Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 579-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2011-01.04.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.20/29(412)
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2011
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 դեկտեմբերի 2011 թ.
ք. Երևան

թիվ 579-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2011 թվականի դեկտեմբերի 9-ի դռնբաց նիստում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Դիմող) 2011 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումի (մտից՝ Կ/1656-11 2011-12-09) (այսուհետ՝ Դիմում) հիման վրա քննարկեց համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:

Դիմումով Դիմողը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի կապակցությամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածով սահմանվում են համակենտրոնացման հասկացությունը և դեպքերը: Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հասկացություններում «տնտեսվարող սուբյեկտ» հասկացության մեջ ներառված չեն պետությունը կամ պետական մարմինները (հիմնարկի կարգավիճակով):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դիմողը խնդրում է պաշտոնապես պարզաբանել պետական մարմինների կողմից պետական կարիքների համար տնտեսվարող սուբյեկտներից գնումների, տնտեսվարող սուբյեկտներից պետության նկատմամբ առկա քաղաքացիաիրավական պարտքի դիմաց կամ նվիրատվությամբ կամ բռնագրավմամբ գույքի (ներառյալ իրավաբանական անձի կապիտալում բաժնեմասերի) ձեռքբերման գործարքների, ինչպես նաև պետության կողմից գույք (իրավաբանական անձի կապիտալում բաժնեմասեր), տնտեսվարող սուբյեկտների հատուցելի կամ անհատույց օտարման (մասնավորեցման) գործարքները Օրենքի 8-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են արդյոք համակենտրոնացում, թե ոչ:

Քննարկման ընթացքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտ է համարվում արտոնագրային վճար վճարողը, անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը, անձանց խումբը, առևտրային ցանցը: Օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը:

Նույն հոդվածի համաձայն՝ պետական մարմին են համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պետության կամ համայնքի հիմնարկները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

Օրենքի վերոնշյալ դրույթների վերլուծությունից հետևում է, որ «տնտեսվարող սուբյեկտ» և «պետական մարմին» հասկացությունները Օրենքի իմաստով տարբեր ինքնուրույն հասկացություններ են, և դրանցից որևէ մեկը չի ներառում մյուսը:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում՝

1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

Օրենքի 8-րդ հոդվածը, սահմանելով համակենտրոնացման հասկացությունը և դեպքերը, որպես համակենտրոնացման մասնակից դիտարկում է միայն տնտեսվարող սուբյեկտներին: Ուստի պետական մարմինները չեն հանդիսանում համակենտրոնացման մասնակիցներ, իսկ պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվող գործարքները չեն համարվում համակենտրոնացում Օրենքի իմաստով:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև կնքվող գործարքները, այդ թվում՝ պետական կարիքների համար գնումների, տնտեսվարող սուբյեկտների՝ պետության նկատմամբ առկա քաղաքացիաիրավական պարտքի դիմաց կամ նվիրատվությամբ կամ բռնագրավմամբ գույքի (ներառյալ իրավաբանական անձի կապիտալում բաժնեմասերի) ձեռքբերման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին պետության կողմից գույքի (իրավաբանական անձի կապիտալում բաժնեմասեր) հատուցելի կամ անհատույց օտարման (մասնավորեցման) գործարքները, չեն համարվում համակենտրոնացում Օրենքի իմաստով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Նախագահ

Ա. Շաբոյան