Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1001
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.23/70(873).1 Հոդ.1645.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2011 թ.

1981 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2011 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 1981 թվականի հունվարի 28-ին` Ստրասբուրգում:

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 8-ին` Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կողմից:

Կոնվենցիայի վավերագրի հանձնման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության հաստատած հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առարկություն:

2. Կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր կողմի տարածքում յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես, նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը` իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- Կոնվենցիան կիրառել պետական և մասնավոր ոլորտներում ավտոմատացված անձնական տվյալների ֆայլերի և անձնական տվյալների ավտոմատացված մշակման նկատմամբ.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան երաշխիքներ ապահովելու անհնարինության դեպքում ավտոմատ կերպով չմշակել ռասայական ծագումը, քաղաքական կարծիքները կամ կրոնական, կամ այլ համոզմունքները բացահայտող, ինչպես նաև առողջությանը կամ սեռական կյանքին առնչվող անձնական տվյալները.

- ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցներ տվյալների ավտոմատացված ֆայլերում պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նաև չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար.

- նախատեսել համապատասխան պատժամիջոցներ և պաշտպանության միջոցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների խախտման համար` կիրառելով Կոնվենցիայում ամրագրված տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքները.

- Կոնվենցիայով նախատեսված դեպքերում և կարգով համաձայնել Կոնվենցիայի մյուս կողմերին տրամադրել փոխադարձ օգնություն և այդ նպատակով նշանակել մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ.

- Կոնվենցիայում նշված դեպքերում կրել փորձագետների և բանավոր թարգմանիչների հետ կապված ծախսերը:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

2 դեկտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-1001