Գլխավոր տեղեկություն
Համար
N 1816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.1739.17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1816-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման բերումով այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 23
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1816-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման բերումով այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին (այսուհետ՝ իրավախախտում) համապատասխան պաշտոնատար անձանց, իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը:

2. Հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման բերումով այլ ծառայողների կողմից կատարված և իրեն հայտնի դարձած իրավախախտումների դեպքերը ենթակա են տեղեկացման:

3. Այլ ծառայողների կողմից կատարված իրավախախտման դեպքերն են՝

1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև հատուկ ծառայությունները կարգավորող օրենքներով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ պահանջների խախտումը.

2) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված էթիկայի կանոնների խախտումը.

3) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարքների կատարումը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերում հանրային ծառայողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իրավախախտում կատարած ծառայողի վերադաս պաշտոնատար անձին կամ նրան փոխարինող անձին (այսուհետ՝ վերադաս պաշտոնատար անձ): Ընդ որում, եթե իրավախախտման մասին հայտնի է դառնում մի քանի հանրային ծառայողների և այդ հանրային ծառայողների միջև ձեռք է բերվում փոխադարձ համաձայնություն, ապա իրավախախտման մասին կարող է հայտնել նրանցից մեկը:

5. Վերադաս պաշտոնատար անձն իրավախախտման մասին տեղեկանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրավախախտման մասին տեղեկացնում է իրավախախտում կատարած ծառայողին պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձին և, եթե վերջինս պետական մարմնի ղեկավարը չէ, ապա նաև՝ պետական մարմնի ղեկավարին:

6. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում համապատասխան պետական մարմնի ղեկավարն իրավախախտման յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններին, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:

7. Վերադաս պաշտոնատար անձը ոչ ուշ, քան իրավախախտման մասին տեղեկանալուց հետո 5 օրվա ընթացքում իրավախախտման դեպքի մասին հայտնած հանրային ծառայողին տեղեկացնում է իր կողմից ձեռնարկված միջոցների մասին:

8. Վերադաս պաշտոնատար անձը կամ համապատասխան մարմնի ղեկավարը, կամ իրավախախտում կատարած ծառայողին պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձն իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի անվտանգությունը երաշխավորելու նպատակով ապահովում է`

1) տեղեկությունների գաղտնիությունը.

2) այլ ծառայողների կողմից կատարված իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների, հնարավոր հետապնդումների կամ հաշվեհարդարների անթույլատրելիությունը.

3) անհրաժեշտության դեպքում՝ խախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողին հնարավորության դեպքում այլ աշխատասենյակ տեղափոխելը.

4) իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմանների ստեղծումը.

5) իրավախախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի` արհեստականորեն չծանրաբեռնվելը հանձնարարականներով.

6) այլ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

9. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ խախտման մասին տեղեկացրած հանրային ծառայողի անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան