Գլխավոր տեղեկություն
Համար
N 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.01.2012-21.03.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.04/15(78) Հոդ.111
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.06.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.03.2022

120.0053.25.06.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 25 հունիսի 2001 թ.
ք. Երևան

N 53

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14 հոդվածի 12-րդ մասով սահմանված դրույթներով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել Վիճակագրական գաղտնիքի պահպանման կարգը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
25 հունիսի 2001 թ. թիվ 53 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների (հետայսու` վիճակագրական գաղտնիք) պահպանման, օգտագործման և հրապարակման կարգը, վիճակագրական գաղտնիքի շուրջ ծագող հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները և մշակվել է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 7-ից 12 մասերով սահմանված դրույթների:

2. Սույն կարգում գործածված հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ որ սահմանված է վիճակագրական գաղտնիքի իրավական հիմքերը կարգավորող օրենքներով:

 

II. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. Վիճակագրական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերի մասին», «Մարդահամարի մասին» և «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքներով, այլ օրենքներով, սույն կարգով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով:

(3-րդ կետը խմբ. 02.12.11 թիվ 09-Ն)

 

III. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

4. Սույն կարգի դրույթները տարածվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության, նրա տարածքային ու գործառնական ստորաբաժանումների աշխատակիցների (այդ թվում` նախկին), ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների (այդ թվում` նախկին), պետական վիճակագրություն իրականացնող մարմնին սահմանված կարգով ծառայություններ (աշխատանքներ) մատուցած և մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց, սահմանված կարգով վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստացած բոլոր անձանց և հիմնարկների, ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա:

 

IV. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

 

5. Վիճակագրական գաղտնիք են համարվում այն վիճակագրական տվյալները, որոնց միջոցով հնարավոր է ուղղակի կամ անուղղակի ձևով բացահայտել, (նույնականացնել, իդենտիֆիկացնել) վիճակագրական տեղեկություն տրամադրողին` ձեռք բերել անհատական (անվանական) տեղեկություններ: Տվյալները, որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից, վիճակագրական գաղտնիք չեն համարվում: Սույն կարգի իմաստով, այլ աղբյուր են համարվում օրենքով սահմանված պարտավորության համաձայն փաստացի հրապարակումները պետական պաշտոնական տեղեկագրերում և զանգվածային լրատվության այլ միջոցներում:

6. Վիճակագրական տեղեկություն տրամադրողի ուղղակի բացահայտում է տեղի ունենում, երբ հայտնի է դառնում նրա անունը (անվանումը), գտնվելու վայրը, դասակարգման նույնականացման ծածկագիրը: Անուղղակի բացահայտում է տեղի ունենում, երբ որևէ միավորի անհատականությունը հնարավոր է լինում պարզել վերը նշված տվյալների բացակայության ժամանակ, բայց այլ լրացուցիչ տվյալների միջոցով, ժամանակի, ծախսերի և մարդկային ճիգերի գործադրման խելամիտ սահմաններում:

7. Վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալները կարող են լինել անհատական (անվանական)` միկրոտվյալներ կամ ամփոփված (ըստ անալիտիկ կտրվածքի ամփոփման աստիճանի) տվյալներ:

8. Միկրոտվյալներ են համարվում անհատական տվյալները, որոնք պատկանում են մեկ որոշակի վիճակագրական տեղեկություններ տրամադրողին (այսինքն հանդիսանում են վիճակագրական գաղտնիք), որը կարող է լինել ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, իրավաբանական անձը կամ վարչատարածքային բաժանման սկզբնական միավորը:

9. Ամփոփված (աղյուսակային) տվյալները հանդիսանում են վիճակագրական (այդ թվում` վարչական) աշխատանքի արդյունք: Ամփոփված տվյալները սովորաբար հանդես են գալիս աղյուսակային տեսքով: Վիճակագրական գաղտնիք հանդիսացող ամփոփված (աղյուսակային) տվյալը հրապարակվելուց (բացահայտվելուց) առաջ ձևափոխվում է, տվյալների նույնականացման հնարավորության աստիճանը մինչև գաղտնիքի պահպանման առումով տրամաբանորեն ընդունելի (և' ուղղակի, և' անուղղակի բացահայտումը բացառող) մակարդակի իջեցման նպատակով: Տվյալների ձևափոխման մեթոդներն են միջազգային վիճակագրական պրակտիկայում հայտնի այնպիսի մեթոդներ, ինչպիսին են` տարածքային ընդհանրացման մեթոդը, նվազագույն միավորների կանոնի մեթոդը, գերակշռության կանոնի մեթոդը, մոտարկման մեթոդը, աղմուկի էֆեկտի մեթոդը, վերածածկագրման մեթոդը և այլն: Կոնկրետ կիրառվող մեթոդի ընտրությունը կատարվում է սույն կարգի 5-րդ գլխում նշված հանձնաժողովի կողմից: Ձևափոխման իրականացման կոնկրետ մեթոդը բացահայտման ենթակա չէ:

 

V. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինն իր համակարգում նախատեսում է «Վիճակագրական գաղտնիքի վերաբերյալ հարցերի հանձնաժողով (աշխատանքային խումբ)» (հետայսու` Հանձնաժողով), որը պարտավոր է պարբերաբար վերանայել և գնահատել վիճակագրական գաղտնիքի հետ կապված իրականացվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերը: Հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ ԱՎԾ նախագահի հրամանով, նրա աշխատակարգը հաստատվում է ՀՀ ԱՎԾ նախագահի կողմից: Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում վիճակագրական գաղտնիքի և տվյալների պահպանման վերաբերյալ մեթոդների, միջոցների և տեխնոլոգիաների զարգացման միտումներին մշտապես հետևելու, ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների և վիճակագրական տեղեկատվության օգտագործողների հետ դրանց կիրառմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

 

 VI. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԸ

 

11. Վիճակագրական գաղտնիքի պահպանումը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է տարբերել վիճակագրական տվյալների հետ աշխատելու հետևյալ 4 միջավայրերը.

Առաջին միջավայրը` վիճակագրական սկզբնական տվյալների հավաքագրման և մուտքագրման, ինչպես նաև մուտքագրված վիճակագրական տվյալների փոխանցման միջավայրն է: Այդ փոխանցումը կարող է կատարվել նաև էլեկտրոնային տեսքով` կապի միջոցների օգնությամբ:

Երկրորդ միջավայրը` առաջին միջավայրից ստացված և մուտքագրված տվյալների պահպանման ու մշակման միջավայրն է, որտեղ կատարվում է տվյալների ամփոփում և դրանց նախապատրաստում գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով տրամադրելու համար: Ամփոփված և գիտահետազոտական աշխատանքների համար նախապատրաստված տվյալները տեղափոխվում են 3-րդ միջավայր:

Երրորդ միջավայրը` ամփոփված վիճակագրական տվյալների պահպանման միջավայրն է, որը հիմք է հանդիսանում վիճակագրական հրապարակումների նախապատրաստման համար: Այս միջավայրում կատարվում են նաև լրահաշվարկներ և տրվում են գնահատականներ:

Չորրորդ միջավայրը` վիճակագրական տվյալների տարածման միջավայրն է, հրապարակումների, ՀՀ ԱՎԾ գրադարանի և ինտերնետի միջոցով:

12. Վիճակագրական գաղտնիքի պահպանման յուրաքանչյուր միջավայրի համար Հանձնաժողովի կողմից, համաձայնեցնելով ՀՀ վիճակագրության պետական խորհրդի համապատասխան անդամի հետ, սահմանվում են աշխատանքի առանձին կանոններ, որոնց պարտավոր են հետևել տվյալ միջավայրում աշխատելու իրավունք ունեցող բոլոր աշխատակիցները:

 

VII. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

13. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը երաշխավորում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանումը: Այդ նպատակով պետական վիճակագրություն իրականացնող մարմինը սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ` վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների բազաներ ոչ օրինական մուտքը, այդ բնույթի տեղեկությունների ոչ օրինական տարածումը կամ օգտագործումը չթույլատրելու (բացառելու) նպատակով:

14. Վիճակագրական գաղտնիք պարունակող (անվանական) տեղեկությունները պահպանվում են միայն էլեկտրոնային (թվայնացված) շտեմարանների տեսքով` առանց ժամկետի սահմանափակման (այդ տեղեկությունների հիմք հանդիսացող թղթային կրիչների պահպանման ժամկետ չի սահմանվում և դրանք կարող են ոչնչացվել էլեկտրոնային շտեմարան տվյալների մուտքագրումից, ստուգաճշտումից, կոդավորումից և խմբագրումից հետո):

(14-րդ կետը խմբ. 02.12.11 թիվ 09-Ն)

15. Վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասանելիությունը սահմանափակվում է այն անձանցով, որոնք ծառայողական պարտականությունների իրականացման համար կատարում են պետական վիճակագրական աշխատանքներ, միայն այն մասով, որը նրանց անհրաժեշտ է այդ աշխատանքների իրականացման համար:

16. Պետական վիճակագրություն իրականացնող մարմնի ներկա և նախկին աշխատակիցներին, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք վիճակագրություն իրականացնող մարմնին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության ընթացքում (աշխատանքի բերումով) իրենց վստահված կամ հայտնի դարձած վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելը (բացահայտելը), ինչպես նաև անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով դրանք օգտագործելը, երրորդ անձանց այդպիսի օգտագործման ուղղակի կամ անուղղակի հնարավորություն ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

 

VIII. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

17. Վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները օգտագործվում են վիճակագրական նպատակներով:

Վիճակագրական նպատակներով տվյալների օգտագործում է համարվում դրանց օգտագործումը բացառապես օրենքով և սույն կարգով սահմանված ամփոփ վիճակագրական փաստագրման և վիճակագրական վերլուծության համար:

18. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողներն իրավունք ունեն պետական վիճակագրություն իրականացնող մարմնի տվյալների բանկից գրավոր դիմումի հիման վրա ստանալու իրենց վերաբերյալ վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալները: Իրավաբանական անձի դեպքում դիմումը տրվում է նրա գործադիր մարմնի կամ նրա կանոնադրությամբ համապատասխան լիազորություն ունեցող այլ մարմնի կողմից:

Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ներկայացվող դիմումի մեջ պարտադիր նշվում են.

ա) ֆիզիկական անձանց դեպքում, պահանջվող տվյալը (տվյալները), այդ տվյալի (տվյալների) հավաքագրման համար հիմք հանդիսացած վիճակագրական փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը (անվանումները), ժամանակահատվածը, ապա` դիմումը ներկայացնողի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները և բնակության վայրը: Ֆիզիկական անձանց դիմումները պարտադիր վավերացվում են ստորագրությամբ:

բ) իրավաբանական անձանց դեպքում, պահանջվող տվյալը (տվյալները), այդ տվյալի (տվյալների) հավաքագրման համար հիմք հանդիսացած վիճակագրական փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը (անվանումները), ժամանակահատվածը, ապա` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև դիմումը ներկայացնողի անվան սկզբնատառը, ազգանունը և պաշտոնը: Իրավաբանական անձանց դիմումները պարտադիր վավերացվում են ստորագրությամբ և կնիքով:

Վիճակագրական տեղեկություն տրամադրողի կողմից ներկայացված դիմումում սույն կետի երկրորդ պարբերությունում նշված որևէ վավերապայմանի բացակայության, անճշտության կամ պետական վիճակագրություն իրականացնող մարմնի տվյալների բանկում պահանջվող տեղեկատվության բացակայության և (կամ) այդպիսի հաշվառում չվարելու դեպքերում վիճակագրական տվյալների տրամադրումը մերժվում է:

(18-րդ կետը լրաց. 18.10.02 N 245-Ն)

19. Վիճակագրական գաղտնիքի հրապարակում (բացահայտում) է համարվում վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ տարածելը, երրորդ անձին կամ անձանց այն հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու ուղղակի կամ անուղղակի հնարավորություն ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

20. Վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն: Դրանք կարող են հրապարակվել կամ տարածվել միայն.

ա) դրանք ներկայացնողի գրավոր համաձայնության դեպքում: Իրավաբանական անձի դեպքում համաձայնությունը տրվում է նրա գործադիր մարմնի կամ նրա կանոնադրությամբ համապատասխան լիազորություն ունեցող այլ մարմնի կողմից: Համաձայնությունը կարող է պարունակել տվյալների օգտագործման վերաբերյալ սահմանափակումներ.

բ) երբ դրանք հանդիսանում են բնական կամ այլ մենաշնորհային գործունեությունն արտացոլող տեղեկություններ, որոնց չհրապարակումն (չտարածումն) էապես կազդի վիճակագրական տեղեկատվության ամբողջականության սկզբունքների պահպանման վրա: Նման դեպքերում հրապարակման (տարածման) մասին որոշումը կայացնում է ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը.

գ) երբ հավաքագրված տեղեկություններ տրամադրվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակցին և (կամ) այդ մարմնին ծառայություններ մատուցող անձանց, եթե

- դրանք անհրաժեշտ են վիճակագրական աշխատանքներ կատարելու համար,

- եթե այդ անձանց «ֆունկցիոնալ պարտականություններով» (կամ սահմանված կարգով ծառայություններ մատուցելու վերաբերյալ քաղաքացիա-իրավական պայմանագրի մեջ) ներառված են դրույթներ այն մասին, որ անձինք ձեռնպահ են մնալու աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված (տրամադրված) կամ հայտնի դարձած վիճակագրական գաղտնիք կազմող տեղեկության հրապարակումից (բացահայտումից), ինչպես նաև իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով, դրանք օգտագործելուց կամ հրապարակելուց (բացահայտելուց).

դ) բացառիկ դեպքում` անհատական (անվանական) տվյալների ուղղակի բացահայտման հնարավորություն չտվող ձևով և մասով` գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով` ՀՀ վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ:

Գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակների համար գրավոր դիմումի համաձայն վերը նշված կարգով կարող են տրամադրվել անհատական (միկրոտվյալներ) և ամփոփ (աղյուսակային) տվյալներ:

ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալների տրամադրման մասին որոշում կարող է ընդունել, եթե գիտահետազոտական աշխատանքի սպասվելիք արդյունքները չեն վերաբերում բացահայտման ենթարկվող անհատական (վիճակագրական) միավորներին և եթե գիտահետազոտական աշխատանքի շրջանակում երաշխավորվում է վիճակագրական գաղտնիքի պահպանումը (այսինքն չհրապարակմամբ և չտրամադրմամբ): Այն պետք է հավաստված լինի գիտակրթական (գիտահետազոտական) կազմակերպության կողմից վավերացված փաստաթղթով: Այն պետք է ենթադրի նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակների համար վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասանելիության սահմանափակում այն անձանցով, որոնց դրանք անհրաժեշտ են սահմանված աշխատանքների իրականացման համար: ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը պետք է համոզված լինի, որ նշված ձևով տվյալների տրամադրումը չի վնասելու կոնկրետ վիճակագրական տեղեկատվություն տրամադրողներին` ինչն անհրաժեշտ գրավական է պետական վիճակագրություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության և արժանահավատ վիճակագրություն ունենալու համար:

Գիտական և հետազոտական շրջանակների, գիտահետազոտական նպատակներ հետապնդող այլ կազմակերպությունների, հաստատությունների և ֆիզիկական անձանց առավել մեծ պահանջարկ պարունակող վիճակագրության համընդգրկուն և ընտրանքային հետազոտությունների անվանազերծված տվյալները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան ստորաբաժանումները կարող են հրապարակել անվանազերծված տվյալների շտեմարանների տեսքով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կայքէջում: Այդպիսի պարբերական հետազոտությունների շարքին Հանձնաժողովի եզրակացությամբ կարող են դասվել`

1) Մարդահամարները (հրապարակման ենթակա են ոչ ավել քան գլխավոր համակցության 10%-ի չափով ընտրված անվանազերծված տվյալները),

2) Գյուղատնտեսական համատարած հաշվառումները (հրապարակման ենթակա են ոչ ավել քան գլխավոր համակցության 10%-ի չափով ընտրված անվանազերծված տվյալները),

3) Տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունները (անվանազերծված տվյալները),

4) Աշխատուժի հետազոտությունները (ընտրանքային հետազոտության անվանազերծված տվյալները),

5) Այլ ընտրանքային (նպատակային) հետազոտությունները (անվանազերծված տվյալները):

(20-րդ կետը լրաց. 02.12.11 թիվ 09-Ն)

 

IX. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

21. Վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալների օգտագործման, պահպանման, հրապարակման կանոնները խախտելն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

(կարգը  լրաց. 18.10.02 N 245-Ն, խմբ., լրաց. 02.12.11 թիվ 09-Ն)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
31 հուլիսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 12001118