Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.25/5(879) Հոդ.56.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0118/02/10

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0118/02/10

2011 թ.

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

Ա. Թումանյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լեոնիդ Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լեոնիդ Գևորգյանի ընդդեմ Գագիկ Թունյանի` անհիմն հարստացման գումարը վերադարձնելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լեոնիդ Գևորգյանը պահանջել է Գագիկ Թունյանից բռնագանձել 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 120.000 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացում, ինչպես նաև այդ գումարի վրա անհիմն հարստացման օրվանից` 21.06.2008 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ՝ Դատարան) 24.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2011 թվականի որոշմամբ Լեոնիդ Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.11.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լեոնիդ Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Լեոնիդ Գևորգյանն իմացել է պարտավորության բացակայության մասին, սակայն չի հիմնավորել, թե որ ապացույցն է հիմք հանդիսացել նման եզրահանգման գալու համար: Այդ իմաստով բացակայում է որոշման իրավական և փաստական հիմնավորումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը պատշաճ չի հետազոտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 26.06.2009 թվականի թիվ ՍԴ3/0004/01/09 օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված այն փաստը, որ գումարը վճարելուց հետո Գագիկ Թունյանի կողմից գումարի մի մասը վճարվել է բժշկական հաստատության դրամարկղ, իսկ հայցվորի կողմից դրամարկղ դրամական միջոցներ մուտք չի եղել, այսինքն` Լեոնիդ Գևորգյանը որպես մատուցվող ծառայությունների գումար դիտել է Գագիկ Թունյանին վճարված գումարները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.02.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 26.06.2009 թվականի թիվ ՍԴ3/0004/01/09 օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են հետևյալ հանգամանքները`

 Գագիկ Թունյանն աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես վիրաբուժական բաժանմունքի բժիշկ- վիրաբույժ:

 21.06.2008 թվականին Գագիկ Թունյանը վիրահատել է այդ նույն օրն ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով վիրաբուժական բաժանմունք ընդունված Արտյուշա Սահակյանին և իրականացրել հետվիրահատական բժշկական բնույթի միջոցառումներ: Իր լիազորությունների շրջանակում կատարած այդ գործողությունների համար Լեոնիդ Գևորգյանից պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար և 120.000 ՀՀ դրամ:

 Արտյուշա Սահակյանի վիրահատության և բուժման համար Գագիկ Թունյանի կողմից թիվ 349 անդորրագրով «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դրամարկղ է վճարվել 46.000 ՀՀ դրամ:

 Գագիկ Թունյանը նշված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով` իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին, այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելու համար, որի հետևանքով նրանց իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս (գ.թ. 6-9):

2. Լեոնիդ Գևորգյանն իր խախտված իրավունքները վերականգնելու համար 15.04.2010 թվականին Ա/Ձ Կարեն Քալանթարյանի հետ կնքել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որով պատվիրատուն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար պարտավորվել է կատարողին վճարել որպես ծառայության վճար 120.000 ՀՀ դրամ` ներառյալ հարկերը: Նույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն` վճարումները կատարվում են մինչև 20.07.2010 թվականը (գ.թ. 43-44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման առկայության համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ,

2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տես` Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0455/02/09 որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի համաձայն` որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման` ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

Սույն գործի փաստերի համաձայն` 21.06.2008 թվականին Գագիկ Թունյանը վիրահատել է նույն օրն ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վիրաբուժական բաժանմունք ընդունված Արտյուշա Սահակյանին և իրականացրել հետվիրահատական բժշկական բնույթի միջոցառումներ: Իր լիազորությունների շրջանակում կատարած այդ գործողությունների համար Լեոնիդ Գևորգյանից պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար և 120.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածը` պատճառաբանելով, որ Լեոնիդ Գևորգյանը գումարը Գագիկ Թունյանին տալիս գիտեր պարտավորության բացակայության մասին, քանի որ իր իսկ ցուցմունքներով ընդունել էր, որ գումարը չի վճարել պարտավորության կատարման համար, այլ բժշկին տվել է, որպեսզի Արտյուշա Սահակյանին լավ բուժի, գումարը հիվանդանոցին չի տվել, բժշկի պահանջով հենց նրան էլ տվել է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը մերժելով բողոքը և Դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ անտեսել է և գնահատման առարկա չի դարձրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի թիվ ՍԴ3/0004/01/09 օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով Գագիկ Թունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով` իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին, այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելու համար, այն է` իր լիազորությունների շրջանակներում Արտյուշա Սահակյանի օգտին գործողություն կատարելու` վիրահատելու և հետվիրահատական բժշկական միջոցառումներ իրականացնելու համար անձամբ խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու համար, որի հետևանքով նրանց իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Հետևաբար, ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկվի նոր քննության` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատելու նպատակով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

  Վ. ԱԲԵԼՅԱՆ
  Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
  Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
  Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
  Է. ՀԱՅՐԻՅԱՆ
  Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
  Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ