպորտի ինտենսիվ շարժում ունեցող վայրերում` մալուխային գծերի նորոգման աշխատանքների ժամանակ,

դ) հենասյուների տեղակայման կամ ապատեղակայման աշխատանքների ժամանակ,

ե) օդային գծերի և տրանսպորտային ինտենսիվ հաղորդակցուղիների հատման վայրերում, բաց բաշխիչ սարքերի հաղորդալարերի փոխհատման վայրերում, օդային գծերի փոխհատման թռիչքների վրա աշխատանքներ կատարելիս,

զ) 6 կՎ և բարձր լարման օդային նոր գիծը գործող բաշխիչ սարքերին միացնելու աշխատանքների ժամանակ,

է) 6 կՎ և բարձր լարման օդային գծի հաղորդալարերի և մետաղաճոպանների միացման սխեմաների փոփոխման աշխատանքների ժամանակ,

ը) բազմաշղթա օդային գծի մեկ անջատված շղթայի վրա աշխատանքներ կատարելիս, երբ մնացած շղթաները գտնվում են լարման տակ,

թ) նույն էլեկտրակայանքի վրա երկու և ավելի բրիգադների միաժամանակյա աշխատանքների դեպքում,

ժ) օդային գծի ֆազերի հերթականությամբ նորոգման դեպքում,

ժա) մակածված լարման առկայության պայմաններում աշխատանքների ժամանակ,

ժբ) 6 կՎ և բարձր լարման էլեկտրակայանքներում այնպիսի աշխատանքների ժամանակ, որոնք բնութագրվում են որպես աշխատանքային լարման տակ գտնվող հոսանքատար մասերի վրա կատարվող աշխատանքներ,

ժգ) 6 կՎ և բարձր լարման մալուխային գծերի նորոգման աշխատանքների ժամանակ, որոնք կատարվում են փակ մալուխային կառույցներում (թունելներ, էստակադներ և այլն),

ժդ) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում 6 կՎ և բարձր լարման օդային գծերի նորոգման աշխատանքների ժամանակ,

ժե) վթարային վիճակում գտնվող հենասյուներով օդային գծի սպասարկման աշխատանքներ կատարելիս` հենասյուների վրա 3 մ և ավելի բարձրանալու դեպքում,

ժզ) այլ աշխատանքների ժամանակ, որոնք, ըստ կարգագիր տվող անձի գնահատման, բարձր ռիսկայնության աշխատանքներ են:

 

12. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1) Աշխատանքի անվտանգության ապահովման կազմակերպական միջոցառումները անվտանգության կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն են և ներառում են`

ա) աշխատանքների կատարման առաջադրանք տվողի կողմից աշխատանքների գրավոր ձևակերպումը կարգագրով, կարգադրությամբ կամ նախապես կազմված և կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված շահագործման աշխատանքների անվանացանկով, որոնց կատարումը թույլատրվում է առանց գրավոր առաջադրանքի,

բ) աշխատանքների կատարման թույլատրումը,

գ) հսկողությունն աշխատանքների ընթացքում,

դ) աշխատանքների ընդմիջման, այլ աշխատատեղ տեղափոխման և աշխատանքների ավարտի ձևակերպումները:

2) Կազմակերպությունը, հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգի դրույթները, կազմակերպության ներքին իրավական ակտով սահմանում է`

ա) աշխատանքների ցանկը, որոնք թույլատրվում է կատարել միայն կարգագրով,

բ) աշխատանքների ցանկը, որոնք թույլատրվում է կատարել գրավոր կարգադրությամբ,

գ) ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների ցանկը, որոնց կատարման համար չի պահանջվում կարգադրություն կամ կարգագիր,

դ) կարգագրով կատարվող աշխատանքների ցանկը, որոնց դեպքում պարտադիր նշանակվում է աշխատանքների պատասխանատու ղեկավար:

3) Հետևյալ աշխատանքները պետք է կատարվեն միայն կարգագրով`

ա) բարձր ռիսկայնության պայմաններում կատարվող աշխատանքներ,

բ) բարձր լարման էլեկտրակայանքների վրա միջին ռիսկայնության պայմաններում կատարվող աշխատանքներ, երբ աշխատատեղի նախապատրաստման համար պահանջվում են անջատումների կատարում և (կամ) լարման տակ գտնվող հոսանքատար մասերին մոտենալը կանխարգելող հատուկ արգելափակոցների տեղադրում,

գ) աշխատանքներ էլեկտրակայանքներում, երբ ներգրավվում են նույն կազմակերպության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներ` միաժամանակյա կամ հաջորդող աշխատանքներ կատարելու համար,

դ) այլ կազմակերպության անձնակազմի կողմից գործատուի գործող էլեկտրակայանքներում կատարվող աշխատանքներ։

4) Կարգագիրը լրացվում է երկու, իսկ կապի միջոցներով փոխանցելու դեպքում` երեք օրինակով, որոնցից մեկը գտնվում է կարգագիր տվողի մոտ: Կարգագրի օրինակելի ձևը և լրացման կարգը սահմանվում են կազմակերպության ստանդարտով:

5) Այն կարգագրերը, որոնցով աշխատանքները լիովին ավարտված են, պետք է պահվեն առնվազն 30 օր: Եթե կարգագրով աշխատանքներ կատարելու ընթացքում տեղի է ունեցել վթար կամ դժբախտ դեպք, ապա այդ կարգագիրը պետք է պահվի արխիվում` քննության նյութերի հետ միասին: Կարգագրով և կարգադրությամբ կատարվող աշխատանքների հաշվառումը կատարվում է հատուկ մատյանում, որի ձևը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:

6) Էլեկտրակայանքներում կարգադրությամբ կատարվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվող աշխատանքները, որոնք ներառված չեն այն աշխատանքների կազմում, որոնց կատարման համար, ըստ սույն գլխի 3-րդ կետի, պահանջվում է կարգագիր:

Աշխատանքի կարգադրությունը տրվում է աշխատանքներն իրագործողին և թույլատրողին: Տեղական օպերատիվ անձնակազմ չունեցող էլեկտրակայանքներում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատատեղում թույլտվություն չի պահանջվում, կարգադրությունը կարող է տրվել անմիջապես աշխատանքները կատարող աշխատողին:

Աշխատանքները, որոնց կատարումը նախատեսված է կարգադրությամբ, կարգադրություն տվողի հայեցողությամբ, կարող են կատարվել կարգագրով:

Կարգադրությամբ աշխատանքների թույլտվություն պետք է ձևակերպվի կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների հաշվառման մատյանում:

Օպերատիվ անձնակազմից աշխատանքներ կատարող կամ աշխատանքերը հսկող ավագ աշխատողը 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում պետք է ունենա IV խումբ, իսկ մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում` III խումբ: Բրիգադի անդամները, ովքեր աշխատում են 1000 Վ բարձր և ցածր լարման էլեկտրակայանքներում, պետք է ունենան III խումբ:

Աշխատանքներն սկսելուց առաջ պետք է կատարվեն կարգադրություն տվողի կողմից որոշված աշխատանքների նախապատրաստման բոլոր տեխնիկական միջոցառումները:

7) Ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքները կազմակերպվում են աշխատանքային հերթափոխի ընթացքում: Ոչ մեծ ծավալի ընթացիկ շահագործման կարգով իրականացնելու թույլատրված աշխատանքների տեսակները պետք է ներկայացվեն կազմակերպության տեխնիկական ղեկավարի կամ էլեկտրատնտեսության պատասխանատուի կողմից նախօրոք մշակված, ստորագրված և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված անվանացանկում` պահպանելով հետևյալ պահանջները`

ա) ընթացիկ շահագործման կարգով աշխատանքները (անվանացանկը) տարածվում են միայն մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքների վրա,

բ) աշխատանքները կատարվում են տվյալ սարքավորմանը կամ տեղամասին ամրացված օպերատիվ կամ օպերատիվնորոգող անձնակազմի ուժերով,

գ) աշխատատեղը նախապատրաստում են նույն աշխատողները, ովքեր այնուհետև պետք է կատարեն աշխատանքները:

8) Էլեկտրակայանքներում կարգագրով, գրավոր կարգադրությամբ կամ ընթացիկ աշխատանքների անվանացանկով աշխատանքներ կատարող բրիգադի անդամների կազմն ու որակավորումը որոշում է կարգագիր (կարգադրություն) տվողը, անվանացանկ հաստատողը` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) բրիգադի թվաքանակը և դրա կազմը պետք է որոշվեն` ելնելով աշխատանքի պայմաններից, ինչպես նաև բրիգադի անդամների նկատմամբ աշխատանքներն իրագործողի (հսկողի) կողմից հսկողություն ապահովելու հնարավորությունից:

Աշխատանքն իրագործողի կողմից ղեկավարվող բրիգադի անդամը պետք է ունենա III խումբ` բացառությամբ ՕԳ վրա կատարվող աշխատանքների, որոնք պետք է կատարի IV խումբ ունեցող բրիգադի անդամը:

Թույլատրվում է բրիգադի կազմում ներառել II խմբի մեկ աշխատողի` III խմբի յուրաքանչյուր աշխատողի դիմաց, բայց II խումբ ունեցող աշխատողների ընդհանուր քանակը բրիգադում չպետք է լինի երեքից ավելի,

բ) հերթապահությունում գտնվող օպերատիվ անձնակազմը վերադաս օպերատիվ անձնակազմի աշխատողի թույլտվությամբ կարող է ներգրավվել բրիգադի աշխատանքներում` դրա մասին գրանցելով օպերատիվ մատյանում և ձևակերպելով կարգագրում:

9) Աշխատատեղի նախապատրաստման իրավունքը և աշխատանքների թույլտվությունը կարող են տրվել միայն վերադաս օպերատիվ անձնակազմից կամ դրա համար լիազորված անձից իրավունք ստանալուց հետո:

Իրավունք տալը կարող է փոխանցվել աշխատատեղի նախապատրաստումը և բրիգադի աշխատանքների թույլտվությունն իրագործող անձնակազմին` անձամբ, հեռախոսով, ռադիոյով, թղթատարի կամ միջակա ենթակայանի օպերատիվ անձնակազմի միջոցով:

Արգելվում է այդպիսի իրավունքը տալ նախօրոք:

10) Բրիգադի թույլտվությունը կարելի է տալ միայն մեկ կարգագրով:

11) Երկու անձով մշտական գործող օպերատիվ անձնակազմով օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստում են նշված երկու անձը: Մեկ անձով մշտական գործող օպերատիվ անձնակազմով օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստելու համար կարող է ոչ օպերատիվ անձնակազմից ներգրավվել երկրորդ անձը, որն ունի այդ աշխատանքների կատարման իրավունք: Թույլտվությունը կատարում է նրանցից ավագ անձը:

12) Օպերատիվ-նորոգող անձնակազմի կողմից սպասարկվող օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստում են այդ անձնակազմից երկու անձ, թույլտվությունը կատարում է նրանցից ավագը:

13) Կարգավարական կետերի կողմից սպասարկվող օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստում է կարգավարական կետի օպերատիվ անձնակազմը (երկու անձով) և կատարում թույլտվություն: Աշխատանքների ավարտից հետո աշխատատեղն աշխատանքներ կատարողից (կամ պատասխանատու անձից) ընդունում է թույլտվություն տվողը:

14) Աշխատատեղի նախապատրաստումը և բրիգադին աշխատանքների թույլտվությունը կարգագրով և կարգադրությամբ տարբեր աշխատատեղերի և աշխատանքների համար սահմանվում են, ելնելով հետևյալ պայմաններից`

ա) արգելվում է փոփոխել կարգագրով նախատեսված աշխատատեղերի նախապատրաստման միջոցառումները:

Աշխատատեղի նախապատրաստման միջոցառումների բավարարության և ճշտության, աշխատանքների անվտանգ կատարման հնարավորության վերաբերյալ պատասխանատու ղեկավարի, թույլատրողի մեջ կասկածներ առաջանալու դեպքում` այդ նախապատրաստումը պետք է դադարեցվի, իսկ նախատեսված աշխատանքները` հետաձգվեն.

բ) այն դեպքերում, երբ աշխատանքներն իրագործողը համատեղում է թույլատրողի պարտականությունները, նա պետք է աշխատատեղը նախապատրաստի բրիգադի անդամներից III խումբ ունեցող անձի հետ.

գ) թույլատրողը, թույլտվությունից առաջ պետք է համոզվի, որ աշխատատեղի նախապատրաստման տեխնիկական միջոցառումները կատարված են` անձամբ զննելով, օպերատիվ մատյանի գրանցումներով, օպերատիվ սխեմայով, օպերատիվ կամ օպերատիվնորոգող անձնակազմի հաղորդումներով.

դ) աշխատանքների պատասխանատու ղեկավարը և իրագործողը (հսկողը) աշխատանքների թույլտվությունից առաջ պետք է թույլատրողի մոտ պարզեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկված աշխատատեղի նախապատրաստման համար և թույլատրողի հետ միասին պետք է ստուգեն այդ նախապատրաստությունն անձամբ` աշխատատեղի սահմաններում:

Օպերատիվ անձնակազմի բացակայության դեպքում, բայց նրա թույլտվությամբ, աշխատանքների պատասխանատու ղեկավարն աշխատանքներն իրագործողի հետ միասին կարող է ինքնուրույն ստուգել աշխատատեղի նախապատրաստությունը:

15) Կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների թույլտվությունը պետք է իրագործվի անմիջապես աշխատատեղում:

Այն դեպքերում, երբ պետք չէ աշխատատեղի նախապատրաստում, կարգադրությամբ կատարվող աշխատանքների թույլտվությունն անմիջապես աշխատատեղում կատարելը պարտադիր չէ, իսկ ՕԳ, կապի օդային գծի (այսուհետ` ԿՕԳ) և մալուխային գծի (այսուհետ` ՄԳ) վրա դա չի պահանջվում:

16) Թույլտվությունը կատարվում է աշխատատեղը պատրաստ լինելն ստուգելուց հետո: Այդ դեպքում թույլատրողը պարտավոր է`

ա) բրիգադի անդամների անձնական վկայականներով ստուգել բրիգադի կազմի համապատասխանությունը կարգագրում կամ կարգադրությունում նշվածին,

բ) ապացուցել բրիգադին, որ լարումը բացակայում է` տեղադրված հողանցումների ցուցադրմամբ կամ, եթե աշխատատեղից հողանցումները չեն երևում, ստուգելով լարման բացակայությունը, իսկ 35 կՎ և ցածր լարման էլեկտրակայանքներում (որտեղ թույլ է տալիս կառուցվածքային կատարումը)` հոսանքատար մասերին հաջորդականորեն ձեռքով հպվելով:

17) Կարգագրով կամ կարգադրությամբ աշխատանքների սկզբին պետք է նախորդի նպատակային հրահանգավորում, որով նախատեսվում են կոնկրետ աշխատանքի անվտանգ կատարման ցուցումներ` կարգագիր, կարգադրություն տվողից մինչև բրիգադի անդամը (կատարողը):

Առանց նպատակային հրահանգավորման անցկացման աշխատանքների թույլտվությունն արգելվում է:

Կարգագրով աշխատանքների նպատակային հրահանգավորումն անցկացնում են`

ա) կարգագիր տվողը` աշխատանքների պատասխանատու ղեկավարին կամ, եթե պատասխանատու ղեկավար նշանակված չէ, աշխատանքներն իրագործողին (հսկողին),

բ) թույլատրողը` աշխատանքների պատասխանատու ղեկավարին, աշխատանքներն իրագործողին (հսկողին) և բրիգադի անդամներին,

գ) աշխատանքների պատասխանատու ղեկավարը` աշխատանքներն իրագործողին (հսկողին) և բրիգադի անդամներին,

դ) աշխատանքներն իրագործողը (հսկողը)` բրիգադի անդամներին:

Կարգադրությամբ աշխատանքների նպատակային հրահանգավորումն անցկացնում են`

ա) կարգադրություն տվողը` աշխատանքներն իրագործողին (հսկողին) կամ անմիջապես աշխատանքները կատարողին, թույլատրողին,

բ) թույլատրողը` աշխատանքներն իրագործողին (հսկողին), բրիգադի անդամներին (կատարողներին):

Բրիգադի կազմում նոր անդամ ներգրավելու դեպքում հրահանգավորումը, որպես կանոն, պետք է անցկացնի աշխատանքներն իրագործողը (հսկողը):

18) Կարգագիր, կարգագրություն տվողը, աշխատանքների պատասխանատու ղեկավարը, աշխատանքներն իրագործողը (հսկողը) իրենց նպատակային հրահանգավորման ժամանակ, բացի էլեկտրաանվտանգության հարցերից, պետք է հստակ ցուցումներ տան աշխատանքների անվտանգ կատարման տեխնոլոգիայի, գործիքների, հարմարանքների, մեխանիզմների և բեռնամբարձ մեքենաների օգտագործման վերաբերյալ:

Աշխատանքներն իրագործողը (հսկողը) նպատակային հրահանգավորման ժամանակ պարտավոր է բրիգադի անդամներին տալ հոսանքահարումը բացառող սպառիչ ցուցումներ:

19) Թույլատրողը նպատակային հրահանգավորման ժամանակ բրիգադի անդամներին պետք է ծանոթացնի կարգագրի, կարգադրության բովանդակությանը, ցույց տա աշխատատեղի սահմանները, մակածված լարման առկայությունը, ցույց տա աշխատատեղին մոտակա սարքավորանքը և նորոգվող ու հարևան միացությունների հոսանքատար մասերը, որոնց արգելվում է մոտենալ` անկախ նրանից` դրանք գտնվում են լարման տակ, թե ոչ:

20) Կարգագրով աշխատելիս նպատակային հրահանգավորումը պետք է ձևակերպվի առաջնային թույլտվության նպատակային հրահանգավորման գրանցման մատյանում` հրահանգավորում անցկացնող և հրահանգավորված աշխատողների ստորագրություններով:

21) Կարգադրությամբ աշխատելիս նպատակային հրահանգավորումը պետք է ձևակերպվի կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների հաշվառման մատյանի համապատասխան սյունակում հրահանգավորման էության համառոտ շարադրմամբ, հրահանգավորում անցկացնողի (կարգադրություն տվողի) և հրահանգավորում ստացողների (աշխատանքներն իրագործողի, կատարողի, թույլատրողի) ստորագրություններով:

22) Աշխատանքի թույլտվությունը ձևակերպվում է կարգագրի երկու օրինակում, որոնցից մեկը մնում է աշխատանքներն իրագործողի (հսկողի) մոտ, իսկ երկրորդը` օպերատիվ անձնակազմից թույլատրողի մոտ:

Երբ աշխատանքներն իրագործողը համատեղում է թույլատրողի պարտականությունները, թույլտվությունը ձևակերպվում է կարգագրի մեկ օրինակում:

Աշխատանքի թույլտվությունն ըստ կարգադրության ձևակերպվում է կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների հաշվառման մատյանում, օպերատիվ մատյանում` աշխատանքների թույլտվության մասին գրառմամբ:

23) Աշխատանքի թույլտվությունից հետո բրիգադի անվտանգության պահանջների պահպանման հսկողությունը դրվում է աշխատանքներն իրագործողի (հսկողի) վրա, որը պետք է այնպես կազմակերպի իր աշխատանքը, որպեսզի հսկողություն իրականացնի բրիգադի բոլոր անդամների վրա` գտնվելով հնարավորինս աշխատատեղի այն տեղամասում, որտեղ կատարվում են ամենավտանգավոր աշխատանքները:

Հսկողին արգելվում է հսկումը համատեղել որևէ այլ աշխատանքի կատարման հետ:

24) Աշխատատեղից ժամանակավոր հեռանալու անհրաժեշտության դեպքում` աշխատանքներն իրագործողը (հսկողը), եթե նրան չեն կարող փոխարինել աշխատանքների պատասխանատու ղեկավարը, թույլատրողը կամ կարգագիր տալու իրավունք ունեցող աշխատողը, պարտավոր է աշխատատեղից հեռացնել բրիգադը (նրան դուրս բերելով բաշխիչ սարքից (այսուհետ` ԲՍ) և կողպեքով փակելով մուտքի դռները, մարդկանց հանելով ՕԳ հենարանից և այլն):

Աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ բրիգադի աշխատողների մի մասը կարող է ժամանակավորապես հեռանալ աշխատատեղից` պայմանով, որ 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքում պետք է մնա առնվազն երկու մարդ` ներառյալ աշխատանքներն իրագործողը (հսկողը):

25) Սույն տեխնիկական կանոնակարգի խախտումների բացահայտման կամ աշխատողների անվտանգությանն սպառնացող այլ հանգամանքների հայտնաբերման դեպքում բրիգադը պետք է հեռացվի աշխատատեղից, և աշխատանքներն իրագործողից (հսկողից) կարգագիրը պետք է հետ վերցվի: Միայն բացահայտված խախտումները վերացնելուց հետո բրիգադը կարող է նորից աշխատանքի անցնելու թույլտվություն ստանալ` պահպանելով առաջնային թույլտվության պահանջները:

26) Բրիգադի կազմը կարող է փոխել միայն կարգագիր (կարգադրություն) տվողը, ինչի մասին կարգագրում գրանցում է կատարվում (կարգագրերի գրանցման մատյանում): Բրիգադի տեղափոխումն այլ աշխատատեղ, աշխատանքների ընդմիջումների ձևակերպումը և աշխատանքների կրկնակի թույլատրումը, աշխատանքների ավարտի ձևակերպումը, էլեկտրակայանքի միացումն աշխատանքների լրիվ ավարտից հետո կատարվում են կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

 

13. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Աշխատողների անվտանգության ապահովման տեխնիկական միջոցառումները պետք է ապահովեն`

ա) աշխատողների անվտանգությունը` լարումը հանելով հոսանքատար մասերի վրա աշխատանքներ կատարելիս,

բ) աշխատողների անվտանգությունը` էլեկտրակայանքների ոչ հոսանքատար մասերի վրա աշխատանքներ կատարելիս, երբ առկա է աշխատանքային լարումը հոսանքատար մասերի վրա,

գ) աշխատողների և այլ անձանց անվտանգությունը` լարման կողմնակի աղբյուրից փորձարկման աշխատանքներ կատարելիս,

դ) աշխատողների և այլ անձանց անվտանգությունը` լարման տակ գտնվող օդային գծերի և բաց բաշխիչ սարքերի պահպանության գոտիներում վերամբարձ մեխանիզմների կիրառմամբ աշխատանքներ կատարելիս:

 

14. ԼԱՐՈՒՄԸ ՀԱՆԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1) Լարումը հանելով աշխատատեղի նախապատրաստման համար պետք է նշված կարգով կատարվեն հետևյալ տեխնիկական միջոցառումները`

ա) կատարվեն անհրաժեշտ անջատումներ և ձեռնարկվեն միջոցներ, որոնք կանխարգելում են աշխատատեղին լարում տալը` փոխարկման ապարատների սխալ կամ ինքնաբերաբար միացման հետևանքով,

բ) փոխարկման ապարատների ձեռքի կառավարման շարժաբերների և հեռակառավարման բանալիների վրա կախվեն արգելող պլակատներ,

գ) ստուգվի լարման բացակայությունը հոսանքատար մասերում, որոնք պետք է հողանցված լինեն` մարդկանց հոսանքահարումից պաշտպանելու համար,

դ) դրվի հողանցում (միացվեն հողանցող դանակները, իսկ այն տեղերում, որտեղ դրանք բացակայում են, տեղադրվեն փոխադրովի հողանցումներ),

ե) կախվեն «Հողանցված է» ցուցական պլակատներ, անհրաժեշտության դեպքում ցանկապատվեն աշխատատեղերը և լարման տակ մնացած հոսանքատար մասերը, կախվեն նախազգուշացնող ու կարգադրիչ պլակատներ:

2) Անջատումների կատարումը

Աշխատատեղի նախապատրաստման ժամանակ պետք է անջատվեն`

ա) հոսանքատար մասերը, որոնց վրա կատարվելու են աշխատանքները,

բ) չցանկապատված հոսանքատար մասերը, որոնց հնարավոր է մարդկանց, մեխանիզմների և բեռնամբարձ մեքենաների պատահական մոտեցումը N 1 աղյուսակում նշվածից պակաս հեռավորությամբ,

գ) շարժաբերների կառավարման և սնման շղթաները, փակվի փոխարկման ապարատների կառավարման համակարգում օդը, հանվի անջատիչների և ընդհատիչների (բաժանիչների) շարժաբերների զսպանակների և ծանրոցների լարքը:

3) 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում յուրաքանչյուր կողմից, որտեղից աշխատատեղերին փոխարկման ապարատի միջոցով կարող է տրվել լարում, պետք է լինի տեսանելի խզում: Տեսանելի խզումը կարող է ստեղծվել հաղորդաձողերի և հաղորդալարերի անջատմամբ կամ հանմամբ, ընդհատիչների (բաժանիչների) անջատմամբ, ապահովիչների հանմամբ, բեռնվածքի անջատիչների և զատիչների (խզիչների) անջատմամբ:

Լարման տրանսֆորմատորները և ուժային տրանսֆորմատորները, որոնք կապված են աշխատանքների համար հատկացված էլեկտրակայանքի տեղամասի հետ, պետք է անջատվեն, և սխեմաները պետք է կազմատվեն նաև իրենց այլ փաթույթների կողմից` հետադարձ տրանսֆորմացիայի հնարավորությունը բացառելու համար:

4) Անջատիչների, զատիչների (խզիչների), ընդհատիչների (բաժանիչների) և ձեռքի կառավարմամբ բեռնվածքի անջատիչների անջատումից հետո անհրաժեշտ է դիտարկմամբ համոզվել, որ դրանք անջատված են, և շունտող միջակապերը բացակայում են:

5) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում փոխարկման ապարատների սխալմամբ կամ ինքնաբերաբար միացումը կանխելու համար, որի հետևանքով լարումը կարող է տրվել աշխատատեղին, պետք է կիրառվեն հետևյալ միջոցները`

ա) պետք է մեխանիկական կողպեքով անջատված դիրքում փակված լինեն բեռնվածքի անջատիչների, ընդհատիչների (բաժանիչների) և զատիչների (խզիչների) ձեռքի շարժաբերները (6-10 կՎ լարման միաբևեռ բաժանիչներով էլեկտրակայանքներում մեխանիկական կողպեքի փոխարեն թույլատրվում է դանակների վրա հագցնել դիէլեկտրիկ թասակներ),

բ) օպերատիվ ձողով կառավարվող ընդհատիչների (բաժանիչների) մշտական ցանկապատերը պետք է փակված լինեն մեխանիկական կողպեքով,

գ) հեռագործ կառավարում ունեցող փոխարկման ապարատների շարժաբերներում պետք է անջատվեն ուժային և կառավարման շղթաները, իսկ օդաճնշական շարժաբերներում, բացի դրանից, սեղմված օդի առբերիչ խողովակաշարի վրա պետք է մեխանիկական կողպեքով փակվի սողնակը, և բաց թողնվի սեղմված օդը, ընդ որում, արտաթողման կափույրները պետք է թողնվեն բաց դիրքում,

դ) ծանրոցային և զսպանակային շարժաբերներում միացնող ծանրոցը կամ միացնող զսպանակները պետք է բերվեն ոչ աշխատանքային դիրքի,

ե) պետք է կախվեն արգելող պլակատներ:

Դուրս բերվող սայլակներով լրակազմ բաշխիչ սարքի փոխարկման ապարատների սխալմամբ միացումը կանխելու միջոցները պետք է իրականացվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

6) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքների բոլոր հոսանքատար մասերից, որոնց վրա կատարվելու են աշխատանքներ, լարումը պետք է հանված լինի` ձեռքի շարժաբերով փոխարկման ապարատների անջատմամբ, իսկ սխեմայում ապահովիչների առկայության դեպքում` վերջիններիս հանմամբ: Սխեմայում ապահովիչների բացակայության դեպքում` փոխարկման ապարատների սխալմամբ միացման կանխումը պետք է ապահովվի այնպիսի միջոցներով, ինչպիսիք են պահարանների, բռնակների կամ դռների փակումը, կոճակների ծածկումը, փոխարկման ապարատի հպակների արանքում մեկուսիչ մակադրակների տեղադրումը և այլն: Հեռակառավարմամբ փոխարկման ապարատով լարումը հանելու դեպքում անհրաժեշտ է անջատել միացնող կոճի երկրորդական շղթան:

Նշված միջոցառումները կարող են փոխարինվել հաղորդաձողերը քանդելով կամ մալուխը, հաղորդալարերն անջատելով փոխարկման ապարատից կամ սարքավորումից, որի վրա պետք է կատարվի աշխատանք:

Անհրաժեշտ է կախել արգելող պլակատներ:

7) Տեսանելիության համար անմատչելի հպակներով փոխարկման ապարատների անջատված դիրքը մինչև 1000 Վ լարման դեպքում որոշվում է դրա սեղմակների կամ գնացող հաղորդաձողերի, հաղորդալարերի կամ այդ փոխարկման ապարատներով միացվող սարքավորման սեղմակների վրա լարման բացակայության ստուգմամբ:

8) Արգելող պլակատների կախումը`

ա) ձեռքով կառավարվող փոխարկման ապարատների շարժաբերների (շարժաբերների բռնակների) վրա (ավտոմատներ, ընդհատիչներ (բաժանիչներ), զատիչներ (խզիչներ), անջատիչներ), որոնց միացնելուց կարող է լարում տրվել աշխատատեղին, պետք է կախված լինեն պլակատներ` «Չմիացնե'լ, մարդիկ են աշխատում»:

Օպերատիվ ձողով կառավարվող ընդհատիչների (բաժանիչների) դեպքում պլակատները կախվում են ցանկապատերի վրա, իսկ միաբևեռ ընդհատիչների (բաժանիչների) դեպքում` յուրաքանչյուր բևեռի շարժաբերի վրա: Սողնակների վրա, որոնք փակում են օդի մուտքն ընդհատիչների (բաժանիչների) օդաճնշական շարժաբերներ, կախվում է պլակատ` «Չմիացնե'լ, մարդիկ են աշխատում»:

Փոխարկման ապարատ չունեցող` մինչև 1000 Վ լարման միացումների վրա «Չմիացնե'լ, մարդիկ են աշխատում» պլակատը պետք է կախել հանված ապահովիչների վրա, իսկ լրակազմ բաշխիչ սարքի դեպքում` ըստ 18-րդ գլխի 9-րդ կետի:

Պլակատները պետք է կախվեն տեղային և հեռակառավարման բանալիների ու կոճակների վրա, ինչպես նաև փոխարկման ապարատների կառավարման շղթաների ու շարժաբերների ուժային շղթաների սնման ավտոմատների վրա և հանված ապահովիչների տեղում,

բ) բաժանիչների շարժաբերների վրա, որոնցով աշխատանքների համար անջատված են ՕԳ կամ ՄԳ, անկախ աշխատող բրիգադների թվից, պետք է կախված լինի մեկ պլակատ` «Չմիացնե'լ, գծում աշխատում են»: Այդ պլակատը կախվում և հանվում է գծի վրա աշխատող բրիգադների թիվը հաշվառող օպերատիվ անձնակազմի ցուցումով:

 

15. ԼԱՐՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

1) Լարման բացակայությունն անհրաժեշտ է ստուգել լարման ցուցիչով, որի սարքինությունն օգտագործելուց առաջ պետք է որոշվի այդ նպատակի համար նախատեսված հատուկ սարքերի օգնությամբ կամ հաստատապես լարման տակ գտնվող հոսանքատար մասերին մոտեցնելով:

1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում լարման ցուցիչն անհրաժեշտ է օգտագործել դիէլեկտրիկ ձեռնոցներով:

35 կՎ և բարձր լարման էլեկտրակայանքներում, լարման բացակայության ստուգման համար կարելի է օգտվել մեկուսիչ ձողից` այն մի քանի անգամ հպելով հոսանքատար մասերին: Լարման բացակայության նշան է կայծերի ու ճրթճրթոցների բացակայությունը:

2) ԲՍ-ում լարման բացակայությունը թույլատրվում է ստուգել օպերատիվ անձնակազմի IV խումբ ունեցող մեկ աշխատողի` 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում, և III խումբ ունեցող մեկ աշխատողի` մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում:

ՕԳ-ում լարման բացակայության ստուգումը պետք է կատարեն երկու աշխատողներ` 1000 Վ-ից բարձր լարման ՕԳ-ում` IV և III խումբ ունեցողներ, մինչև 1000 Վ լարման ՕԳ-ում` III խումբ ունեցողներ:

3) 330 կՎ և բարձր լարման միաշղթա օդային գծերի վրա լարման բացակայության բավարար հատկանիշ է հանդիսանում պսակավորման բացակայությունը:

4) Թույլատրվում է լարման բացակայությունն ստուգել տեղում բնօրինակ սխեմայի ստուգմամբ`

ա) լարման հատուկ ցուցիչի բացակայության դեպքում` բաց բաշխիչ սարքում (այսուհետ` ԲԲՍ), արտաքին տեղակայման լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, լրակազմ բաշխիչ սարքում, ինչպես նաև ՕԳ վրա` մառախուղի, անձրևի, ձյան ժամանակ,

բ) 330 կՎ և բարձր լարման ԲԲՍ-ում և 330 կՎ և բարձր լարման երկշղթա ՕԳ վրա:

Տեղում բնօրինակ սխեմայի ստուգման դեպքում` լարման բացակայությունը ՕԳ և ՄԳ ներանցիչների վրա հաստատվում է հերթապահի կողմից, որի օպերատիվ կառավարման ներքո են գտնվում այդ գծերը:

ՕԳ բնօրինակ սխեմայի ստուգումը կայանում է գծերի ուղղությունների և արտաքին նշանների, ինչպես նաև հենարանների վրա նշումների ստուգման մեջ, որոնք պետք է համապատասխանեն գծերի կարգավարական անվանումներին:

5) 6-20 կՎ լարման ՕԳ վրա լարման բացակայության ստուգման ժամանակ փայտյա կամ երկաթբետոնե հենարաններից, ինչպես նաև փոխագուցավոր վերնակից, ունակային հոսանքի հոսելու սկզբունքով աշխատող ցուցիչով (բացառությամբ իմպուլսայինի) անհրաժեշտ է ապահովել ցուցիչի պահանջվող զգայունությունը: Դրա համար դրա աշխատանքային մասը անհրաժեշտ է հողանցել:

6) ՕԳ վրա, տարբեր մակարդակներով հաղորդալարերի կախվածքի դեպքում, լարման բացակայության ստուգումը ցուցիչով կամ ձողով և հողանցման տեղադրումն անհրաժեշտ է կատարել ներքևից վերև` սկսած ներքևի հաղորդալարից: Հորիզոնական կախվածքի դեպքում ստուգումը պետք է սկսել մոտակա հաղորդալարից:

7) Հողանցված չեզոքով մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում, երկբևեռ ցուցիչի կիրառման դեպքում, լարման բացակայությունը պետք է ստուգել ինչպես ֆազերի միջև, այնպես էլ յուրաքանչյուր ֆազի և սարքավորանքի հողանցված իրանի կամ պաշտպանիչ հաղորդալարի միջև: Թույլատրվում է օգտագործել նախապես ստուգված վոլտաչափ: Արգելվում է օգտվել «ստուգիչ» լամպերից:

8) Ապարատի անջատված դիրքի մասին ազդանշանող սարքվածքները, ուղեկապող սարքվածքները, մշտական միացված վոլտաչափերը և այլն հանդիսանում են միայն որպես լարման բացակայությունը հաստատող լրացուցիչ միջոցներ, և դրանց ցուցմունքների հիման վրա չի կարելի անել եզրակացություն լարման բացակայության մասին:

 

16. ՀՈՂԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

 

Ընդհանուր պահանջներ

 

1) Հոսանքատար մասերի վրա հողանցումներն անհրաժեշտ է տեղադրել անմիջապես լարման բացակայության ստուգումից հետո:

2) Փոխադրովի հողանցումը նախ պետք է միացնել հողանցող սարքվածքին և ապա, լարման բացակայության ստուգումից հետո, տեղադրել հոսանքատար մասերի վրա:

Փոխադրովի հողանցումն անհրաժեշտ է հանել հակառակ հաջորդականությամբ` սկզբում դա հանել հոսանքատար մասերից, ապա անջատել հողանցող սարքվածքից:

3) Փոխադրովի հողակցումների տեղադրումը և հանումը պետք է կատարվեն դիէլեկտրիկ ձեռնոցներով` 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում օգտագործելով նաև մեկուսիչ ձող: Փոխադրովի հողանցումների սեղմակների ամրապնդումը պետք է կատարել այդ նույն ձողով կամ անմիջապես ձեռքերով` դիէլեկտրիկ ձեռնոցներով:

4) Արգելվում է հողանցման համար գործածել այդ նպատակի համար չնախատեսված հաղորդալարեր:

 

Հողանցումների տեղադրումը բաշխիչ սարքերում

 

5) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում պետք է հողանցվեն բոլոր ֆազերի (բևեռների) հոսանքատար մասերը` աշխատանքների համար անջատված տեղամասի բոլոր կողմերից, որտեղից կարող է տրվել լարումը` բացառությամբ աշխատանքների համար անջատված հավաքովի հաղորդաձողերի, որոնց վրա բավական է տեղադրել մեկ հողանցում:

ՕԳ գծային բաժանիչի վրա աշխատանքներ կատարելիս, անկախ բաժանիչի վրա հողանցող դանակների առկայությունից, պետք է տեղադրվի լրացուցիչ հողանցում` ՕԳ կողմից իջնող հաղորդալարերի վրա, որը չպետք է խախտվի բաժանիչների հետ գործողություններ կատարելիս:

6) Հողանցված հոսանքատար մասերը պետք է բաժանված լինեն լարման տակ գտնվող հոսանքատար մասերից տեսանելի խզումով:

Տեղադրված հողանցումները կարող են բաժանված լինել հոսանքատար մասերից, որոնց վրա անմիջականորեն կատարվում են աշխատանքները, անջատված անջատիչներով, ընդհատիչներով (բաժանիչներով), բեռնվածքի անջատիչներով կամ զատիչներով (խզիչներով), հանված ապահովիչներով, ապատեղակայված հաղորդաձողերով կամ հաղորդալարերով:

Անմիջականորեն աշխատատեղում հոսանքատար մասերի վրա պետք է լրացուցիչ հողանցում տեղադրվի այն դեպքերում, երբ այդ մասերը կարող են հայտնվել մակածված լարման (պոտենցիալի) տակ:

7) Փոխադրովի հողանցումներն անհրաժեշտ է միացնել հոսանքատար մասերին` ներկից մաքրված տեղերում:

8) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում ԲՍ հավաքող հաղորդաձողերի, հավաքվածքների, վահանների վրա աշխատանքների ժամանակ լարումը հաղորդաձողերից պետք է հանված լինի, և հաղորդաձողերը (բացառությամբ մեկուսացված հաղորդալարով հաղորդաձողերի) պետք է լինեն հողանցված:

Այդ ԲՍ, վահանների, հավաքվածքների, միացությունների և միացված սարքավորման հողանցման անհրաժեշտությունը և հնարավորությունը որոշում է կարգագիր, կարգադրություն տվողը:

9) Թուլատրվում է աշխատատեղի նախապատրաստման ժամանակ տեղադրված հողանցումների ժամանակավոր հանումը, եթե դա պահանջվում է կատարվող աշխատանքների բնույթով (մեկուսացման դիմադրության չափում և այլն):

Հողանցումների ժամանակավոր հանումը և կրկին տեղադրումը կատարում է օպերատիվ անձնակազմը կամ կարգագիր տվողի ցուցումով աշխատանքներն իրագործողը:

Հողանցումների ժամանակավոր հանման, ինչպես նաև աշխատանքն իրագործողի կողմից այդ գործողությունների կատարման թույլտվությունը պետք է ամրագրված լինի կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում` գրանցելով` որտեղ և ինչ նպատակով պետք է հանված լինեն հողանցումները:

10) Էլեկտրակայանքներում, որոնց կառուցվածքն այնպիսին է, որ հողանցման տեղադրումը վտանգավոր է կամ անհնար (օրինակ, որոշ բաշխիչ արկղերում, առանձին տեսակների լրակազմ բաշխիչ սարքերում, ֆազերի ուղղաձիգ դասավորությամբ հավաքվածքներում), պետք է մշակվեն աշխատանքի անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ` ընդհատիչների (բաժանիչների) դանակների վրա դիէլեկտրիկ թասակների կամ դիէլեկտրիկ մակադրակների տեղադրում, հաղորդալարերի, մալուխների և հաղորդաձողերի անջատում: Այդպիսի էլեկտրակայանքների անվանացանկը հաստատում է գործատուն և իրազեկում անձնակազմին:

11) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում հողանցումների տեղադրման և հանման գործողությունները թույլատրվում է կատարել օպերատիվ անձնակազմից III խումբ ունեցող մեկ աշխատողի:

12) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում փոխադրովի հողանցումների տեղադրումը պետք է կատարեն երկու աշխատողներ` մեկը IV խումբ ունեցող (օպերատիվ անձնակազմից), մյուսը` III խումբ, վերջինս կարող է լինել նորոգող անձնակազմից, իսկ սպառողների միացությունների հողանցման դեպքերում` սպառողների անձնակազմից: Հեռավոր ենթակայաններում, վարչատեխնիկական կամ օպերատիվ անձնակազմի թույլտվությամբ, հիմնական սխեմայում հողանցումների տեղադրման ժամանակ թույլատրվում է սպառողների անձնակազմից III խումբ ունեցող երկրորդ անձի աշխատանքը. հողանցող դանակները կարող է միացնել օպերատիվ անձնակազմից IV խումբ ունեցող մեկ աշխատող:

Հողանցող դանակներն անջատել և փոխադրովի հողանցումները հանել միանձնյա կարող է III խումբ ունեցող մեկ աշխատող օպերատիվ անձնակազմից:

 

Հողանցումների տեղադրումն օդային գծերի վրա

 

13) 1000 Վ-ից բարձր լարման ՕԳ-երը պետք է հողանցված լինեն բոլոր ԲՍ-երում և սեկցիավորող փոխարկման ապարատների մոտ, որտեղ գիծն անջատված է:

Թույլատրվում է`

ա) 35 կՎ և բարձր լարման ճյուղավորումներով ՕԳ չհողանցել այդ ճյուղավորություններին միացված ենթակայաններում` պայմանով, որ ՕԳ հողանցված է երկու կողմերից, իսկ այդ ենթակայաններում հողանցումները տեղադրված են անջատված գծային բաժանիչներից հետո,

բ) 6-20 կՎ լարման ՕԳ հողանցել միայն մեկ ԲՍ-ում կամ մեկ սեկցիավորող ապարատի մոտ, կամ ԲՍ-ին կամ սեկցիավորող ապարատին ամենամոտ հենարանի վրա:

Այդ լարման մնացած ԲՍ-ներում և սեկցիավորող ապարատի մոտ, որտեղ ՕԳ անջատված է, թույլատրվում է այն չհողանցել` պայմանով, որ աշխատատեղի և այդ ԲՍ կամ սեկցիավորող ապարատների միջև ՕԳ վրա տեղադրվեն հողանցումներ: Նշված հողանցումներն ՕԳ վրա պետք է տեղադրել հողանցող սարքվածքներ ունեցող հենարանների վրա:

Մինչև 1000 Վ լարման ՕԳ վրա բավական է հողանցումը տեղադրել միայն աշխատատեղում:

14) Ի լրումն սույն գլխի 13-րդ կետում նշված հողանցումների` ամեն մի բրիգադի աշխատատեղում պետք է հողանցված լինեն բոլոր ֆազերի հաղորդալարերը, իսկ անհրաժեշտության դեպքում` շանթապաշտպան մետաղաճոպանները:

15) Խարսխային թռիչքում հաղորդալարերի տեղակայման դեպքում, ինչպես նաև տեղակայված ՕԳ տեղամասում խարսխային հենարանների վրա հանգույցները միացնելուց հետո հաղորդալարերը (մետաղաճոպանները) պետք է հողանցվեն սկզբնական խարսխային հենարանի և վերջնական միջակա հենարաններից մեկի վրա (վերջին խարսխման հենարանից առաջ):

16) Արգելվում է հողանցել տեղակայված խարսխային թռիչքի, ինչպես նաև ՕԳ տեղակայված տեղամասի խարսխային վերջին հենարանի վրայի հաղորդալարերը (մետաղաճոպանները)` ՕԳ պատրաստի տեղամասի հաղորդալարերից (մետաղաճոպաններից) դրա հաջորդ` տեղակայվող տեղամասի վրա, ամպրոպային պարպման պոտենցիալի և այլ գերլարումների անցումից խուսափելու համար:

17) Տրոհված լարերով ՕԳ վրա թույլատրվում է հողանցել յուրաքանչյուր ֆազի միայն մեկ հաղորդալարը, մեկուսացնող պահանգների առկայության դեպքում պահանջվում է հողանցել ֆազի բոլոր հաղորդալարերը:

18) Մեկ շղթայանոց ՕԳ վրա հողանցումն աշխատատեղերում անհրաժեշտ է տեղադրել այն հենարանի վրա, որի վրա աշխատանքներ են կատարվում, կամ` հարևան հենարանի վրա: Թույլատրվում է հողանցումների տեղադրումը ՕԳ այն տեղամասի երկու կողմերից, որտեղ աշխատում է բրիգադը` պայմանով, որ հողանցումների միջև տարածությունը չգերազանցի 2 կմ-ը:

19) Հենարանից մեկուսացված շանթապաշտպան մետաղաճոպանի կամ հենարանի կառուցվածքների վրա աշխատանքների դեպքում, երբ պահանջվում է այդ մետաղաճոպանին մոտենալ 1 մ-ից պակաս հեռավորության վրա, մետաղաճոպանը պետք է հողանցված լինի: Հողանցումը պետք է տեղադրել կամ այն թռիչքի կողմը, որտեղ մետաղաճոպանը մեկուսացված է, կամ այդ թռիչքում, որտեղ կատարվում են աշխատանքներ:

Հողանցման էջքը հողից մեկուսացված շանթապաշտպան ճոպանին միացնելը կամ անջատելը պետք է կատարվի ճոպանը նախապես հողանցելուց հետո:

Եթե այդ մետաղաճոպանի վրա նախատեսված է սառցակեղևի հալում, ապա աշխատանքներն սկսելուց առաջ մետաղաճոպանը պետք է լինի անջատված և հողանցված այն կողմերից, որտեղից դրա վրա կարող է լարում տրվել:

20) Փոխադրովի հողանցումներն անհրաժեշտ է միացնել մետաղյա հենարաններում` դրանց տարրերին, իսկ հողանցող էջքերով երկաթբետոնե և փայտյա հենարաններում` այդ էջքերին` դրանց ամբողջականությունն ստուգելուց հետո: Հողանցող էջքեր չունեցող երկաթբետոնե հենարանների վրա հողակցումները կարելի է միացնել լայնակներին և հենարանի այլ մետաղյա տարրերին, որոնք ունեն հպում հողանցման սարքվածքի հետ:

Հողանցված չեզոքով մինչև 1000 Վ լարման էլեկտրացանցերում, զրոյական հաղորդալարի կրկնական հողակցման առկայության դեպքում թույլատրվում է փոխադրովի հողանցումները միացնել այդ զրոյական հաղորդալարին:

Հողանցող հաղորդալարերի կամ կառուցվածքների հետ փոխադրովի հողանցումների միացման տեղերը պետք է մաքրված լինեն ներկից:

Աշխատատեղում փոխադրովի հողանցումը կարելի է միացնել գետնի մեջ 0,5 մ-ից ոչ պակաս ուղղաձիգ ընկղմված հողակցիչին: Արգելվում է հողանցիչների տեղադրումը գետնին պատահական կիտվածքների մեջ:

21) Մինչև 1000 Վ լարման ՕԳ վրա հենարանների վրայից կամ առանց մեկուսացնող օղակի փոխագուցավոր վերնակից կատարվող աշխատանքների ժամանակ, հողանցումը պետք է տեղադրված լինի ինչպես նորոգվող գծի հաղորդալարերի վրա, այնպես էլ` այդ հենարաններից կախված բոլոր հաղորդալարերի վրա, այդ թվում` ռադիոհաղորդման և հեռուստամեխանիկայի գծերի չմեկուսացված հաղորդալարերի վրա:

22) Նորոգման համար անջատված ՕԳ վրա տեղադրել, իսկ հետո հանել փոխադրովի հողանցումները և միացնել հենարանների վրա գտնվող հողանցող դանակները պետք է կատարեն օպերատիվ անձնակազմի աշխատողները` մեկը` IV խմբի (1000 Վ-ից բարձր լարման ՕԳ վրա) կամ III խմբի (1000 Վ-ից ցածր լարման ՕԳ վրա), երկրորդը` III խմբի: Թույլատրվում է III խմբի երկրորդ աշխատողի ընդգրկումը` նորոգող անձնակազմից, իսկ սպառողին սնող ՕԳ վրա` սպառողի անձնակազմից:

Հողանցող դանակները թույլատրվում է անջատել օպերատիվ անձնակազմի III խմբի մեկ աշխատողի:

ՕԳ աշխատատեղերում փոխադրովի հողանցումները կարող է տեղադրել աշխատանքներն իրագործողը` բրիգադի անդամի հետ, որն ունի III խումբ: Այդ փոխադրովի հողանցումները, աշխատանքներն իրագործողի կարգադրությամբ, կարող են հանել բրիգադի III խմբի երկու անդամներ:

23) ՕԳ վրա լարման բացակայության ստուգման, հողանցումների տեղադրման և հանման ժամանակ երկու աշխատողից մեկը պետք է գտնվի գետնի վրա և հսկի մյուսին:

24) ՕԳ վրա հողանցումների տեղադրման պահանջները, երբ աշխատանքները կատարվում են այլ ՕԳ հետ հատման թռիչքում, բազմաշղթա ՕԳ անջատած մեկ շղթայի վրա, մակածված լարման տակ ՕԳ վրա և ըստ ֆազերի հերթականության նորոգման դեպքում:

 

17. ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԼԱԿԱՏՆԵՐԻ ԿԱԽՈՒՄԸ

 

1) Էլեկտրակայանքներում պետք է կախվեն «Հողանցված է» պլակատներ` բեռնվածքի անջատիչների, զատիչների (խզիչների), ընդհատիչների (բաժանիչների) շարժաբերների վրա, որոնց սխալմամբ միացնելու դեպքում կարող է լարում տրվել էլեկտրակայանքի հողանցված տեղամասին, և փոխարկման ապարատների հեռակառավարման բանալիների ու կոճակների վրա:

2) Լարման տակ մնացած հոսանքատար մասերի ժամանակավոր ցանկապատման համար կարող են օգտագործվել փայտից կամ այլ մեկուսիչ նյութերից պատրաստված վահաններ, պահպանակներ, էկրաններ և այլն:

Առանց լարումը հանելու ժամանակավոր ցանկապատում տեղադրելիս` դրանց հեռավորությունը հոսանքատար մասերից պետք է լինի N 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս: 6-10 կՎ լարման էլեկտրակայանքներում, անհրաժեշտության դեպքում, այդ հեռավորությունը կարող է փոքրացվել մինչև 0,35 մ:

Ժամանակավոր ցանկապատերի վրա պետք է գրված լինի` «Կանգնի'ր, լարում կա», կամ ամրացված լինեն համապատասխան պլակատներ:

3) Մինչև 20 կՎ լարման էլեկտրակայանքներում, այն դեպքերում, երբ չի կարելի հոսանքատար մասերը ցանկապատել վահաններով, թույլատրվում է մեկուսիչ մակադրակների կիրառում` դրանք տեղադրելով անջատված և լարման տակ գտնվող հոսանքատար մասերի միջև (օրինակ, անջատված ընդհատիչի (բաժանիչի) հպակների արանքում): Այդ մեկուսիչ մակադրակները կարող են հպվել լարման տակ գտնվող հոսանքատար մասերին: Մակադրակները հանել և տեղադրել կարող են IV և III խումբ ունեցող երկու աշխատող (նրանցից ավագը` հերթապահ օպերատիվ անձնակազմից)` օգտվելով դիէլեկտրիկ ձեռնոցներից, մեկուսիչ ձողից (աքցանից):

4) Աշխատատեղին սահմանակից պահարանների, պանելների և խցերի ցանկապատերի վրա պետք է կախված լինեն պլակատներ` «Կանգնի'ր, լարում կա»:

5) ԲԲՍ-ում գետնից կատարվող աշխատանքների դեպքում և հիմքերի ու առանձին կառուցվածքների վրա տեղադրված սարքավորումների վրա աշխատելիս` աշխատատեղը պետք է ցանկապատված լինի (անցում կամ ճանապարհ թողնելով) բուսական կամ սինթետիկ թելքից պատրաստված ճոպանով, պարանով կամ քուղով` դրանց վրա կախելով դեպի ցանկապատված տարածության ներսն ուղղված պլակատներ` «Կանգնի'ր, լարում կա»:

Թույլատրվում է ճոպանը կախել աշխատատեղի գոտում չներառվող կառուցվածքներից` պայմանով, որ դրանք մնան ցանկապատված տարածքից դուրս:

Ամբողջ ԲԲՍ-ից լարումը հանելու դեպքում, բացառությամբ գծային բաժանիչների, վերջիններս պետք է ցանկապատվեն ճոպանով, ցանկապատված տարածությունից դեպի դուրս շրջված պլակատներով` «Կանգնի'ր, լարում կա»:

ԲԲՍ-ում երկրորդական շղթաներում կարգադրությամբ աշխատելիս` չի պահանջվում աշխատատեղը ցանկապատել:

6) ԲԲՍ-ում, կառուցվածքների այն մասերում, որոնցով կարելի է անցնել աշխատատեղից դեպի դրան սահմանակից լարման տակ գտնվող մասերը, պետք է տեղադրված լինեն լավ տեսանելի պլակատներ` «Կանգնի'ր, լարում կա»: Այդ պլակատները կարող է տեղադրել նորոգող անձնակազմի III խումբ ունեցող աշխատողը` թույլատրողի ղեկավարությամբ:

Կառուցվածքների վրա, որոնք սահմանակից են այն կառուցվածքի հետ, որի վրայով թույլատրվում է բարձրանալ, ներքևում պետք է կախված լինի` «Մի' բարձրացիր: Մահացու է» պլակատը:

Անշարժ սանդուղքների և կառուցվածքների վրա, որոնցով թույլատրվում է բարձրանալ` աշխատանքներ կատարելու համար, պետք է կախված լինի` «Բարձրանալ այստե'ղ» պլակատը:

7) Էլեկտրակայանքներում նախապատրաստված աշխատատեղերում պետք է կախված լինի` «Աշխատել այստե'ղ» պլակատը:

8) Արգելվում է աշխատատեղերի նախապատրաստման ժամանակ թույլատրողի կողմից տեղադրված պլակատները և ցանկապատերը հավաքել կամ տեղափոխել` մինչև աշխատանքների լրիվ ավարտը` բացառությամբ կարգագրի «Առանձին ցուցումներ» սյունակում վերապահված դեպքերի:

 

18. ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Փոխարկման ապարատներ

 

1) Փոխարկման ապարատի վրա աշխատանքների կատարման թույլտվությունը տրվում է սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված` աշխատանքի անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցառումների կատարումից հետո` ներառյալ փոխարկման ապարատի սխալմամբ բանումն արգելող միջոցառումները:

2) Աշխատանքային ճնշման տակ գտնվող օդային անջատիչի վրա բարձրանալ թույլատրվում է միայն փորձարկման և կարգաբերման աշխատանքների դեպքում: Արգելվում է բարձրանալ օդալեցուն զատիչով (խզիչով) անջատված օդային անջատիչի վրա, երբ զատիչը գտնվում է աշխատանքային ճնշման տակ:

3) Փորձարկելու և կարգաբերելու համար օդային անջատիչի վրա բարձրանալուց առաջ անհրաժեշտ է`

ա) անջատել կառավարման շղթաները,

բ) ուղեկապել տեղային կառավարման կոճակը կամ գործարկման կափույրները` հատուկ խցափակիչներ տեղադրելով, կամ փակել պահարանները և անջատիչի մոտ կանգնեցնել բրիգադի հրահանգավորված անդամի, որն անջատիչի հետ գործողություններ կթույլատրի (օպերատիվ հոսանք տալուց հետո) միայն մեկ որոշակի աշխատողի` աշխատանքներն իրագործողի ցուցումով: Ճնշման տակ գտնվող օդային անջատիչի վրա մարդկանց գտնվելու ժամանակ բոլոր աշխատանքները կառավարման և բաշխման պահարաններում պետք է դադարեցվեն: 220 կՎ բարձր լարման գործող ենթակայանների անջատիչի արտանցիչները պետք է հողանցվեն` մակածված լարումը հանելու համար:

4) Օդահավաքիչների ներսում մարդկանց գտնվելու հետ կապված աշխատանքներ կատարելը թույլատրելուց առաջ անհրաժեշտ է`

ա) փակել այն բոլոր օդատարների սողնակները, որոնցով կարող է օդ մատուցվել, սողնակների շարժաբերները (ղեկանիվները) շղթայի միջոցով կողպել և վրան կախել «Չբացե'լ, մարդիկ են աշխատում» պլակատները,

բ) բաց թողնել օդահավաքիչների ավելցուկային ճնշման տակ գտնվող օդը` բացված վիճակում թողնելով արտաթողման դրենաժային կափույրը, խցանը կամ սողնակը,

գ) անջատել օդահավաքիչներից օդ մատուցող օդատարները և խցափակել դրանք:

5) Անջատիչների և օդահավաքիչների վրայի ճնշաչափերի զրոյական ցուցմունքը չի կարող ծառայել որպես սեղմված օդի ճնշման բացակայության հավաստի նշան: Մտոցների և դիտանցքերի կափարիչները հանելիս` հեղույսները և մանեկները քանդելուց առաջ աշխատանքներն իրագործողը պետք է անձամբ համոզվի արտաթողման կափույրների, սողնակների, խցանների բաց լինելու մեջ` սեղմված օդի իրական բացակայությունը որոշելու նպատակով: Արտաթողման կափույրները կամ սողնակները թույլատրվում է փակել միայն մտոցի (դիտանցքի) կափարիչն ամրացնող բոլոր հեղույսները և մանեկները ձգելուց հետո:

6) Փորձման, կարգաբերման և փորձարկման համար օդային անջատիչների անջատման ու միացման պահին աշխատողներին արգելվում է գտնվել անջատիչների մոտ: Աշխատանքներն իրագործողն անջատիչով գործողություններ կատարելու մասին հրամանը պետք է տա միայն այն դեպքում, երբ բրիգադի անդամները հեռացվել են անջատիչից անվտանգ հեռավորության վրա կամ մտել են ապաստարան:

7) Փոխարկման ապարատը կարգաբերելիս և կարգավորելիս` փորձնական միացումներ և անջատումներ կատարելու նպատակով թույլատրվում է կարգագիրը չհանձնած օպերատիվ հոսանքի շղթաներին ու շարժաբերի ուժային շղթաներին տալ ժամանակավոր լարում, ինչպես նաև օդ մատուցել անջատիչին: Հանված ապահովիչները տեղադրելը, անջատված ավտոմատները միացնելը և օդ մատուցելու համար սողնակները բացելը, ինչպես նաև փորձարկման ընթացքում անվտանգության պլակատները հանելը պետք է իրականացնի օպերատիվ անձնակազմը: Փոխարկման ապարատը փորձարկելու գործողությունները կարող է կատարել աշխատանքներն իրագործողը, եթե դրա համար ստացված է կարգագիրը տվողի թույլտվությունը` կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում գրությամբ հաստատված, կամ` օպերատիվ անձնակազմը` աշխատանքներն իրագործողի պահանջով: Փորձումից հետո փոխարկման ապարատի վրա աշխատանքը շարունակելու անհրաժեշտության դեպքում` օպերատիվ անձնակազմը պետք է կատարի բրիգադի աշխատանքի անցնելու թույլտվության համար պահանջվող տեխնիկական միջոցառումները: Տեղային անձնակազմ չունեցող էլեկտրակայանքներում փոխարկման ապարատի փորձարկումից հետո աշխատանքներն իրագործողին աշխատատեղի նախապատրաստման և աշխատանքների թույլտվության կրկնական իրավունք ստանալ չի պահանջվում:

 

Լրակազմ բաշխիչ սարքվածքներ

 

8) Լրակազմ բաշխիչ սարքից (այսուհետ` ԼԲՍ) պահարանի հատվածամասում կամ սայլակի սարքավորումների վրա աշխատանքներ կատարելիս` անհրաժեշտ է`

ա) սարքավորանքով սայլակը հանել նորոգման դիրքի,

բ) հատվածամասում, որում հոսանքատար մասերը մնացել են լարման տակ, հատվածամասի փականակը փակել կողպեքով և կախել «Կանգնի'ր, լարում կա» անվտանգության պլակատը,

գ) սայլակի վրա կամ հատվածամասում, որտեղ նախատեսվում է աշխատել, կախել «Աշխատել այստե'ղ» պլակատը:

9) ԼԲՍ դուրս, դրա հետ միացված սարքավորման կամ միացված ՕԳ և ՄԳ վրա աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է`

ա) անջատիչով սայլակը պահարանից դուրս հանել նորոգման դիրքի,

բ) փականակը կամ դռնակները փակել կողպեքով և դրանց վրա կախել «Չմիացնե'լ, մարդիկ են աշխատում» կամ «Չմիացնե'լ, գծում աշխատում են» պլակատները:

Ընդ որում, թույլատրվում է`

գ) հողանցման դանակների և անջատիչով սայլակի մեջ ուղեկապման առկայության դեպքում սայլակը տեղադրել ստուգման դիրքում` այդ դանակները միացնելուց հետո,

դ) այդպիսի ուղեկապման կամ ԼԲՍ-ում հողանցման դանակների բացակայության դեպքում սայլակը տեղադրել ստուգման և նորոգման միջանկյալ դիրքում` այն պայմանով, որ սայլակը փակվի կողպեքով: Սայլակը կարող է տեղադրված լինել միջանկյալ դիրքում` անկախ միացության հողանցված լինելուց:

10) Թույլատրվում են ուժային ապահովիչներով ԼԲՍ-ի սայլակի հետ գործողությունները (միացումը և անջատումը) լարման տակ, բայց` առանց բեռնվածքի:

11) Կառավարման և պաշտպանության շղթաներում աշխատանքներ կատարելու և փորձելու համար, անջատելով սայլակը, ստուգման դիրք թույլատրվում է դնել այն դեպքում, երբ ԼԲՍ-ից դուրս օդային և մալուխային սնվող գծերի կամ դրանց հետ միացված սարքավորումների (ներառյալ էլեկտրական շարժիչներին միացված մեխանիզմները) վրա աշխատանքներ չեն տարվում կամ ԼԲՍ պահարանում կատարված է հողանցում:

12) Վակուումային անջատիչներով բաշխիչ սարքերում աղեղմարիչ խցի փորձարկումներ 20 կՎ և բարձր ամպլիտուդային լարմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է աշխատանքները կատարել հատուկ էկրանի օգտագործմամբ` առաջացող ռենտգենյան ճառագայթումից անձնակազմին պաշտպանելու համար:

 

Կայմային (սյունային) տրանսֆորմատորային ենթակայաններ ԵՎ լրակազմ տրանսֆորմատորային ենթակայաններ

 

13) Կայմային և սյունային տրանսֆորմատորային ենթակայաններ (այսուհետ` ՏԵ) և լրակազմ տրանսֆորմատորային ենթակայաններ (այսուհետ` ԼՏԵ) սարքավորումների վրա աշխատելիս, առանց 1000 Վ բարձր լարման սնող գծերն անջատելու, թույլատրվում են միայն այն զննումներն ու նորոգումները, որոնք կարելի է կատարել հարթակի վրա կանգնած և պայմանով, որ պահպանվեն լարման տակ գտնվող հոսանքատար մասերից N 1 աղյուսակում նշված հեռավորությունները: Եթե այդ հեռավորությունները փոքր են թույլատրելիից, ապա աշխատանքները պետք է կատարվեն 1000 Վ բարձր լարմամբ հոսանքատար մասերի անջատմամբ և հողանցմամբ:

14) Կայմային ՏԵ և տաղավարային տեսակի ԼՏԵ, անկախ գծի վրա լարման առկայությունից կամ բացակայությունից, աշխատանքների թույլտվությունը պետք է կատարվի միայն սկզբում` մինչև 1000 Վ լարման փոխարկման ապարատների, այնուհետև 1000 Վ բարձր լարման գծային ընդհատիչի (բաժանիչի) անջատումից և ենթակայանի հոսանքատար մասերի վրա հողանցման վերադրումից հետո: Եթե հնարավոր է լարում տալ 380/220 Վ կողմից, ապա այդ լարման գծերը սնման հակառակ կողմից պետք է անջատվեն, ձեռնարկվեն միջոցներ` դրանց սխալմամբ կամ ինքնաբերաբար միացման դեմ, իսկ ենթակայանում այդ գծերի վրա մինչև փոխարկման ապարատները վերադրվեն հողանցումներ:

15) Կայմային տրանսֆորմատորային ենթակայաններում, փոխարկիչ կետերում և այլ սարքվածքներում, որոնք չունեն ցանկապատեր (արգելապատնեշներ), ընդհատիչների (բաժանիչների), բեռնվածքի անջատիչների շարժաբերները, 1000 Վ բարձր լարման պահարանները և մինչև 1000 Վ լարման վահանները պետք է փակված լինեն կողպեքով: Սպասարկման հարթակի մշտական սանդուղքները պետք է ուղեփակվեն ընդհատիչների (բաժանիչների) հետ և կողպեքով փակված լինեն:

 

Ուժային տրանսֆորմատորներ, յուղային շունտավորիչ ռեակտորներ

 

16) Ուժային տրանսֆորմատորների (այսուհետ` տրանսֆորմատորներ), յուղային շունտավորիչ և աղեղմարիչ ռեակտորների (այսուհետ` ռեակտորներ) զննումները պետք է կատարվեն անմիջապես գետնի վրայից կամ մշտական բռնաձողով սանդուղքից:
Աշխատանքի մեջ կամ պահուստում գտնվող տրանսֆորմատորների (ռեակտորների) դիտարկման հարթակների մուտքը պետք է լինի փակ, «Չբարձրանա'լ, կսպանի» նախազգուշացնող պլակատներով:

17) Աշխատող տրանսֆորմատորի (ռեակտորի) գազի ռելեից գազի նմուշառումը պետք է կատարվի տրանսֆորմատորի (ռեակտորի) բեռնաթափումից և անջատումից հետո:

18) Տրանսֆորմատորի ռեակտորի բաքից ակտիվ մասի հանման կամ զանգի բարձրացման հետ կապված աշխատանքները պետք է կատարվեն հատուկ տեղային պայմանների համար մշակված աշխատանքների կատարման նախագծով:

19) Տրանսֆորմատորի (ռեակտորի) բաքերի ներսում աշխատանքներ կատարելու համար թույլատրվում են միայն հատուկ պատրաստված բանվորները և մասնագետները, ովքեր լավ գիտեն աշխատանքների կատարման և ակտիվ մասի զննման ժամանակ ընկնելը և վնասվելը բացառող տեղաշարժման ուղիները: Աշխատողների հատուկ հագուստը պետք է լինի մաքուր և տեղաշարժման համար հարմար, չունենա մետաղական օղակներ, մարմինը պաշտպանի գերտաքացումից և յուղոտվելուց: Տրանսֆորմատորի (ռեակտորի) ներսում պետք է աշխատել պաշտպանության սաղավարտով և ձեռնոցներով: Պետք է հագնել ռետինե երկարաճիտ կոշիկներ (սապոգներ):

20) Տրանսֆորմատոր մուտք գործելուց առաջ պետք է համոզվել, որ բաքից լրիվ հեռացված են ազոտը և այլ գազերը, ինչպես նաև կատարված է բաքի բավարար օդափոխություն, և բաքում օդի թթվածնապարունակությունը 20 տոկոսից պակաս չէ:

Տրանսֆորմատորի ներսում մարդկանց վիճակի և գործողությունների հսկման համար պետք է նշանակվի առնվազն մեկ աշխատող, որը պարտավոր է գտնվել մտոցի մոտ և մշտական կապ պահպանել ներսում աշխատողների հետ: Տրանսֆորմատորի ներսում աշխատանքներ կատարելիս` աշխատողը պետք է ունենա ձգափոկով ապահովիչ գոտի` ճոպանով, և անհրաժեշտության դեպքում` ճկափողով հակագազ:

21) Տրանսֆորմատորի ներսում լուսավորությունը պետք է ապահովվի 12 Վ ոչ ավելի լարման փոխադրովի, պաշտպանության ցանցով, միայն գործարանային արտադրության լուսատուներով կամ մարտկոցային լամպերով: Ընդ որում, փոխադրովի լուսատուի բաժանիչ տրանսֆորմատորը պետք է գտնվի տրանսֆորմատորի բաքից դուրս:

22) Եթե աշխատանքների ընթացքում բաք է տրվում չորացված օդ (-400C ոչ ավելի ցողի կետով), ապա տրանսֆորմատորի ներսում գտնվելու յուրաքանչյուր աշխատողի ընդհանուր ժամանակն օրական չպետք է լինի 4 ժամից ավելի:

23) Տրանսֆորմատորային յուղի վերականգնման, դրա չորացման, մաքրման, գազազերծման աշխատանքները պետք է կատարվեն պաշտպանության հագուստով ու կոշիկներով:

24) 110 կՎ և ավելի լարման ուժային տրանսֆորմատորները յուղ լցնելու և դատարկելու ընթացքում տրանսֆորմատորների ներանցիչները պետք է հողանցվեն` դրանցում էլեկտրաստատիկ լիցքեր առաջանալուց խուսափելու համար:

 

Հոսանքի չափիչ տրանսֆորմատորներ

 

25) Չի թույլատրվում հոսանքի տրանսֆորմատորների առաջնային փաթույթի շղթայի հաղորդաձողերն օգտագործել որպես հոսանքատարներ` տեղակայման և եռակցման աշխատանքներ կատարելիս:

26) Մինչև երկրորդական շղթաների, էլեկտրաչափիչ սարքերի, ռելեային պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի սարքավորումների տեղակայման ավարտը` հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթները պետք է կարճ փակված լինեն:

27) Երկրորդային փաթույթների բևեռայնությունն ստուգելիս` բևեռայնությունը ցույց տվող սարքը պետք է միացվի երկրորդային փաթույթի սեղմակներին` մինչև տրանսֆորմատորի առաջնային փաթույթին ազդակ տալը:

 

Կուտակիչ մարտկոցներ

 

28) Կուտակիչների սրահը միշտ պետք է կողպված լինի: Այդ սրահներում զննող և դրանցում աշխատող անձանց բանալիներ տրվում են ընդհանուր հիմունքներով:

29) Արգելվում է կուտակիչների սրահներում ծխելը, մուտքն այնտեղ կրակով, էլեկտրատաքացնող սարքերի, հարմարանքների և գործիքների օգտագործումը, որոնք կարող են կայծ առաջացնել:

Կուտակիչի սրահների դռների վրա պետք է արվեն մակագրություններ` «Կուտակիչների սրահ», «Հրավտանգ է», «Ծխելն արգելվում է», կամ փակցնել ծխելն ու կրակից օգտվելն արգելող համապատասխան անվտանգության նշաններ:

30) Կուտակիչների սրահներում ներածողարտածող օդափոխությունը պետք է միանա լիցքավորումից առաջ և անջատվի ոչ շուտ, քան լիցքավորումն ավարտելուց 1.5 ժամ հետո:

31) Յուրաքանչյուր կուտակիչի սրահում պետք է լինեն`

ա) ապակե կամ ճենապակե (պոլիէթիլենային) գավաթ` ծորակով (կամ կուժ), 1.5-2 լիտր տարողությամբ, էլեկտրոլիտ պատրաստելու և այն անոթները լրացնելու համար,

բ) 2.5 տոկոսանոց խմելու սոդայի չեզոքացնող լուծույթ` թթվային մարտկոցների համար, և 10 տոկոսանոց բորաթթվի կամ քացախահյութի (մեկ մասին` 8 մաս ջուր) լուծույթներ` ալկալիական մարտկոցների համար,

գ) ձեռքերը լվանալու ջուր,

դ) սրբիչ:

32) Էլեկտրոլիտով, թորած ջրով և չեզոքացնող լուծույթներով լցված բոլոր անոթների վրա պետք է լինեն համապատասխան մակագրություններ (նշվեն անվանումները):

33) Թթուն հարկավոր է պահել կիպահղկած խցաններով ապակե շշերի մեջ` թթվի անվանմամբ կցված պիտակով: Թթվով լեցուն շշերը և դատարկ շշերը պետք է գտնվեն կուտակիչ մարտկոցներին մոտ գտնվող առանձին սրահում: Շշերը պետք է տեղադրվեն հատակի վրա` զամբյուղների կամ փայտյա արկղերի մեջ:

34) Թթվի, ալկալիի և կապարի հետ պետք է աշխատեն հատուկ այդ աշխատանքներին ուսուցված աշխատողները:

35) Թթվով և ալկալիով լեցուն ապակե շշերը պետք է տեղափոխեն երկու աշխատող: Շշերը, զամբյուղի հետ մեկտեղ, պետք է տեղափոխել բռնակներ ունեցող հատուկ փայտե արկղով կամ հատուկ պատգարակներով, որոնք մեջտեղում ունեն անցք, վանդակապատված են և, որի մեջ շիշը զամբյուղի հետ մեկտեղ պետք է տեղավորվի բարձրության 2/3-ի չափով:

36) Էլեկտրոլիտի պատրաստման ժամանակ թթուն պետք է դանդաղորեն (լուծույթի ինտենսիվ տաքացումից խուսափելու համար), գավաթից բարակ շիթով լցնել թորած ջրով լցված ճենապակե կամ այլ ջերմակայուն անոթի մեջ: Ընդ որում, էլեկտրալուծույթն ամբողջ ժամանակ հարկավոր է խառնել ապակե ձողով կամ խողովակով կամ թթվակայուն պլաստմասսայից խառնիչով:

Արգելվում է էլեկտրոլիտ պատրաստելիս ջուրը լցնել թթվի մեջ: Թույլատրվում է պատրաստի էլեկտրոլիտի վրա ջուր ավելացնել:

37) Թթվի և ալկալիի հետ աշխատանքներ կատարելիս` պետք է հագնել աշխատանքային հագուստ (թթվի դեպքում` կոպիտ բրդյա կամ թթվակայուն տոգորվածքով բամբակե, ալկալիի դեպքում` բամբակե), ռետինե երկարաճիտ կոշիկներ (շալվարի տակ) կամ կրկնակոշիկներ, ռետինե գոգնոց, պաշտպանության ակնոց և ռետինե ձեռնոցներ: Կծու ալկալիի կտորները պետք է կոտրատել հատուկ առանձնացված տեղում` դրանք պարկագործվածքի մեջ նախօրոք փաթաթելով:

38) Կուտակիչների սրահներում թիթեղների զոդման աշխատանքները թույլատրվում են հետևյալ պայմանների դեպքում`

ա) զոդումը թույլատրվում է լիցքավորումից հետո 2 ժամից ոչ շուտ: Մարտկոցները, որոնք աշխատում են անընդհատ ենթալիցքավորման մեթոդով, պետք է 2 ժամ առաջ, մինչև աշխատանքներն սկսելը, փոխադրվեն լիցքաթափման ռեժիմի,

բ) մինչև աշխատանքներն սկսելը սրահը պետք է 1 ժամ օդափոխվի,

գ) զոդման ժամանակ սրահում պետք է իրականացվի անընդհատ օդափոխություն,

դ) զոդման տեղը մնացած մարտկոցներից պետք է ցանկապատվի չայրվող վահաններով,

ե) կապարից և դրա միացություններից թունավորվելուց խուսափելու համար պետք է կիրառվեն նախազգուշական հատուկ միջոցներ և աշխատանքի օրվա ռեժիմ` կուտակիչ մարտկոցների շահագործման և նորոգման հրահանգներին համապատասխան,

զ) աշխատանքները պետք է կատարվեն կարգագրով:

39) Կուտակիչ մարտկոցների և լիցքավորման սարքավորումների սպասարկումը պետք է կատարի III խումբ ունեցող հատուկ ուսուցված անձնակազմը:

 

Կոնդենսատորային կայանքներ

 

40) Աշխատանքներ կատարելիս կոնդենսատորները, նախքան դրանց կամ դրանց հոսանքատար մասերին շփվելը, կայանքը սնման աղբյուրից անջատելուց հետո, պետք է լիցքաթափվեն` անկախ հաղորդաձողերին միացված կամ առանձին կոնդենսատորներում ներտեղադրված լիցքաթափման սարքավորումների առկայությունից:

41) Կոնդենսատորների լիցքաթափումը (մնացորդային լարման իջեցումը մինչև զրոյական մակարդակը) կատարվում է կոնդենսատորի արտանցիչները և իրանը կարճ փակելով մետաղական հաղորդաձողով, որն ունի մեկուսացնող ձողին ամրացված հողանցող հաղորդիչ:

42) Կոնդենսատորների արտանցիչները, եթե դրանք միացված չեն էլեկտրական սխեմաներին, բայց գտնվում են էլեկտրական դաշտի ազդեցության (մակածված լարման) գոտում, պետք է կարճ միակցվեն:

43) Մինչև կոնդենսատորների լիցքաթափումը` չի թույլատրվում դիպչել ցանցից անջատված ռեակտիվ հզորության անհատական կոմպենսացում ունեցող ասինքրոն էլեկտրաշարժիչի փաթույթների սեղմակներին:

44) Չի թույլատրվում մերկ ձեռքերով դիպչել եռաքլորդիֆևիլով (ԵՔԴ) ներծծված` արտահոսք ունեցող կոնդենսատորներին: ԵՔԴ քսված մաշկն անհրաժեշտ է լվանալ ջրով և օճառով, իսկ աչքի մեջ ընկնելիս` աչքը լվանալ բորաթթվի թույլ լուծույթով կամ խմելու սոդայի լուծույթով (մեկ թեյի գդալ սոդա` մեկ բաժակ ջրում):

 

Մալուխային գծեր

 

45) Կազմակերպությունների, բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցուղիների (էլեկտրամալուխ, կապի մալուխ, գազատար և այլն) պահպանության (անվտանգության) գոտիներում հողային աշխատանքները կարող են սկսվել միայն համապատասխան կազմակերպությունների ղեկավարների, իշխանության տեղական մարմինների և այդ կառույցների սեփականատերերի գրավոր թույլտվությամբ: Թույլտվությանը պետք է կցվի տեղանքի պլանը (սխեման)` դրա վրա նշելով հաղորդակցուղիների տեղադրությունը և դրանց տեղադրման խորությունը: Ստորգետնյա հաղորդակցուղիների տեղերը պետք է նշվեն համապատասխան նշաններով` ինչպես պլանի (սխեմայի) վրա, այնպես էլ` աշխատանքների կատարման տեղում:

46) Պլանում չնշված մալուխների, խողովակաշարերի, ստորգետնյա կառույցների, ինչպես նաև ռազմամթերքի բացահայտման դեպքում` հողային աշխատանքները պետք է դադարեցվեն` մինչև հայտնաբերված կառույցների պատկանելությունը պարզելը և համապատասխան կազմակերպությունից աշխատանքները շարունակելու թույլտվություն ստանալը:

47) Արգելվում է հողային աշխատանքների կատարումը հարվածող գործողությամբ մեխանիզմների կիրառմամբ` մալուխներից մինչև 5 մետր հեռավորության վրա, իսկ հողափոր մեքենաներինը` մինչև 1.0 մ, եթե դրանք կապված չեն մալուխների փորման հետ:

Անմիջապես մալուխների վրա փորելու դեպքում հողափոր մեքենաների, օդաճնշական գործիքների, ինչպես նաև լինգերի և քլունգների օգտագործումը թույլատրելի է այնպիսի խորությամբ, երբ մինչև մալուխը մնում է հողի շերտ` ոչ պակաս 30 սմ: Հողի շերտի հետագա հանումը պետք է կատարվի ձեռքով` բահերով:

Մալուխային գծի փորելուց առաջ պետք է կատարվի գծի ստուգողական բացում` գծի սեփականատիրոջ անձնակազմի հսկողությամբ:

48) Ձմռանը բահերով հողի հանումը կարելի է սկսել միայն գետինը տաքացնելուց հետո: Այդ դեպքում ջերմության աղբյուրը թույլատրվում է մոտեցնել մալուխներին` 15 սմ-ից ոչ մոտ:

49) Փոսորակների, խրամուղիների կամ փոսերի փորման աշխատանքների տեղը պետք է ցանկապատված լինի` հաշվի առնելով գործող շինարարական նորմերի պահանջները: Ցանկապատերի վրա պետք է լինեն նախազգուշացնող նշաններ և մակագրություններ, իսկ գիշեր ժամանակ` ազդանշանային լուսավորություն:

50) Թույլ կամ խոնավ հիմնահողերում խրամուղիներ փորելու դեպքում պատերը պետք է հուսալի ամրացվեն, երբ փլուզման վտանգ է սպառնում:

Սորուն հիմնահողերում աշխատանքները կարելի է կատարել առանց պատերի ամրացման, բայց` հիմնահողի բնական թեքության անկյանը համապատասխան թեքություններով: Փոսորակից կամ խրամուղուց հանված հողը պետք է լցվի հանույթի եզրից 0,5 մ ոչ պակաս հեռավորության վրա: Եթե հանույթի խորությունը 2 մից ավելի է, ապա հողի մշակումը և ամրացումը պետք է կատարվեն աշխատանքների կատարման նախագծով:

51) Բնական խոնավությամբ հողում, որտեղ բացակայում են գետնաջրերը, և մոտակայքում չկան ստորգետնյա կառույցներ, ուղղաձիգ պատերով փոսորակների և խրամուղիների փորելը` առանց պատերի ամրացման, թույլատրվում է ոչ ավելի խորությամբ, քան`

ա) լիցքային, ավազային և խոշոր կոտրտվածքներով բնահողում` 1 մ,

բ) կավավազային բնահողում` 1,25 մ,

գ) ավազակավային և կավային բնահողում` 1,5 մ:

Պինդ կապակցված հիմնահողում, ուղղաձիգ պատերով խրամուղի փորելը ռոտորային և խրամուղային էքսկավատորներով` առանց ամրացումների, թույլատրելի է 3 մետրից ոչ ավելի խորությամբ: Այդ դեպքում աշխատողների խրամուղի իջնելն արգելվում է: Խրամուղու այն տեղերում, ուր անհրաժեշտ է գտնվել, պետք է կառուցվեն ամրացումներ կամ արվեն թեքություններ:

Ձմռանը հիմնահողի մշակումը (բացի սորունից) սառած շերտի խորության չափով թույլատրելի է առանց ամրացումների:

52) Սույն գլխի 51-րդ կետում նշվածից տարբերվող պայմանների դեպքում փոսորակները և խրամուղիներն անհրաժեշտ է մշակել թեքություններով` առանց ամրացման, կամ ուղղաձիգ պատերով` ամրացված ամբողջ բարձրությամբ:

53) Մինչև 3 մ խորությամբ փոսորակների և խրամուղիների ամրացումը պետք է կատարվի տիպային նախագծերով:

54) Շինարարական մեքենաների, ավտոտրանսպորտի տեղաշարժը, տեղակայումը, կարապիկների, սարքավորումների, նյութերի և այլնի տեղադրումը փորվածքներին (փոսորակ, խրամուղի, առու) մոտ, առանց թեքությունների ամրացման, թույլատրվում են միայն ԱԿՆ սահմանված` բնահողի քանդման պրիզմայի սահմաններից դուրս հեռավորության վրա, կամ N 2 աղյուսակում նշված հեռավորություններից ոչ պակաս:

 

Աղյուսակ N 2

 

Փորվածքի թեքության հիմքից մինչև մեքենայի մոտակա հենարանը նվազագույն հեռավորությունը (հորիզոնական ուղղությամբ), մ

Փորվածքի
խորությունը

Հիմնահողի տեսակը

ավազային

կավավազային

ավազակավային

կավային

1,0

1,5

1,25

1,0

1,0

2,0

3,0

2,40

2,0

1,5

3,0

4,0

3,60

3,25

1,75

4,0

5,0

4,40

4,0

3,0

5,0

6,0

5,30

4,75

3,5

Մալուխների ԵՎ կցորդիչների կախումը ԵՎ ամրացումը

 

55) Բաց կցորդիչները պետք է ամրացվեն լարի կամ ճոպանի միջոցով խրամուղու վրայով գցված չորսուներից կախված տախտակի վրա և ծածկվեն պատյանով: Պատյանի մի պատը պետք է լինի հանովի և ամրացվի առանց մեխերի:

56) Մալուխները կախելու համար արգելվում է օգտագործել հարևան մալուխները, խողովակաշարերը և այլն:

57) Մալուխները կախելիս պետք է բացառել դրանց շեղումը:

58) Հանված բաց մալուխները ծածկող պատյանների վրա անհրաժեշտ է կախել «Կանգնիր: Լարում կա» անվտանգության պլակատը:

 

Կցորդիչների բացումը, մալուխի կտրումը

 

59) Մինչև կցորդիչը բացելը կամ մալուխը կտրելը` անհրաժեշտ է հավաստիանալ, որ այդ աշխատանքները կատարվելու են նորոգման ենթակա մալուխի վրա, որ այդ մալուխն անջատված է, և կատարված են անհրաժեշտ տեխնիկական միջոցառումները:

60) Աշխատատեղում նորոգման ենթակա մալուխն անհրաժեշտ է որոշել (ճշտել)`

ա) թունելներում, հավաքիչներում, անցուղիներում անցկացված լինելու դեպքում` հետևելով դասավորությանը` համեմատելով գծագրերի և սխեմաների հետ, ստուգելով ըստ պիտակների,

բ) հողի մեջ անցկացված լինելու դեպքում` մալուխի դիրքը համեմատելով տեղադրման գծագրերի հետ: Այդ նպատակի համար պետք է նախապես փորված լինի մալուխներին լայնակի ստուգողական խրամուղի (հետախուզահոր), որը հնարավորություն կտա տեսնելու բոլոր մալուխները:

61) Այն բոլոր դեպքերում, երբ բացակայում է մալուխի տեսանելի վնասվածքը, անհրաժեշտ է օգտագործել մալուխափնտրիչ սարք:

62) Մալուխը կտրելուց կամ միացնող կցորդիչը բացելուց առաջ պետք է հատուկ հարմարանքի` պողպատյա ասեղով կամ կտրող ծայրապանակով մեկուսացված ձողի օգնությամբ ստուգել լարման բացակայությունը:

Թունելներում, հավաքիչներում, հորերում, խրամուղիներում, որտեղ տեղադրված են մի քանի մալուխներ, ինչպես և այլ մալուխային կառույցներում հարմարանքը պետք է լինի հեռագործ կառավարմամբ: Հարմարանքը պետք է ապահովի մալուխի պատյանի ծակումը կամ կտրումը` մինչև ջղերը` դրանք միակցելով իրար և հողանցման հետ:

Մալուխը ծակման տեղում պետք է նախապես ծածկվի էկրանով:

63) Մալուխի ծակման ժամանակ անհրաժեշտ է հագնել հատուկ հագուստ, դիէլեկտրիկ ձեռնոցներ և դեմքի ու աչքերի անհատական պաշտպանության միջոցներ, ընդ որում, պետք է կանգնել խրամուղու վերևում մեկուսացված հարթակի վրա` հնարավորինս ծակվող մալուխից հեռու:

Մալուխի ծակումը պետք է կատարեն երկու աշխատող` թույլատրողը և աշխատանքներն իրագործողը կամ իրագործողը և աշխատանքների պատասխանատու ղեկավարը. նրանցից մեկն անմիջականորեն ծակում է մալուխը, իսկ երկրորդը հսկում է:

64) Եթե մալուխի վնասվածքի հետևանքով բացված են բոլոր հոսանքատար ջղերը, ապա լարման բացակայությունը կարելի է ստուգել անմիջականորեն լարման ցուցիչով` առանց մալուխի ծակման:

65) Ծակող հարմարանքի հողանցման համար կարելի է օգտագործել 0,5 մ-ից ոչ պակաս խորությամբ հողի մեջ մխրճված հողանցիչը կամ մալուխի զրահը: Հողանցող հաղորդալարը մալուխի զրահին պետք է միացնել անուրներով: Անուրի տակ զրահը պետք է մաքրված լինի:

Այն դեպքերում, երբ զրահը ենթարկվել է քայքայման, թույլատրվում է հողանցող հաղորդալարի միացումը մալուխի մետաղական պատյանին:

66) Էլեկտրակայանների և ենթակայանների ներքին մալուխների վրա, որոնց երկարությունը և անցկացման եղանակը հնարավոր են դարձնում, օգտվելով գծագրերից, պիտակներից, մալուխափնտրիչ սարքից, ճշգրիտ որոշել նորոգման ենթակա մալուխը, կարգագիր տվողի հայեցողությամբ, թույլատրվում է մալուխը չծակել այն կտրելուց կամ կցորդիչը բացելուց առաջ:

67) Այն դեպքերում, երբ կցորդիչի բացումը և մալուխի կտրումը կատարվում են առանց նախապես ծակման, բացումը և կտրումը անհրաժեշտ է կատարել հողանցված գործիքով, մեկուսացված հարթակին կանգնած` կիրառելով դիէլեկտրիկ ձեռնոցներ, օգտագործելով դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներ:

68) Մալուխի նախնական ծակումից հետո այդ նույն գործողությունները կարելի է կատարել առանց թվարկված լրացուցիչ անվտանգության միջոցառումների:

 

Մալուխային զանգվածի տաքացումը ԵՎ կցորդիչների լցնումը

 

69) Կցորդիչները լցնելու մալուխային զանգվածը պետք է տաքացվի կափարիչ և քթամաս ունեցող հատուկ մետաղյա ամանի մեջ:

Բացված բանկայից մալուխային զանգվածը տարվա տաք եղանակին հանվում է տաքացված դանակով, իսկ ցուրտ եղանակին` պոկելով: Արգելվում է տաքացնել մալուխային զանգվածով չբացված բանկաները:

70) Կցորդիչները տաք զանգվածով լցնելու ժամանակ աշխատողը պետք է հագած լինի հատուկ հագուստ, բրեզենտե ձեռնոցներ և պաշտպանության ակնոց:

71) Զոդանյութով անոթի, ինչպես նաև զանգվածով անոթի տաքացումը, հանումը և տեղափոխումը պետք է կատարվեն բրեզենտե ձեռնոցներով և ապահովիչ ակնոցներով: Չի թույլատրվում զոդանյութով անոթը կամ զանգվածով անոթը փոխանցել ձեռքից ձեռք. փոխանցման ժամանակ դրանք պետք է դնել գետնին:

72) Հալված զանգվածն անհրաժեշտ է խառնել մետաղական խառնիչով, իսկ այրուքը հեռացնել հալված զոդանյութի մակերեսից մետաղական չոր գդալով:

73) Տարվա ցուրտ եղանակին կցորդիչները տաք զանգվածով լցնելուց առաջ պետք է տաքացված լինեն:

74) Մալուխային զանգվածի տաքացումը մալուխային հորերում, թունելներում, մալուխային կառույցներում չի թույլատրվում:

 

Մալուխների փռումը, վերափռումը ԵՎ կցորդիչների տեղափոխումը

 

75) Մալուխով թմբկագլանը գլորելու դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որպեսզի դրա ցցվածքները չբռնեն հագուստի մասերը:

Մինչև թմբկագլանը գլորելու աշխատանքներն սկսելը` պետք է ամրացնել մալուխի ծայրերը և հեռացնել գլանից դուրս ցցված մեխերը:

Մալուխով թմբկագլանը թույլատրվում է գլորել միայն հորիզոնական մակերևույթով, պինդ գետնի կամ ամուր փռվածքի վրայով:

76) Մալուխը ձեռքով փռելու դեպքում բանվորների թիվն այնպիսին պետք է լինի, որ յուրաքանչյուրին ընկնող մալուխի տեղամասի քաշը լինի մինչև 35 կգ` տղամարդկանց համար, և 15 կգ` կանանց համար: Անհրաժեշտ է աշխատել բրեզենտե ձեռնոցներով:

77) Մալուխի փռման ժամանակ արգելվում է կանգնել շրջադարձի անկյան ներսում, ինչպես նաև` մալուխը ձեռքով պահել ուղեգծի շրջադարձի տեղերում: Այդ նպատակի համար պետք է տեղադրված լինեն անկյունային հոլովակներ:

78) Չի թույլատրվում մալուխների տաքացման համար կիրառել 380 Վ-ից բարձր լարում:

79) Կարելի է վերափռել մալուխները և տեղափոխել կցորդիչները մալուխային գիծն անջատելուց հետո: Լարման տակ գտնվող մալուխի վերատեղադրումը թույլատրվում է հետևյալ պայմանների դեպքում`

ա) վերափռվող մալուխի ջերմաստիճանը պետք է լինի 50C-ից ոչ ցածր,

բ) մալուխի վերափռվող տեղամասում կցորդիչները պետք է ամրացված լինեն տախտակների վրա` անուրներով,

գ) աշխատանքի համար պետք է օգտագործվեն դիէլեկտրիկ ձեռնոցներ, որոնց վրայից, մեխանիկական վնասվածքներից պաշտպանվելու համար, պետք է հագնել բրեզենտե թաթմաններ,

դ) աշխատանքները պետք է կատարեն մալուխների փռման փորձ ունեցող բանվորները` V խումբ ունեցող աշխատանքների պատասխանատու ղեկավարի հսկողությամբ` 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում, և IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողի հսկողությամբ` մինչև 1000 Վ էլեկտրակայանքների դեպքում:

 

Աշխատանքները մալուխային գծերի վրա ստորգետնյա կառույցներում

 

80) Ստորգետնյա մալուխային կառույցներում աշխատանքները, ինչպես նաև զննումը` իջնելով դրանց մեջ, պետք է կատարվեն կարգագրով` առնվազն երեք աշխատողի կողմից, որոնցից երկուսն ապահովողներ են: Աշխատանքն իրագործողը պետք է ունենա IV խումբ: Աշխատանքը կատարողների և ապահովողների միջև պետք է լինի կապ:

81) Յուրաքանչյուր արտադրամասում (շրջանում, տեղամասում) անհրաժեշտ է ունենալ գազավտանգ ստորգետնյա կառույցների ցանկ` հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից, որին օպերատիվ անձնակազմը պետք է ծանոթացված լինի:

Բոլոր գազավտանգ ստորգետնյա կառույցները պետք է նշված լինեն պլանի վրա: Դրանց դռները և մտոցները պետք է հուսալի փակվեն և ունենան պետական ստանդարտներին համապատասխան նշաններ:

82) Ստորգետնյա կառույցներում մինչև աշխատանքներն սկսելը և աշխատանքների ժամանակ պետք է ապահովվի բնական կամ հարկադիր օդափոխություն և վերցվի օդի անալիզ` թթվածնի պարունակության վերաբերյալ, որը պետք է լինի 20 տոկոսից ոչ պակաս:

Բնական օդափոխությունն ստեղծվում է` բացելով երկուսից ոչ պակաս մտոցներ, դրանց մոտ տեղադրելով օդի հոսքն ուղղող հատուկ հովհարներ: Աշխատանքներն սկսելուց առաջ բնական օդափոխության տևողությունը պետք է լինի 20 րոպեից ոչ պակաս:

Հարկադիր օդափոխությունն ապահովվում է օդափոխիչի կամ ճնշակի միջոցով` 10-15 րոպեի ընթացքում. ստորգետնյա կառույցի լրիվ օդափոխման համար ճկափողն իջեցվում է ներքև և պահվում հատակից 0,25 մ բարձրության վրա:

Օդափոխության համար արգելվում է կիրառել սեղմված գազով (թթվածնով) բալոններ: Եթե բնական կամ հարկադրական օդափոխությունը չի ապահովում վտանգավոր նյութերի լրիվ հեռացումը, ապա ստորգետնյա կառույց թույլատրվում է իջնել միայն շնչառական օրգանները մեկուսացնող անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, այդ թվում` ճկափողով հակագազի օգտագործմամբ:

83) Չի թույլատրվում ստորգետնյա կառույցներում աշխատանքներն սկսելը` առանց դրանց գազավորվածությունն ստուգելու: Ստուգումը պետք է անցկացնեն աշխատողները, ովքեր գործիքների օգտագործման ուսուցում են անցել: Այդ աշխատողների ցուցակը հաստատվում է կազմակերպության տնօրենի կողմից:

Արգելվում է գազի բացակայությունը բաց կրակի օգնությամբ ստուգելը:

84) Թունելներում և հավաքիչներում, որոնք սարքավորված են ներածման  արտածման օդափոխությամբ, աշխատանքներն սկսելուց առաջ դրանք պետք է գործարկվեն տեղային պայմաններով որոշված ժամկետում: Այդ դեպքում գազի բացակայությունը կարելի է չստուգել:

85) Թունելներում և հավաքիչներում աշխատանքներ կատարելիս` պետք է բաց լինեն երկու մտոց կամ երկու դուռ` այնպես, որպեսզի աշխատողները գտնվեն դրանց միջև: Բաց մտոցի մոտ պետք է տեղադրվի նախազգուշացնող նշան, կամ այն ցանկապատվի: Մինչև աշխատանքների սկիզբը` բրիգադի անդամները պետք է ծանոթացվեն կառույցից էվակուացվելու պլանի հետ` չնախատեսված հանգամանքների դեպքում աշխատատեղից հեռանալու համար:

86) Հորերը բացելիս անհրաժեշտ է կիրառել այնպիսի գործիք, որը կայծ չառաջացնի, ինչպես նաև` խուսափել կափարիչով մտոցի բկանցքին հարվածելուց:

87) Հորի բացված անցքի մոտ պետք է տեղադրվի նախազգուշացնող նշան, կամ պետք է ցանկապատվի:

88) Հորում թույլատրվում է գտնվել և աշխատել III խումբ ունեցող մի աշխատողի, որը պետք է ունենա ապահովաճոպանով պաշտպանության գոտի: Պաշտպանիչ գոտին պետք է ունենա ուսափոկեր, որոնք մեջքի կողմում պետք է խաչվեն և խաչման տեղում օղակով ամրացվեն ճոպանին: Ճոպանի մյուս ծայրը պետք է բռնի ապահովող աշխատողներից մեկը:

89) Հորում աշխատանքներ կատարելիս` արգելվում է վառել զոդալամպեր, տեղադրել պրոպան-բութանի բալոններ, տաքացնել կցորդիչը լցնելու զանգվածը և զոդանյութը: Հալեցրած զոդանյութը և կցորդիչը լցնելու տաքացրած զանգվածն անհրաժեշտ է հորն իջեցնել զսպանակեռիկով մետաղաճոպանից կախված հատուկ փակ ամանով:

90) Կրակով աշխատանքներ կատարելիս` անհրաժեշտ է կիրառել բոցի տարածումը սահմանափակող հրակայուն նյութից պատրաստված վահաններ և ձեռնարկել հակահրդեհային միջոցառումներ:

91) Թունելներում, հավաքիչներում, մալուխային կիսահարկերում և այլ սրահներում, որոնցում դասավորված են մալուխները, պրոպան-բութանի օգտագործմամբ աշխատելիս, սրահում գտնվող բալոնների գումարային տարողությունը չպետք է գերազանցի 5 լ-ը:

Աշխատանքներն ավարտելուց հետո գազով լցված բալոնները պետք է հեռացվեն, իսկ սրահը` օդափոխվի:

92) Մալուխները հոսանքով «վառելու» ժամանակ հորում գտնվելն արգելվում է, իսկ թունելներում և հավաքիչներում` թույլատրվում է միայն երկու բաց մուտքերի միջև գտնվող տեղամասերում: Հոսանքով «վառելու» ժամանակ արգելվում է աշխատել մալուխների վրա:

Հոսանքով «վառելուց» հետո, հրդեհից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է զննել մալուխները:

93) Աշխատանքների թույլտվությունից և թունելների զննումից առաջ հրդեհից պաշտպանության սարքվածքները պետք է ավտոմատ գործողությունից տեղափոխել հեռակառավարման և կառավարման բանալու վրա կախել «Չմիացնե'լ, մարդիկ են աշխատում» պլակատը:

94) Արգելվում է ծխել հորերում, հավաքիչներում և թունելներում, ինչպես նաև` բաց անցքերից մինչև 5 մ հեռավորության վրա:

95) Թունելներում, հավաքիչներում և հորերում երկարատև աշխատանքների դեպքում` դրանցում գտնվելու ժամանակի տևողությունը պետք է որոշի կարգագիր տվողը` կախված աշխատանքների կատարման պայմաններից:

96) Թունելներում, հավաքիչներում և հորերում գազ հայտնվելու դեպքում աշխատանքները պետք է դադարեցվեն, աշխատողները դուրս բերվեն վտանգավոր գոտուց` մինչև գազավորվածության աղբյուրը հայտնաբերելը և վերացնելը:

Գազերի դուրսմղման համար անհրաժեշտ է կիրառել հարկադիր օդափոխություն:

97) Հորերում, թունելներում աշխատատեղը լուսավորելու համար պետք է կիրառվեն 12 Վ լարման լուսատուներ կամ պայթյունաանվտանգ կառուցվածքի մարտկոցային լապտեր: 12 Վ լարման տրանսֆորմատորը պետք է դրվի հորից կամ թունելից դուրս:

 

Էլեկտրահաղորդման օդային գծեր

 

98) ՕԳ հենարանների և լարերի ապատեղակայման, ինչպես նաև հենարանների տարրերի փոխարինման աշխատանքները պետք է կատարվեն ըստ տեխնոլոգիական քարտի կամ ԱԿՆ-ի:

99) Հենարանի վրա բարձրանալն ու դրա վրա աշխատելը թույլատրվում են միայն հենարանի, հատկապես դրա հիմքի բավարար կայունությունը և ամրությունն ստուգելուց հետո:

100) Փայտյա հենարանների ամրության ստուգումը պետք է կատարվի փայտի փտածության չափմամբ` հիմնամասում 0.5 մ ոչ պակաս խորությամբ փորելով: Երկաթբետոնե հենարանների և կցուրդների ամրությունը որոշելու համար (բետոնում անթույլատրելի ճաքեր, հենարանի շուրջ բնահողի նստվածք և փքվածություն, բետոնի քայքայում) հենարանի (կցուրդի) հիմնամասում պետք է փորվի 0.5 մ ոչ պակաս խորությամբ փոսորակ:

101) Մետաղական հենարաններում պետք է ստուգվեն հիմքի վնասվածության բացակայությունը, բոլոր շեղահենակների և խարսխային հեղույսների առկայությունը, ձգալարերի և հողանցման հաղորդիչների վիճակը:

102) Կասկածելի ամրություն ունեցող հենարանի (անբավարար խորություն, բնահողի փքում, փայտանյութի փտում, ճաքեր` բետոնում և այլն) ամրացման անհրաժեշտությունը և եղանակները որոշվում են տեղում` աշխատանքներն իրագործողի կամ պատասխանատու ղեկավարի կողմից:

Հենարանի ամրացման աշխատանքներն առձգիչների միջոցով պետք է կատարել առանց հենարանի վրա բարձրանալու, այսինքն` կողքին տեղակայված հենարանից, փոխագուցավոր վերնակից կամ մարդկանց բարձրացնելու համար այլ մեխանիզմից կամ` դրա համար օգտագործելով հատուկ սարքվածքներ, որոնք կախելու (ամրացնելու) համար չի պահանջվում բարձրանալ հենարան: Հենարանի վրա բարձրանալը թույլատրվում է միայն այն ամրացնելուց հետո:

Այն հենարանները, որոնք հաշվարկված չեն լարերի և մետաղաճոպանների միակողմանի ձգման համար և ժամանակավորապես կարող են ենթարկվել նման ձգման, անկումից խուսափելու համար պետք է նախապես ամրացվեն:

Մինչև հենարանների ամրացումը` լարերի ամբողջականության խախտումը և կապերի հանումը հենարաններից արգելվում է:

103) Հենարանի վրա բարձրանալը թույլատրվում է վերնաշխատանքների կատարման իրավունք ունեցող բրիգադի անդամներին`

ա) III խմբի` մինչև հենարանի գագաթը` բոլոր տեսակի աշխատանքների դեպքում,

բ) II խմբի` այն աշխատանքների դեպքում, որոնք կատարվում են ՕԳ անջատմամբ` մինչև հենարանի գագաթը, իսկ այն աշխատանքների դեպքում, որոնք կատարվում են չանջատված ՕԳ ոչ հոսանքատար մասերի վրա` ոչ բարձր այն մակարդակից, որի դեպքում աշխատողի գլխից մինչև այդ ՕԳ ստորին հաղորդալարերի մակարդակը մնում է 2 մ հեռավորություն:

Բացառություն են կազմում հենարանների ներկման աշխատանքները:

Բարձրության վրա աշխատանքների առանձին տեսակները պետք է կատարեն այդ աշխատանքների կատարման համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխան խմբեր ունեցող ոչ պակաս երկու աշխատողներ:

104) Փայտե և երկաթբետոնե հենարանների վրա բարձրանալիս` անհրաժեշտ է ապահովիչ գոտու առասանն անցկացնել կանգնակի հետևը:

Արգելվում է բարձրանալ և աշխատել ցցաձողային մեկուսիչներով անկյունային հենարանների ներքին անկյան կողմից:

Հենարանի վրա աշխատելիս` անհրաժեշտ է օգտվել ապահովիչ գոտուց և հենվել երկու ճանկերի (մագլցիչների) վրա` դրանց կիրառման դեպքում:

Հենարանի կանգնակի վրա աշխատելիս` անհրաժեշտ է տեղավորվել այնպիսի դիրքով, որպեսզի տեսադաշտից չկորչեն լարման տակ գտնվող մոտակա լարերը:

Հենարանի տարրերը փոխելիս` պետք է բացառվի հենարանի տեղաշարժման կամ անկման հնարավորությունը:

105) Պ և ԱՊ ձևերի հենարանների միակի և երկտակ կցուրդները փոխելու ժամանակ արգելվում է միանգամից փորել հանել հենարանի երկու կանգնակները: Հարկ է փոխել հենարանի մեկ կանգնակի կցուրդը, ամրացնել կալանդները, տափանել հողը և միայն դրանից հետո անցնել մյուս կանգնակի կցուրդները փոխելուն: Անհրաժեշտ է երկտակ կցուրդները փոխել հերթականությամբ:

106) Արգելվում է գտնվել փոսորակում` կցուրդները հանելիս կամ իջեցնելիս:

107) Հենարանի վայր գցման և տեղակայման եղանակները, շեղումներից խուսափելու համար, դրա ամրացման անհրաժեշտությունն ու եղանակները որոշում է աշխատանքների պատասխանատու ղեկավարը: Կեռերով ձգալարերի օգտագործման դեպքում կեռերը պետք է ունենան ապահովիչ փականներ:

108) Մեկուսացնող կախոցների վրա աշխատելիս` թույլատրվում է տեղափոխվել միաշղթա և բազմաշղթա (մեկուսիչների երկու և ավելի շարաններով) պահող կախոցներով և բազմաշղթա ձգող կախոցներով:

Միաշղթա ձգովի մեկուսացնող կախոցի վրա աշխատանքները թույլատրվում են հատուկ հարմարանքների օգտագործմամբ կամ դրա վրա պառկած և, մարմնի դիրքն ամուր պահելու համար, ոտքերով կառչելով լայնակից:

109) Պահող մեկուսացնող կախոցի վրա աշխատելիս` ապահովիչ գոտու առասանը պետք է ամրացված լինի լայնակից: Եթե առասանի երկարությունն անբավարար է, անհրաժեշտ է օգտվել գոտուն ամրացված երկու ապահովաճոպաններից: Ճոպաններից մեկը կապում են լայնակին, իսկ երկրորդը, որը նախապես անցկացված է լայնակի հետևի մասը, բրիգադին վտանգից ապահովող անդամը բաց է թողնում ըստ անհրաժեշտության:

110) Մեկուսացնող ձգովի կախոցի վրա աշխատելիս` ապահովիչ գոտու առասանը պետք է ամրացված լինի լայնակից կամ այդ նպատակի համար նախատեսված հարմարանքից:

111) Պահող և ձգովի բազմաշղթա մեկուսացնող կախոցների վրա թույլատրվում է ապահովիչ գոտու առասանն ամրացնել մեկուսիչների շարաններից մեկին, որի վրա աշխատանքներ չեն տարվում: Արգելվում է այդ առասանն ամրացնել այն շարանից, որի վրա աշխատանքներ են տարվում:

Անսարքություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել մեկուսացնող կախոցի անջատմանը, աշխատանքները պետք է դադարեցնել:

112) Չի թույլատրվում հաղորդալարերի, մետաղաճոպանների լայնակների վրա բարձրանալու (կամ իջնելու), ինչպես նաև դրանց ձգման ժամանակ այդ լայնակների կամ դրանց տակի կանգնակների վրա գտնվելը:

113) Բեռի բարձրացման սխեմայի ընտրումը և ամբարձիչ բլոկների տեղադրումն անհրաժեշտ է կատարել այն հաշվով, որպեսզի չառաջանան ճիգեր, որոնք կարող են վնասել հենարանը:

114) Հենարանի ներկումը` մինչև դրա գագաթը բարձրանալով, կարող են կատարել II խումբ ունեցող բրիգադի անդամները:

Հենարանի ներկման ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ` մեկուսիչների և հաղորդալարերի վրա ներկը թափվելը կանխելու համար (օրինակ, տակդիրի օգտագործմամբ):

115) Հենարանի, փոխագուցավոր աշտարակի, հիդրոամբարձիչի կամ մարդկանց բարձրացնելու այլ մեխանիզմի վրայից աշխատանքներ կատարելիս` հեռավորությունն աշխատողից, գործիքից, հարմարանքից, ճոպանից, ձգալարից մինչև 1000 Վ ցածր լարման տակ գտնվող հաղորդալարը (էլեկտրահաղորդման, ռադիոհաղորդման, հեռամեխանիկայի) պետք է լինի ոչ պակաս 0.6 մ:

116) Այն դեպքում, երբ աշխատանքները կատարելիս չի բացառվում հաղորդալարերին (էլեկտրահաղորդման, կապի, ռադիոհաղորդման, հեռամեխանիկայի) մոտենալու հնարավորությունը 0.6 մ պակաս հեռավորությամբ, այդ հաղորդալարերը պետք է անջատվեն և հողանցվեն աշխատանքների կատարման տեղում:

117) 1000 Վ բարձր լարման գծերի հենարաններից կախված մինչև 1000 Վ լարման ՕԳ և փողոցային լուսավորության գծերի հաղորդալարերի փոխարինման և ձգման աշխատանքները պետք է կատարվեն բոլոր լարման գծերը (մինչև 1000 Վ և ավելի) անջատելուց և աշխատանքների տեղամասի երկու կողմերում հողանցելուց հետո:

Աշխատանքները պետք է կատարվեն կարգագրով, երկու աշխատողից ոչ պակաս բրիգադով: Աշխատանքն իրագործողը պետք է ունենա IV խումբ:

 

Աշխատանքներ օդային գծի վրա` առանց լարումը հանելու

 

118) Լարման տակ գտնվող ՕԳ վրա աշխատանքներ կատարելիս` անձնակազմի անվտանգությունն ապահովվում է երկու սխեմաներից որևէ մեկով`

սխեմա առաջին. լարման տակ հաղորդալար-մեկուսիչ-մարդ-հող:

Սխեման իրականացվում է երկու մեթոդով`

ա) աշխատանքներ` հպումով, երբ հիմնական պաշտպանության միջոցներ են հանդիսանում դիէլեկտրիկ ձեռնոցները և մեկուսացված գործիքը: Այս մեթոդով աշխատանքներ են կատարվում մինչև 1000 Վ լարման ՕԳ,

բ) աշխատանքներ` հեռավորության վրա, երբ դրանք կատարվում են` օգտագործելով հիմնական (մեկուսացնող ձողեր, աքցաններ) և լրացուցիչ (դիէլեկտրիկ ձեռնոցներ, բոտիներ, մակադրակներ) էլեկտրապաշտպանության միջոցներ: Այս մեթոդը կիրառվում է 1000 Վ բարձր լարման ՕԳ.

սխեմա երկրորդ. լարման տակ հաղորդալար-մարդ-մեկուսիչ-հող:

Այս սխեմայով աշխատանքներ թույլատրվում են հետևյալ պայմանների դեպքում`

ա) աշխատողի մեկուսացումը հողից` համապատասխան լարման հատուկ սարքվածքներով,

բ) կիրառելով համապատասխան էկրանավորող լրակազմ,

գ) էկրանային լրակազմի, աշխատանքային հարթակի և հաղորդալարի պոտենցիալների հավասարեցում` պոտենցիալի փոխադրման հատուկ ձողով: Աշխատողի հեռավորությունը հողանցված մասերից և սարքավորման տարրերից պետք է լինի N 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս:

119) Հաղորդալարի պոտենցիալի տակ աշխատանքների կոնկրետ տեսակները պետք է կատարվեն հատուկ հրահանգներով կամ տեխնոլոգիական քարտերով, ԱԿՆ-ով:

120) Հաղորդալարի պոտենցիալի տակ աշխատանքների կատարման իրավունք ունեցող աշխատողները (հոսանքատար մասերին անմիջական հպմամբ) 1000 Վ բարձր լարման ՕԳ պետք է ունենան IV խումբ, իսկ բրիգադի մնացած անդամները` III խումբ:

121) Չի թույլատրվում մեկուսիչների և մեկուսացնող կախոցների արմատուրին հպումը, որոնց պոտենցիալը տարբեր է հաղորդալարի պոտենցիալից, ինչպես նաև հաղորդալարի պոտենցիալի տակ գտնվող մեկուսացնող սարքվածքի հարթակից աշխատանքներ կատարելիս` տալ կամ ստանալ գործիք կամ հարմարանքներ այն աշխատողներից, ովքեր չեն գտնվում նույն աշխատանքային հարթակի վրա:

122) Մեկուսացնող կախոցների վրա աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է չափիչ ձողով ստուգել ճենապակե մեկուսիչների էլեկտրական ամրությունը: Դուրս եկող սեղմակների առկայության դեպքում պետք է դրանք սեպապնդել հենարանի վրա, որի վրա կատարվում են աշխատանքները, և հարևան հենարանների վրա, եթե դա պահանջվում է ուղեգծի ռելիեֆով:

123) Մեկուսացնող կախոցի վերաշղթայման աշխատանքները, առանձին մեկուսիչների և արմատուրի փոխարինման աշխատանքները թույլատրվում է կատարել մեկուսացնող սարքվածքների կամ լայնակների վրա գտնվող մոնտյորներին, եթե կախոցի մեկուսիչների առնվազն 70 տոկոսը սարքին վիճակում է:

124) 35 կՎ ՕԳ վրա աշխատելիս` թույլատրվում է հպվել մեկուսացնող կախոցի առաջին մեկուսիչի գլխիկին, եթե դրա երկու մեկուսիչները սարքին են, իսկ 110 կՎ և բարձր ՕԳ` առաջին և երկրորդ մեկուսիչների գլխիկներին:

Մեկուսիչների հաշիվը տարվում է լայնակից:

125) 35-110 կՎ ՕԳ վրա խողովակավոր պարպիչների տեղադրումը լարման տակ թույլատրվում է մեկուսացնող կախովի եզրաչափերի կիրառման պայմանով, որպեսզի բացառվի պարպիչի արտաքին էլեկտրոդի մոտենալը հաղորդալարին` տրված հեռավորությունից պակաս չափով:

126) Պարպիչի արտաքին էլեկտրոդը հաղորդալարին մոտեցնելուց կամ պարպիչը հանելուց էլեկտրոդը հեռացնելու ժամանակ` գազերի հնարավոր արտանետման գոտում գտնվելն արգելվում է:

Պարպիչի արտաքին էլեկտրոդը մոտեցնելը կամ հեռացնելն անհրաժեշտ է կատարել մեկուսացնող ձողի օգնությամբ:

Հենարանից մեկուսացված շանթապաշտպան մետաղաճոպանին 1 մ-ից պակաս տարածությամբ մոտենալն արգելվում է:

127) Սառցակեղևի հալման սխեմայում մետաղաճոպանն օգտագործելիս` մետաղաճոպանին մոտենալու թույլատրելի հեռավորությունը պետք է որոշվի` կախված հալման լարումից:

128) Լարման տակ գտնվող ՕԳ և ԿՕԳ վրա արգելվում է աշխատել մառախուղի, անձրևի, ձյան ժամանակ, մթության մեջ, ինչպես նաև հենարանների վրա աշխատանքները դժվարացնող քամու ժամանակ:

 

Աշխատանքներ գործող ՕԳ հետ հատման թռիչքներում

 

129) Հաղորդալարերի տեղակայման և փոխարինման ժամանակ դրանք պետք է փռել սահուն, առանց կտրուկ ձգումների, ձգիչ ճոպաններն ուղղորդել` առանց թափահարումների, այնպես, որպեսզի բացառվի լարման տակ գտնվող հաղորդալալերին դրանց մոտենալը: Ձգիչների և հակաձգիչների համար անհրաժեշտ է օգտագործել բուսական կամ սինթետիկ թելքից ճոպաններ` ընտրելով դրանք նվազագույն երկարությամբ և առանց թույլ ձգված մասերի:

Աշխատանքում օգտագործվող կարապիկներն ու պողպատե ճոպանները պետք է լինեն հողանցված:

130) Յուրաքանչյուր թմբկագլանի հաղորդալարը (մետաղաճոպանը) փռումից առաջ պետք է լինի հողանցված:

131) Տեղակայման աշխատանքներն սկսելուց առաջ (դիտասևեռում, ձգում, վերատեղադրում հոլովակից սեղմակներին) փռված հաղորդալարը (մետաղաճոպանը) պետք է հողանցվի երկու տեղում` սկզբնական խարսխային հենարանում` ձգող սեղմակի մոտ, և վերջին հենարանում, որից կատարվում է ձգումը: Բացի դրանից` հողանցումներ պետք է դրվեն հաղորդալարին (մետաղաճոպանին)` յուրաքանչյուր միջանկյալ հենարանում, որտեղ կատարվում են աշխատանքներ:

132) Փռող մետաղական հոլովակներում կամ սեղմակներում գտնվող հաղորդալարի կամ մետաղաճոպանի համար բավարար է այդ հոլովակների (սեղմակների) պահունակների հողանցումը: Եթե կա բնական մետաղական հպում հոլովակի (սեղմակի) մետաղական պահունակի և մետաղական հենարանի կամ երկաթբետոնե հենարանի ամրանի միջև, ապա մետաղական հոլովակի (սեղմակի) հողանցման համար լրացուցիչ միջոցառումներ չեն պահանջվում:

133) Փոխագուցավոր վերնակից (վերհան մեքենայից) հաղորդալարերի վրա աշխատանքներ կատարելիս` վերնակի աշխատանքային հարթակը հատուկ ձողի միջոցով պետք է 10 մմ2-ից ոչ պակաս կտրվածքով ճկուն պղնձե հաղորդիչով միացվի գծի հաղորդալարի հետ, իսկ ինքը` վերնակը, հողանցվի: Ընդ որում, հաղորդալարը պետք է հողանցված լինի մոտակա հենարանի վրա կամ թռիչքում:

134) Փոխագուցավոր վերնակի աշխատանքային հարթակը հաղորդալարի հետ միացնելուց հետո չեն թույլատրվում վերնակի խցիկ մուտքն ու ելքը, ինչպես նաև գետնի վրա կանգնած` վերնակի հենամարմնին հպվելը:

Չի կարելի մետաղե ճոպանն օգտագործել որպես ծայրափակ պարան:

135) Խարսխային հենարանի վրա օղակները պետք է միացնել միայն այդ հենարանին կից խարսխային թռիչքներում տեղակայման աշխատանքների ավարտից հետո:

110 կՎ և բարձր լարման ՕԳ խարսխային հենարանի վրա օղակները մինչև միացնելը պետք է ամրացված լինեն հաղորդալարերից կամ մեկուսացնող ձգովի կախոցներից, բայց լայնակից հաշված` ոչ մոտիկ, քան չորրորդ մեկուսիչը, իսկ 35 կՎ և ցածր լարման ՕԳ վրա` միայն հաղորդալարերից:

136) Լարման տակ գտնվող այլ ՕԳ հետ հատվող թռիչքում ՕԳ հաղորդալարերի վրա աշխատանքներ կատարելիս` հողանցումն անհրաժեշտ է այն հենարանի վրա, որտեղ տարվում են աշխատանքները:

Եթե այդ թռիչքում կախում կամ փոխարինում են հաղորդալարեր, ապա հատման տեղի երկու կողմից պետք է հողանցվեն ինչպես կախվող, այնպես էլ փոխարինվող հաղորդալարերը:

137) Լարման տակ գտնվող հաղորդալարերից ներքև եղած հաղորդալարերի (մետաղաճոպանների) և դրանց մեկուսիչների ու արմատուրի փոխարինման ժամանակ փոխարինվող հաղորդալարերի (մետաղաճոպանների) վրայով պետք է գցել բուսական կամ սինթետիկ թելքերից ճոպաններ` վերևում գտնվող հաղորդալարերի հետ ենթահատումից խուսափելու համար: Ճոպանները պետք է գցել երկու տեղից` հատման երկու կողմերում` դրանց ծայրերը կապելով խարսխին կամ որևէ կառույցի: Հաղորդալարի (ճոպանի) բարձրացումը պետք է կատարվի դանդաղ և սահուն:

138) Լարման տակ գտնվող հաղորդալարերից վերև եղած հաղորդալարերի (մետաղաճոպանների), դրանց մեկուսիչների և արմատուրի վրա աշխատանքներ պետք է կատարվեն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ԱԿՆ-ով: ԱԿՆ-ում պետք է նախատեսվեն հաղորդալարերի (մետաղաճոպանների) իջնելը կանխող և մակածված լարումից պաշտպանվելու միջոցներ: Հաղորդալարերի (մետաղաճոպանների) փոխարինումն այդպիսի դեպքերում պետք է կատարվի հատվող հաղորդալարերից լարումը պարտադիր հանելով:

 

Աշխատանքներ` մակածված լարման տակ ՕԳ վրա, բազմաշղթա ՕԳ մեկ անջատված շղթայի վրա

 

139) ՕԳ սպասարկող անձնակազմը պետք է ունենա այն գծերի անվանացանկը, որոնք անջատելուց հետո գտնվում են մակածված լարման տակ, ծանոթացված լինի այդ ցանկին, մակածված լարման մեծություններին: ՕԳ մակածված լարման առկայությունը պետք է գրանցվի կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում:

140) Անջատված ՕԳ և ԿՕԳ մակածված լարման առկայության դեպքերում էլեկտրականորեն միացված տեղամասերի (հաղորդալարեր, մետաղաճոպաններ) միացումից կամ խզումից առաջ անհրաժեշտ է հավասարեցնել այդ տեղամասերի պոտենցիալները: Պոտենցիալների հավասարեցումը կատարվում է հաղորդիչով այդ տեղամասերը միացնելով կամ խզվածքի (ենթադրվող խզվածքի) երկու կողմերում հողանցումների տեղադրմամբ` միացնելով մեկ հողանցիչի (հողանցման սարքվածքի):

141) Մակածված լարման տակ ՕԳ վրա, հենարանից ընդհուպ մինչև հողն իջեցված հաղորդալարին հպվելու հետ կապված աշխատանքները գետնից պետք է կատարվեն էլեկտրապաշտպանության միջոցների (ձեռնոցներ, ձողեր) օգտագործմամբ կամ մետաղե հարթակից, որը պոտենցիալների հավասարեցման համար հաղորդիչով միացած է այդ հաղորդալարի հետ:

Առանց էլեկտրապաշտպանության միջոցների և մետաղե հարթակի կիրառման աշխատանքները գետնից թույլատրվում են հպման յուրաքանչյուր տեղին անմիջականորեն մոտ հաղորդալարի հողանցումը կատարելու պայմանով:

142) Մակածված լարման տակ ՕԳ վրա հաղորդալարերը տեղակայելիս օգտագործվող ձգիչ մետաղաճոպանները նախ անհրաժեշտ է ամրացնել ձգիչ մեխանիզմի վրա և պոտենցիալների հավասարեցման համար հողանցել նույն հողանցիչին, որին միացված է հաղորդալարը: Միայն դրանից հետո թույլատրվում է ճոպանն ամրացնել հաղորդալարին: Հաղորդալարի և ձգիչ ճոպանի զատումը նույնպես կարելի է միայն դրանց պոտենցիալները հավասարեցնելուց հետո, այսինքն` դրանցից յուրաքանչյուրը միացնել ընդհանուր հողանցիչին:

143) Մակածված լարման տակ ՕԳ վրա տեղակայման աշխատանքներ կատարելիս (բարձրանալը, դիտասևեռումը, ձգելը, հաղորդալարերի վերադարսումը հոլովակից սեղմակի մեջ)` հաղորդալարը պետք է հողանցված լինի այն խարսխային հենարանի վրա, որից տարվում է փռումը, ինչպես նաև վերջին խարսխահենարանի վրա, որի վրայից կատարվում է ձգումը, և յուրաքանչյուր միջանկյալ հենարանի վրա, որի վրա բարձրացվում է հաղորդալարը:

144) Միջանկյալ հենարանի վրա աշխատանքներն ավարտելիս` այդ հենարանի վրայի հաղորդալարից հողանցումը կարող է հանվել: Միջանկյալ հենարանի վրա, հաղորդալարին հպվելու հետ կապված աշխատանքների վերսկսման դեպքում, հաղորդալարը պետք է նորից հողանցվի նույն հենարանի վրա:

145) Մակածված լարման տակ ՕԳ վրա հաղորդալարերի վերադարսումը հոլովակներից պահող սեղմակների մեջ` անհրաժեշտ է անցկացնել փռման ուղղությանը հակառակ: Մինչև վերադարսման սկիզբը` անհրաժեշտ է թողնել հողանցված հաղորդալարերն այն խարսխային հենարանի վրա, որի կողմը պետք է անցկացվի վերադարսումը, հանել հողանցումներն այն խարսխային հենարանի հաղորդալարերից, որից սկսվում է վերադարսումը:

146) Մակածված լարման տակ ՕԳ վրա հաղորդալարերի տեղակայման աշխատանքներ կատարելիս` հողանցումները դրանցից կարելի է հանել միայն հաղորդալարը պահող սեղմակների մեջ վերադարսելուց և տվյալ հենարանի վրա աշխատանքներն ավարտելուց հետո:

147) Հաղորդալարերը սեղմակների մեջ վերադարսելու ժամանակ, կից խարսխային թռիչքը, որում վերադարսումն արդեն ավարտված է, հարկավոր է դիտել որպես մակածված լարման տակ գտնվող: Դրա վրա հաղորդալարերին հպվելու հետ կապված աշխատանքների կատարումը թույլատրվում է միայն աշխատատեղում դրանց հողանցելուց հետո:

148) Կազմակերպություններին անհրաժեշտ է մակածված լարման տակ ՕԳ թվից չափումներով որոշել այն գծերը, որոնք անջատելիս և ծայրամասերում (ԲՍ) հողանցելիս, հողանցված հաղորդալարերի վրա մնում է մակածված լարման 25 Վ-ից բարձր պոտենցիալ` գործող Օ ամենամեծ աշխատանքային հոսանքի ժամանակ: Այդ ՕԳ վրա հաղորդալարերին հպվելու հետ կապված բոլոր տեսակի աշխատանքները, առանց էլեկտրապաշտպանության հիմնական միջոցների կիրառման, պետք է անցկացվեն ըստ տեխնոլոգիական քարտերի կամ ԱԿՆ, որոնցում պետք է ցույց տրված լինի հողանցումների տեղաբաշխումը` ելնելով աշխատատեղերում մակածված լարման 25 Վ-ից ոչ բարձր պոտենցիալի ապահովման պահանջներից:

149) Եթե մակածված լարման տակ գտնվող անջատված ՕԳ (շղթայի) վրա չի հաջողվում այդ լարումն իջեցնել մինչև 25 Վ, ապա անհրաժեշտ է աշխատել` հաղորդալարերը հողանցելով միայն մեկ հենարանի վրա կամ երկու կից հենարանների վրա: Ընդ որում, ՕԳ (շղթայի) հողանցումը ԲՍ-ում արգելվում է: Բրիգադի աշխատանքները թույլատրվում են միայն այն հենարանների վրա, որոնց վրա տեղակայված են հողանցումները, կամ դրանց թռիչքի հաղորդալարի վրա:

150) Երկու և ավելի թռիչքներում (տեղամասերում) աշխատելու անհրաժեշտության դեպքում ՕԳ (շղթան) խարսխային հենարանների վրա օղակների անջատման միջոցով պետք է բաժանված լինի էլեկտրականապես չկապված տեղամասերի:

151) Նման յուրաքանչյուր տեղամասում հողակցումների տեղակայման մոտ կարող է աշխատել միայն մեկ բրիգադ:

152) Մեկը մյուսի վրա դասավորված շղթաներով բազմաշղթա ՕԳ անջատված շղթայի վրա կարելի է աշխատել միայն պայմանով, որ այդ շղթան կախված է լարման տակ գտնվող շղթաներից ցածր: Անջատված շղթայի հաղորդալարերի փոխարինումը և կարգավորումն արգելվում են:

153) Շղթաների հորիզոնական դասավորմամբ բազմաշղթա ՕԳ մեկ անջատված շղթայի վրա աշխատելիս` կանգնակների վրա, լարման տակ մնացած շղթաների կողմից պետք է կախվեն կարմիր դրոշակներ: Դրոշակները կախում է աշխատանքներն իրագործողը` բրիգադի III խումբ ունեցող աշխատողի հետ, հողից 2-3 մ բարձրության վրա:

154) Լարման տակ գտնվող շղթայի կողմից հենարանի վրա բարձրանալը և այդ շղթան պահող լայնակների հատվածների վրա անցնելն արգելվում են: Եթե հենարանն ունի աստիճան-հեղույսներ, ապա դրանցով բարձրանալը թույլատրվում է` անկախ նրանից, թե դրանք որ շղթայի տակ են դասավորված: Եթե աստիճան-հեղույսները դասավորված են լարման տակ մնացած շղթաների կողմից, ապա հենարանի վրա անհրաժեշտ է բարձրանալ աշխատանքներն իրագործողի կամ բրիգադի III խումբ ունեցող անդամի հսկողությամբ:

155) Բազմաշղթա ՕԳ անջատված շղթայի (մնացած շղթաները գտնվում են լարման տակ) հաղորդալարերի վրա հենարաններից աշխատելիս` հողանցումներն անհրաժեշտ է տեղակայել յուրաքանչյուր հենարանի վրա, որի վրա աշխատանքներն են տարվում:

 

Օդային գծի նորոգում` ըստ ֆազերի

 

156) ՕԳ ըստ ֆազերի նորոգելիս` անջատված ֆազի հաղորդալարի հողանցումը ԲՍ-ում արգելվում է: Հաղորդալարը պետք է հողանցվի միայն աշխատատեղում: 35 կՎ և բարձր լարման ՕԳ վրա մեկ ֆազի հաղորդալարի վրա կամ հերթականությամբ յուրաքանչյուր ֆազի հաղորդալարերի վրա աշխատելիս` թույլատրվում է աշխատատեղում հողանցել միայն այն ֆազի հաղորդալարը, որի վրա աշխատանքներ են կատարվում: Ընդ որում, արգելվում է մնացած չհողանցված ֆազերի հաղորդալարերին մոտենալը` N 1 աղյուսակում նշվածից պակաս հեռավորության վրա:

157) Ըստ ֆազերի նորոգելիս` հողանցման հուսալիության մեծացման համար այն պետք է լինի կրկնակի` բաղկացած երկու առանձին, զուգահեռ տեղակայված հողանցումներից:

Հաղորդալարի վրա թույլատրվում է աշխատել տեղակայված հողանցումից 20 մ-ից ոչ ավելի տարածության վրա:

158) Մի քանի բրիգադի միաժամանակյա աշխատանքների դեպքում` անջատված հաղորդալարը պետք է բաժանված լինի էլեկտրականապես չկապված տեղամասերի: Յուրաքանչյուր բրիգադին հատկացվում է առանձին տեղամաս, որի վրա տեղակայվում է մեկ կրկնակի հողանցում:

159) 110 կՎ և բարձր լարման ՕԳ ըստ ֆազերի նորոգելիս, աղեղային պարպումը տեղափակելու համար, հողանցումը տեղակայելուց կամ հանելուց առաջ հաղորդալարը պետք է նախապես հողանցվի աղեղմարիչ սարքվածք ունեցող ձողի օգնությամբ: Ձողի հողանցող հաղորդալարը նախապես պետք է միացված լինի հողանցիչին: Այդ ձողը կարող է հանվել միայն փոխադրովի հողանցումը տեղակայելուց (կամ հանելուց) հետո:

Ֆազերի հորիզոնական դասավորությամբ ՕԳ վրա ըստ ֆազերի նորոգելիս` արգելվում է անցնել լարման տակ գտնվող ֆազերի հաղորդալարերը պահող լայնակի հատվածների վրա:

35 կՎ և բարձր լարման ՕԳ ըստ ֆազերի նորոգման աշխատանքների կատարման պայմանները պետք է նշվեն կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում:

 

Օդային գծի ուղեգծի մաքրումը ծառերից

 

160) ՕԳ ուղեգծի ծառերից մաքրման աշխատանքները կատարվում են` հաշվի առնելով փայտամթերման, փայտամշակման արտադրություններում անտառատնտեսական աշխատանքներում աշխատանքի անվտանգության կանոնների պահանջները:

161) ՕԳ ուղեգիծը ծառերից մաքրելու աշխատանքները կատարվում են կարգագրով:

162) Մինչև ծառահատումը` աշխատատեղը պետք է մաքրված լինի: Ձմեռային ժամանակաշրջանում, վայր ընկնող ծառից արագ հեռանալու համար, անհրաժեշտ է ձյան մեջ բացել 5-6 մ երկարությամբ երկու ճանապարհ` ծառի ընկնելու հակադիր ուղղությամբ և անկման գծի նկատմամբ անկյան տակ: Չի թույլատրվում բարձրանալ կիսահատված և կիսասղոցված ծառերի վրա:

163) Աշխատանքն սկսելուց առաջ աշխատանքներն իրագործողը պարտավոր է նախազգուշացնել բրիգադի բոլոր անդամներին` ընկնող ծառերի, ճոպանների և այլնի ՕԳ հաղորդալարերին մոտեցման վտանգի մասին:

164) Հաղորդալարերի վրա ծառերի ընկնելուց խուսափելու համար մինչև հատումն սկսելը պետք է կիրառվեն ձգալարեր:

Չի կարելի ծառի տապալումն առանց տակից սղոցելու կամ հատելու, ինչպես նաև ծառի թափանցանց սղոցումը: Թեքված ծառերը պետք է տապալել դրանց թեքման կողմը, սակայն հաղորդալարի վրա ծառի ընկնելու վտանգի դեպքում դրանք տապալելը մինչև ՕԳ անջատելը չի թույլատրվում:

165) Հաղորդալարերի վրա ծառի ընկնելու դեպքում` մինչև ՕԳ լարման հանելը չի կարելի մոտենալ ծառին 8 մ-ից պակաս հեռավորության վրա:

166) Հատվող ծառի առաջիկա անկման մասին հատողները պետք է նախազգուշացնեն մյուս բանվորներին: Ծառի ընկնելու կամ հակադիր կողմը կանգնել չի թույլատրվում:

167) Աշխատանքի ընդմիջմանը կամ այլ ծառերի անցնելիս չի կարելի սղոցած կամ հատած ծառը թողնել առանց տապալման:

168) Փտած ու չորացած ծառերը տապալելուց առաջ անհրաժեշտ է փորձել դրանց ամրությունը, այնուհետև տակից սղոցել: Չի կարելի այդ ծառերը տակից հատել:

Չի կարելի խմբային ծառատապալումը նախապես հատմամբ և մեկ ծառը մյուսի վրա տապալմամբ: Առաջին հերթին պետք է տապալել փտած և այրված ծառերը:

 

Օդային գծի շրջայցեր ԵՎ զննումներ

 

169) ՕԳ շրջայցերի և զննումների ժամանակ պարտադիր չէ նշանակել աշխատանքներն իրագործող: ՕԳ զննման ժամանակ չի կարելի կատարել նորոգման և վերականգնման որևէ աշխատանք, ինչպես նաև` բարձրանալ հենարանի և դրա կառուցվածքային տարրերի վրա: Հենարանի վրա բարձրանալ կարելի է ՕԳ վերնամասային զննման դեպքում: Նպատակային հրահանգավորման անցկացումը պարտադիր է:

170) Դժվարանցանելի վայրում (ճահիճ, ջրային արգելքներ, լեռներ, անտառակուտակներ և այլն) և անբարենպաստ եղանակի պայմաններում (անձրև, ձյուն, սառնամանիք և այլն), ինչպես նաև մութ ժամանակ ՕԳ զննումը պետք է կատարեն II խումբ ունեցող ոչ պակաս երկու աշխատող, որոնցից մեկը նշանակվում է ավագ: Մնացած դեպքերում ՕԳ կարող է զննել  II խումբ ունեցող մեկ աշխատող:

Մութ ժամանակ ՕԳ զննելիս` չի թույլատրվում գնալ հաղորդալարերի տակով:

Վնասվածքներ որոնելիս` ՕԳ զննողները պետք է իրենց մոտ ունենան նախազգուշացնող նշաններ կամ պլակատներ:

Շրջայցերի ժամանակ պետք է ապահովվի կապը կարգավարի հետ:

171) Չի թույլատրվում 8 մ պակաս հեռավորության վրա մոտենալ գետնին ընկած 1000 Վ-ից բարձր լարման հաղորդալարին, լարման տակ գտնվող 6-35 կՎ լարման ՕԳ-ի երկաթբետոնե հենարաններին` հողանցման հոսանքներ հոսելու նշանների առկայության դեպքում (մեկուսիչների վնասվածք, հաղորդալարի հպում հենարանի մարմնին, խոնավության գոլորշիացում հողից, էլեկտրական աղեղի առաջացում կանգնակների վրա և հենարանները հիմնահողի ամրակցման տեղում): Այդ դեպքերում հաղորդալարի կամ հենարանի մոտակայքում պետք է կազմակերպել պահպանություն` հողանցման տեղին մարդկանց և կենդանիների մոտենալը կանխելու համար, հնարավորության չափով տեղակայել նախազգուշացնող նշաններ և պլակատներ, պատահարի մասին հայտնել ՕԳ սպասարկող անձնակազմին:

 

Աշխատանքներ ճանապարհներին ՕԳ մոտենալու ԵՎ դրանց հետ հատվելու տեղերում

 

172) Տրանսպորտային մայրուղիների (երկաթուղիներ, նավարկելի գետեր և ջրանցքներ) հետ ՕԳ հատման տեղամասերում աշխատանքների դեպքում, երբ պահանջվում է ժամանակավորապես դադարեցնել տրանսպորտի շարժումը կամ էլ դրա շարժման ժամանակ դադարեցնել աշխատանքները ՕԳ վրա, կարգագիր տվողը պետք է աշխատանքների վայր կանչի տրանսպորտային մայրուղու շարժման ծառայության ներկայացուցչին: Այդ ներկայացուցիչը պարտավոր է ապահովել տրանսպորտի շարժման դադարեցումն անհրաժեշտ ժամանակով կամ` նախազգուշացնել գծային բրիգադին` մոտեցող տրանսպորտի մասին:

Տրանսպորտը բաց թողնելու համար` դրա շարժմանը խանգարող հաղորդալարերը պետք է բարձրացվեն անվտանգ բարձրության վրա:

173) Խճուղու և գյուղամիջյան ճանապարհների հետ ՕԳ հատվելու կամ մոտենալու տեղամասերում աշխատանքների ժամանակ տրանսպորտի վարորդներին նախազգուշացնելու համար կամ պետավտոտեսչության համաձայնությամբ տրանսպորտի շարժումը դադարեցնելու համար` աշխատանքներն իրագործողը պետք է խճուղու կամ ճանապարհի վրա կանգնեցնի ազդանշանորդներ:

Անհրաժեշտության դեպքում պետք է կանչվի պետավտոտեսչության ներկայացուցիչը:

Ազդանշանորդները պետք է գտնվեն ճանապարհների հետ ՕԳ հատելու կամ մոտենալու տեղից 100 մ հեռավորության վրա` երկու կողմից, և իրենց մոտ ունենան ցերեկը` կարմիր դրոշակներ, իսկ գիշերը` կարմիր լապտերներ:

 

Աշխատանքներ մեկուսիչ պատվածք ունեցող հաղորդալարերով 0.38 կՎ լարման ՕԳ վրա (0.38 կՎ ՕԳՄ)

 

174) Աշխատանքները 0.38 կՎ ՕԳՄ վրա կարող են կատարվել անջատելով կամ առանց անջատելու ՕԳ:

175) 0.38 կՎ ՕԳՄ անջատմամբ աշխատանքները կատարվում են պայթյունահրդեհավտանգ գոտիներով (բենզինաբաշխիչ սյունակների, գազաբաշխիչ կայանների և այլնի) մոտակայքում անցնող գծերի վրա հաղորդալալերի քուղն ամբողջությամբ փոխելու, հաղորդալարերի (մեկ կամ մի քանի) անջատման կամ միացման դեպքում:

Թույլատրվում է անջատել ոչ թե ամբողջ գիծը, այլ միայն այն հաղորդալարը, որի վրա նախատեսվում է աշխատել: Հաղորդալարը տեղականշմամբ որոշելուց և դրանում լարման բացակայությունն ստուգելուց հետո պետք է անջատվի բոլոր կողմերից, որտեղից հնարավոր է դրան լարում տալ, և հողանցվի աշխատատեղում:

Առանց լարումը հանելու ՕԳՄ 0.38 կՎ կարող են կատարվել հետևյալ աշխատանքները`

ա) հենարանների, դրանց տարրերի և գծային արմատուրի փոխարինում,

բ) հաղորդալարերի վերաձգում,

գ) միացման, ճյուղավորման և ձգման սեղմակների փոխարինում,

դ) դեպի էլեկտրաընդունիչներ ճյուղավորումների միացում կամ անջատում,

ե) առանձին ֆազային հաղորդալարի հատվածի փոխարինում կամ մեկուսացման վերականգնում:

176) Չմեկուսացված զրոյական հաղորդալարով, ինքնակիր մեկուսացմամբ հաղորդալարերի վրա առանց լարումը հանելու աշխատանքներ կատարելիս` անհրաժեշտ է զրոյական հաղորդալարը և մետաղական արմատուրը մեկուսացնել մեկուսիչ մակադրակների ու թասակների միջոցով:

177) 0.38 կՎ ՕԳՄ վրա չեն թույլատրվում աշխատանքները` առանց լարումը հանելու, հետևյալ դեպքերում`

ա) բրիգադի սխալի հետևանքով ՕԳ անջատում,

բ) ՕԳ վնասվածքի հայտնաբերում, որի վերացումն առանց աշխատանքների տեխնոլոգիան խախտելու հնարավոր չէ,

գ) տեխնիկական և պաշտպանության միջոցների բացակայություն կամ անսարքություն,

դ) վարար անձրև, ձյուն տեղալու, թանձր մառախուղի, հենարանների սառցակալման, հենարանների վրա բարձրանալու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև աշխատանքների անվտանգությանն սպառնացող այլ հանգամանքներում:

178) Առանց լարումը հանելու 0.38 կՎ ՕԳՄ վրա աշխատանքները պետք է կատարվեն կարգագրով: Կարելի է տալ մեկ կարգագիր` մեկ կամ մի քանի ՕԳ տարբեր տեղամասերի վրա աշխատելու համար, յուրաքանչյուր աշխատատեղում աշխատանքների թույլտվությունը հերթականությամբ ձևակերպելով:

179) Առանց լարումը հանելու աշխատանքներ կատարող բրիգադը պետք է կազմված լինի ոչ պակաս երկու աշխատողից` IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողից և III խումբ ունեցող բրիգադի անդամից:

180) Աշխատանքն իրագործողը և բրիգադի անդամը պետք է անցնեն համապատասխան պատրաստվածություն և ստանան 0.38 կՎ ՕԳՄ վրա առանց լարումը հանելու աշխատելու իրավունք, ինչպես նաև վերնաշխատանքների իրավունք, ինչի մասին պետք է կատարվի համապատասխան գրառում էլեկտրակայանքներում աշխատանքների նորմերի և կանոնների իմացության ստուգման վկայականի «Հատուկ աշխատանքներ կատարելու իրավունքի հավաստում» տողում:

 

19. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐ

 

Էլեկտրասարքավորումների փորձարկումները` կողմնակի աղբյուրից բարձրացված լարում տալով

 

1) Փորձարկումների կատարմանը կարող է թույլատրվել այն անձնակազմը, որն անցել է հատուկ նախապատրաստում և սույն բաժնում ներառված պահանջների ու գիտելիքների ստուգում` հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են սարքավորումների փորձարկման V խումբ ունեցող մասնագետներ` 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքների համար, և IV խումբ` 1000 Վ լարման էլեկտրակայանքների համար:

2) Փորձարկումներ իրականացնելու իրավունքը հաստատվում է էլեկտրակայանքներում աշխատանքի նորմերի և կանոնների իմացության ստուգման վկայականի «Հատուկ աշխատանքներ կատարելու իրավունքի հավաստում» տողում գրառմամբ:

Փորձարկման շարժական կայանքների (էլեկտրալաբորատորիաների) աշխատանքների թույլտվությունը տալիս է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կառավարման պետական մարմինը:

Էլեկտրասարքավորման փորձարկումներով զբաղվող աշխատանքներն իրագործողը, ինչպես նաև ստացիոնար փորձարկման կայանքների միջոցով միանձնյա փորձարկումներ կատարող աշխատողները պետք է անցնեն մեկամսյա ստաժավորում` փորձառու աշխատողի հսկողության տակ:

3) Շարժական փորձարկման կայանքի օգտագործմամբ էլեկտրասարքավորման փորձարկումները, այդ թվում` էլեկտրակայանքներից դուրս, պետք է կատարվեն կարգագրով:

Գործող էլեկտրակայանքներում էլեկտրասարքավորման փորձարկումների թույլտվությունն իրականացնում է օպերատիվ անձնակազմը, էլեկտրակայանքներից դուրս` աշխատանքների պատասխանատու ղեկավարը, իսկ եթե այդպիսին նշանակված չէ, ապա` աշխատանքներն իրագործողը:

Սարքավորման տեղակայման կամ նորոգման աշխատանքների ընթացքում փորձարկումների կատարման մասին պետք է նախօրոք նշվի կարգագրի «Հանձնարարվում է» տողում:

4) Էլեկտրասարքավորման փորձարկումներն անցկացնում է բրիգադը, որում աշխատանքներ իրագործողը պետք է ունենա IV խումբ, բրիգադի անդամը` III խումբ, իսկ բրիգադի անդամը, որին հանձնարարվում է պահպանությունը` II խումբ:

5) Փորձարկումներն անցկացնող բրիգադի կազմում կարելի է ընդգրկել նորոգող անձնակազմից փորձարկման հատուկ աշխատանքների կատարման իրավունք չունեցող աշխատողներ` նախապատրաստական աշխատանքներ կատարելու և սարքավորումները հսկելու համար:

6) Մեկուսիչ նյութերի և արտադրանքների (պաշտպանության միջոցներ, զանազան մեկուսիչ մասեր, յուղ և այլն) զանգվածային փորձարկումներն ստացիոնար փորձարկիչ կայանքների օգտագործմամբ, որոնց հոսանքատար մասերը փակված են հոծ կամ ցանցային ցանկապատերով, իսկ դռներն ունեն ուղեկապում, կարող է կատարել III խումբ ունեցող աշխատողը` միանձնյա, ընթացիկ շահագործման կարգով, օգտագործելով փորձարկման տիպային մեթոդիկաները:

7) Փորձարկիչ կայանքի օպերատորի աշխատատեղը պետք է առանձնացված լինի կայանքի այն մասից, որն ունի 1000 Վ բարձր լարում: Կայանքի 1000 Վ բարձր լարում ունեցող մաս տանող դուռը պետք է ուղեկապված լինի այնպես, որպեսզի ապահովի փորձարկման սխեմայից լարման հանումը դուռը բացվելու դեպքում և անհնարին դարձնի լարման մատուցումը բաց դռների դեպքում: Օպերատորի աշխատատեղում պետք է նախատեսվի մինչև 1000 Վ և բարձր լարման միացումն ազդարարող առանձին լուսային ազդանշանիչներ և փորձարկման լարման մատուցումն ազդարարող ձայնային ազդանշանիչ: Փորձարկման լարման մատուցման ժամանակ օպերատորը պետք է կանգնի մեկուսիչ գորգի վրա:

Փորձարկիչ շարժական կայանքները պետք է սարքավորված լինեն արտաքին լուսային և ձայնային ազդանշանիչներով, որոնք պետք է ավտոմատ միանան փորձարկիչ կայանքի արտանցիչի վրա լարման առկայության դեպքում:

8) Փորձարկումների և դրանց նախապատրաստական աշխատանքների կատարման համար տրված կարգագրերով թույլտվությունը պետք է կատարվի միայն փորձարկման ենթակա սարքավորման վրա առանձին կարգագրերով աշխատող այլ բրիգադների` աշխատատեղերից հեռացնելուց և նրանց կողմից կարգագրերը թույլատրողին հանձնվելուց հետո:

Տեղային հերթապահ անձնակազմ չունեցող էլեկտրակայանքներում աշխատանքներն իրագործողին թույլատրվում է բրիգադին հեռացնելուց հետո կարգագիրը թողնել իր մոտ` ձևակերպելով ըմդմիջում աշխատանքում:

9) Փորձարկվող սարքավորումը, փորձարկիչ կայանքը և դրանք իրար միացնող հաղորդալարերը պետք է ցանկապատվեն վահաններով, ճոպաններով և այլն, «Փորձարկում», «Կյանքի համար վտանգավոր է» նախազգուշացնող պլակատներով, երեսով դեպի դուրս: Ցանկապատումը պետք է տեղադրի փորձարկումն անցկացնող անձնակազմը:

10) Անհրաժեշտության դեպքում պետք է դնել պահակություն բրիգադի II խումբ ունեցող անդամներից` փորձարկիչ կայանքին, միացնող հաղորդալարերին և փորձարկվող սարքավորմանը կողմնակի անձանց մոտենալը կանխելու համար: Պահակություն իրականացնող բրիգադի անդամները պետք է գտնվեն ցանկապատից դուրս և փորձարկվող սարքավորումը համարեն որպես լարման տակ գտնվող:

Այդ աշխատողներն իրենց պահակետը կարող են թողնել միայն աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ:

11) Մալուխային գծի փորձարկումների ժամանակ, եթե դրա հակադիր ծայրը տեղավորված է փակված խցիկում, ԼԲՍ հատվածամասում կամ սրահում, ապա դրանց դռների կամ ցանկապատի վրա պետք է կախված լինի «Փորձարկում: Կյանքի համար վտանգավոր է» նախազգուշացնող պլակատ: Եթե դռները կամ արգելափակոցները փակված չեն, կամ փորձարկման է ենթարկվում ուղեգծում տարաբաժանված ջղերով նորոգվող մալուխային գիծը, բացի դռների, ցանկապատի և մալուխի տարաբաժանված ջղերի մոտ պլակատներ կախելուց, պետք է նաև դնել պահակություն նշված տեղերում բրիգադի II խումբ ունեցող անդամներից կամ հերթապահ անձնակազմից:

12) Փորձարկիչ կայանքը և փորձարկվող սարքավորումը տարբեր սրահներում կամ ԲՍ-ի տարբեր տեղամասերում տեղաբաշխվելու դեպքում թույլատրվում է բրիգադի III խումբ ունեցող այն անդամներին, ովքեր հսկում են մեկուսացման վիճակը` գտնվել աշխատանքներն իրագործողից առանձին: Բրիգադի այդ անդամները պետք է գտնվեն ցանկապատումից դուրս և մինչև փորձարկումներն սկսելն ստանան անհրաժեշտ հրահանգավորում աշխատանքներն իրագործողից:

13) Աշխատատեղի նախապատրաստման ժամանակ տեղադրված և փորձարկումների անցկացմանը խոչընդոտող հողանցումները հանել և կրկին տեղադրել թույլատրվում է միայն փորձարկումները ղեկավարող աշխատանքներն իրագործողի ցուցումով` փորձարկող կայանքի բարձր լարման արտանցիչը հողանցելուց հետո:

Հողանցումների ժամանակավոր հանման թույլտվությունը պետք է նշվի կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում:

14) Փորձարկիչ սխեման հավաքելու ժամանակ նախ և առաջ պետք է արվի փորձարկող կայանքի պաշտպանիչ և աշխատանքային հողանցում:

Շարժական փորձարկիչ կայանքի իրանը պետք է հողանցվի առանձին հողանցող հաղորդիչով` 10 մմ2-ից ոչ պակաս հատույթով ճկուն պղնձե հաղորդալարից: Փորձարկումից առաջ պետք է ստուգել իրանի հողանցման հուսալիությունը:

Փորձարկիչ կայանքը 380/220 Վ լարման ցանցին միացնելուց առաջ դրա բարձր լարման արտանցիչը պետք է հողանցվի:

Փորձարկման սխեմաներում հողանցման համար կիրառվող պղնձե հաղորդալարի հատույթը պետք է լինի 4 մմ2-ից ոչ պակաս:

15) Փորձարկիչ կայանքի միացումը 380/220 Վ լարման ցանցին պետք է կատարվի կայանքի կառավարման տեղում գտնվող շղթայի տեսանելի խզումով փոխարկման ապարատի կամ խցակի խրոցակի միջոցով: Փոխարկման ապարատը պետք է սարքավորված լինի ինքնաբերաբար միացումը կասեցնող սարքվածքով, կամ ապարատի շարժական և անշարժ հպակների միջև պետք է տեղադրվի մեկուսացնող մակադրակ:

Փորձարկիչ էլեկտրակայանքը 380/220 Վ լարման ցանցից սնելու համար օգտագործվող հաղորդալարը կամ մալուխը պետք է պաշտպանված լինի այդ ցանցում տեղադրված ապահովիչներով կամ ավտոմատ անջատիչներով: Շարժական փորձարկիչ կայանքը ցանցին պետք է միացնեն տվյալ ցանցը շահագործող կազմակերպության ներկայացուցիչները:

16) Փորձարկվող սարքավորումը փորձարկիչ կայանքին միացնող հաղորդալարը պետք է նախ միացվի փորձարկիչ կայանքի բարձր լարման հողանցված արտանցիչին: Այդ հաղորդալարը պետք է ամրացվի այնպես, որպեսզի կանխվի դրա մոտեցումը լարման տակ գտնվող հոսանքատար մասերին` N 1 աղյուսակում նշվածից պակաս հեռավորությունից:

Փորձարկվող սարքավորման ֆազին, բևեռին կամ մալուխի ջղին միացնող հաղորդալարը միացնելը կամ անջատելը թույլատրվում է փորձարկումների ղեկավարի ցուցումով և միայն դրանք հողանցելուց հետո, որը պետք է կատարվի միացնելով հողանցող դանակները կամ տեղակայելով շարժական հողանցումներ:

17) Փորձարկման լարման յուրաքանչյուր միացումից առաջ` աշխատանքներն իրագործողը պետք է`

ա) ստուգի սխեմայի հավաքման ճշտությունը և աշխատանքային ու պաշտպանիչ հողանցումների հուսալիությունը,

բ) ստուգի` գտնվում են, արդյոք, իրենց ցուցված տեղերում բրիգադի բոլոր անդամներն ու պահակության համար նշանակված աշխատողները, կողմնակի մարդիկ հեռացված են և կարելի է, արդյոք, փորձարկման լարում տալ սարքավորմանը,

գ) նախազգուշացնի բրիգադին լարում տալու մասին` «Լարումը միացնում եմ» բառերով, և, համոզվելով, որ բրիգադի բոլոր անդամները լսել են նախազգուշացումը, փորձարկիչ կայանքի արտանցիչից հանի հողանցումը և 380/220 Վ լարում մատուցի կայանքին:

18) Կայանքի արտանցիչից հողանցումը հանելու պահից ամբողջ փորձարկման կայանքը, ներառյալ փորձարկվող սարքավորումը և միացնող հաղորդալարերը, պետք է համարվի լարման տակ գտնվող, և փորձարկման սխեմայում ու փորձարկվող սարքավորման վրա որևէ վերամիացում կատարելը չի թույլատրվում:

19) Չի կարելի փորձարկիչ կայանքի արտանցիչին լարում մատուցելու պահից գտնվել փորձարկվող սարքավորման վրա, ինչպես նաև գետնին կանգնած` հպվել փորձարկիչ կայանքի իրանին, մտնել շարժական լաբորատորիա կամ այնտեղից դուրս գալ, հպվել շարժական լաբորատորիայի թափքին:

20) Մալուխների փորձարկումը կամ հոսանքով «վառելը» պետք է կատարվի հողանցման սարքվածքներ ունեցող կետերի կողմից:

21) Փորձարկումների ավարտից հետո աշխատանքներն իրագործողը պարտավոր է փորձարկիչ կայանքի լարումն իջեցնել մինչև զրո, այն անջատել 380/220 Վ լարման ցանցից, հողանցել կայանքի արտանցիչը և դրա մասին հայտնել բրիգադին` «Լարումը հանված է» բառերով: Միայն դրանից հետո կարելի է հաղորդալարերը վերամիացնել կամ, փորձարկման լրիվ ավարտի դեպքում, դրանք անջատել փորձարկիչ կայանքից և հանել ցանկապատումը:

Զգալի ունակությամբ սարքավորման փորձարկումից հետո (գեներատորներ, մալուխներ) դրանցից պետք է հանվի մնացորդային լիցքը` հատուկ պարպիչ ձողով:

 

Աշխատանքներ` էլեկտրաչափիչ աքցաններով ԵՎ չափիչ ձողերով

 

22) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում էլեկտրաչափիչ աքցաններով աշխատանքները պետք է կատարեն երկու աշխատող. մեկը` IV խումբ ունեցող (օպերատիվ անձնակազմից), մյուսը` III խումբ ունեցող (կարող է լինել նորոգող անձնակազմից): Չափման ժամանակ անհրաժեշտ է աշխատել դիէլեկտրիկ ձեռնոցներով: Չի կարելի կռանալ դեպի սարքը` ցուցմունքների հաշվառքի համար:

23) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում առանց դիէլեկտրիկ ձեռնոցներից օգտվելու էլեկտրաչափիչ աքցաններով կարող է աշխատել III խումբ ունեցող մեկ անձ:

Չի կարելի աշխատել էլեկտրաչափիչ աքցաններով` գտնվելով ՕԳ հենասյան վրա:

24) Աշխատանքը չափիչ ձողերով պետք է կատարի առնվազն երկու աշխատող. մեկը` IV խումբ ունեցող, մյուսը` III խումբ ունեցող: Պետք է բարձրանալ կառուցվածքի կամ փոխագուցավոր վերնակի վրա` առանց ձողի, ինչպես նաև` իջնել դրանցից:

25) Աշխատանքը պետք է կատարվի կարգագրով, նույնիսկ եզակի չափումներ կատարելիս` հենարանային կառուցվածքների կամ փոխագուցավոր վերնակների կիրառմամբ:

Կարելի է ձողով աշխատանքներ կատարել առանց դիէլեկտրիկ ձեռնոցների:

 

Աշխատանքներ` գծերի իմպուլսային չափիչով

 

26) Իմպուլսային չափիչը կարելի է միացնել միայն անջատված և հողանցված ՕԳ-ին: Միացումն անհրաժեշտ է կատարել հետևյալ կարգով`

ա) միացնել նախ` միացնող հաղորդալարն իմպուլսային չափիչի հողանցված հաղորդագծին (պաշտպանության սարքվածքից եկող), այնուհետև` ՕԳ հաղորդալարին` մեկուսիչ ձողի միջոցով: Ձողերը, որոնցով միացնող հաղորդալարը միանում է ՕԳ-ին, չափման ժամանակահատվածում պետք է մնան գծի հաղորդալարի վրա: Ձողերով աշխատելիս պետք է օգտագործել դիէլեկտրիկ ձեռնոցներ,

բ) հողանցումը հանել ՕԳ-ից` այն ծայրում, որտեղ միացված է իմպուլսային չափիչը: Անհրաժեշտության դեպքում հանել հողանցումները նաև ստուգվող ՕԳ մյուս ծայրերում: ՕԳ հողանցումները հանելուց հետո հաղորդալարը, պաշտպանության սարքվածքը և դրան միացված հաղորդագիծը պետք է համարել լարման տակ գտնվող, և չի թույլատրվում հպվել դրանց,

գ) հանել հողանցումն իմպուլսային չափիչի հաղորդագծից:

27) Մեկուսիչ ձողի միջոցով իմպուլսային չափիչի հաղորդագծի միացումը ՕԳ-ին պետք է կատարի IV խումբ ունեցող օպերատիվ անձնակազմը կամ լաբորատորիայի անձնակազմը` օպերատիվ անձնակազմի հսկողությամբ:

Ստացիոնար փոխարկման ապարատի միջոցով իմպուլսային չափիչի միացումն արդեն ՕԳ-ին միացված ստացիոնար հաղորդագծին և չափումները կարող է կատարել օպերատիվ անձնակազմը կամ IV խումբ ունեցող լաբորատորիայի անձնակազմը` օպերատիվ անձնակազմի հսկողությամբ:

28) Չափումների ավարտից հետո օդային գիծը պետք է նորից հողանցվի և միայն դրանից հետո մեկուսիչ ձողերը միացնող հաղորդալարերի հետ նախ հանվեն ՕԳ-ից, այնուհետև` իմպուլսային չափիչի հաղորդագծից:

29) Բարձր լարման իմպուլսների գեներատոր չունեցող իմպուլսային չափիչով չափումները կարելի է կատարել առանց օդային գծում աշխատող բրիգադներին հեռացնելու:

 

Աշխատանքներ` մեգօհմաչափով

 

30) Շահագործման ընթացքում մեգօհմաչափով չափումներ թույլատրվում է կատարել էլեկտրատեխնիկական անձնակազմի ուսուցված աշխատողներին: 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում չափումները կատարվում են կարգագրով, 1000 Վ ցածր լարման էլեկտրակայանքներում` կարգադրությամբ:

Այն դեպքերում, երբ մեգօհմաչափով չափումները կազմում են աշխատանքների բաղկացուցիչ մասը, չի պահանջվում դրանք նշել կարգագրում կամ կարգադրությունում:

Մեկուսացման դիմադրությունը մեգօհմաչափով կարող է չափել III խումբ ունեցող աշխատողը:

31) Անջատված հոսանքատար մասերի վրա մեկուսացման դիմադրության չափումը մեգօհմաչափով պետք է կատարվի հողանցմամբ` լիցքը նախապես հանելուց հետո: Հոսանքատար մասերից հողանցումը պետք է հանել միայն մեգօհմաչափը միացնելուց հետո:

32) Հոսանքատար մասերի մեկուսացման դիմադրությունը մեգօհմաչափով չափելիս` միացման հաղորդալարերը պետք է դրանց միացվեն մեկուսիչ բռնիչների (ձողերի) միջոցով: 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում, բացի դրանից, անհրաժեշտ է օգտվել դիէլեկտրիկ ձեռնոցներից:

33) Մեգօհմաչափով աշխատելիս` դրան միացված հոսանքատար մասերին հպվել չի թույլատրվում:

Աշխատանքն ավարտելուց հետո անհրաժեշտ է հոսանքատար մասերից հանել մնացորդային լիցքը` դրանց կարճատև հողանցման միջոցով:

 

20. ՌԵԼԵԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐ, ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՂԹԱՆԵՐ

 

1) Չափիչ սարքերի, ռելեական պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի սարքվածքների շղթաներում կատարվող աշխատանքների անվտանգության ապահովման համար հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների երկրորդային շղթաները (փաթույթները) պետք է ունենան մշտական հողանցում: Ռելեական պաշտպանության բարդ սխեմաներում, չափիչ տրանսֆորմատորների էլեկտրականապես միացված երկրորդային փաթույթների խմբի համար թույլատրվում է հողանցումը կատարել միայն մեկ կետում:

2) Չափիչ սարքերի, ռելեական պաշտպանության սարքվածքների, էլեկտրաավտոմատիկայի հոսանքի շղթայում խզման անհրաժեշտության դեպքում հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթի շղթան նախապես կարճ միակցվում է հատուկ դրա համար նախատեսված սեղմակներում կամ փորձարկման բլոկների միջոցով:

Երկրորդային շղթայում հոսանքի տրանսֆորմատորի և տեղադրված կարճ միակցման միջև արգելվում է կատարել աշխատանքներ, որոնք կարող են հանգեցնել շղթայի խզման:

3) Լարման տրանսֆորմատորի երկրորդային սարքվածքներում և շղթաներում կողմնակի աղբյուրից լարման մատուցմամբ աշխատանքներ կատարելիս` պետք է ձեռնարկվեն հետադարձ տրանսֆորմացիայի հնարավորությունը բացառող միջոցներ:

4) Ռելեական պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և այլնի սպասարկող անձնակազմի IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողին թույլատրվում է համատեղել թույլատրողի պարտականությունները: Այդ դեպքում նա է որոշում աշխատատեղի նախապատրաստման համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումները: Նման համատեղումը թույլատրվում է, եթե աշխատատեղի նախապատրաստման համար չեն պահանջվում անջատումների, հողանցումների կատարում, ժամանակավոր ցանկապատերի տեղադրում էլեկտրակայանքի 1000 Վ բարձր լարման մասում:

5) IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողին, ինչպես նաև բրիգադի III խումբ ունեցող անդամներին թույլատրվում է աշխատել երկրորդական շղթաներում և ռելեական պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և այլնի սարքվածքներում բրիգադի մյուս անդամներից առանձին, եթե այդ շղթաները և սարքվածքները գտնվում են ԲՍ և սրահներում, որտեղ 1000 Վ բարձր լարման հոսանքատար մասերը բացակայում են, ամբողջությամբ ցանկապատված են կամ գտնվում են ցանկապատում չպահանջող բարձրության վրա:

6) Էլեկտրամատակարար կազմակերպությունների անձնակազմն սպառողի էլեկտրակայանքներում տեղակայված սպառողի հաշվառքի սարքերի հետ աշխատանքները կատարում է գործուղված անձնակազմի իրավունքներով: Այդ աշխատանքները կատարում է երկու աշխատողից ոչ պակաս կազմով բրիգադը:

ԲՍ սրահներում էլեկտրահաշվիչների ցուցմունքների գրանցումը թույլատրվում է էներգամատակարար կազմակերպության III խումբ ունեցող աշխատողին` սպառողի ներկայացուցչի ներկայությամբ:

7) Սպառողների մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում, որոնք ունեն համատեղությամբ կամ պայմանագրով աշխատող սպասարկող անձնակազմ (մանկապարտեզներ, խանութներ, պոլիկլինիկաներ, գրադարաններ և այլն), աշխատատեղի նախապատրաստում և աշխատանքների թույլտվություն` ըստ ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների հաստատված անվանացանկի, կարող է կատարել էներգամատակարար կազմակերպության շահագործման անձնակազմի III և IV խումբ ունեցող երկու աշխատողից կազմված բրիգադը` սպառողի ներկայացուցչի ներկայությամբ:

8) Էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի վրա աշխատանքները պետք է կատարվեն լարումը հանելով: Չափիչ տրանսֆորմատորներին միացված էլեկտրահաշվիչների շղթաներում, փորձարկման տուփերի առկայության դեպքում, լարումը հաշվիչի սխեմայից պետք է հանել այդ տուփերից:

9) Միաֆազ էլեկտրահաշվիչների հետ աշխատանքները լարումը հանելով կարող է կատարել էներգամատակարար կազմակերպության III խումբ ունեցող օպերատիվ աշխատողը` միայնակ, ըստ ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների հաստատված անվանացանկի: Մինչև էլեկտրահաշվիչը տեղակայված փոխարկման ապարատի բացակայության դեպքում` փայտյա տներում, բարձր վտանգավորություն չներկայացնող սրահներում այդ աշխատանքները թույլատրվում է կատարել առանց լարումը հանելու, բայց` հանելով բեռնվածքը: Եթե հաշվիչները տեղակայված են իրանի հողանցում և (կամ) զրոյակցում չունեցող մետաղական արկղերում, և արկղում գտնվող էլեկտրական սարքերն ու էլեկտրահաղորդալարերը չունեն կրկնակի մեկուսացում, ապա նման հաշվիչների շահագործման և սպասարկման աշխատանքները պետք է կատարվեն երկու անձից բաղկացած բրիգադով` III և II խումբ ունեցող աշխատողների կողմից:

10) Էներգամատակարար կազմակերպություններում հաշվառքի սարքի հետ կատարվող աշխատանքների համար պետք է կազմվեն հրահանգներ կամ տեխնոլոգիական քարտեր` աշխատանքի յուրաքանչյուր տեսակի համար:

 

21. ՓՈԽԱԴՐՈՎԻ (ՏԱՆՈՎԻ) ԷԼԵԿՏՐԱԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ, ՁԵՌՔԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ԲԱԺԱՆԻՉ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ

 

1) Փոխադրովի էլեկտրագործիքները և լուսատուները, ձեռքի էլեկտրական մեքենաները, բաժանիչ տրանսֆորմատորները և այլ օժանդակ սարքավորումն էլեկտրաանվտանգության մասով պետք է բավարարեն պետական ստանդարտների և տեխնիկական պայմանների պահանջները և աշխատանքներում օգտագործվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանմամբ:

2) Բարձր վտանգավորությամբ սրահներում, I դասի տանովի էլեկտրագործիքներով և ձեռքի էլեկտրական մեքենաներով աշխատանքներ կատարել կարելի է թույլատրել II կարգ ունեցող անձնակազմին` պահպանելով N 3 աղյուսակում նշված պահանջները:

Օժանդակ սարքավորումների (տրանսֆորմատորներ, հաճախականության կերպափոխիչներ, պաշտպանության անջատիչ սարքվածքներ և այլն) միացումն էլեկտրական ցանցին և անջատումը ցանցից պետք է կատարի այդ էլեկտրական ցանցը շահագործող III խումբ ունեցող էլեկտրատեխնիկական անձնակազմը:

3) Փոխադրովի էլեկտրագործիքի և ձեռքի էլեկտրական մեքենաների դասը պետք է համապատասխանի սրահի կարգին և աշխատանքների կատարման պայմաններին` առանձին դեպքերում կիրառելով էլեկտրապաշտպանության միջոցներ:

4) Բարձր վտանգավորության և առանձնապես վտանգավոր սրահներում փոխադրովի էլեկտրական լուսատուները պետք է ունենան 50 Վ ոչ բարձր լարում:

Առանձնապես անբարենպաստ պայմաններում (անջատիչների հորերում, ԼԲՍ հատվածամասերում, կաթսաների թմբուկներում, մետաղական ռեզերվուարներում և այլն) աշխատանքներ կատարելիս` փոխադրովի լուսատուները պետք է ունենան 12 Վ ոչ բարձր լարում:

5) Ձեռքի էլեկտրական մեքենաներով, փոխադրովի էլեկտրագործիքներով և լուսատուներով աշխատանքներն սկսելուց առաջ պետք է`

ա) անձնագրով որոշել մեքենայի կամ գործիքի դասը,

բ) ստուգել մասերի լրակազմությունը և դրանց ամրացման հուսալիությունը,

գ) արտաքին զննումով համոզվել մալուխի (լարի), դրա պաշտպանության փողակի և խցակի խրոցակի սարքինությունը, իրանի մեկուսացնող մասերի, խոզանակակալների, բռնակների և կափարիչների պաշտպանության պատյանի ամբողջականությունը,

դ) ստուգել անջատիչի աշխատանքի հստակությունը,

ե) կատարել (անհրաժեշտության դեպքում) անջատման պաշտպանության սարքվածքի (ԱՊՍ) թեստավորում,

զ) ստուգել էլեկտրագործիքի կամ մեքենայի աշխատանքը պարապ ընթացքում,

է) ստուգել I դասի մեքենայի հողանցման շղթայի սարքինությունը (մեքենայի իրան- խցակի խրոցակի հողանցման հպակ):

Չի թույլատրվում աշխատանքներում օգտագործել թերություններ ունեցող ձեռքի էլեկտրական մեքենաներ, փոխադրովի էլեկտրագործիքներ ու լուսատուներ և դրանց վերաբերող օժանդակ սարքավորումներ:

6) Էլեկտրագործիքի, ձեռքի էլեկտրական մեքենայի, փոխադրովի լուսատուի օգտագործման դեպքում դրանց հաղորդալարերը և մալուխները պետք է հնարավորինս կախված լինեն:

Հաղորդալարերի, մալուխների անմիջական հպվելը տաք, խոնավ և յուղոտ մակերեսներին ու առարկաներին` չի թույլատրվում:

Էլեկտրագործիքի մալուխը պետք է պաշտպանված լինի պատահական մեխանիկական վնասվածքներից և տաք, թաց, յուղոտ մակերևույթներին հպվելուց:

Չի թույլատրվում մալուխը ձգել, ոլորել և գերածռել, դրա վրա դնել ծանրություն, ինչպես նաև թույլ տալ դրա փոխհատումը ճոպանների, մալուխների, գազային եռակցման ճկափողերի հետ:

Ձեռքի էլեկտրական մեքենաներում, տանովի էլեկտրագործիքներում և լուսատուներում որևէ անսարքություն հայտնաբերելիս` աշխատանքը պետք է անմիջապես դադարեցվի:

7) Տրամադրվող և աշխատանքներում օգտագործվող ձեռքի էլեկտրական մեքենաները, տանովի էլեկտրագործիքները և լուսատուները, օժանդակ սարքավորումները պետք է անցնեն ստուգումներ և փորձարկումներ` սարքավորման տեխնիկական անձնագրերով սահմանված ժամկետներում և ծավալով:

Ձեռքի էլեկտրական մեքենաները, փոխադրովի էլեկտրագործիքները և լուսատուները, դրանց օժանդակ սարքավորումները սարքին վիճակում պահելու, պարբերական ստուգումներ և փորձարկումներ անցկացնելու համար կազմակերպության ղեկավարի կարգադրությամբ պետք է նշանակվի III խումբ ունեցող պատասխանատու աշխատող:

8) Լարման կորստի կամ աշխատանքում ընդմիջման դեպքում էլեկտրագործիքը և ձեռքի էլեկտրական մեքենան պետք է անջատվեն էլեկտրական ցանցից:

9) Էլեկտրագործիք և ձեռքի էլեկտրական մեքենա կիրառող աշխատողներին չի թույլատրվում՝

ա) էլեկտրագործիքը և ձեռքի էլեկտրամեքենան, թեկուզ կարճ ժամանակով, փոխանցել այլ աշխատողների,

բ) քանդել էլեկտրագործիքը և ձեռքի էլեկտրամեքենան, կատարել որևէ նորոգում,

գ) բռնել էլեկտրագործիքի, ձեռքի էլեկտրամեքենայի հաղորդալարից, հպվել պտտվող մասերին կամ հեռացնել տաշեղները, խարտուքը՝ մինչև գործիքի կամ մեքենայի լրիվ կանգնելը,

դ) տեղադրել աշխատող մասը գործիքի, մեքենայի կապիչի մեջ կամ հանել այն կապիչից, ինչպես նաև կարգավորել գործիքը՝ առանց խցակով ցանցից անջատելու,

ե) աշխատել հենովի սանդուղքներից՝ բարձրության վրա աշխատանքներ կատարելու համար պետք է սարքվեն ամուր փայտամածներ կամ լաստակներ,

զ) կաթսաների թմբուկների, մետաղական պահուստարանների (ռեզերվուարների) և այլ տարողությունների մեջ ներս տանել տանովի տրանսֆորմատորները և հաճախականության կերպափոխիչները:

10) Բաժանիչ տրանսֆորմատորներ օգտագործելիս պետք է ղեկավարվել հետևյալով՝

ա) բաժանիչ տրանսֆորմատորից թույլատրվում է միայն մեկ էլեկտրաընդունիչի սնում,

բ) բաժանիչ տրանսֆորմատորի երկրորդական փաթույթի հողանցում չի թույլատրվում,

գ) տրանսֆորմատորի իրանը, կախված սնող էլեկտրացանցի չեզոքի ռեժիմից, պետք է հողանցվի կամ զրոյացվի: Այդ դեպքում չի պահանջվում բաժանիչ տրանսֆորմատորին միացած էլեկտրաընդունիչի իրանի հողանցում:

 

22. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԲԵՌՆԱՄԲԱՐՁ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

 

1) Գործող էլեկտրակայանքներում բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքները կատարվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն:

2) Գործող էլեկտրակայանքներում բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքները կատարվում են կարգագրով:

3) Գործող էլեկտրակայանքներում կամ ՕԳ անվտանգության գոտում աշխատող վարորդները, կռունկավարները, մեքենավարները, առասանողները պետք է ունենան II խումբ:

4) ԲԲՍ տարածքում և ՕԳ անվտանգության գոտում ավտոմեքենաների, բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների երթանցը, ինչպես նաև դրանց տեղակայումը և աշխատանքները պետք է իրականացվեն օպերատիվ անձնակազմի, կարգագիր տված աշխատողի, պատասխանատու ղեկավարի կամ մինչև 1000 Վ լարման կայանքներում՝ IV խումբ ունեցող աշխատանքներն իրագործողի հսկողության տակ, իսկ ՕԳ անվտանգության գոտում շինմոնտաժային աշխատանքներ կատարելիս՝ պատասխանատու ղեկավարի կամ III խումբ ունեցող աշխատանքներն իրագործողի հսկողության տակ:

5) ՕԳ տակով և ԲԲՍ-ով երթանցի ժամանակ բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների ամբարձիչ և շարժական (դուրսհանովի) մասերը պետք է գտնվեն տրանսպորտային դիրքում: Կարելի է աշխատատեղի սահմաններում, բեռնամբարձ մեքենաների տեղափոխությունը հարթ տեղանքով՝ բարձրացված բանվորական օրգանով, առանց բեռի և մարդկանց դրա բարձրացնող կամ շարժական մասերի վրա, եթե այդպիսի տեղափոխությունը թույլատրվում է շահագործման փաստաթղթով, և այդ դեպքում անհրաժեշտություն չի առաջանում երթևեկելու ՕԳ չանջատված հաղորդալարերի և հաղորդաձողերի տակով:

ԲԲՍ-ում շարժման արագությունը որոշվում է՝ ելնելով տեղական պայմաններից, բայց չպետք է գերազանցի 10 կմ/ժ-ը:

ՕԳ տակով ավտոմեքենաները, բեռնամբարձ մեքենաներն ու մեխանիզմները պետք է անցնեն հաղորդալարերի ամենափոքր կախվածքի տեղերով (հենարանների մոտով):

6) Կռունկն աշխատատեղում տեղակայելիս՝ աշխատանքների պատասխանատու ղեկավարի կամ աշխատանքներն իրագործողի կողմից թույլատրողի հետ համատեղ պետք է որոշվի սլաքի անհրաժեշտ տեղաշարժման սեկտորը: Այդ սեկտորը մինչև աշխատանքների սկիզբը պետք է սահմանափակվի դրոշակներ ունեցող ձողերով, իսկ գիշերվա ժամերին՝ ազդանշանման լույսերով:

7) Չեն թույլատրվում բեռնամբարձ մեխանիզմների տեղակայումը և աշխատանքները մինչև 35 կՎ (ներառյալ) լարման տակ գտնվող ՕԳ անմիջականորեն հաղորդալարերի տակ:
 

Աղյուսակ N 3


Աշխատանքում տարբեր դասերի էլեկտրագործիքների և ձեռքի էլեկտրական մեքենաների օգտագործման պայմանները

Աշխատանքի կատարման
վայրը

Էլեկտրագործիքի և
ձեռքի էլեկտրական
մեքենայի դասը` ըստ
հոսանքահարումից
պաշտպանության

Էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը

Բարձր վտանգավորություն
չունեցող սրահներ

I

առնվազն մեկ էլեկտրապաշտպանության միջոցի կիրառմամբ (դիէլեկտրիկ ձեռնոցներ, գորգեր, տակդիրներ, կրկնակոշիկ) առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման, եթե այս դեպքում միայն մեկ էլեկտրաընդունիչ է (մեքենա կամ գործիք) սնուցում ստանում բաժանիչ տրանսֆորմատորից, ավտոնոմ շարժիչ-գեներատորային կայանքից, բաժանիչ փաթույթներով հաճախականության փոխակերպիչից կամ անջատման պաշտպանության սարքվածքի (ԱՊՍ) միջոցով

բարձր վտանգավորությամբ
սրահներ

II

առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման

III

առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման

Առանձնապես
վտանգավոր
սրահներ

I

չի թույլատրվում կիրառել

II

առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման

III

առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման

Սրահից դուրս
(արտաքին աշխատանքներ)

I

չի թույլատրվում կիրառել

II

առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման

III

առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման

Առանձնապես անբարենպաստ պայմանների առկայություն (անոթներում, ապարատներում և այլ մետաղական տարողություններում` տեղաշարժվելու և դուրս գալու սահմանափակ հնարավորությամբ)

I

չի թույլատրվում կիրառել

II

առնվազն մեկ էլեկտրապաշտպանության միջոցի կիրառմամբ (դիէլեկտրիկ ձեռնոցներ, գորգեր, տակդիրներ, կրկնակոշիկ)
առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման, եթե այս դեպքում միայն մեկ էլեկտրաընդունիչ է (մեքենա կամ գործիք) սնուցում ստանում բաժանիչ տրանսֆորմատորից, ավտոնոմ շարժիչ-գեներատորային կայանքից, բաժանիչ փաթույթներով հաճախականության փոխակերպիչից կամ անջատման պաշտպանության սարքվածքի (ԱՊՍ) միջոցով

III

առանց էլեկտրապաշտպանության միջոցների կիրառման

Բեռնամբարձ մեքենան (մեխանիզմը) դուրսբերովի հենարանների վրա տեղակայելը և բանվորական օրգանը տրանսպորտային վիճակից աշխատանքային վիճակի բերելը պետք է կատարի մեքենան վարող մեքենավարը: Չի թույլատրվում դրա համար ներգրավել այլ աշխատողների:

8) Ավտոմեքենաների, բեռնամբարձ մեքենաների և մեխանիզմների շարժման, տեղակայման և աշխատանքի ժամանակ դրանց ամբարձիչ և դուրս եկող մասերից, առասաններից, բեռնաբռնիչ հարմարանքներից, բեռներից մինչև լարման տակ գտնվող հոսանքատար մասերը եղած հեռավորությունը պետք է լինի N 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս:

9) Մինչև աշխատանքներն սկսելը պետք է գործողության մեջ ստուգվեն փոխագուցավոր վերնակների և հիդրոամբարձիչների դուրսբերովի և ամբարձիչ մասերը, իսկ փոխագուցավոր աշտարակի ամբարձիչ մասը, բացի դրանից, պետք է կանգնեցվի ուղղաձիգ դիրքում և այդ դիրքում ամրացվի:

10) Չի թույլատրվում փոխագուցավոր աշտարակը (հիդրոամբարձիչը) տեղադրել հաղորդալարերով կազմված անկյան ներսում անկյունային հենասյուների վրա՝ մեկուսիչների, հաղորդալարերի փոխարինման կամ արմատուրի նորոգման հետ կապված աշխատանքներ կատարելիս:

11) Առանց լարումը հանելու՝ ԲԲՍ-ում և ՕԳ-ի անվտանգության գոտում բոլոր աշխատանքների կատարման դեպքում բեռնամբարձ մեքենաներն ու մեխանիզմները պետք է հողանցվեն:

Թրթուրավոր բեռնամբարձ մեքենաներն ու մեխանիզմներն անմիջապես գետնի վրա տեղադրելու դեպքում հողանցում չի պահանջվում:

12) Եթե հոսանքատար մասերի հետ հպվելու կամ էլեկտրական պարպման առաջացման հետևանքով մեխանիզմը կամ բեռնամբարձ մեքենան հայտնվել է լարման տակ, ապա չի թույլատրվում մինչև լարումը հանելը դրանցից իջնել գետնին կամ բարձրանալ դրանց վրա, կամ հպվել դրանց:

13) Բեռնամբարձ մեքենաները և մեխանիզմներն աշխատելու ժամանակ չի կարելի մարդկանց գտնվել բարձրացվող բեռի, փոխագուցավոր վերնակի զամբյուղի տակ, ինչպես նաև ձգվող հաղորդալարերից (մետաղաճոպաններից), հենակներից, ամրացումներից և աշխատող մեխանիզմներից 5 մ-ից պակաս հեռավորության վրա:

14) Փոխագուցավոր վերնակից (հիդրոամբարձիչից) աշխատանքներ կատարելիս՝ զամբյուղում (ճոճանում) գտնվող բրիգադի անդամի և վարորդի միջև պետք է լինի տեսողական կապ: Այդպիսի կապի բացակայության դեպքում՝ վերնակի մոտ պետք է կանգնի բրիգադի անդամը և վարորդին հրամաններ տա զամբյուղը (ճոճանը) բարձրացնելու և իջեցնելու մասին:

Փոխագուցավոր վերնակից (հիդրոամբարձիչից) աշխատելիս՝ անհրաժեշտ է կանգնել զամբյուղի (ճոճանի) հատակին՝ ամրացնելով ապահովիչ գոտեկապի առասանը:

Զամբյուղից հենասյան կամ սարքավորման վրա անցնելն ու վերադառնալը պետք է կատարվեն միայն աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ:

15) Ամբարձիչ մեքենայի կռունկի սլաքը կամ զամբյուղը լարման տակ գտնվող հոսանքատար մասերին հպվելու դեպքում մեքենավարը պետք է միջոցներ ձեռնարկի առաջացած հպումը շատ արագ խզելու և մեխանիզմի շարժական մասը հոսանքատար մասերից հեռացնելու համար՝ N 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս հեռավորությամբ՝ շրջակա աշխատողներին զգուշացնելով այն մասին, որ մեխանիզմը գտնվում է լարման տակ:

16) 220 կՎ և ցածր լարման ԲՍ-ներում փոխադրովի մետաղյա սանդուղքների կիրառումն արգելվում է: 330 կՎ-ից բարձր լարման ԲԲՍ-ներում մետաղական սանդուղքների կիրառումը թույլատրվում է հետևյալ պայմանների բավարարման դեպքում` սանդուղքը պետք է տեղափոխվի հորիզոնական դիրքով` բրիգադի երկու անդամների միջոցով՝ դիէլեկտրիկ ձեռնոցների կիրառմամբ, և օպերատիվ անձնակազմի անվտանգության IV-ից ոչ պակաս խումբ ունեցող աշխատողի հսկողության ներքո:

17) Չի թույլատրվում բեռնամբարձ մեքենաների աշխատանքը քամու ժամանակ, որը կարող է հանգեցնել բեռների կամ դրանք բարձրացնող ազատ ճոպանների ու կառանների մոտենալուն լարման տակ գտնվող հոսանքատար մասերին՝ անթույլատրելի հեռավորության վրա:

 

23. ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1) Գործուղված անձնակազմին են պատկանում կազմակերպությունների այն աշխատողները, ովքեր գործուղված են պատվիրատու կազմակերպության գործող, կառուցվող, տեխնիկապես վերազինվող, վերակառուցվող էլեկտրակայանքներում աշխատանքներ կատարելու համար և չեն հանդիսանում պատվիրատու կազմակերպության հաստիքային աշխատողներ:

2) Գործուղված աշխատողները պետք է ունենան էլեկտրակայանքներում աշխատանքի նորմերի և կանոնների վերաբերյալ գիտելիքների ստուգման մասին սահմանված ձևի վկայական՝ գործուղող կազմակերպության հանձնաժողովի կողմից շնորհված խմբի նշումով:

3) Գործուղող կազմակերպությունն ուղեկցող նամակում պետք է նշի գործուղման նպատակը, ինչպես նաև՝ այն աշխատողներին, որոնց կարող է տրվել կարգագիր տալու իրավունք, որոնք կարող են նշանակվել պատասխանատու ղեկավարներ, աշխատանքներն իրագործողներ, հսկողներ, բրիգադի անդամներ, և հաստատի այդ աշխատողների խմբերը:

4) Գործուղող կազմակերպության կողմից գործատուի կայանքներում, շենքերում և շինություններում էլեկտրական ու կապի գծերի սպասարկման աշխատանքները (վերանորոգում, վերականգնում, փորձարկում ու չափում, սարքավորումների փոխարինում, գործող էլեկտրական ցանցերին նոր գծերի միացում և այլն) կատարվում են պայմանագրով սահմանված աշխատանքի անվտանգության հետևյալ պահանջների կատարմամբ՝

5) Գործատուի (գործատուի տեխնիկական տնօրինության) կողմից վստահելի ճանաչված կազմակերպության աշխատողին տրված աշխատանքի անվտանգության (անվտանգության տեխնիկայի) որակավորման խումբը հավաստող վկայականը (սերտիֆիկատը) ճանաչվում է կազմակերպության կողմից:

Այդ կազմակերպության աշխատողները հաստատված ծրագրով անցնում են հրահանգավորում՝ գործատուի (նրա մասնաճյուղի) անվտանգության պատասխանատու անձի կողմից և թույլատրվում աշխատանքի գործատուի գործող կայանքներում՝ որպես «գործուղված անձնակազմ»:

«Գործուղված անձնակազմին» արգելվում է կատարել սույն ստանդարտով սահմանված բարձր ռիսկայնության աշխատանքներ:

6) Գործատուի (գործատուի տեխնիկական տնօրինության) կողմից վստահելի չճանաչված կազմակերպությունների աշխատողներին տրված աշխատանքի անվտանգության (անվտանգության տեխնիկայի) խմբերը հավաստող վկայականները կարող են չճանաչվել գործատուի կողմից, և այդ կազմակերպությունների աշխատողները պարտավոր են համապատասխան քննություններ հանձնել գործատուի (նրա մասնաճյուղի) անվտանգության հանձնաժողովին՝ աշխատանքի անվտանգության համապատասխան ստանդարտներից, ստանալ ժամանակավոր վկայականներ, հաստատված ծրագրով անցնել հրահանգավորում, որից հետո թույլատրվեն աշխատանքների կատարմանը կազմակերպությունում՝ որպես աշխատանքի անվտանգության ստանդարտներով սահմանված «գործուղված անձնակազմ»:

7) 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում գործուղված անձնակազմի հրահանգավորումը պետք է անցկացնի վարչատեխնիկական անձնակազմից՝ V խումբ ունեցողը կամ օպերատիվ անձնակազմից՝ IV խումբ ունեցողը, իսկ 1000 Վ ցածր լարման կայանքներում՝ IV խումբ ունեցող աշխատողը:

8) Հրահանգավորման բովանդակությունը պետք է որոշվի հրահանգավորողի կողմից՝ կախված աշխատանքների բնույթից ու բարդությունից, էլեկտրակայանքի սխեմայից ու առանձնահատկություններից, և գրանցվի հրահանգավորման մատյանում:

9) Եթե այլ կազմակերպությունների աշխատողները գործատուի կայանքներում պետք է կատարեն աշխատանքներ, որոնք սույն ստանդարտով չեն բնութագրվում միջին կամ բարձր ռիսկայնության պայմաններով, և որոնց կատարումը չի պահանջում աշխատանքի անվտանգության (անվտանգության տեխնիկայի) խմբի հավաստում, ապա այդ աշխատողները հաստատված ծրագրով անցնում են աշխատանքի անվտանգության նախնական հրահանգավորում գործատուի մոտ (նրա մասնաճյուղում), որից հետո անցնում են ինքնուրույն աշխատանքի:

10) Գործուղված անձնակազմի կողմից գործատուի կազմակերպության աշխատանքի անվտանգության ստանդարտների խախտումների հայտնաբերման դեպքում գործատուի պատասխանատու անձն իրավունք ունի պահանջելու դադարեցնել գործուղված անձնակազմի աշխատանքները և աշխատատեղից հեռացնել այդ անձնակազմին:

11) Գործուղված անձնակազմից կարգագիր տալու, աշխատանքների ղեկավարի, աշխատանքներն իրագործողի և հսկողի իրավունք ունեցող անձինք հրահանգավորումից հետո մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը պետք է հանձնեն քննություն՝ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն, և ստանան համապատասխան աշխատանքներ կատարելու իրավունք, ինչը ձևակերպվում է կազմակերպության համապատասխան մասնաճյուղի ղեկավարի կողմից:

Գործուղված անձնակազմից բրիգադի անդամ հանդիսացող անձանց քննության ենթարկելու անհրաժեշտությունը որոշում է մասնաճյուղի ղեկավարը:

Գործուղված անձնակազմի հերթական քննության պարբերականությունը կազմակերպությունում նույնն է, ինչ՝ կազմակերպության համապատասխան անձնակազմի համար:

12) ործուղող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում գործուղված աշխատողներին շնորհված էլեկտրաանվտանգության խմբերի, ինչպես նաև անձնակազմի կողմից անվտանգության կանոնների պահպանման համար:

13) Կազմակերպությունը, որի էլեկտրակայանքներում գործուղված անձնակազմն իրականացնում է աշխատանքները, պատասխանատվություն է կրում նախատեսված անվտանգության միջոցառումների կատարման համար, որոնք ապահովում են աշխատողների պաշտպանությունն էլեկտրակայանքի աշխատանքային և մակածված լարման հոսանքի հոսանահարումից, և աշխատանքների թույլտվության համար:

14) Էլեկտրակայանքում աշխատատեղի նախապատրաստումը և գործուղված անձնակազմի աշխատանքների թույլտվությունը կատարվում են այն կազմակերպության աշխատողների կողմից, որի էլեկտրակայանքներում կատարվում են աշխատանքները:

15) Կազմակերպություններին, որոնց էլեկտրակայանքները մշտապես սպասարկվում են սպասարկող անձանց կողմից, թույլատրվում է վերջիններիս աշխատողներին տալ օպերատիվ-նորոգող անձնակազմի իրավունքներ՝ համապատասխան նախապատրաստումից և մշտական աշխատանքի վայրի հանձնաժողովում գիտելիքների ստուգումից հետո:

 

24. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄԸ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

 

Ընդհանուր պահանջներ

 

1) Աշխատանքներն սկսելուց առաջ այն կազմակերպության տարածքում, որի էլեկտրակայանքներում իրականացվում են աշխատանքները, շինմոնտաժային կազմակերպությունը (ՇՄԿ) պետք է կազմակերպություն ներկայացնի տեղեկություններ աշխատանքների բովանդակության, ծավալների և կատարման ժամկետների վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության համար պատասխանատու աշխատողների ցուցակը՝ նշելով նրանց անունը, ազգանունը, պաշտոնը և խումբը:

2) Աշխատանքների կատարման թույլտվություն տալիս՝ կազմակերպությունը, որի կայանքներում կատարվելու են աշխատանքներ (այսուհետ՝ շահագործող կազմակերպություն), ՇՄԿ ներկայացուցչի հետ համատեղ պետք է ձևակերպի այդ կազմակերպության տարածքում աշխատանքների կատարման ակտ-թույլտվությունը՝ ըստ ՍՆիՊ III-4-80 «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» շինարարական նորմերի պահանջների:

3) Ակտ-թույլտվությամբ պետք է որոշվեն՝

ա) ՇՄԿ աշխատանքային գոտին առանձնացնելու համար էլեկտրական սխեմայում տեսանելի խզումների ստեղծման տեղերը, պաշտպանության հողանցումների տեղադրման տեղերը,

բ) ՇՄԿ աշխատանքների տեղի սահմանները և ցանկապատման տեսակները: Ցանկապատումը պետք է բացառի ՇՄԿ աշխատողների սխալմամբ անցումը ցանկապատված գոտուց դուրս,

գ) մարդկանց, տրանսպորտի մուտքերը (ելքերը) աշխատանքային գոտի,

դ) աշխատանքային գոտում վտանգավոր և վնասակար գործոնների առկայությունը:

ՇՄԿ անձնակազմին թույլտվություն տալու և կարգագիր ստորագրելու իրավունք ունեցող անձինք պետք է նշվեն ակտ-թույլտվությունում կամ պետք է սահմանվեն շահագործող կազմակերպության ղեկավարի կարգադրությամբ՝ այդ փաստաթղթի մեկ օրինակը տալով ՇՄԿ ներկայացուցչին:

4) ՇՄԿ անձնակազմն աշխատանքների կատարման վայր ժամանելուն պես պետք է անցնի աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգավորում՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, իրենց հատկացված տեղամասերում առկա վտանգավոր գործոնները, իսկ կարգագիր տալու իրավունք ունեցող աշխատողները, պատասխանատու ղեկավարները և (անհրաժեշտության դեպքում) աշխատանքների պատասխանատու կատարողները պետք է լրացուցիչ հրահանգավորում անցնեն էլեկտրակայանքների սխեմաներից:

Հրահանգավորումը պետք է անցկացնի շահագործող կազմակերպության ստորաբաժանման ղեկավարը (ղեկավարի տեղակալը), որի էլեկտրակայանքներում նախատեսվում են աշխատանքները:

Հրահանգավորման անցկացումը պետք է արձանագրվի այն կազմակերպության ստորաբաժանման հրահանգավորումների գրանցման մատյանում և ՇՄԿ-ում, որի էլեկտրակայանքներում կիրագործվեն աշխատանքները:

5) Աշխատանքների առաջնային թույլտվությունը շահագործող կազմակերպության տարածքում, որի էլեկտրակայանքներում իրագործվելու են աշխատանքները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտում պետք է կատարի այդ կազմակերպության անձնակազմից ներկայացուցիչը (թույլատրողը): Նա կատարում է ՇՄԿ աշխատանքների պատասխանատու ղեկավարի կամ պատասխանատու կատարողի թույլտվությունը՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

6) Ակտ-թույլտվությամբ նախատեսված միջոցառումների պահպանման պատասխանատվությունը կրում են ՇՄԿ ղեկավարները և այն կազմակերպության ղեկավարները, որի էլեկտրակայանքներում իրագործվում են աշխատանքները:

 

Աշխատանքի թույլտվություն բաշխիչ սարքերում

 

7) ՇՄԿ-ի համար հատկացված աշխատանքնրի գոտին պետք է ունենա էլեկտրակայանքի գործող մաս ՇՄԿ անձնակազմի սխալմամբ մուտքը կանխարգելող, հոծ կամ ցանցավոր ցանկապատում:

8) ՇՄԿ անձնակազմի, մեքենաների և մեխանիզմների անցուղիները դեպի աշխատանքների կատարման համար հատկացված՝ ցանկապատված գոտի, որպես կանոն, չպետք է հատեն էլեկտրակայնքների գործող մասի տարածքը կամ սրահները:

9) ՇՄԿ աշխատողները ցանկապատված գոտում աշխատանքները պետք է կատարեն էլեկտրակայանքները շահագործող կազմակերպության կողմից տրված՝ սահմանված ձևի կարգագրով:

10) Այն դեպքերում, երբ աշխատանքների գոտին ցանկապատված չէ, կամ դեպի ցանկապատված գոտի տանող ճանապարհն անցնում է գործող ԲՍ-ի տարածքով կամ էլեկտրասրահների միջով, այդ գոտում թույլտվությունը, այդ թվում՝ ամենօրյա, պետք է իրականացնի այն կազմակերպության ներկայացուցիչը, որի էլեկտրակայանքներում իրագործվում են աշխատանքները:

11) Եթե ՇՄԿ համար հատկացված գոտին ցանկապատված չէ, ապա աշխատանքներն այնտեղ պետք է կատարվեն շահագործող կազմակերպության ներկայացուցչի (հսկողի) մշտական հսկողության ներքո: Հսկողն իր պարտականություններն իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից տրված կարգագրով:

12) Հսկողը ՇՄԿ աշխատանքների պատասխանատու կատարողի հետ համահավասար պատասխանատվույթյուն է կրում թույլտվության ժամանակ տեղադրված ցանկապատերի, զգուշացնող պլակատների պահպանվածության և լարման տակ գտնվող հոսանքատար մասերից բրիգադի անդամների կողմից անվտանգ հեռավորությունը չխախտելու համար:

 

Աշխատանքների թույլտվություն էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտում

 

13) Լարման տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտում, ինչպես նաև գործող ՕԳ հետ հատման թռիչքում ՇՄԿ անձնակազմի աշխատանքների թույլտվությունն իրականացնում է շահագործող կազմակերպության ներկայացուցիչը (թույլատրողը): Ընդ որում, թույլատրողն իրականացնում է ՇՄԿ յուրաքանչյուր բրիգադի պատասխանատու ղեկավարի և պատասխանատու կատարողի թույլտվությունը: Անջատված էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտում աշխատանքներ թույլատրողը կարող է թույլտվություն տալ միայն ՇՄԿ աշխատանքների պատասխանատու ղեկավարին, որն այնուհետև պետք է իրականացնի մնացած աշխատողների թույլտվությունը:

14) Անջատված ՕԳ վրա աշխատանքների պատասխանատու կատարողներին թույլտվություն տալու դեպքում թույլատրողը պետք է տեղադրի մեկական հողանցում՝ յուրաքանչյուր բրիգադի աշխատանքների տեղամասում, իսկ աշխատանքների պատասխանատու ղեկավարին թույլտվություն տալու դեպքում՝ տեղադրի մեկ հողանցում՝ հնարավորինս մոտ աշխատանքների տեղամասին:

15) Անջատված ՕԳ աշխատանքներ կատարելիս՝ ՇՄԿ աշխատանքների տեղամասում հողանցումները պետք է տեղադրի ՕԳ շահագործող կազմակերպության անձնակազմից թույլատրողը՝ կարգագրով: Հողանցումները հանելու համար պետք է տրվի առանձին կարգագիր: Ընդ որում, որպես բրիգադի անդամ, թույլատրվում է ներգրավել ՇՄԿ անձնակազմից էլեկտրաանվտանգության III խումբ ունեցող աշխատողի:

16) ՄԳ անվտանգության գոտում աշխատանքներ կատարելու թույլտվությունում և ակտ-թույլտվությունում պետք է նշվեն ՄԳ դասավորությունն ու տեղադրման խորությունը:

17) ՄԳ անվտանգության գոտում հողային աշխատանքներն սկսվելուց առաջ ՄԳ շահագործող անձնակազմի աշխատողի հսկողության տակ պետք է կատարվի հիմնահողի ստուգողական բացում (հետախուզահոր), որպեսզի ճշտվեն մալուխների դասավորվածությունը և խորությունը, ինչպես նաև տեղադրվի հողափոր մեքենաների աշխատանքների գոտին որոշող ժամանակավոր ցանկապատ:

18) Անհրաժեշտության դեպքում մալուխի ծակումը պետք է կատարվի կարգագրով՝ ՄԳ շահագործող կազմակերպության անձնակազմի թույլատրողի կողմից: Որպես բրիգադի անդամ՝ կարող է ներգրավվել IV խումբ ունեցող ՇՄԿ աշխատող:

19) ՕԳ անվտանգության գոտում ՇՄԿ կողմից աշխատանքների կատարումը դուրսքաշովի մասով տարբեր վերամբարձ մեքենաների և մեխանիզմների օգտագործմամբ թույլատրվում է միայն այն պայմանով, որ մեքենայի (մեխանիզմի) կամ դրա դուրս քաշվող կամ վերամբարձ մասի, ինչպես նաև բանվորական օրգանի կամ բարձրացվող բեռի ցանկացած դիրքում (այդ թվում՝ և առավելագույն ամբարձման կամ թռիչքի դեպքում) հեռավորությունն օդով լարման տակ գտնվող մոտակա հաղորդալարից լինի N 4 աղյուսակում նշվածից ոչ պակաս:

 

 

Աղյուսակ N 4

 

Թույլատրելի հեռավորությունները լարման տակ գտնվող հոսանքատար մասերից, մ

ՕԳ լարումը, կՎ

Հեռավորությունը, մ

նվազագույնը

նվազագույնը` չափված տեխնիկական միջոցներով

Մինչև 1

1.5

1.5

1 բարձր մինչև 20

2.0

2.0

20 բարձր մինչև 35

2.0

2.0

35 բարձր մինչև 110

3.0

4.0

110 բարձր մինչև 220

4.0

5.0

220 բարձր մինչև 400

5.0

7.0

25. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ, ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄԸ

1) Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ռիսկայնության տարբեր մակարդակ ունեցող աշխատանքի պայմաններում աշխատողներին ինքնուրույն աշխատանքների թույլատրումը կատարվում է հետևյալ կերպ:

2) Ցածր ռիսկայնության աշխատանքի պայմաններ՝

ա) ցածր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը, մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելու թույլատրումը, անցնում է՝

նախնական հրահանգավորում կազմակերպության աշխատանքի անվտանգության պատասխանատու անձի կողմից, այնուհետև՝

սկզբնական հրահանգավորում տվյալ աշխատատեղի համար՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (պատասխանատու անձի) կողմից,

բ) նշումները նշված հրահանգավորումների մասին կատարվում են դրա համար հատուկ նախատեսված գրանցամատյանում, որտեղ նշվում է նաև ինքնուրույն աշխատանքների թույլատրումը,

գ) սկզբնական հրահանգավորման ժամանակ, ըստ հաստատված ծրագրի, աշխատողը պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ստանա իր աշխատատեղում առկա վնասակար գործոնների, հրդեհային անվտանգության մասին, ինչպես նաև համառոտ ուսուցում անցնի իր աշխատատեղին վերաբերող աշխատանքի անվտանգության ստանդարտների ծավալով,

դ) ցածր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողներն աշխատանքների ընթացքում պարբերական հրահանգավորում և ուսուցում չեն անցնում: Աշխատատեղի կամ աշխատանքի պայմանների փոփոխման դեպքում աշխատողն անցնում է ուսուցում և հրահանգավորում՝ սույն կետի դրույթներին համապատասխան:

3) Միջին ռիսկայնության աշխատանքի պայմաններ՝

ա) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը պետք է անցնի անվտանգության նախնական հրահանգավորում, ինչպես նաև սկզբնական հրահանգավորում և իր աշխատատեղին յուրահատուկ ուսուցում (տեսական և գործնական),

բ) ուսուցման ծրագրի ավարտից հետո աշխատողը քննություն է հանձնում աշխատանքի անվտանգությունից՝ գործատուի անվտանգության հանձնաժողովին և ստանում է սերտիֆիկատ, որը հավաստում է որոշակի աշխատատեղում ինքնուրույն աշխատանք կատարելու իր իրավունքը՝ ըստ իրեն շնորհված աշխատանքի անվտանգության կարգի,

գ) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը եռամսյակը մեկ անգամ հրահանգավորում է անցնում աշխատանքի անվտանգությունից: Աշխատանքի անվտանգության արտահերթ հրահանգավորումներ կարող են անցկացվել կազմակերպության ներքին իրավական ակտով նախատեսված դեպքերում, աշխատողի կողմից կազմակերպության աշխատանքի անվտանգության ստանդարտների խախտման դեպքում, ինչպես նաև աշխատատեղի կամ աշխատատեղի պայմանների փոփոխության դեպքերում,

դ) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը տարեկան մեկ անգամ՝ հաստատված ծրագրով անցնում է ուսուցում աշխատանքի անվտանգության ստանդարտներից,

ե) միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը 3 (երեք) տարին մեկ անգամ հանձնում է հերթական քննություն՝ աշխատանքի անվտանգության ստանդարտներից:

Աշխատանքի անվտանգության արտահերթ քննություն կարող է նշանակվել կազմակերպության ներքին իրավական ակտով նախատեսված դեպքերում, ինչպես նաև աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության ստանդարտների խախտման դեպքում:

Եթե հերթական կամ արտահերթ քննության արդյունքներով աշխատողը ցուցաբերում է անբավարար գիտելիքներ, ապա նա մինչև հաջորդ քննություն հանձնելը զրկվում է ինքնուրույն աշխատանքի իրավունքից:

Կրկնակի անգամ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում աշխատողը պետք է տեղափոխվի այլ (անվտանգ) աշխատանքի, եթե կան համապատասխան թափուր տեղեր, հակառակ դեպքում գործատուն լուծում է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ զբաղեցրած պաշտոնին աշխատողի անհամապատասխանության հիմքերով:

Միջին ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողից հերթական քննությունը կարող է ընդունվել երեք ամսվանից ոչ շուտ՝ աշխատողի կողմից իր հաշվին ուսուցում անցնելուց հետո,

զ) այլ աշխատանքի անցնելու դեպքում աշխատողը պետք է ստանա համապատասխան հրահանգավորում, ուսուցում և հանձնի քննություն՝ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով:

4) Բարձր ռիսկայնության աշխատանքի պայմաններ՝

ա) բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողի նախնական հրահանգավորումը և ուսուցումը պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով,

բ) բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողն ամսական մեկ անգամ հրահանգավորում է անցնում աշխատանքի անվտանգությունից:

Արտահերթ հրահանգավորումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում,

գ) բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողը տարեկան մեկ անգամ հանձնում է հերթական քննություն՝ աշխատանքի անվտանգությունից: Բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքներ կատարողից հերթական քննությունը կարող է ընդունվել երեք ամսվանից ոչ շուտ՝ աշխատողի կողմից իր հաշվին ուսուցում անցնելուց հետո,

դ) աշխատանքի անվտանգության արտահերթ հրահանգավորումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքերում:

Կրկնակի անգամ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում աշխատողը պետք է տեղափոխվի այլ (անվտանգ) աշխատանքի, եթե կան համապատասխան թափուր տեղեր, հակառակ դեպքում գործատուն լուծում է նրա հետ աշխատանքային պայմանագիրը՝ զբաղեցրած պաշտոնին աշխատողի անհամապատասխանության հիմքերով:

Նույն աշխատողի կողմից տարբեր ռիսկայնության պայմաններով աշխատանքների կատարման դեպքում աշխատողի ուսուցումը, հրահանգավորումը, սերտիֆիկացումը և ինքնուրույն աշխատանքների թույլատրումը կատարվում են նրա կողմից կատարվող առավել բարձր ռիսկայնության պայմաններով աշխատանքի համար սահմանված կարգով:

5) Շահագործման աշխատանքների անվտանգության ապահովման և հսկման անձնակազմի (այդ թվում՝ ղեկավարի) ուսուցումը և աշխատանքների թույլատրումը կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով:

6) Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի, անվտանգության պատասխանատու անձի, կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունների (բաժինների) աշխատողների քննություններն անցկացվում են կազմակերպության աշխատանքի անվտանգության կենտրոնական հանձնաժողովի կողմից:

7) Ուսուցման ծրագրերը, քննական հանձնաժողովների կազմը սահմանվում են կազմակերպության աշխատանքի անվտանգության համապատասխան ստանդարտներով:

8) Աշխատողներին տրված աշխատանքի անվտանգության վկայականի ձևը սահմանվում է կազմակերպության անվտանգության համապատասխան ստանդարտով:

Վկայականում թվարկվում են թույլատրված աշխատանքները, այդ թվում՝ բարձր ռիսկայնության պայմաններում աշխատանքները:

 

26. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ 0,4-10 կՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) Էլեկտրասպառող կազմակերպությունները, որոնք իրենց էլեկտրակայանքների օպերատիվ սպասարկման, տեխնիկական սպասարկման կամ նորոգման, կամ փորձարկման աշխատանքների համար չունեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները բավարարող մասնագիտացված էլեկտրատեխնիկական անձնակազմ և անվտանգության ծառայություններ, պարտավոր են այդ աշխատանքների կատարումը պայմանագրային հիմունքներով պատվիրել սպասարկող անձին:

2) Քաղաքացիները (բնակիչները), ովքեր որպես սեփականություն ունեն 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներ (6(10)/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայաններ, 6(10) կՎ լարման մալուխային կամ օդային գծեր, կամ իրենց սեփականությունը հանդիսացող տարածքից դուրս գտնվող 0,4 կՎ լարման մալուխային գծեր), պետք է դրանց սպասարկումը պայմանագրային հիմունքներով հանձնեն էլեկտրամատակարար կազմակերպությանը կամ սպասարկող անձին:

3) Սպառող կազմակերպությունները, որոնք չունեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված կարգով էլեկտրատեխնիկական անձնակազմի նախնական ուսուցման, հրահանգավորման, գիտելիքների ստուգման համար համապատասխան որակավորման էլեկտրատեխնիկական ղեկավար անձնակազմ և (կամ) որակավորման ստուգման հանձնաժողով, պարտավոր են այդ աշխատանքների կատարումը պայմանագրային հիմունքներով հանձնարարել մասնագիտացված կազմակերպությանը:

4) Սպառող կազմակերպությունում համապատասխան որակավորում ունեցող էլեկտրատեխնիկական անձնակազմը կարող է միանձնյա կատարել օպերատիվ սպասարկման և (կամ) ընթացիկ շահագործման այն աշխատանքները, որոնք թույլատրված են սույն տեխնիկական կանոնակարգով (միանձնյա զննում, շրջագայում, ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքներ՝ 0,4 կՎ լարման էլեկտրակայանքներում, այլ աշխատանքներ՝ 0,4 կՎ լարման էլեկտրակայանքներում, որոնք կատարվում են անվտանգության III խումբ և աշխատանքներն իրագործողի իրավունք ունեցող աշխատողի կողմից):

5) Սպառող կազմակերպությունների 0,4 կՎ լարման էլեկտրակայանքները միանձնյա սպասարկող աշխատողը պետք է ունենա III խմբի որակավորում՝ աշխատանքի անվտանգությունից, և աշխատանքներն իրագործողի թույլտվությունը: ործող էլեկտրակայանքներում միանձնյա կատարվող աշխատանքները պետք է իրականացվեն լարումը հանելով այն հոսանքատար մասերից, որոնց վրա կատարվում են աշխատանքները, և որոնց կարող է պատահաբար մոտենալ աշխատանքներ կատարողը՝ աշխատանքային գործընթացների ժամանակ:

6) Սպառող կազմակերպություններում, որոնք էլեկտրակայանքների շահագործումը կատարում են իրենց անձնակազմով, կազմակերպության ներքին իրավական ակտով նշանակվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձ, որն իրականացնում է էլեկտրակայանքների շահագործումը՝ ապահովելով էլեկտրակայանքները շահագործող անձնակազմի ուսուցումը, հրահանգավորումը և անվտանգությունը, ինչպես նաև՝ էլեկտրակայանքների անվտանգությունը քաղաքացիների կյանքի ու գույքի համար: Պատասխանատու անձը, կախված կազմակերպության էլեկտրակայանքների լարումից, էլեկտրական սարքավորումների բարդությունից և վտանգավորությունից, պետք է լինի ուսուցանված և ունենա V խումբ՝ 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքների սպասարկման, և IV խումբ՝ 1000 Վ-ից ցածր լարման էլեկտրակայանքների սպասարկման դեպքում:

 

III. «ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿ

Ստանդարտի նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող
ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ 50462

Հաղորդիչների նույնականացումը` գույների կամ թվային նշագրումով

ԳՕՍՏ 13109

Էլեկտրական էներգիա. Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Որակի նորմեր էլեկտրական էներգիայի ընդհանուր նշանակման Էլեկտրամատակարարման համակարգերում

ԳՕՍՏ 30030

Տրանսֆորմատորներ բաժանիչ և անվտանգ բաժանիչ տրանսֆորմատորներ. Տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 12.2.007.0

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Էլեկտրատեխնիկական արտադրատեսակներ

ԳՕՍՏ 12.1.038

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Էլեկտրաանվտանգություն. Հպման լարման և հոսանքների սահմանային թույլատրելի մակարդակներ

ԳՕՍՏ 22782.0

Պայթապաշտպանված էլեկտրասարքավորանք. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 10434

Միացումներ հպումային էլեկտրական. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 721

Էլեկտրամատակարարման համակարգեր, էլեկտրական էներգիայի ցանցեր, աղբյուրներ, փոխակերպիչներ և ընդունիչներ. 1000 Վ-ից բարձր անվանական լարումներ

ԳՕՍՏ 27661

Մեկուսիչներ գծային կախովի ափսեաձև: Տիպեր, պարամետրեր և չափեր

ԳՕՍՏ 9.602

Հնեցումից և քայքայումից պաշտպանության միասնական համակարգ. Ստորգետնյա կառույցներ. Քայքայումից պաշտպանության ընդհանուր պահանջներ

ԳՕՍՏ 839

Չմեկուսացված հաղորդալարեր էլեկտրահաղորդման օդային գծերի համար. Տեխնիկական պայմաններ

ՀՍՏ 202

Էներգետիկական համակարգեր. Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ 12.01.04

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Բաշխման 0.4-ից մինչև 110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրակայանքների անվտանգություն: Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ 12.1.05

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Բաշխման 0.4-ից մինչև 110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրակայանքների անվտանգություն: Հիմնական պահանջներ

ՀՍՏ 203

Էներգետիկա և էլեկտրիֆիկացում. Տերմիններ և սահմանումներ

(հավելվածը խմբ. 28.07.11 N 1138-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան