Գլխավոր տեղեկություն
Համար
N 1367-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.12.2011-16.10.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.1360
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1367-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆՄՈՒՇԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 10.11.11 N 1578-Ն)

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և նմուշը` համաձայն N 1 հավելվածի.

1.1.) Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 1.1 հավելվածի:

2) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 10.11.11 N 1578-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1367-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆՄՈՒՇԻ

 

1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը (այսուհետ` ժամանակավոր ապաստանի վկայական) 88 x 125 մմ չափսի և 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:

2. Ժամանակավոր ապաստանի վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:

3. Ժամանակավոր ապաստանի վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, զինանշանի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում` «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ շապիկի ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:

4. Ժամանակավոր ապաստանի վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից մինչև լուսանկարի համար նախատեսված տեղը` «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

5. Ժամանակավոր ապաստանի վկայականի 1-ին էջի ձախ մասում «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար:

6. Ժամանակավոր ապաստանի վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ», 8, 9, 10, 11 և 12-րդ էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:

7. Ժամանակավոր ապաստանի վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:

8. Ժամանակավոր ապաստանի վկայականներն ունեն մեկ սերիա: Սերիան նշագրվում է հայերեն «ԺԱ» գլխատառերով: Վկայականների համարակալումն սկսվում է 000001 թվանշանով:

9. Ժամանակավոր ապաստանի վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 12 ԷՋԻՑ» բառերը:

10. Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կնիքով:

(10-րդ կետը փոփ. 10.11.11 N 1578-Ն)

11. Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

(հավելվածը փոփ. 10.11.11 N 1578-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ՎԿԱՅԱԿԱՆԸ

ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

 

 

Հավելված N 1.1
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 26-ի N 1367-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ տալու կարգը:

2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը (այսուհետ` ժամանակավոր ապաստանի վկայական) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է:

3. Ժամանակավոր ապաստանի վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով:

4. Ժամանակավոր ապաստանի ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նոր վկայականով փոխանակման:

5. Ժամանակավոր ապաստանի վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերենով:

6. Ժամանակավոր ապաստանի վկայականում նշվում են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի մասին հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) ազգությունը.

5) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը).

6) բնակության վայրը.

7) հաշվառման վայրը:

7. Ժամանակավոր ապաստանի վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի, կորած կամ գողացված վկայականի փոխարեն նոր վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից:

8. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած փախստականը վկայական ստանալու համար ոստիկանություն է ներկայացնում`

1) դիմում` ժամանակավոր ապաստանի վկայական ստանալու մասին.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից տրված տեղեկանք անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու մասին.

3) անձնագիր, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի հայտարարությունը.

4) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

9. Ժամանակավոր ապաստանի վկայականը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Ժամանակավոր ապաստանի վկայականը, ոստիկանության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ, կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, մաշվածության կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն ոչ պիտանի է դարձել:

11. Ժամանակավոր ապաստանի վկայականի փոխանակման համար ոստիկանություն է ներկայացվում դիմում, փոխանակման ենթակա վկայականը և 35 x 45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար: Եթե ժամանակավոր ապաստանի վկայականի փոխանակման համար հիմք է հանդիսացել ժամանակավոր ապաստանի վկայականում որևէ տեղեկության փոփոխվելը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերվելը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

12. Ժամանակավոր ապաստանի վկայականի կորստի կամ գողանալու դեպքերում նոր վկայական ստանալու համար ոստիկանություն է ներկայացվում նոր վկայական ստանալու մասին դիմում, անձնագիր, իսկ դրա բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ անձը հաստատող այլ փաստաթղթի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի հայտարարությունը և 35 x 45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար: Ժամանակավոր ապաստանի վկայականի կորստի, գողանալու կամ փոխանակման դեպքերում նոր վկայականը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Կորած, գողացված կամ փոխանակման արդյունքում տրված ժամանակավոր ապաստանի նոր վկայականի վավերականության ժամկետը պետք է համապատասխանի կորած, գողացված կամ փոխարինված վկայականի վավերականության ժամկետին: Կորած կամ գողացված վկայականի փոխարեն նոր վկայական տալու դեպքում կորած կամ գողացված վկայականն անվավեր է ճանաչվում:

14. Ժամանակավոր ապաստանի վկայականը ենթակա է ոստիկանությանը հանձնման, եթե`

1) անձին տրամադրված ժամանակավոր պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է.

2) ժամանակավոր ապաստանի վկայականի գործողության ժամկետը լրացել է.

3) ժամանակավոր ապաստանի վկայական ունեցող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

15. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ժամանակավոր ապաստանի վկայականի կորստի կամ գողանալու դեպքերում սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պարտավորություն չի առաջանում:

16. Ժամանակավոր ապաստանի վկայական ունեցող անձի մահվան դեպքում ժամանակավոր ապաստանի վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո՝ սահմանված ժամկետներում ժամանակավոր ապաստանի վկայականն ուղարկում է ոստիկանություն:

17. Ոստիկանությունն անձին ժամանակավոր ապաստանի վկայական տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ծառայությանը:

(հավելվածը լրաց. 10.11.11 N 1578-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1367-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից:

(2-րդ կետը փոփ. 10.11.11 N 1578-Ն)

3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականն իր անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու համար` ժամանակավոր պաշտպանություն ստանալու օրվանից մեկ տարի հետո ոստիկանություն է ներկայացնում`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա փաստաթուղթը.

3) 35 x 54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

(3-րդ կետը փոփ. 10.11.11 N 1578-Ն)

4. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը փոխանակվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով, եթե փախստականին տրամադրված ժամանակավոր պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի դադարեցվել:

5. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը փոխանակվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով` դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 10.11.11 N 1578-Ն)

(հավելվածը փոփ. 10.11.11 N 1578-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2023, N 1864-Ն 28.10.2023, N 1367-Ն
05.10.2023, N 1686-Ն 16.10.2023, N 1367-Ն
10.11.2011, N 1578-Ն 03.12.2011, N 1367-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան