Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1005
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.12
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

20 դեկտեմբերի 2011 թ.

1965 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1965 թվականի նոյեմբերի 15-ին Հաագայում ստորագրված` Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 03.11.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 1965 թվականի նոյեմբերի 15-ին` Հաագայում:

2. Կոնվենցիայի նպատակն է դյուրացնել հանձնման ենթակա դատական և արտադատական փաստաթղթերի փոխանցման կարգը և բարելավել փոխադարձ իրավական օգնության կազմակերպումը:

3. Սույն Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

 նշանակել կենտրոնական մարմին, որը կպարտավորվի ստանալ Պայմանավորվող պետությունից` հանձնման վերաբերյալ ստացվող հարցումները և ընթացք տալ այդ հարցումներին 3-6-րդ հոդվածների դրույթներին համապատասխան (հոդվ. 2, մաս 1),

 վերոնշյալ կենտրոնական մարմնի գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը համապատասխան (հոդվ. 2, մաս 2),

 ապահովել, որպեսզի փաստաթղթերի` ՀՀ-ում կազմման պարագայում ՀՀ-ի օրենսդրության համաձայն` իրավասու պետական մարմինը կամ դատական ծառայողը, Կոնվենցիայի հավելվածում ներկայացված օրինակելի ձևին համապատասխան հարցում ուղարկի հասցեատեր պետության կենտրոնական մարմնին` առանց օրինականացման կամ նմանատիպ այլ ձևական պահանջների պահպանման (հոդվ. 3, մաս 1),

 երաշխավորել, որ որպես հասցեատեր պետության կենտրոնական մարմին` ՀՀ կենտրոնական մարմինն ինքը հանձնի փաստաթուղթը կամ կազմակերպի համապատասխան մարմնի կողմից դրա հանձնումը` կամ այնպիսի եղանակով, որը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ` ներպետական վարույթների շրջանակում ՀՀ-ում գտնվող անձանց փաստաթղթերի հանձնման վերաբերյալ դրույթներին համապատասխան, կամ դիմողի կողմից պահանջված հատուկ եղանակով, բացառությամբ, երբ վերջինիս պահանջած կոնկրետ ձևը հակասում է հասցեատեր անդամ պետության իրավունքին (հոդվ. 5, մաս 1, կետեր «ա» և «բ»),

 ապահովել, որպեսզի Կոնվենցիային կից ներկայացված օրինակելի ձևում առկա օրինակելի պայմանները բոլոր դեպքերում շարադրվեն կամ ֆրանսերենով կամ անգլերենով, կամ այն պետության պաշտոնական լեզվով, կամ պաշտոնական լեզուներից մեկով, որտեղ կազմվել են փաստաթղթերը: Իսկ համապատասխան ձևաթղթերը լրացվեն կամ հասցեատեր պետության լեզվով կամ ֆրանսերենով, կամ անգլերենով (հոդվ. 7, մասեր 1 և 2),

 երաշխավորել, որ պայմանավորվող պետությունից ստացվող դատական փաստաթղթերի հանձնումը չի առաջացնի հարկերի կամ ծախսերի որևէ վճարում կամ հատուցում հասցեատեր պետության կողմից մատուցվող ծառայությունների համար (հոդվ. 12, մաս 1),

 որպես դիմող կողմ` վճարել կամ հատուցել այն ծախսերը, որոնք առաջացել են դատական ծառայողին կամ նպատակակետ պետության իրավունքին համապատասխան այլ իրավասու անձին վարձելու կամ հանձնման հատուկ եղանակի օգտագործման պատճառներով (հոդվ. 12, մաս 2, կետեր «ա» և «բ»),

 չմերժել հանձնումը միայն այն հիմքով, որ ՀՀ օրենսդրության համաձայն վերջինս բացառիկ իրավասություն ունի գործողության առարկայի նկատմամբ, կամ որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս կատարել այն գործողությունը, որի վրա հիմնված է դիմումը, իսկ մերժման դեպքում ապահովել, որպեսզի կենտրոնական մարմինն անհապաղ տեղեկացնի դիմողին և պետությանը մերժելու պատճառների մասին (հոդվ. 13, մասեր 2 և 3):

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1969թ. օգոստոսի 4-ին: 2011թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 64 պետության համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1965 թվականի նոյեմբերի 15-ին Հաագայում ստորագրված` Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

20 դեկտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-1005