ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0177/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0177/02/10 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ստոկս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է «Տրի Գրեն» ՍՊԸ-ից բռնագանձել 698.200 ՀՀ դրամ, որից 634.500 ՀՀ դրամ` որպես գույքը վերականգնելու համար անհրաժեշտ պահեստամասերի և նյութերի արժեք, 50.000 ՀՀ դրամ` որպես վերանորոգման աշխատանքները կատարելու վարձատրություն, և 13.700 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրք:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 25.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.02.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 424-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ 15.12.2009 թվականի ակտի մասին Կազմակերպությունն Ընկերությանն իրազեկել է միայն 14.05.2010 թվականին:
Բացի այդ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն պարզել` արդյոք 15.12.2009 թվականի ակտը կազմող հանձնաժողովի անդամներն ունեցել են համապատասխան գիտելիքներ վարձակալած գույքի զննությունն իրականացնելու կապակցությամբ, կամ «մեխանիզմի արտաքին զննում և որոշ հանգույցների ստուգում» իրականացնելիս հնարավոր է հայտնաբերել ակտում արձանագրված թերությունները, կամ վարձակալած գույքը հանձնելուց հետո այն շահագործվել է, թե ոչ, և ում մեղքով են առաջացել վերոնշյալ թերությունները:
Ավելին, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը քննության առարկա չեն դարձրել այն հարցը, թե արդյոք Կազմակերպությանը վնասը պատճառվել է հենց Ընկերության անօրինաչափ վարքագծի հետևանքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 10.09.2009 թվականի «Մեքենա-մեխանիզմների վարձակալության մասին (առանց անձնակազմի ծառայությունների մատուցմամբ)» պայմանագրի համաձայն` Կազմակերպությունը «Տրի Գրեն» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել «Բուլդոզեր Տ-130» մակնիշի ավտոմեքենան` առանց անձնակազմի ծառայությունների մատուցման, և սահմանվել է պայմանագրի գործողության ժամկետ մինչև 30.12.2009 թվականը, միաժամանակ, սահմանվել է պարտականություն մեխանիզմը սարքին վիճակում վերադարձնելու մասին` համաձայն ընդունման-հանձնման ակտի (հատոր 1-ին, գ.թ.28-29):
2. 10.09.2009 թվականի ընդունման-հանձնման ակտով Կազմակերպությունը «Բուլդոզեր Տ-130» մակնիշի ավտոմեքենան հանձնել է «Տրի Գրեն» ՍՊԸ-ին (հատոր 1-ին, գ.թ.30):
3. 15.12.2009 թվականի ակտի համաձայն` «Ծաղկաձորի ՇՎՎ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հայկ Լևոնյանը, աշխղեկ Ալեք Հովհաննիսյանը և մեքենա-մեխանիզմների շահագործման պատասխանատու Ռոբերտ Մանուկյանը կատարեցինք ընկերությանը պատկանող բուլդոզեր Տ-130, շարժիչը` 114339, գույնը` դեղին, պետ համարանիշը` 8115 SL, 1983թ-ի արտադրության մեխանիզմի մասնակի արտաքին զննում և որոշ հանգույցների ստուգում, որը տրված էր վարձակալության «ՏՐԻ ԳՐԵՆ» ՍՊԸ-ին պայմանագիր 10/09/2009թ, որի հետ վերադարձումը 14/12/2009թ-ին կատարվել է առանց ընդունման-հանձնման ակտ կազմելու: Ստուգումից պարզվեց` 1. Պուսկաչը լռած է, 2. Բացակայում է` մագնիտոնը, կովշի պալեցներից 6 հատը, պալեցների տուլկիների 12 հատը, չաշկի բոլտերի 4 հատը, 3. Երկու արգելակման լենտերը շարքից դուրս եկած են 4. Պակաս է` շարժիչի յուղը 10 լիտրով, հիդրավլիկ սիստեմի յուղը 60 լիտրով» (հատոր 1-ին, գ.թ. 31):
4. «Տրի Գրեն» ՍՊԸ-ի 06.08.2010 թվականի կանոնադրության փոփոխության համաձայն` «Տրի Գրեն» ՍՊԸ-ն վերանվանվել է «Ստոկս» ՍՊԸ-ի (հատոր 1-ին, գ.թ. 54-55):
5. Ընկերության տնօրենին հասցեագրված` Կազմակերպության 06.05.2010 թվականի գրությամբ հայտնվել է, որ «Ձեր կողմից մեխանիզմը վերադարձվել է 14.12.2009 թվականին (ուշ ժամի): 15.12.2009 թվականին Վարձատուի ներկայացուցիչների կողմից կատարվել է մեխանիզմի արտաքին զննում և բոլոր աշխատող հանգույցների աշխատունակության վիճակի ստուգում, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան ակտ: Ստուգումից պարզվել է, որ մեխանիզմի որոշ հիմնական հանգույցներ չեն աշխատում և շարքից դուրս են եկել, և բացակայում են որոշ դետալներ, պակաս է շարժիչի և հիդրավլիկ համակարգի յուղը, այսինքն` Ձեր կողմից չի պահպանվել մեխանիզմի պատշաճ վիճակը» (հատոր 1-ին, գ.թ. 32-34):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Սույն գործի փաստերից ելնելով` ապացուցման առարկան կազմել են հետևյալ փաստերը`
1. պատասխանողի կողմից համապատասխան վնաս պատճառելու գործողության առկայությունը,
2. վնասի առկայությունը,
3. ուղղակի և անհրաժեշտ պատճառահետևանքային կապը վնաս պատճառելու գործողության և հետևանքների միջև:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանականություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույց են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
Վերոգրյալ դատավարական նորմերից հետևում է, որ գործով ապացույցներ են օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնք հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Ընդ որում, օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Ավելին, իր վկայակոչած փաստի ապացուցման պարտականությունը կրում է գործին մասնակցող տվյալ անձը, ընդ որում, փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմն է կրում դրա բացասական հետևանքները:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 645-րդ հոդվածի 1-ին կետը և 647-րդ հոդվածը, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ «վարձատուն կատարել է Պայմանագրով նախատեսված տրանսպորտային միջոցը սարքին վիճակում վարձակալին հանձնելու իր պարտավորությունը, մինչդեռ վարձակալը` «Ստոկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իր` նույն տրանսպորտային միջոցը սարքին վիճակում վարձատուին հետ վերադարձնելու պարտավորությունը չի կատարել: Ավելին, վերջինս Դատարան չի ներկայացրել նաև վեճի առարկա տրանսպորտային միջոցն իր մոտ գտնվելու և (կամ) վարձատուին հանձնելու պահին տրանսպորտային միջոցի փաստացի վիճակի մասին որևէ ապացույց, որպիսի ապացույցի բացակայության բացասական հետևանքները կրում է «Ստոկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը»: Հետևաբար գտել է, որ «հանձնաժողովի անդամներ «Ծաղկաձորի ՇՎՎ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հայկ Լևոնյանի, աշխղեկ Ալեք Հովհաննիսյանի և մեքենա-մեխանիզմների շահագործման պատասխանատու Ռոբերտ Մանուկյանի կողմից 15.12.2009 թվականին կազմված ակտը, որը պարունակում է տեղեկություններ մեխանիզմի (տրանսպորտային միջոցի) թերությունների և վարձատու ընկերության կրած վնասների մասին, հանդիսանում է սույն գործով թույլատրելի և վերաբերելի ապացույց և իրավացիորեն Դատարանի կողմից հաշիվ ֆակտուրաների հետ միասին դրվել են դատարանի վճռի հիմքում»:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպության և Ընկերության միջև 10.09.2009 թվականին կնքվել է «Մեքենա-մեխանիզմների վարձակալության մասին (առանց անձնակազմի ծառայությունների մատուցմամբ)» պայմանագիր, որով Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնվել «Բուլդոզեր Տ-130» մակնիշի ավտոմեքենան` առանց անձնակազմի ծառայությունների մատուցման, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 30.12.2009 թվականը, միաժամանակ, սահմանվել է մեխանիզմը սարքին վիճակում վերադարձնելու պարտականություն` համաձայն ընդունման-հանձնման ակտի: Կազմակերպության և Ընկերության տնօրենների ստորագրություններով հաստատված և կնիքներով դրոշմված 10.09.2009 թվականին ընդունման-հանձնման ակտով «Բուլդոզեր Տ-130» մակնիշի ավտոմեքենան հանձնվել է Ընկերությանը:
Մինչդեռ, տվյալ դեպքում Կազմակերպությունը վերադարձրած մեխանիզմի «մասնակի արտաքին զննում և որոշ հանգույցների ստուգում» իրականացրել է և 15.12.2009 թվականի ակտը կազմել է միակողմանի` Կազմակերպության աշխատակիցներից կազմված հանձնաժողովի կողմից: Ընդ որում, նշված ակտը դրոշմված չէ Կազմակերպության կնիքով: Կազմակերպությունը 15.12.2009 թվականի ակտի մասին Ընկերությանն իրազեկել է միայն 06.05.2010 թվականին, իսկ գործում բացակայում է թույլատրելի որևէ ապացույց այն մասին, որ վարձակալությամբ տրված ավտոմեքենան վերադարձնելու պահին ունեցել է թերություններ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով հայցվորի կողմից չեն ներկայացվել պատասխանողի կողմից համապատասխան վնաս պատճառելու գործողության առկայությունը, վնասի առկայությունը, վնաս պատճառելու գործողության և հետևանքների միջև ուղղակի և անհրաժեշտ պատճառահետևանքային կապը հիմնավորող բավարար ապացույցներ, և Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը վճռի հիմքում դրել է ոչ թույլատրելի ապացույց:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011 թվականի որոշումը և այն փոփոխել. «Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն» ՓԲԸ-ի հայցը մերժել:
2. «Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն» ՓԲԸ-ից հօգուտ «Ստոկս» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրք և 20.535 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
«Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 535 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|