ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1790-Ն
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1790-Ն որոշման |
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ:
ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:
ՓՄՁ-ին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հետևողական տնտեսական քաղաքականությունն ապահովել է ՓՄՁ-ն բնութագրող հիմնական ցուցանիշների հետևյալ պատկերը.
ՓՄՁ-ն նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում: Ըստ նախնական գնահատականների 2010 թվականին ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 43.0 տոկոս: Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 42.5 տոկոս:
ՓՄՁ-ի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել և, ըստ նախնական գնահատականների, 2010 թվականին կազմել է 17.9 տոկոս, իսկ ներմուծման ծավալում` 26.4 տոկոս:
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը, որպես ընդհանրական (ագրեգացված) տնտեսական ցուցանիշ, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով, 2010 թվականին կազմել է 441.8, ինչը 2002 թվականի համեմատությամբ ավելացել է շուրջ 7.6 անգամ:
Իրականացման փուլում է ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը (շուրջ 90 տոկոսը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:
Ըստ նախնական գնահատականների` 2011 թվականի ընթացքում ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման, ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում` 3500-4500 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Մասնավորապես ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`
1) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կարողությունների զարգացում, այդ թվում` սեփական ռեսուրսների ներգրավմամբ.
2) աջակցության ցուցաբերում շուրջ 150 սկսնակ գործարարի.
3) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ցուցաբերում 100-150 ՓՄՁ-ի սուբյեկտի.
4) ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ցուցաբերում 40-50 ՓՄՁ-ի սուբյեկտի.
5) տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում 3000-4000 ՓՄՁ-ի սուբյեկտի.
6) ուսուցողական աջակցություն ցուցաբերում 150-200 ՓՄՁ-ի սուբյեկտի.
7) Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում նորարարական և միջազգայնացման աջակցության ցուցաբերում շուրջ 70 ՓՄՁ-ի սուբյեկտի.
8) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում: Այս համատեքստում ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական (ներդրումային) աջակցության տրամադրման մեխանիզմների կատարելագործման նպատակով 2009 թվականին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշմամբ սահմանված տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում հիմնադրվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն: Վերջինիս կանոնադրական կապիտալը կազմում է 1,150,500.0 հազ. դրամ, իսկ 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վարկային պորտֆելի մեծությունը կազմում է շուրջ 2,653,000.0 հազ. դրամ:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնում է ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրեր: ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում իրականացնելու նպատակով «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին հատկացվել է 6,400,000.0 հազ. դրամի վարկային միջոցներ:
Միաժամանակ, հաշվի առնելով ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության առանձնահատկությունները և արձագանքելով վերջիններիս գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից պարբերաբար մշակվում և գործնականում կիրառվում են վարկավորման ճկուն մեխանիզմներ, մասնավորապես ջերմոցային տնտեսությունների և գյուղմթերքի վերամշակման ոլորտի զարգացման ուղղությամբ:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 2011 թվականի հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ դիտարկվել է շուրջ 75 գործարար ծրագրեր: Վերլուծության արդյունքում ֆինանսավորվել են 31 ծրագրեր (որից 72 տոկոսը Հայաստանի Հանրապետության մարզերում)` ընդհանուր առմամբ 1,981,500.0 հազ. դրամի սահմաններում: Սույն ծրագրերի ֆինանսավորումը հիմնականում նպաստել է արտադրության կազմակերպմանը և զարգացմանը, արտահանման խթանմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը (հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորված ծրագրերի արդյունքում ՓՄՁ-ի սուբյեկտների մոտ աշխատատեղերի թիվն ավելացել է 120-ով):
ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում 2004-2010 թվականների ընթացքում 370 ՓՄՁ-ի սուբյեկտի տրամադրվել է ավելի քան 1,500,000.0 հազ. դրամի վարկային երաշխավորություն` ապահովելով շուրջ 2,800,000.0 հազ. դրամի վարկային փաթեթ: Աջակցություն ստացած 370 ՓՄՁ-ի սուբյեկտների վարկային պարտավորության ընդհանուր չափը կազմել է շուրջ 3,500,000.0 հազ. դրամ.
9) ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատակիցների հաշվապահական և հարկային ունակությունների զարգացում: Այս համատեքստում ՓՄՁ-ի սուբյեկտների մոտ հաշվապահական հաշվառման, հարկային հաշվետվությունների կազմման, ինչպես նաև հարկային համակարգին առնչվող այլ հարցերի ուղղությամբ առաջացող խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ 2009 թվականին հիմնադրվեց ՓՄՁ-ի սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոն (հետագայում` Հաշվապահական կենտրոն), որի կառավարումն իրականացնում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 49-Ն որոշման համաձայն Երևանի Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում տեղակայված շենքի 6-րդ և 7-րդ հարկերի 925 քառ. մետր մակերեսով տարածքը 3 տարի ժամկետով հանձնվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին, որն իր հերթին այդ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել է Հաշվապահական կենտրոնին` վերջինիս ձևավորման և մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով:
Հաշվապահական կենտրոնում մրցութային կարգով ընդգրկված հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄԿ-ներ) միջոցով մատուցվում են հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների կազմման ուղղությամբ ծառայություններ` ըստ հաստատված միասնական գնացուցակի:
Ընդհանուր առմամբ, 2009-2011 թվականների ընթացքում Հաշվապահական կենտրոնում հարկային հաշվետվությունների կազմման, հաշվապահական հաշվառման վարման, ինչպես նաև հարկային խորհրդատվության ուղղություններով ծառայություններ են մատուցվել 634 ՓՄՁ-ի սուբյեկտի, այդ թվում` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար խորհրդատվական աջակցություն» միջոցառման շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության հարկային, աշխատանքային օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների առնչությամբ և անհրաժեշտ այլ ուղղություններով Հաշվապահական կենտրոնում 2009-2011 թվականներին կազմակերպված անվճար ուսուցողական դասընթացներին մասնակցել են 1510 ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացուցիչներ, այդ թվում` 1415-ը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի զարգացում» միջոցառման շրջանակներում:
2010 թվականին Հաշվապահական կենտրոնում գործող բոլոր ԳԾՄԿ-ներին անվճար տրամադրվել են էլեկտրոնային թվային ստորագրություններ:
Հաշվապահական կենտրոնի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ պատրաստվել է տեղեկատվական գրքույկ Հաշվապահական կենտրոնի մասին: ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեությունը լուսաբանող «ՓՄՁ լրատու» հաղորդաշարում պարբերաբար ներկայացվել է տեղեկատվություն Հաշվապահական կենտրոնի գործունեության վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 1
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշումը.
3) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ).
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 80-Ն որոշմամբ հաստատված` Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրի ռազմավարական նպատակներն են`
1) ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովումը.
2) ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների «ագրեսիվ» նորարարական նախաձեռնությունների խթանումը.
3) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, մասնավորապես, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև ՓՄՁ-ի աջակցության գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրումը.
4) Գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես, կանանց, երիտասարդների, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով և ազատամարտերին մասնակցած գործարար անձանց համար` նախապատվություն տալով Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին.
5) Աջակցության նոր մեխանիզմների (նոր մոտեցումների) ներդրումը.
6) ՓՄՁ-ի աջակցության բնագավառում միջազգային համագործակցության ապահովումը:
Ռազմավարական նպատակներով պայմանավորված ծրագրի գերակայությունն է նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնող ու կիրառող («ագրեսիվ» նորարարական նախաձեռնություններ ունեցող), ինչպես նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերումը` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով երկրում գործազրկության մակարդակի կրճատմանը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի (համաձայնությամբ) և ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող այլ կառույցների միջոցով.
2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացմանը.
3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.
4) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների
շրջանակներում 2012 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2012 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`
1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագրի իրականացման կարևորությունը, ինչպես նաև մարզերում (տարածաշրջաններում) դրա մատչելիության ապահովման անհրաժեշտությունը` 2002 թվականին Երևանում հիմնադրվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակը, իսկ 2003-2005 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր (առանձին մարզերում` նաև ներկայացուցչություններ)` ձևավորելով վերջինիս մարզային մասնաճյուղերի ցանց:
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի պահպանմանը, ամրապնդմանն ու դրանց գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև վերջինիս կարողությունների հզորացմանը:
2012 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կապահովվի պետական աջակցության տարեկան ծրագրի իրականացումը:
2012 թվականին կշարունակի գործել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «թեժ գիծը», որի միջոցով գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց դիմում-բողոքները, հարցադրումները և առաջարկությունները, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրությանն ու վարչարարությանը:
«ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 50,000.0 հազ. դրամ, իսկ ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների) վարձատրության համար` 101,176.0 հազ. դրամ:
2012 թվականին միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ պարբերաբար միջոցառումներ կիրականացվեն ՓՄՁ ԶԱԿ-ի կադրերի վերապատրաստման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ապահովելու պետական աջակցության ծրագրերով նախատեսված մի շարք միջոցառումների իրականացումը` սեփական կադրային ռեսուրսներով:
2. Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության միջոցառման նպատակն է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը նպաստելը` նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում: Սույն միջոցառումը կունենա հիմնականում մարզային ուղղվածություն:
Սույն միջոցառման շրջանակներում նախատեսվում է սկսնակ գործարարներին տրամադրել հետևյալ աջակցությունը`
- ուսուցում, վերապատրաստում,
- մանրակրկիտ ընտրության փուլ անցած գաղափարների կյանքի կոչման նպատակով գործարար ծրագրերի մշակում,
- լավագույն գործարար ծրագրերի վարկավորման ապահովում:
Վարկավորումն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր առևտրային բանկերի միջոցով, ընդ որում, վարկային պարտավորությունը 100 տոկոսով կերաշխավորվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:
2012 թվականի ընթացքում սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 3,000.0 հազ. դրամ, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով: Կախված իրականացվող ծրագրերի բնույթից ֆինանսավորումը կիրականացվի փուլային սկզբունքով` ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունը և վերահսկելիության արդյունավետության բարձրացումը:
Միջոցառման իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը առանձնակի կարևորում է սկսնակ գործարարներին աջակցության (հատկապես ֆինանսական աջակցության) ցուցաբերման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում ձևավորված դրամագլխի գումարների հաշվին նշանակալի հատկացումներ է նախատեսվում կատարել սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության ցուցաբերման նպատակով:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցության ցուցաբերում առնվազն 150 սկսնակ գործարարի` ապահովելով շուրջ 25 նոր գրանցված կազմակերպություններ, շուրջ 50 նոր ստեղծված աշխատատեղեր Հայաստանի Հանրապետության մարզերում:
3. ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցություն
Շուկայական տնտեսավարման պայմաններում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հիմնական գրավականն է թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) պատշաճ մակարդակով շուկայում ներկայացնելը, սպառման ծավալներն ավելացնելը և, ընդհանուր առմամբ, թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկաներ առաջ մղելը:
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման ներկա փուլում առանձնակի կարևորվում է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների արտահանման ներուժի զարգացումը և արտաքին շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը, ինչը կստեղծի լրացուցիչ հնարավորություններ վերջիններիս համար` ապահովելով նշանակալի տնտեսական արդյունք:
Միաժամանակ շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:
ՓՄՁ-ի սուբյեկտների տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնման նպատակով կիրականացվի ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագիրը, որի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տեղեկատվություն կտրամադրվի ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ և աջակցություն կցուցաբերվի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունների ընդլայնման նպատակով 2012 թվականին ֆինանսական աջակցության գործող ծրագրերից (վարկային երաշխավորությունների տրամադրում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից, կապիտալի ֆինանսավորում և ուղղակի վարկավորում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից և այլն) բացի՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աշխատանքներ կիրականացվեն ֆինանսական աջակցության նոր նպատակային գործիքների մշակման և ներդրման ուղղությամբ:
1) Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագիր
Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, տեղական ապրանքանիշերի ձևավորումը և հետագա առաջմղումը` նորարարական մոտեցումների կիրառմամբ:
Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագրի էությունը կայանում է նրանում, որ առանձին համայնքները (տարածաշրջանները) իրենց ջանքերը պետք է միավորեն և ուղղեն այն ապրանքների արտադրությանը, որտեղ նրանք ունեն մրցակցային առավելություն` պայմանավորված տվյալ տարածաշրջանում ձևավորված ավանդույթներով, ինչպես նաև նոր տեսակի արտադրության համար անհրաժեշտ տեղական ռեսուրսների առկայությամբ:
2012 թվականին սույն միջոցառման շրջանակներում կշարունակվի «Մեկ գյուղ, մեկ արտադրատեսակ» խորագրով ծրագրի իրագործումը, ինչը նախատեսում է Հայաստանի Հանրապետության մարզերի ուսումնասիրություն ըստ առանձին տարածաշրջանների` ուղղված զարգացման համար առավել հեռանկարային տեղական ավանդական կամ նոր տեսակի ապրանքատեսակների բացահայտմանը, որոնց արտադրության համար տվյալ տարածաշրջանում առկա են համապատասխան ավանդույթներ, հումք, բնակլիմայական պայմաններ, գիտելիք և տվյալ տեսակի արտադրանքի մրցունակության համար անհրաժեշտ այլ գործոններ:
2) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանմանն աջակցության ծրագիր
2012 թվականին միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործընկեր ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի արտահանում սկսելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման, վերջիններիս կողմից իրականացվող արտահանման գործունեության զարգացման և ընդլայնման ուղղությամբ:
Այդ նպատակով արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին կտրամադրվի տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն արտաքին շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ փորձարկումների անցկացման, թույլտվությունների, սերտիֆիկատների ձեռքբերման և համապատասխան փաստաթղթերի պատրաստման հարցերում, Եվրամիության երկրներ ապրանք արտահանողներին Արտոնությունների ընդհանրացված համակարգի և նրա ընձեռած հնարավորությունների, միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների վերաբերյալ:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանմանն աջակցության միջոցառման շրջանակներում համալիր աջակցություն կցուցաբերվի առանձին ոլորտներում գործող արտահանման մեծ ներուժ ունեցող առաջատար ընկերություններին` նրանց արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացնելու և արտահանման ծավալներն ընդլայնելու ուղղությամբ:
2012 թվականին հիշյալ միջոցառման շրջանակներում կշարունակվի և կընդլայնվի համագործակցությունն արտահանումը խթանող տարբեր միջազգային կառույցների (ծրագրերի)` Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի հետ և այլն` դրանցում Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտներին ներգրավելու նպատակով:
Արտահանող ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կօգտագործվեն նաև ՁԵՑ-ի ընձեռած լայն հնարավորությունները, մասնավորապես, պոտենցիալ գործընկերների որոնման և համագործակցության հաստատման հարցերում:
2012 թվականին սույն միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի (ԻՍՕ 9000 շարքի) և անվտանգության (ԻՍՕ 22000) կառավարման համակարգերի, սննդամթերքի արտադրության ոլորտում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի և այլ միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի (ԻՍՕ 9001-2000) և անվտանգության կառավարման համակարգերի ներդրման (խորհրդատվություն կամ հավաստագրում) և գործողության (հիգիենիկ պայմանների բարելավում, տեխնոլոգիական վերազինում), ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների կառավարման համակարգերի բարելավման ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի: Աջակցությունն առավելապես կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Հիշյալ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին` Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) շուկայում ներկայացնելուն ուղղված աջակցությունը կիրականացվի նաև զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման, գովազդային վահանակների պատրաստման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ուղղություններով աջակցություն կցուցաբերվի 30-40 ՓՄՁ-ի սուբյեկտի:
3) Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովում
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման կարևոր խնդիրներից է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների համար արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացում: Այս համատեքստում կարևորվում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեությունը Հայաստանում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2008 թվականից ի վեր, հանդիսանալով որպես ՁԵՑ-ի հյուրընկալող կառույց, ներկայումս գործում է որպես ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոն Հայաստանում:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեությունն ուղղված է հայ գործարարների գործունեության միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի կողմից 2012 թվականի ընթացքում նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք կուղղվեն ՁԵՑ-ի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը, եվրոպական շուկաներ մուտք գործելու օրենսդրական ընթացակարգերի պարզաբանմանը, Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների համար ՁԵՑ-ի անդամ երկրների շրջանում գործընկերների որոնմանը և գործարար կապերի հաստատմանը, գործարար տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարությունների խթանմանը և այլն:
Բացի դրանից՝ ՓՄՁ-ի սուբյեկտների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում ամսական կտրվածքով կտարածվի Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի էլեկտրոնային տեղեկաթերթը, որտեղ գործարարները կարող են գտնել Հայաստանում գործընկերների որոնման առաջարկներ, ինչպես նաև տեղեկատվություն ՁԵՑ-ի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և միջոցառումների մասին և այլ գործարար տեղեկատվություն: Հիշյալ գործարար տեղեկատվությունը հասանելի կլինի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջից:
2012 թվականի ընթացքում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների գործարար համագործակցության առաջարկներով:
Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքներ կիրականացվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ՝ համագործակցության հաստատման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ 2012 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում նախատեսվում է՝
1) ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարի համալրում հայ գործարարների կողմից ներկայացվող շուրջ 200 գործարար համագործակցության առաջարկներով.
2) նորարարական և միջազգայնացման աջակցության ցուցաբերում շուրջ 50 ՓՄՁ-ի սուբյեկտի, որոնք հիմնականում ներգրավված կլինեն աջակցության համալիր ծրագրերում:
4. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական աջակցություն և Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում
1) Գործարար ուսուցում, խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում
Ծրագրի շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն` տնտեսավարող սուբյեկտների (ՓՄՁ-ի սուբյեկտների) պետական գրանցման, ձեռնարկության տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, գործընկերների որոնման ու նրանց հետ գործարար կապերի հաստատման, սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, ֆինանսական միջոցների ներգրավման և կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության, լիցենզավորման, ստանդարտացման, համապատասխանության հավաստման, գործարար և ներդրումային ծրագրերի մշակման, հաշվապահական հաշվառման, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու, հարկային ու մաքսային ձևակերպումների, իրավաբանական և այլ կարևոր ուղղություններով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Դրա հետ մեկտեղ միջոցառումներ կիրականացվեն գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար, հատկապես, Հայաստանի Հանրապետության մարզերում: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից, հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, խմբային հանդիպումներ կկազմակերպվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեությունը, աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու ընթացակարգերը, կքննարկվեն գործարարներին հետաքրքրող հարցերը և դրանց վերաբերյալ մասնակիցներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն և տեղեկատվական նյութեր:
Միաժամանակ, գործընկեր միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), ինչպես նաև տեղական գործընկեր մասնագիտացված ընկերությունների հետ համագործակցությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության մարզերում կկազմակերպվեն հանդիպումներ այնտեղ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների հետ` գիտելիքների և փորձի փոխանցման, տեղերում մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով:
2012 թվականի ընթացքում կշարունակվեն աշխատանքները նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Աջակցության հիմնական մասը կուղղվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող համալիր աջակցության ծրագրերում ընդգրկված և տարածաշրջաններում հեռանկարային զարգացման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Նախատեսվում է նաև տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և գործարարությանն աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև դրանք կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:
Դրա հետ մեկտեղ ԶԼՄ-ների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ների), մասնավորապես, «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարի միջոցով գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կներկայացվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Բացի դրանից՝ հաղորդման շրջանակներում կստեղծվի թեմատիկ բաժին, որի միջոցով գործարարներին պարբերաբար տեղեկատվություն և պարզաբանումներ կտրամադրվեն ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող իրավաօրենսդրական դաշտի և դրանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:
2012 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար այլ տեղեկատվությամբ:
Գործարար ուսուցողական աջակցության ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է կիրառել նոր մոտեցումներ ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող ուսուցողական աջակցության արդյունավետության բարձրացման և այն առավել նպատակային ու շարունակական դարձնելու ուղղությամբ:
Համագործակցելով տեղական և միջազգային համապատասխան կազմակերպությունների (ծրագրերի) հետ կիրականացվի առցանց (օn-line) կրթության ծրագիր, որը հնարավորություն կընձեռի գործարարներին ինտերնետային ցանցում տեղադրված կրթական ծրագրերի միջոցով իրենց գործունեության համար անհրաժեշտ ուղղություններին համապատասխան ստանալ լրացուցիչ գիտելիքներ և բարձրացնել իրենց որակավորումը: Կրթական համակարգի նման կազմակերպումը հնարավորություն կտա գործարարներին ինքնուրույն ընտրել իրենց համար անհրաժեշտ թեման ու կրթական մոդուլները:
Կարևորելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող տնտեսական դաշտին առնչվող փոփոխությունների վերաբերյալ ՓՄՁ-ի սուբյեկտների հրատապ տեղեկացվածության, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին այդ փոփոխությունների ներկայացման և պարզաբանման անհրաժեշտությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով «բաց դռների» սկզբունքով կկազմակերպվեն ուսուցողական (տեղեկատվական) բնույթի միջոցառումներ:
ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության արդյունավետության բարձրացման և ժամանակակից մրցակցային պայմաններում նրանց նեղ մասնագիտական ուղղություններով (կահույքագործ, պանրագործ, մեղվաբույծ, հացթուխ, հրուշակագործ և այլն) արհեստավարժ կադրերով ապահովելու նպատակով կկազմակերպվեն նեղ մասնագիտական ունակությունների և աշխատանքային հմտությունների ձեռքբերմանն ու կատարելագործմանն ուղղված դասընթացներ` համագործակցելով Հայաստանում այդ ուղղությամբ գործող կազմակերպությունների և հաստատությունների հետ, ինչպես նաև ներգրավելով միջազգային մասնագետներին ու փորձագետներին:
Ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների և ունակությունների մակարդակի բարձրացման նպատակով 2012 թվականի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աշխատանքներ կիրականացվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ` վերջիններիս համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության ծրագրերի շրջանակներում նախատեսվում է՝
1) գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում 3000-3500 ՓՄՁ-ի սուբյեկտի.
2) նեղ մասնագիտական հմտություններ պահանջող խորհրդատվական աջակցության ցուցաբերում 80-100 ՓՄՁ-ի սուբյեկտի, որոնք հիմնականում ներգրավված կլինեն աջակցության համալիր ծրագրերում.
3) գործարար ուսուցողական (տեղեկատվական) աջակցության ցուցաբերում 100-150 ՓՄՁ-ի սուբյեկտի.
4) շուրջ 100 ՓՄՁ-ի սուբյեկտի մասնագիտական վերապատրաստում առցանց (օn-line) կրթության ծրագրի միջոցով:
2) Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում
Հաշվապահական կենտրոնի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով 2012 թվականին անհատույց կշարունակվի տրամադրվել պետական սեփականություն հանդիսացող տարածքը:
Անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնվեն ՓՄՁ-ի սուբյեկտների համար Հաշվապահական կենտրոնում հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների պատրաստման ուղղությամբ մատուցվող ծառայությունները, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրության ձեռքբերումն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ:
Այդ նպատակով պայմաններ կստեղծվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում, որոնք հնարավորություն կտան, որ Հաշվապահական կենտրոնի կողմից որակավորված համապատասխան կազմակերպությունները գործունեություն իրականացնեն Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչը կնպաստի այդ ծառայություններից օգտվողների թվաքանակի աճին:
Հաշվապահական կենտրոնի կողմից կկազմակերպվեն խորհրդատվական և ուսուցողական բնույթի սեմինարներ ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատակիցների մասնակցությամբ:
Հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործող ընթացակարգերի համաձայն, աջակցություն կտրամադրվի Հաշվապահական կենտրոն դիմող ՓՄՁ-ի սուբյեկտներին` համաֆինանսավորելով աջակցության փաթեթը, որը կներառի էլեկտրոնային թվային ստորագրության ձեռքբերումը և Հաշվապահական կենտրոնում մրցութային հիմունքներով ընդգրկված հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում մասնագիտացված ԳԾՄԿ-ների միջոցով հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների պատրաստման ուղղությամբ մատուցվող ծառայությունների արժեքի մինչև 50 տոկոսը:
5. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման շրջանակներում կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում կդիտարկվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը, ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերը, և կմշակվեն ու կքննարկվեն այլ ծրագրային նախագծեր, որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա իրականացման համար:
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը կիրականացվի ձևավորված դրամագլխի ամորտիզացումների հաշվին, իսկ ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրերը կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:
1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2012 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը: Հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամի ներկայիս ազդեցությունը` առանձին դեպքերում վարկային երաշխավորությունների տրամադրումը նպատակաուղղված կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խնդիրների լուծմանը: Միջոցառումը ունի մարզային ուղղվածություն, սակայն առանձին դեպքերում այն կարող է տրամադրվել Երևան քաղաքում գործող գործարարներին:
Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
2012 թվականին նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի համար ֆինանսական ռեսուրսների ծավալի ավելացում, մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դրամագլխից բացի Ասիական զարգացման բանկից ֆինանսական միջոցների ներգրավում:
Սույն ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկից ներգրավել շուրջ 2,000.0 հազ. ԱՄՆ դոլար, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրմանը:
Վարկային երաշխավորությունների տրամադրման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի: ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 15,000.0 հազ. դրամը: Սույն ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի (Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Արդշինինվեստբանկ, Անելիք բանկ, Ինեկոբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ և Արմսվիսբանկ) միջոցով:
Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կարող են տրամադրվել 15,000.0 հազ. դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` 5 տարուց ավելի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել վարկային երաշխավորությունների տրամադրման քանակական և որակական աճ:
2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրեր
2012 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրեր կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2012 թվականի ընթացքում ակտիվորեն շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման գործընթացը` տարեվերջին ֆինանսավորման ծավալը հասցնելով շուրջ 5,000,000.0 հազ. դրամի:
Միևնույն ժամանակ, բացի կապիտալի ֆինանսավորումից և ուղղակի վարկավորումից 2012 թվականից «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին կառաջարկվի ծառայության նոր տեսակ` «առևտրային երաշխիքների տրամադրում»: Մասնավորապես կտրամադրվեն մրցույթների մասնակցության, կանխավճարների ապահովման, պայմանագրերի կատարման, հետավարտման (որակի) և արտահանման երաշխիքներ, որոնք կնպաստեն ինչպես տեղական շուկայում գործունեություն իրականացնող, այնպես էլ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների գործունեության զարգացմանը:
3) ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիր
2012 թվականի ընթացքում կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի իրականացումը, որի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանելու մասին» N 1017-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների վարկային ներդրումների ծավալը` վարկառուների համար վարկավորման գնի նվազման միջոցների նկատմամբ պահանջարկի բարձրացման միջոցով:
ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքը բավական բարձր է, ինչը խոչընդոտ է նշված բնակավայրերի տնտեսական զարգացման համար: Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ի սուբյեկտներին առավել մատչելի պայմաններով օգտվելու վարկային ծառայություններից, ինչն իր հերթին կհանգեցնի այդ բնակավայրերում տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Սուբսիդավորման ենթակա վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի չափը սահմանվել է 10 տոկոսային կետ (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ), որը սակայն, չի կարող գերազանցել տարեկան 500.0 հազ. դրամը:
ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության արդյունքում ձևավորված եկամուտների հաշվին և կիրառվում է որպես ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման խթանման լրացուցիչ գործիք:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող 2-3 ՓՄՁ-ի սուբյեկտի մոտ:
6. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում
2012 թվականին աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի պետական աջակցության 2012 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ:
ՓՄՁ-ին պետական աջակցության 2012 թվականի ծրագրային միջոցառումների (ծրագրային ուղղությունների) ընդլայնման նպատակով ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ նոր ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ 2012 թվականին կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության, Միջազգային գործարարության և համագործակցության հոլանդական գործակալության և վերջինիս կողմից իրականացվող «Համագործակցության զարգացում» ծրագրի, Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի, Լեհաստանի ձեռնարկությունների զարգացման գործակալության, Բուլղարիայի ՓՄՁ-ի զարգացման գործակալության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:
Աշխատանքներ կիրականացվեն նաև եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում: Մասնավորապես Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը իր նոր ծրագրային առաջարկով կմասնակցի նշված ծրագրի 2-րդ փուլին, ինչպես նաև կշարունակվեն աշխատանքները 2011 թվականի հունիսի 1-ից մեկնարկած «Սևծովյան առևտրային ցանց» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Գ Լ ՈՒ Խ 5
ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով: Սակայն այն կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Ծրագրի` ըստ միջոցառումների ֆինանսական ապահովման ուղղություններն են`
- «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից նախատեսված միջոցների հաշվին` 151,176.0 հազ. դրամ, այդ թվում՝ ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների) վարձատրությունը (101,176.0 հազ. դրամ) և ենթակառուցվածքների պահպանում (50,000.0 հազ. դրամ), ինչպես նաև այլ միջոցների հաշվին.
- «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» միջոցառումը կիրականացվի Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում ձևավորված դրամագլխի (142,000.0 հազ. դրամ) միջոցների հաշվին.
- «ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման» ծրագիրը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դրամագլխի (628,800.0 հազ. դրամ) միջոցների հաշվին: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է Ասիական զարգացման բանկից ներգրավել շուրջ 2,000.0 հազ. ԱՄՆ դոլար, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրմանը.
- «ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման» ծրագրերը կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների (6,400,000.0 հազ. դրամ) հաշվին.
- «Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում» միջոցառման իրականացման համար, որպես աջակցություն Հաշվապահական կենտրոնին անհատույց կշարունակվի տրամադրվել պետական սեփականություն հանդիսացող Երևանի Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում տեղակայված 925 քառ. մետր մակերեսով տարածքը և այլ ֆինանսական միջոցներ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին.
- Ծրագրով նախատեսված մնացած միջոցառումները կիրականացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին, այդ թվում՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի հաշվին:
Ծրագրային միջոցառումների իրականացման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորման միջոցները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1790-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
1. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2012 թ. ընթացքում |
2. |
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2012 թ. ընթացքում |
3. |
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցություն 1) Տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման ծրագիր 2) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների արտահանմանն աջակցության ծրագիր 3) Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2012 թ. ընթացքում |
4. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական աջակցություն և Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում 1) Գործարար ուսուցում, խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում 2) Հաշվապահական կենտրոնի գործունեության ապահովում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2012 թ. ընթացքում |
5. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն 1) ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր 2) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և կապիտալի ֆինանսավորման ծրագրեր 3) ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիր |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ (համաձայնությամբ) |
2012 թ. ընթացքում |
6. |
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2012 թ. ընթացքում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2012, N 1488-Ն | 13.12.2012, N 1790-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|