Գլխավոր տեղեկություն
Համար
N 978-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2012-03.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1127
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 978-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 372 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 372 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 20
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 978-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում միջին և բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) պետական հավատարմագրման կարգը` անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից:

2. Պետական հավատարմագրումն իրականացվում է ստորև նշված գործընթացներով՝

1) ենթակառուցվածքային (ինստիտուցիոնալ) հավատարմագրում.

2) ըստ մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրում (այսուհետ` ծրագրային հավատարմագրում):

3. Ենթակառուցվածքային հավատարմագրումը պարբերաբար կրկնվող (շրջափուլային) պարտադիր գործընթաց է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատությունների համար:

4. Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով միայն ենթակառուցվածքային հավատարմագրման դրական արդյունքի դեպքում բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի:

(4-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն)

5. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրում անցնում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր ուսումնական հաստատության կազմում առանձին ժամանակացույցով: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

(5-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն)

6. Ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման գործընթացները կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ՈԱԱԿ):

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

7. Ենթակառուցվածքային հավատարմագրում անցնելու համար ուսումնական հաստատությունը պետք է`

1) ներկայացնի դիմում-հայտ` ըստ ՈԱԱԿ-ի մշակած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաթղթի.

2) ունենա կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.

3) լրացնի ՈԱԱԿ-ի էլեկտրոնային համապատասխան հարցաշարը (web.survey. anqa.am):

8. Ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացն իրականացվում է 3 հաջորդական փուլերով՝

1) առաջին փուլ` ենթակառուցվածքային կարողությունների ներքին գնահատում ուսումնական հաստատության կողմից` ըստ ՈԱԱԿ-ի սահմանած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաչափի (այսուհետ՝ ինքնավերլուծություն).

2) երկրորդ փուլ` ուսումնական հաստատության ինքնավերլուծության, կրթական և որակի ապահովման գործընթացների իրականացման արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ենթակառուցվածքային հավատարմագրման չափանիշներին համապատասխան (այսուհետ՝ փորձաքննություն).

3) երրորդ փուլ` ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքների հիման վրա ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի, որի ձևավորման և գործունեության ընթացակարգը և կազմը հաստատվում է ՈԱԱԿ-ի հոգաբարձուների հանձնաժողովի  կողմից, դրական, պայմանական կամ բացասական եզրակացության մասին որոշման ընդունում։

(8-րդ կետը փոփ., լրաց. 15.12.11 N 1907-Ն)

9. Դիմում-հայտի և ուսումնական հաստատության ինքնավերլուծության ընդունումը, փորձաքննությունը և որոշման կայացումն իրականացվում են սույն կարգի պահանջների համաձայն:

10. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի ենթակառուցվածքային հավատարմագրման համար դիմելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցված կազմակերպություններին: ՈԱԱԿ-ը պետք է նախօրոք տեղեկացվի գործընթացի նախաձեռնման մասին: Ենթակառուցվածքային հավատարմագրման արդյունքները գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում:

(10-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն)

11. ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը հավատարմագրման վկայականի և ներդիրի ձևաթղթերի հետ միասին ուղարկվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ` նախարարություն)` որպես անհատական գերատեսչական ակտ հաստատելու համար: Նախարարությունն այն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված տվյալները (սույն կարգով նախատեսված պահանջների ապահովման վերաբերյալ) և ընդունում է որոշում պետական հավատարմագրման մասին, որի հիման վրա ուսումնական հաստատությանը ենթակառուցվածքային հավատարմագրման դեպքում տրվում է պետական հավատարմագրման վկայական: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացվում է ՈԱԱԿ-ը` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար:

(11-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

12. Ենթակառուցվածքային հավատարմագիրը տրվում է 6 տարի ժամկետով:

12.1. Ուսումնական հաստատությունը կարող է ստանալ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները կարող է շտկել ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում:

(12.1 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

12.2. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը չի կարող դիմել ծրագրային հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար:

(12.2 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

12.3. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունն իրականացված բարելավման միջոցառումների մասին գրավոր զեկույց է ներկայացնում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին:

(12.3 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

12.4. Փորձագիտական զեկույցում նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրումը կորցնում է իր ուժը:

(12.4 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

12.5. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը փորձագիտական զեկույցում նշված թերությունները վերացնելու դեպքում դիմում է ինստիտուցիոնալ հավատարմագրման` նշված թերությունների վերացման մասով: Փորձագիտական խմբի կողմից սույն կարգի 48-54-րդ կետերի համաձայն պատրաստվում և ներկայացվում է զեկույց:

(12.5 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

12.6. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում ուսումնական հաստատությունը չի կարող բացել նոր մասնագիտություն:

(12.6 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

12.7. Նույն ուսումնական հաստատությունը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ստանալ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում:

(12.7 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

13. Բացասական որոշման դեպքում ուսումնական հաստատությունը կարող է 2 տարի հետո նորից անցնել ենթակառուցվածքային հավատարմագրում` սահմանված նույն ընթացակարգով:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

 

14. Ծրագրային հավատարմագրում անցնելու համար ուսումնական հաստատությունը պետք է՝

1) ներկայացնի դիմում-հայտ` ըստ ՈԱԱԿ-ի մշակած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաթղթի.

2) ունենա կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.

3) լրացնի ՈԱԱԿ-ի էլեկտրոնային համապատասխան հարցաշարը (web.survey.anqa.am).

4) ներկայացնի պետական հավատարմագրման վկայականը:

15. Ծրագրային հավատարմագրման գործընթացն իրականացվում է 3 հաջորդական փուլերով՝

1) առաջին փուլ՝ մասնագիտության կրթական ծրագրի, ուսումնական գործունեության ներքին գնահատում ուսումնական հաստատության կողմից` ինքնավերլուծություն՝ ըստ ՈԱԱԿ-ի մշակած և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաչափի.

2) երկրորդ փուլ` ուսումնական հաստատության ինքնավերլուծության, ուսումնական գործունեության արտաքին գնահատում փորձագիտական խմբի կողմից` մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխան.

3) երրորդ փուլ` ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքների հիման վրա ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի դրական, պայմանական կամ բացասական եզրակացության որոշման ընդունում:

(15-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

16. Դիմում-հայտի և ուսումնական հաստատության ինքնավերլուծության ընդունումը, փորձաքննությունը և որոշման կայացումն իրականացվում են սույն կարգի պահանջների համաձայն:

17. Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրերը գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում:

18. Մասնագիտության կրթական ծրագիրը համարվում է հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում կրթական ծրագրի գրանցվելու պահից:

19. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի ծրագրային հավատարմագրման համար դիմելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցված կազմակերպություններին: ՈԱԱԿ-ը պետք է նախօրոք տեղեկացվի գործընթացի նախաձեռնման մասին: Ծրագրային հավատարմագրման արդյունքները գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում:

20. ՈԱԱԿ-ը ծրագրային հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով:

21. ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը հավատարմագրման վկայականի ներդիրի ձևաթղթերի հետ միասին ուղարկվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ` նախարարություն)` որպես անհատական գերատեսչական ակտ հաստատելու համար: Նախարարությունն այն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված տվյալները (սույն կարգով նախատեսված պահանջների ապահովման վերաբերյալ) և ընդունում է որոշում պետական հավատարմագրման մասին, որի հիման վրա ուսումնական հաստատությանը ծրագրային հավատարմագրման դեպքում տրվում է պետական հավատարմագրման վկայականի ներդիր: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացվում է ՈԱԱԿ-ը` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար:

(21-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

22. Ծրագրային հավատարմագրումը տրվում է 5 տարի ժամկետով:

22.1. Ուսումնական հաստատությունը կարող է ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները հնարավոր է շտկել ոչ ավելի, քան տարվա ընթացքում:

(22.1 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.2. Պայմանական ծրագրային հավատարմագրում ձեռք բերելու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունն իրականացված բարելավման միջոցառումների մասին գրավոր զեկույց է ներկայացնում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին:

(22.2 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.3. Փորձագիտական զեկույցում նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պետական հավատարմագրման վկայականի ներդիրը կորցնում է իր ուժը:

(22.3 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.4. Պայմանական ծրագրային հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը փորձագիտական զեկույցում նշված թերությունները վերացնելու դեպքում դիմում է ծրագրային հավատարմագրման նոր գործընթացին մասնակցելու համար:

(22.4 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

22.5. Նույն ուսումնական հաստատությունը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում:

(22.5 կետը լրաց. 15.12.11 N 1907-Ն)

23. Վկայականի և նրա ներդիրի ձևաթղթերը հաստատում է նախարարությունը: ՈԱԱԿ-ը ապահովում է վկայականի և նրա ներդիրի (ներդիրների) տպագրությունը, հաշվառումը և պահպանումը: Վկայականում նշվում են գրանցման համարը, տալու ամսաթիվը և գործողության ժամկետը, ուսումնական հաստատության տարատեսակը, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ուսումնական հաստատության կամ մասնաճյուղի գտնվելու վայրը: Վկայականի ներդիրում (ներդիրներում) նշվում են ուսումնական հաստատության և սույն կարգով սահմանված դեպքում նաև մասնաճյուղերի ու դրանց հավատարմագրված մասնագիտությունները` ըստ կրթական ծրագրերի, և ներդիրի գործողության ժամկետը: Ներդիրը (ներդիրները) վավերական է (են) միայն վկայականի առկայության դեպքում:

24. Ուսումնական հաստատությունը պարտավոր է ուսանողներին տեղեկացնել ծրագրային հավատարմագրման արդյունքների մասին:

25. Ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման մասին որոշումները կարող են բողոքարկվել դատարանում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Պետական հավատարմագրման վկայական տալու, ինչպես նաև այդ վկայականում փոփոխություն կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

27. Չի թույլատրվում պետական հավատարմագրման վկայականն օտարել, գրավ դնել կամ փոխանցել մեկ այլ անձի:

 

IV. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

28. Դիմում-հայտերը կարող են ներկայացվել ՈԱԱԿ՝ ամբողջ տարվա ընթացքում:

29. ՈԱԱԿ-ը դիմում-հայտն ընդունելու կամ մերժելու հարցը քննարկում և դրա մասին դիմողին գրավոր ծանուցում է ոչ ուշ, քան դիմումն ստանալուց մեկ ամսվա ընթացքում: ՈԱԱԿ-ը մերժում է դիմում-հայտը, եթե`

1) ուսումնական հաստատությունը չունի կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.

2) ներկայացված փաստաթղթերի փաթեթը թերի է կամ պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ.

3) ուսումնական հաստատության գործունեությունը կասեցված է:

30. ՈԱԱԿ-ը ենթակառուցվածքային կամ ծրագրային հավատարմագրման գործընթացներն իրականացնում է դիմում-հայտն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում:

31. Դիմում-հայտի ընդունումից հետո մեկ շաբաթվա ընթացքում դիմողի և ՈԱԱԿ-ի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագիր: Պայմանագրում հստակ նշվում են գործընթացի մեկնարկի ամսաթիվը և ժամանակացույցը:

32. Գործընթացի մեկնարկից հետո 12 շաբաթվա ընթացքում ոսումնական հաստատությունը պարտավոր է ՈԱԱԿ ներկայացնել ինքնավերլուծություն:

(32-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

33. Ինքնավերլուծությունը ներկայացվում է հայերենով և անգլերենով, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով:

34. Ինքնավերլուծության հայերեն և անգլերեն տեքստերի միջև հակասությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում հայերեն տեքստը:

35. Ինքնավերլուծությանը կից ներկայացվում է ձևաչափով պահանջվող հիմնավորող փաստաթղթերի փաթեթը:

36. Ինքնավերլուծությունն ստանալուց հետո 5 շաբաթվա ընթացքում ՈԱԱԿ-ը ընդունում է որոշում ինքնավերլուծությունն ընդունելու կամ վերադարձնելու մասին:

(36-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

37. ՈԱԱԿ-ը ինքնավերլուծությունը վերադարձնում է, եթե`

1) այն չի համապատասխանում ՈԱԱԿ-ի մշակած միասնական ձևաչափին.

2) առկա են բովանդակային, տեխնիկական, կառուցվածքային կամ այլ թերություններ.

3) ինքնավերլուծության մեջ արտացոլված տվյալները ոչ հավաստի են:

38. Նշված թերությունները վերացնելու համար ՈԱԱԿ-ը սահմանում է մեկամսյա ժամկետ:

39. Ինքնավերլուծությունում առկա թերությունները սահմանված ժամկետում վերացնելու և այն կրկին ներկայացնելու դեպքում ՈԱԱԿ-ը ընդունում է նոր որոշում ինքնավերլուծությունն ընդունելու մասին:

40. Ինքնավերլուծությունն ընդունելու մասին որոշման ընդունման պահից հինգշաբաթյա ժամկետում ՈԱԱԿ-ը ուսումնական հաստատություն է գրավոր ներկայացնում փորձագիտական խմբի կազմը: Փորձագիտական խմբի ձևավորման կարգը հաստատվում է ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից:

(40-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

41. Երկշաբաթյա ժամկետում ՈԱԱԿ-ը ուսումնական հաստատության հետ համաձայնեցնում է փորձագիտական խմբի կազմը:

42. Փորձագիտական խմբի կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում` ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով` մինչև փորձագիտական խմբի նոր կազմի հաստատումը: Մեկամսյա ժամկետի ավարտից հետո փորձագիտական խմբի նոր կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողությունը կասեցվում է:

(42-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն)

43. Փորձագետների խմբի վերջնական կազմը հաստատվում է ՈԱԱԿ-ի տնօրենի հրամանով: Փորձագետների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:

44. ՈԱԱԿ-ի կողմից փորձագիտական խմբի կազմը հաստատվելու օրվանից 12 շաբաթվա ընթացքում փորձագիտական խումբն այցելում է ուսումնական հաստատություն (այսուհետ` փորձագիտական այց):

(44-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

45. Փորձագիտական այցի ժամանակացույցը, պայմանները, ընթացակարգը և տևողությունը սահմանվում են ուսումնական հաստատության և ՈԱԱԿ-ի փոխադարձ համաձայնությամբ:

46. Փորձագիտական այցը կարող է տևել 3-7 օր:

(46-րդ կետը խմբ. 15.12.11 N 1907-Ն)

47. Փորձագիտական այցից հետո, անհրաժեշտության դեպքում, ՈԱԱԿ-ը իրավունք ունի պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր:

48. Փորձագիտական այցի ավարտից հետո չորսշաբաթյա ժամկետում փորձագիտական խումբը պատրաստում և ՈԱԱԿ է ներկայացնում փորձագիտական զեկույցի նախնական տարբերակը:

(48-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

49. ՈԱԱԿ-ը փորձագիտական զեկույցի նախնական տարբերակն ստանալու օրվանից երեքշաբաթյա ժամկետում այն ուղարկում է ուսումնական հաստատություն:

(49-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

50. Ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ իր դիտողություններն ու առարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՈԱԱԿ, իսկ առարկություններ ու դիտողություններ չունենալու դեպքում հավաստում է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ իր համաձայնությունը: Ուսումնական հաստատության առարկություններն ու դիտողություններն ուսումնասիրությամբ հիմնավորված ճանաչվելու դեպքում փորձագիտական զեկույցի նախնական տարբերակում կատարվում է համապատասխան փոփոխություն:

51. Փորձագիտական այցի ավարտից հետո 6-շաբաթյա ժամկետում փորձագետների խումբը վերջնական փորձագիտական զեկույցը ներկայացնում է ՈԱԱԿ:

52. Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության հավաստիացումը, ՈԱԱԿ-ը կազմում է վերջնական եզրակացության նախագիծ և այն ներկայացնում հավատարմագրման խորհուրդ՝ որոշում ընդունելու համար:

53. Հավատարմագրման եզրակացության օրինակելի ձևը սահմանում է ՈԱԱԿ-ը:

54. Փորձագիտական այցի ավարտից հետո 11 շաբաթվա ընթացքում ՈԱԱԿ-ը պաշտոնական համացանցային կայք-էջում հրապարակում է ուսումնական հաստատության ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման արդյունքների մասին եզրակացությունները և հավատարմագրման հանձնաժողովի որոշումները:

(54-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

55. Ենթակառուցվածքային հավատարմագրման և ծրագրային հավատարմագրման ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ ուսումնական հաստատությունը կարող է դիմել ՈԱԱԿ՝ ենթակառուցվածքային հավատարմագրման և ծրագրային հավատարմագրման նոր գործընթացներ սկսելու համար:

56. Ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման գործընթացների իրականացման համար նախատեսված փորձաքննության, գործուղման և այլ ծախսերը, անկախ գործընթացի արդյունքից, պայմանագրային կարգով հատուցում է ուսումնական հաստատությունը` ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված և ՈԱԱԿ-ի կողմից հրապարակված սակագների համաձայն: Ուսումնական հաստատությունները ծախսերի համար նախատեսվող գումարը պետք է փոխանցեն ՈԱԱԿ-ի հաշվարկային հաշվին:

57. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) հավատարմագրի վավերականության ժամկետը լրացել է.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է ուսումնական հաստատության գործունեությունը.

3) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

58. ՈԱԱԿ-ը պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակում է և հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում համապատասխան գրառում:

59. Ուսումնական հաստատությունը ենթակառուցվածքային հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է իր ստացած պետական հավատարմագրման վկայականը վերադարձնել նախարարություն:

60. Պետական հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարանում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

61. Ուսումնական հաստատությունը պետական հավատարմագրման վկայականը կորցնելու դեպքում դիմում է նախարարություն, որը 15-օրյա ժամկետում տալիս է «Կրկնօրինակ» նշագրմամբ պետական հավատարմագրման նոր վկայական, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

62. Սույն կարգի բաղկացուցիչ մասն են՝

1) ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման ինքնավերլուծության ձևաչափերը.

2) որակի ապահովման ձեռնարկը:

(62-րդ կետը փոփ. 15.12.11 N 1907-Ն)

(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 15.12.11 N 1907-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.08.2024, N 1374-Ն 08.09.2024, N 978-Ն
11.12.2014, N 1397-Ն 29.12.2014, N 978-Ն
19.03.2014, N 301-Ն 03.04.2014, N 978-Ն
15.12.2011, N 1907-Ն 28.01.2012, N 978-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան