Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1004
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.14/66(869).1 Հոդ.1645.4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2011

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

6 դեկտեմբերի 2011 թ.

«ԵՐԵՎԱՆՇԻՆ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 208-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 873-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող` «Երևանշին» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Ֆ. Աբրահամյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Երևանշին» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Երևանշին» ԲԲԸ-ի` 22.08.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

 1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

 ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները» վերտառությամբ 208-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից»:

Վիճարկվող դրույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում: Նույն օրն ընդունված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՕ-281-Ն ՀՀ օրենքով նույնաբովանդակ նորմ է ամրագրվել նաև ՀՀ դատական օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Առաքողի պատասխանատվությունը տրանսպորտային առաքման պայմանագրով» վերտառությամբ 873-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Եթե առաքողն ապացուցում է, որ պարտավորությունը խախտվել է փոխադրման պայմանագրերն անպատշաճ կատարելու հետևանքով, ապա առաքողի պատասխանատվությունը հաճախորդի առջև որոշվում է նույն կանոններով, որոնցով համապատասխան փոխադրողը պատասխանատու է առաքողի առջև»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. «Երևանշին» ԲԲԸ «Գյումրի» մասնաճյուղի և «Ապավեն» ՍՊԸ-ի միջև 30.07.2009թ. կնքվել է բեռնարկղերով միջազգային կոմբինացված տրանսպորտային առաքման կազմակերպման մասին պայմանագիր:

 Դիմողը 08.02.2010թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով «Ապավեն» ՍՊԸ-ից բռնագանձել 9.185.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնաս:

 «Ապավեն» ՍՊԸ-ն 09.04.2010թ. հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ դիմողի և դիմողի ներկայացուցիչ Ֆեոդոր Աբրահամյանի` խնդրելով նրանցից համապարտության կարգով բռնագանձել 7.533.179 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 22.09.2010թ. թիվ ԵԱԴԴ/0098/02/10 վճռով հայցը մերժել է, հակընդդեմ հայցը բավարարել է մասնակիորեն, բեռը հանձնելու պահանջի մասով գործի վարույթը կարճել է:

 Նշված վճռի դեմ դիմողի կողմից բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 23.12.2010թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2010թ. թիվ ԵԱԴԴ/0098/02/10 վճիռը բեկանել է` սկզբնական հայցի մասով և քաղաքացիական գործն այդ մասով ուղարկել է նոր քննության: Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցին, ապա այդ մասով վերաքննիչ դատարանը որոշել է վճիռը փոփոխել` մերժելով հակընդդեմ հայցը:

«Ապավեն» ՍՊԸ-ն ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր` 29.07.2011թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2010թ. որոշման` հակընդդեմ հայցը մերժելու մասը բեկանվել է և այդ մասով օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2010թ. թիվ ԵԱԴԴ/0098/02/10 վճռին: Որոշման մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ` վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանություններով:

 

3. Վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ դրանք հակասում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին:

Ըստ դիմողի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականությունը դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, իրացնելով նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված իր լիազորությունը, փոփոխում և բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը և կայացնում ստորադաս դատարանի դատական ակտից տարբերվող որոշում. նման իրավիճակում անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատական ակտը բողոքարկելու` ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Նույն իրավիճակում, դիմողի պնդմամբ, վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունն առավել ակնհայտ է դրսևորվում, երբ անձի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատական ակտը բարենպաստ է լինում, իսկ վերաքննիչ դատարանը փոփոխում է այդ դատական ակտը:

Դիմողը գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վերաքննիչ դատարանի իրավասությունը ենթադրում է դատական սխալի վերացում, հետևաբար, վերաքննիչ դատարանի իրավասությունը պետք է լինի` ուսումնասիրել և գնահատական տալ առաջին ատյանի դատարանում չուսումնասիրված հիմնավորում-փաստարկներին: Այս կապակցությամբ դիմողը գտնում է, որ, ի վերջո, գործի արդարացի, բազմակողմանի և օբյեկտիվ քննության ընթացքում է հնարավոր կայացնել օրինական և հիմնավորված վճիռ, իսկ օրինական և հիմնավորված վճիռը պետք է հիմնված լինի բոլոր ապացույցների և փաստարկների բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության վրա:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 2-րդ մասին` դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով հիշյալ դրույթը, ըստ էության չի մեկնաբանել այն, ինչը հնարավորություն է տալու դատարաններին տարակերպ մեկնաբանել այդ դրույթը: Դիմողը մտավախություն է հայտնում, որ այդ դրույթի գործողության արդյունքում կարող է ստեղծվել դատական շրջապտույտ, որի հետևանքով կարող են խախտվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված` ողջամիտ ժամկետում գործի քննության` անձի իրավունքը:

 

4. Պատասխանողն առարկելով դիմողին` անդրադառնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրված` ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններին` նշելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի վիճարկվող նորմն ամրագրվել է ելնելով այդ առանձնահատկություններից, և նման նորմի ամրագրումն ինքնանպատակ չէ: Տարանջատելով «դիրքորոշում» և «հիմնավորում» եզրույթները` պատասխանողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածում խոսքը ոչ թե կարծիքի փոփոխության մասին է, որը կարող էր էական ազդեցություն չունենալ առաջին ատյանի դատարանում քննված գործի ելքի վրա, այլ դիրքորոշման այնպիսի փոփոխության մասին է, որը կարող է հանգեցնել հայցի կամ դրա վերաբերյալ ներկայացված պատասխանի, կամ ընդհանրապես գործի էության փոփոխության, ինչն անթույլատրելի է և չի բխում վերաքննիչ վարույթի առանձնահատկություններից:

 Պատասխանողը վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ 4-րդ բաժնի նորմերը` գտնում է, որ վերջիններս բխում են վերաքննիչ վարույթի առանձնահատկություններից և կարող են լիարժեքորեն ապահովել անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Միաժամանակ, անդրադառնալով դատական ակտերի վերլուծությանը` պատասխանողը նշել է, որ օրենքը դատավարության մատչելիությունն ապահովելու նպատակով հայցվորի վրա պարտավորություն չի դնում տալ գործի իրավաբանական որակումը, նշել վիճելի իրավահարաբերությունը կարգավորող օրենքը կամ իրավական այլ ակտ: Դատարանն ինքն է որոշում կիրառման ենթակա օրենքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի` վիճարկվող 2-րդ մասի առնչությամբ պատասխանողը գտնում է, որ առաքումն ուղղակիորեն կապված է փոխադրման հետ, ուստիև օրենսդիրը նախատեսել է նույն փոխադրողի պատասխանատվության կանոններով հաճախորդի առջև առաքողի պատասխանատվության կանոնը, որպեսզի առաքողը փոխադրողի մեղքով չենթարկվի պատասխանատվության` առանց փոխադրողի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ունենալու:

Պատասխանողն ընդգծում է, որ վիճարկվող նորմը բացառում է դատական շրջապտույտի առաջացումը, քանի որ հաճախորդը վնասի հատուցման պահանջի իրավունք է ձեռք բերում ոչ թե փոխադրողի, այլ առաքողի նկատմամբ: Հաճախորդին պատճառված վնասը հատուցելուց հետո միայն առաքողը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում փոխադրողի նկատմամբ:

 

5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը գնահատել սահմանափակ վերաքննության ինստիտուտին բնորոշ առանձնահատկությունների համատեքստում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 28.11.2011թ. ՀՕ-281-Ն ՀՀ օրենքով` 1999թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում ներդրված լրիվ վերաքննության ինստիտուտը փոխարինվեց սահմանափակ կամ ոչ լրիվ վերաքննության ինստիտուտով` նախատեսելով, որ վերաքննիչ դատարանը գործը քննում է համապատասխան բողոքի առկայության դեպքում և սահմանափակված է բողոքում ներկայացված հարցերով: Վերջինիս ներդրումը բխում է ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով սահմանված կառուցակարգային ու գործառնական իրավակարգավորման տրամաբանությունից, պայմանավորված է արդարադատության արդյունավետության բարձրացման, գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու և այդպիսով` նաև գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Սահմանափակ վերաքննության ինստիտուտի հիմնական առանձնահատուկ բաղադրիչն այն է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և, ըստ այդմ, դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սահմանափակ վերաքննության բաղադրիչներից է նաև վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույցներ ընդունելու և հետազոտելու հնարավորության բացակայությունը: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասի` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը սահմանում է սահմանափակ վերաքննությանը բնորոշ ևս մեկ առանձնահատկություն: Ըստ այդ դրույթով սահմանված ընդհանուր կանոնի` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք:

Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսում է բացառություններ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ընդհանուր կանոններից: Մասնավորապես, վերաքննիչ դատարանում նոր ապացույցների ներկայացում թույլատրվում է, եթե դրանք առաջին ատյանի դատարանում չեն ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով: Վերաքննիչ դատարանը կարող է հաստատված համարել նոր փաստը կամ հաստատված չհամարել առաջին ատյանի դատարանի հաստատած փաստը, եթե վերաքննիչ բողոքում վիճարկվում է այդ փաստը և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Այս բացառությունների տրամաբանությունը վկայում է, որ դրանք երաշխիք են սահմանափակ վերաքննության համակարգում առաջին ատյանի դատարանի թույլ տված հնարավոր դատական սխալի վերացման համար:

Վիճարկվող նորմը դիտարկելով վերաքննության գործող ինստիտուտի համատեքստում` սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ նորմով սահմանված իրավակարգավորումն իրավաչափ է, երաշխավորում է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի վերանայումը միայն վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում, բխում է վերաքննության ինստիտուտի` որպես բողոքը քննող օղակի, սահմանադրաիրավական բովանդակությունից:

 

6. Միաժամանակ, սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը դիտարկել նույն օրենսգրքով սահմանված` կողմերի դատավարական պարտականությունների, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմքերի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` «նյութական իրավունքի նորմերի խախտում կամ սխալ կիրառում» հասկացության համատեքստում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորը պարտավոր է, ի թիվս այլնի, հայցադիմումում նշել իր պահանջները, այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, ինչպես նաև հայցապահանջները հաստատող ապացույցները: Օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, այն է` հայցադիմումի պատասխանը, ի թիվս այլնի, պետք է պարունակի հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Ընդ որում, առարկելու դեպքում պատասխանում, մասնավորապես, պետք է անդրադարձ կատարվի հայցի հիմքում ընկած փաստերին, որոնք նա չի ընդունում, այն փաստերին, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցներին, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, ինչպես նաև պետք է անդրադարձ կատարվի այն հարցին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունում մրցակցության սկզբունքին համապատասխան հայցվորն ու պատասխանողը կրում են իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականություն: Մրցակցության սկզբունքի համատեքստում նշված դատավարական նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ կողմերը կրում են հայցի առարկայի և դրա փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պարտականություն: Ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքին, վիճելի իրավահարաբերության որակմանը և դրա նկատմամբ կիրառելի նորմերի ընտրությանը, ապա դատավարության կողմերի համար` հայցի իրավական հիմքը մատնանշելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն օրենսգրքով սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս, ի թիվս այլնի, գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը: Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված` գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Օրենսդիրը դատարանից պահանջում է կայացնել օրինական և հիմնավորված վճիռ, իսկ դրա համար դատարանին անհրաժեշտ է ճիշտ ընտրել և կիրառել օրենքը` անկախ նրանից, թե կողմերն ինչ դիրքորոշում են արտահայտել կիրառելի նորմերի վերաբերյալ: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Հայցվորի դատավարական պարտականությունն է հստակ ներկայացնել իր պահանջները, իր պահանջի հիմքում ընկած փաստերը, այդ փաստերը հիմնավորող ապացույցները, պատասխանողի պարտականությունն է հստակ դիրքորոշում արտահայտել հայցվորի ներկայացրած պահանջներից յուրաքանչյուրի, հայցապահանջի/ների հիմքում ընկած փաստերի վերաբերյալ, այդ փաստերի դեմ առարկելու դեպքում ներկայացնել դրանք հերքող ապացույցներ: Մինչդեռ դատարանի խնդիրն ու գործառույթն է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ապացուցման ենթակա փաստերը, կողմերի ներկայացրած ապացույցների հիման վրա հաստատված կամ չհաստատված համարել այս կամ այն փաստը և ըստ այդմ որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով հստակեցված են վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող նորմատիվ պահանջները, որոնք համահունչ են դատավարության կողմի դատավարական իրավունքներին ու պարտականություններին: Իսկ 219-րդ հոդվածը հստակ սահմանում է վերաքննության սահմանները և կողմերի համար որոշակի ու կանխատեսելի է դարձնում իրենց իրավունքների իրացման հնարավորությունները:

Բացի դրանից, «նյութական իրավունքի նորմերի խախտում կամ սխալ կիրառում» հասկացության բովանդակությունը բացահայտող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածը որպես նյութական իրավունքի նորմերի խախտում կամ սխալ կիրառում է դիտում դատարանի կողմից այն օրենքը կամ ՀՀ միջազգային պայմանագիրը կամ այլ իրավական ակտ չկիրառելը, որը պետք է կիրառեր, կամ այն օրենքի կամ ՀՀ միջազգային պայմանագրի կամ այլ իրավական ակտի կիրառումը, որը չպետք է կիրառեր, կամ օրենքի կամ ՀՀ միջազգային պայմանագրի կամ այլ իրավական ակտի սխալ մեկնաբանումը:

Օրենսդրական նման իրավակարգավորման պայմաններում սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմը որևէ կերպ չի խոչընդոտում դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը` գործի նկատմամբ կիրառելի իրավանորմի սխալ ընտրությունը, վերաքննիչ դատարանում օրենքով սահմանված կարգով և սահմաններում վիճարկելուն` երաշխավորելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացումը:

 

7. Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա այս դրույթի առնչությամբ դիմողի ներկայացրած փաստարկները հանգում են միայն նրան, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով այդ դրույթը, ըստ էության չի մեկնաբանել այն` կանխելու համար այդ դրույթի տարակերպ մեկնաբանությունները, ինչպես նաև, որ դրա կիրառումը կարող է դատական շրջապտույտի առիթ հանդիսանալ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող նորմի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի` անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը … գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Դիմումում ներկայացված վերոհիշյալ փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթի սահմանադրականությունը փորձում է վիճարկել ոչ թե խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականության պատճառով իր սահմանադրական իրավունքների խախտման կոնկրետ փաստով, այլ այդ դրույթով սահմանված իրավակարգավորման աննպատակահարմարության արդյունքում հնարավոր բացասական հետևանքներով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 102-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 2-րդ մասով գործի վարույթը կարճել:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

6 դեկտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-1004

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան