Գլխավոր տեղեկություն
Համար
N 1653-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.01.2012-16.08.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.06.29/6(23) Հոդ.20
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
05.05.2011
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2011

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

5 մայիսի 2011 թ.

N 1653-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան.

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

4. Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման ընթացակարգերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

 

Երևանի քաղաքապետ

 Կ. Կարապետյան

 

 

Հավելված N 1
Երևանի քաղաքապետի
2011 թվականի մայիսի 5-ի 
N 1653-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում (այսուհետ` Քաղաքապետարան), այդ թվում` Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում (այսուհետ` Վարչական շրջան) պայմանագրերի նախագծերի մշակման, ստորագրման, ինչպես նաև կնքված պայմանագրերի բնօրինակների հաշվառման և պահպանման ընթացակարգը:

Սույն կարգը տարածվում է նաև նախնական պայմանագրերի նախագծերի մշակման, ստորագրման, ինչպես նաև կնքված նախնական պայմանագրերի բնօրինակների հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունների վրա:

(1-ին կետը լրաց. 16.12.11 N 6585-Ն)

2. Քաղաքապետարանում գնումների պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման գործընթացն իրականացնելիս` սույն կարգի դրույթները գործում են այն դեպքում, եթե չեն հակասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի դրույթներին:

3. Սույն կարգը չի տարածվում օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող պայմանագրերի, աշխատանքային, ինչպես նաև միջազգային պայմանագրերի հետ կապված հարաբերությունների վրա:

4. Սույն կարգի իմաստով պայմանագիր են համարվում օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին Երևանի քաղաքապետի պատշաճ մասնակցության ապահովմանն ուղղված գործարքները:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

5. Պայմանագրի նախագիծը մշակելու պարտականությունը կրում է Քաղաքապետարանի կառուցվածքային այն ստորաբաժանումը, ում գործառույթների մեջ է մտնում տվյալ պայմանագրի մշակումը, կամ ում համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից տրվել է պայմանագիր մշակելու հանձնարարական (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

6. Պայմանագրի նախագիծը կազմելուց հետո, բացառությամբ գնման պայմանագրի նախագծի, պատասխանատու ստորաբաժանումն այն ներկայացնում է Քաղաքապետարանի իրավաբանական ստորաբաժանմանը` փորձաքննության: Եթե պայմանագրի նախագիծը նախատեսում է ֆինանսական բնույթի պարտավորություններ կամ իրավունքներ, ապա այն ներկայացնում է նաև Քաղաքապետարանի ֆինանսական և եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումներին, անհրաժեշտության դեպքում` պայմանագրին առնչվող Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին` համաձայնեցման:

Պատասխանատու ստորաբաժանումը նախագծին կից տրամադրում է նաև պայմանագրին առնչվող, այդ թվում` նաև պայմանագրի մշակման անհրաժեշտության ու հիմնավորվածության վերաբերյալ ամբողջ տեղեկույթը և փաստաթղթերը: Դրանք ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ստորաբաժանումներն իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացնում են պատասխանատու ստորաբաժանմանը:

Փորձաքննության չեն ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների, Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին ամբողջությամբ համապատասխանող պայմանագրերի նախագծերը:

(6-րդ կետը լրաց. 13.10.11 N 4801-Ն)

7. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունները և դիտողությունները ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, լրամշակում է պայմանագրի նախագիծը` անհրաժեշտության դեպքում առաջարկությունների հեղինակների հետ կազմակերպելով աշխատանքային քննարկումներ:

8. Պայմանագրի լրամշակված տարբերակը, բացառությամբ գնման պայմանագրի, կրկին ներկայացվում է իրավաբանական, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում նաև ֆինանսական ստորաբաժանման համաձայնությանը: Վերջիններս նախագիծն ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում են պատասխանատու ստորաբաժանմանը`

1) դրական եզրակացությամբ, եթե չկան այլ առաջարկություններ կամ դիտողություններ.

2) բացասական եզրակացությամբ, եթե կան չընդունված կամ չհամաձայնեցված առաջարկություններ ու դիտողություններ:

9. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագիրն իրավասու պաշտոնատար անձին ստորագրման է ներկայացնում սույն կարգի 8-րդ կետում նշված դրական կամ բացասական եզրակացության հետ միասին:

10. Պայմանագիրն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, նախագծի վերաբերյալ բացասական եզրակացության առկայության դեպքում, իրավասու է այն ստորագրել կամ վերադարձնել պատասխանատու ստորաբաժանմանը` հանձնարարելով ներկայացված եզրակացության հիման վրա կատարել փոփոխություններ և մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնել ստորագրման:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

11. Ստորագրված պայմանագրերի բնօրինակները պահվում են իրավաբանական ստորաբաժանումում: Հաստատված պայմանագրերը հաշվառվում և գրանցվում են պայմանագրերի հաշվառման գրքում:

12. Պայմանագրի պատճենները տրամադրվում են Քաղաքապետարանի պատասխանատու, եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումներին և այն ստորաբաժանումներին, որոնց աշխատանքին կարող է առնչվել պայմանագիրը:

Յուրաքանչյուր ստորաբաժանում, որին տրամադրվում են պայմանագրերի պատճենները, պարտավոր է վարել պայմանագրերի իր ներքին հաշվառումը և պահպանումը:

13. Եթե Քաղաքապետարանի ստորաբաժանմանը կամ աշխատողին անհրաժեշտ է ստանալ պայմանագրի պատճենը կամ ծանոթանալ դրա հետ, ապա վերջինս դիմում է իրավաբանական ստորաբաժանում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում համապատասխան փաստաթղթերը:

14. Ստորագրված պայմանագրի մեկ օրինակն իրավաբանական ստորաբաժանումը պատշաճ կարգով ուղարկում է կամ առձեռն հանձնում է պայմանագրի մյուս կողմին:

15. Քաղաքապետարանում պետք է ներդրվի և օգտագործվի պայմանագրերի հաշվառման և պահպանման համապատասխան համակարգչային ծրագիր, որում պարտադիր պետք է մուտքագրվեն Քաղաքապետարանի կողմից կնքված բոլոր պայմանագրերը` նշելով պայմանագրի կնքման ամսաթիվը, առարկան և պարտավորությունների կատարման ժամկետները, անհրաժեշտության դեպքում` պարտավորությունների կատարման վերաբերյալ այլ դրույթներ: Ծրագիրը վարելու պարտականությունը և օգտագործման պատասխանատվությունը կրում է իրավաբանական ստորաբաժանումը:

 

IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

16. Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Այդ նպատակով պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է պայմանագրերի կատարման ընթացքում, գործողության ավարտին և դրանից հետո պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին՝ գրավոր տեղեկացնել իրավաբանական ստորաբաժանմանը:

17. Պայմանագրերով նախատեսված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումը: Պայմանագրերի կատարման ընթացքում` դրանց գործողության ավարտից հետո Քաղաքապետարանի հանդեպ ստանձնված ֆինանսական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ Քաղաքապետարանի ստանձնած ֆինանսական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում` դրա հայտնաբերման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումը դրա մասին գրավոր տեղեկացնում է իրավաբանական ստորաբաժանմանը:

18. Պայմանագրերով նախատեսված ժամկետների նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով իրավաբանական ստորաբաժանումն իրավասու է`

1) պատասխանատու ստորաբաժանումից պահանջելու և ուսումնասիրելու անհրաժեշտ փաստաթղթեր.

2) հարցում կատարելու պատասխանատու ստորաբաժանմանը պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ և ստացված տեղեկությունները համեմատելու իրավաբանական ստորաբաժանումում եղած տվյալների հետ.

3) պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով նախատեսված պարտավորության (պարտավորությունների) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում՝ պատասխանատու ստորաբաժանումից պահանջելու գրավոր կամ բանավոր տեղեկություններ.

4) անհրաժեշտության դեպքում վարելու բանակցություններ պայմանագրի մյուս կողմի հետ:

19. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նախատեսված դեպքերում իրավաբանական ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու համար և վերջիններիս մասին զեկուցագիր է ներկայացնում Երևանի քաղաքապետին:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

20. Գնման պայմանագրերի մշակման, հաշվառման, պահպանման և դրանցով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացնում է Քաղաքապետարանի գնումների ստորաբաժանումը:

21. Սույն կարգով սահմանված Քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման, իրավաբանական, ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումների լիազորություններն իրականացնում են Վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումները, եթե Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը լիազորվել է կնքել պայմանագիրը: Ընդ որում`

1) Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի կողմից պայմանագրերը ստորագրվում են մեկ հատ ավելի բնօրինակից, որի հաստատված մեկական օրինակները Վարչական շրջանի իրավաբանական ստորաբաժանումը, ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է Քաղաքապետարանի իրավաբանական ստորաբաժանմանը,

2) սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված դեպքերում՝ Վարչական շրջանի իրավաբանական ստորաբաժանումը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին՝ գրավոր տեղեկացնում է Քաղաքապետարանի իրավաբանական ստորաբաժանմանը:

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար

 Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2
Երևանի քաղաքապետի
2011 թվականի մայիսի 5-ի 
N 1653-Ն որոշման

 

Ձ ԵՎ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ

 

Պայմա-
նագրի
հաշվառման համարը

Պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը

Պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան ու համարը (իրավաբանական անձի դեպքում իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գործունեության իրականացման վայրը)

Պայմա-
նագրի առար-կան

Պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրա-նալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

Ծանո-թագրու-թյուն

1

2

3

4

5

6

           
           
           
           

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար

 Վ. Ստեփանյան

 

Հավելված N 3
Երևանի քաղաքապետի
2011 թվականի մայիսի 5-ի 
N 1653-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, այդ թվում` Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում (այսուհետ` Աշխատակազմ) պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) հաշվառման և գրանցման գրքի (այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը.

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար: Աշխատակազմի` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, 1-Ա, Ա-1-Բ, ԱԳ-1).

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը.

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը (օրինակ` 01.06.2011թ.-22.08.2011թ.).

6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանները փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլ տեղեկություններ:

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար

 Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2014, N 2767-Ն 25.08.2014, N 1653-Ն
20.07.2012, N 5349-Ն 16.08.2012, N 1653-Ն
16.12.2011, N 6585-Ն 09.01.2012, N 1653-Ն
13.10.2011, N 4801-Ն 19.11.2011, N 1653-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան