Գլխավոր տեղեկություն
Համար
N 1059-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հոդ.1177
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1059-Ն

 

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ:

2. Հաստատել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2.1. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Արտակ Ղազարյանին (անձնագիր՝ AH 0258962, տրված` 19.01.2007 թ., 020-ի կողմից):

(2.1-ին կետը լրաց. 01.12.11 N 1715-Ն)

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ հիմնադրվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից.

2) «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրենը պաշտոնի նշանակվելուց հետո մեկամսյա ժամկետում «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 39 արձանագրությամբ հավանության արժանացած՝ Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների լուսաբանման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագրից բխող, ինչպես նաև հիմնադրամի խնդիրների իրականացումն ապահովող տարեկան գործունեության միջոցառումների ծրագիր:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին հանձնել մեկ համակարգիչ` որպես հիմնադրի գույքային կամավոր վճար, և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` հանրային իրազեկման համար հատկացված միջոցներից 8000 հազ. դրամ ուղղել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

(4-րդ կետը փոփ. 01.12.11 N 1715-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 5
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հուլիսի 28-ի N 1059-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հիմնադրի և հիմնադրամի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

4. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնադրամի շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը (ի դեմս Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման բնագավառում գործող պետական կառավարման մարմինների), Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտները, աշխատողները, ուսանողները, կենսաթոշակառուները:

(5-րդ կետը խմբ. 01.12.11 N 1715-Ն)

6. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ԿՀԻԿ.

3) անգլերեն լրիվ` «Pension System Awareness Center» Fսnd.

4) անգլերեն կրճատ` PSACF:

7. Հիմնադրամն ունի հայերենով և անգլերենով՝ իր անվանմամբ կլոր կնիք:

8. Հիմնադրամն ունի իր անվանմամբ դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

9. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում նրա լուծարմամբ:

10. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 13:

11. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

12. Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելն է, մասնավորապես՝

1) կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը.

2) բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

13. Հիմնադրամի խնդիրներն են`

1) կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում` առցանց.

2) կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ տեղեկատվական և ուսուցողական նյութերի մշակումը, հրատարակումը և տարածումը.

3) ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպումը հանրության տարբեր շերտերի ու առանձին խմբերի համար.

4) կենսաթոշակային համակարգի վերաբերյալ միասնական կայք-էջի ստեղծումն ու վարումը.

5) կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային ուսուցման ծրագրերի մշակումն ու իրականացումը.

6) կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը.

7) փոքր և միջին ձեռնարկությունների (գործատուների) կողմից անձնավորված հաշվետվությունները ներկայացնելու գործընթացին աջակցելը, այդ թվում` հաշվետվությունները ներկայացնելու կիրառական հմտությունների տրամադրումը և տեխնիկական աջակցությունը գործատուներին.

8) կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից ակտիվների կառավարիչների և կենսաթոշակային ֆոնդերի ընտրությանն աջակցելը (այդ թվում` մարզերում համապատասխան ծառայությունների մատուցումը).

9) պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելը.

10) հետազոտությունների, գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և դրանց աջակցությունը.

11) ուսումնական հաստատություններում ուսուցման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը.

12) «Թեժ գիծ» ծառայության վարումը.

13) բնակչության շրջանում համապատասխան հարցումների անցկացումը.

14) իրականացվող ծրագրերի, միջոցառումների արդյունավետության գնահատման աշխատանքների իրականացումը.

15) նշված և իր կանոնադրական նպատակներին ուղղված ծրագրերի իրականացման համար պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և պետական մասնակցությամբ ընկերությունների, դոնոր կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցությունը.

16) հասարակության տարբեր շերտերի` կենսաթոշակային բարեփոխումներին աջակցության և մասնակցության ապահովմանը նպաստելը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Հիմնադրամի սկզբնական գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից հիմնադրամին փոխանցված գույքից:

15. Հիմնադրի` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է:

16. Հիմնադրամն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացելու իրավունք` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

17. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ այն ծառայում է իր կանոնադրական նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը: Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

18. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում.

2) ուսուցողական և տեղեկատվական սեմինարների, դասընթացների, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում.

3) ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում և հրատարակում.

4) խորհրդատվական ծառայությունների մատուցում.

5) էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցում.

6) կիրառական ու սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում, գիտահետազոտական ծրագրերի մշակում և իրականացում.

7) մասնագիտական գրականության մշակում և տարածում.

8) հրատարակչական գործ.

9) կենսաթոշակային համակարգի գործունեության համար անհրաժեշտ այլ ծառայությունների մատուցում:

19. Հիմնադրամն ունի սեփականության իրավունքով առանձնացված գույք, իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, հրատարակել նյութեր և ունենալ դրանց նկատմամբ հեղինակային իրավունք, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, մարզական, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

21. Հիմնադիրը կարող է հիմնադրամին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել գույք:

22. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները՝ իր գործունեության նպատակներին համապատասխան:

23. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

24. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը (այսուհետ` տնօրեն):

26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը 9 անդամից կազմված հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը` սույն կանոնադրությանը համապատասխան:

(26-րդ կետը լրաց. 01.12.11 N 1715-Ն)

27. Խորհրդի առաջին անհատական կազմը սահմանվում, այդ թվում` խորհրդի առաջին նախագահ նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

28. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) որոշում և հաստատում է խորհրդի նիստերի օրակարգերը.

3) հրավիրում է խորհրդի նիստեր` սեփական նախաձեռնությամբ, խորհրդի ցանկացած անդամի կամ տնօրենի առաջարկությամբ.

4) նախագահում է խորհրդի նիստերը և ստորագրում նիստերի արձանագրությունները.

5) վերահսկում է խորհրդի նիստերում ընդունված որոշումների կատարումը:

29. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:

30. Խորհրդի բացառիկ իրավասություններն են`

1) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

2) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

3) հիմնադրամի տարեկան բյուջեի և ծրագրերի հաստատումը, հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

4) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտոր ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.

5) հիմնադրամի գույքի նպատակային օգտագործումը, ինչպես նաև հիմնադրամի տնօրենի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

6) խորհրդի նախագահի առաջարկությամբ հիմնադրամի տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.

7) խորհրդի կազմում նոր անդամների հաստատումը և նրանց լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների ընդունումը.

8) հիմնադրամը վերակազմակերպելը.

9) հիմնադրամի ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ ստեղծելը, վերակազմակերպելը, լուծարելը, կանոնադրությունները հաստատելը, ինչպես նաև դրանց գործադիր տնօրեններին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը:

31. Խորհուրդն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններ:

32. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն տարեկան երկու անգամ:

33. Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

(33-րդ կետը փոփ. 01.12.11 N 1715-Ն)

34. Խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

35. Խորհրդի սահմանած դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով:

36. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամի համար կարող է սահմանվել դրամական փոխհատուցում այն ծախսերի համար, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է խորհուրդը:

37. Խորհրդի անդամների լիազորությունների դադարման և նոր անդամի ընտրության կարգը սահմանվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

38. Հիմնադրամի գործադիր մարմինը տնօրենն է: Տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից` խորհրդի նախագահի առաջարկությամբ:

39. Տնօրենը`

1) կազմակերպում և ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և լուծում դրա հետ կապված բոլոր հարցերը` բացի խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերից.

2) իր գործունեության համար հաշվետու է խորհրդին.

3) իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից, ներկայացնում նրա շահերը, հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, հաստատում հաստիքները, արձակում հրամաններ, հիմնադրամի աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և խորհրդի կողմից տնօրենին վերապահված այլ լիազորություններ:

40. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և տնօրենի հետ կնքված պայմանագրով: Նշված պայմանագիրը հիմնադրամի անունից կնքում է խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված այլ անձ:

 

V. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

41. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում ու ներկայացնում ֆինանսական և այլ հաշվետվություններ:

42. Հիմնադրամի տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի և դրա հավաստիության, տարեկան հաշվետվությունը, ֆինանսական և այլ հաշվետվություններ համապատասխան պետական մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին հիմնադրամի մասին տրամադրվող տեղեկատվության համար:

43. Հիմնադրամի ֆինանսական գործունեությունը կարող է ենթարկվել վերստուգման` աուդիտ իրականացնող անձի կողմից:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

44. Հիմնադրամը վերակազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում, հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումը կարող է ընդունել խորհուրդը:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

45. Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

46. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման հաշվեկշռի հաստատման պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 01.12.11 N 1715-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան