Գլխավոր տեղեկություն
Համար
N 1050-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2012-04.07.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2004-2005 гг. том 9 Հոդ.966
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.07.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2010 թվականի N 1050-Ն

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները` համաձայն N 1 հավելվածի, որոնց բավարարման դեպքում այդ կազմակերպությունների արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն:

2. Հնդկաստանի Հանրապետությունում գործող կազմակերպության՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված չափանիշներին համապատասխանությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացությամբ, որը կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: Ուսումնասիրությունն իրականացվում է շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա` երկամսյա ժամկետում:

(2-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

3. Հաստատել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համապատասխան մաքսային ձևակերպումներ կատարելիս`

1) թույլատրել Հնդկաստանի Հանրապետությունում արտադրված գոմեշի մսի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, եթե այն արտադրվել է սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքային խմբի դրական եզրակացությունն ստացած կազմակերպությունների կողմից.

2) ստուգել Հնդկաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված՝ արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար համապատասխան փաստաթղթերի ու ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի առկայությունը և միայն դրանց համապատասխանության դեպքում կատարել համապատասխան ձևակերպումները.

3) յուրաքանչյուր ներմուծվող գոմեշի մսի խմբաքանակի համար կազմվող համապատասխան մաքսային փաստաթղթերում կատարել հատուկ գրառումներ` նշելով ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի համարը: Տեղեկանքի բնօրինակը պահվում է մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնում:

(4-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

5. Ներկայացուցչին` աջակցել սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքային խմբի գործունեությանը և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի մսի արտադրության ու Հայաստանի Հանրապետություն արտահանման մասին:

6. Հնդկաստանի Հանրապետությունում արտադրված գոմեշի մսի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման վերաբերյալ` սույն որոշմամբ չկարգավորված անասնաբուժական պետական հսկողության այլ ընթացակարգերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

(6-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 24
Երևան

 

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշման

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշներն են՝

1) մսի արտադրության առնվազն 10 տարվա աշխատանքային փորձը.

2) ընդհանուր մեկ արտադրական տարածքում տեղակայված՝ միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոցը, մսի վերամշակման արտադրամասը և սառցարանը.

3) միջազգային արտոնագրող մարմինների կողմից տրված՝ վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի և ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրերը.

4) կազմակերպության ապրանքային նշանի կամ գործարար համբավն արատավորող հիմնավորված տեղեկությունների հայտնի չլինելը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 
 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ):

2. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղում անմիջականորեն ապահովում է սպանդի ենթակա կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննման փաստաթղթերի և դրանց մսեղիքի հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման վերաբերյալ փաստաթղթերի ու պատրաստի արտադրանքի համապատասխանության ստուգումը և տրամադրում դրա մասին տեղեկանք:

3. Ներկայացուցիչը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկանքում կատարում է նաև նշումներ Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակն արտադրող կազմակերպության անվանման, հաշիվ-ապրանքագրի համարի, բեռնարկղերի (կոնտեյներների), Հնդկաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված՝ առողջության սերտիֆիկատի հաշվառման տվյալների վերաբերյալ: Տեղեկանքը պետք է լինի կնքված, ներկայացուցչի կողմից ստորագրված ամսաթվի, ամսվա և տարեթվի վերաբերյալ նշումով, ինչպես նաև պետք է ունենա հերթական գրանցման համար, որը պետք է արտացոլվի հատուկ վարվող գրանցամատյանում:

4. Ներկայացուցչին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Ներկայացուցիչը պետք է ունենա սննդի անվտանգության, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառի համապատասխան գիտելիքներ և տիրապետի անգլերենին:

6. Ներկայացուցչի հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից լիազորված անձը:

7. Ներկայացուցչի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

8. Ներկայացուցիչն ունի իր պաշտոնի անվանմամբ կնիք և ձևաթուղթ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան