Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883) Հոդ.122
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 105-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.

 «1.1. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումներում բացել գանձապետական հաշիվներ: Ընդ որում, սույն հաշիվները բացելու համար պետական կազմակերպությունները դիմում են գանձապետական ստորաբաժանումներին` կցելով պետական ռեգիստրի հաշվառման վկայականի պատճենը, համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատված առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը), ստորագրությունների և կնիքի նմուշները: Այդ հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:

1.2. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծախսային ծրագրի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման մեջ ներառված բժշկական ապահովագրության ծառայության` առողջության ապահովագրության բազային փաթեթի շրջանակներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և ապահովագրական ընկերությունների հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված առողջության ապահովագրության կտրոնների հիման վրա:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «լա» պարբերությունը.

3) հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը «պետական պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնողների)» բառերով.

4) հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) յուրաքանչյուր պետական մարմին, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կազմակերպություն ինքն է պատասխանատվություն կրում սույն կարգով սահմանված աշխատող չհանդիսացող անձին սոցիալական փաթեթի հատկացման համար.

6) յուրաքանչյուր պետական մարմին եռամսյակը լրանալուն հաջորդող 20 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն իր և իրեն ենթակա կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների մասով` սոցիալական փաթեթից օգտվողների պաշտոնների, թվի և հատկացված գումարի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև ներկայացնում է առանձին աշխատողների թարմացված թվի վերաբերյալ հաշվետվություն, որի մեջ այդ եռամսյակում 6 ամսվա աշխատանքային ստաժը լրացած և արդեն սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց թիվը ներկայացվում է առանձին տողով: Սույն կարգով նախատեսված հաշվետվությունների ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նշված աշխատողներն իրավունք ունեն օգտվելու սոցիալական փաթեթից հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվելուց և նրա կողմից ֆինանսավորում ստանալուց հետո:».

5) հավելվածի կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ ցանկի`

ա. «1. Վարչական պաշտոններ» բաժնի 9-րդ կետը «տեղակալ» բառից հետո լրացնել «, տարածքային ներկայացուցիչ» բառերով,

 բ. «2. Մասնագիտական պաշտոններ» բաժնի 44-րդ կետը «կինո-» բառից հետո լրացնել «, թվայնացնող» բառով,

գ. «2. Մասնագիտական պաշտոններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 56-րդ և 57-րդ կետերով.

«56. Դասախոս

57. Մասնագետ (գլխավոր, առաջատար, կրտսեր)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10
Երևան