ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0251/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0251/02/10 |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հերմինե Սարգսյանի ընդդեմ Արտակ Սարգսյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու կամ փոխհատուցում տրամադրելու միջոցով Արտակ Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու, իսկ դրանց ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, ինչպես նաև Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցի հակընդդեմ հայցի` փոխհատուցում տրամադրելու միջոցով Հերմինե Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հերմինե Սարգսյանը պահանջել է Երևանի Մալաթիա փողոցի թիվ 94/5 հասցեում գտնվող տանից առանձնացնել իր 1/2-րդ բաժինը կամ 5.064.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնել Արտակ Սարգսյանի սեփականության իրավունքը, իսկ դրանց ակնհայտ աննպատակահարմարության դեպքում վաճառել գույքը հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել համասեփականատերերի միջև` բաժիններին համաչափ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցը պահանջել է 5.064.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնել Հերմինե Սարգսյանի սեփականության իրավունքը Երևանի Մալաթիա փողոցի թիվ 94/5 հասցեում գտնվող տան 1/2-րդ բաժնի նկատմամբ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Ֆարխոյան) (այսուհետ` Դատարան) 08.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Վճռվել է Երևանի Մալաթիա փողոցի թիվ 94/5 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը հետագայում բաշխել սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.02.2011 թվականի որոշմամբ Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.11.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 18.08.2011 թվականի հաշտության համաձայնությունը:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով կողմերի 18.08.2011 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև կնքված 18.08.2011 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«Հաշտության համաձայնություն
18.08.2011թ. |
ք. Երևան |
Մենք` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված թիվ ԵՄԴ/0251/02/10 քաղաքացիական գործով կողմերս, հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող Հերմինե Սարգսյանը և պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Արտակ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Էմմա Այունցը եկել ենք հետևյալ հաշտության համաձայնության.
1. Ես` Հերմինե Սարգսյանս, հրաժարվում եմ իմ հայցապահանջից, այն է` իմ և պատասխանող Արտակ Սարգսյանի համատեղ սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Մալաթիա 94/5 տունը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ: Եվ համաձայն եմ, որպեսզի կողմերս ապրենք մեր համասեփականությունը հանդիսացող բնակարանում:
2. Ես` պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Արտակ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Էմմա Այունցս, հրաժարվում եմ հակընդդեմ հայցից և համաձայն ենք շարունակել մեկ հարկի տակ բնակվել Հերմինե Սարգսյանի և երեխաների հետ:
Կողմերս վերը նշված հաշտության համաձայնությունը կնքել ենք կամավոր, մեզ պարզաբանվել են դրա հետևանքները: Այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
Խնդրում ենք ՀՀ վճռաբեկ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 և 133 հհ համաձայն հաստատել կողմերիս միջև կնքված հաշտության համաձայնությունը:
Հայցվոր-պատասխանող` |
( ստորագրություն) |
Հերմինե Սարգսյան |
Պատասխանող-հայցվոր` |
(ստորագրություն) | Արտակ Սարգսյանի |
|
օ/ն Էմմա Այունց»: |
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2011 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |