Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-998
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1587
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.11.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

22 նոյեմբերի 2011 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 82-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Թ» ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմող Հ. Պողոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Հենրիկ Պողոսյանի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Հ. Պողոսյանի` 02.09.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006թ. դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007թ. հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարի 10-ից: Օրենքն ուժի մեջ մտնելու պահից վերջինիս 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Չապահովված պահանջների բավարարման հերթականությունը» վերտառությամբ 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը սահմանում է. «Պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` ... թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 23.06.2011թ. ՀՕ-235-Ն ՀՀ օրենքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 82-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Պարտատերերի պահանջներ» բառակապակցությունը փոխարինվել է «Պարտատերերի չապահովված պահանջներ» բառակապակցությամբ:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ ՀՀ տնտեսական դատարանի 18.05.2007թ. վճռով «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Դիմողը, հանդիսանալով «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 92.3%-ի սեփականատերը, ելակետ ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 82-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, դիմել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և խնդրել գրանցել իր` «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ում ունեցած բաժնետոմսերի չափին համապատասխան պահանջ` 17.537.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր` 11.04.2011թ. որոշմամբ ներկայացված պահանջը մերժել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 17.06.2011թ. որոշմամբ դիմողի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2011թ. որոշումը թողել օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 10.08.2011թ. որոշմամբ, վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, դիմողի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

 

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը հակասում է`

- ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված իրավական պետության սկզբունքի կարևորագույն տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքին, ըստ որի` օրենքը պետք է լինի իրավական` բավականաչափ մատչելի, ձևակերպված լինի բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը: Սակայն օրենսդիրը, նախատեսելով «պահանջներ» եզրույթը, օրենսդրորեն որևէ կերպ չի հստակեցրել դրանց իրավական սահմանները և ամրագրել այն պահանջների շրջանակը, որոնք տվյալ հերթում կարող են ներկայացվել պարտապան իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) կողմից,

- ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին` այն հիմնավորմամբ, որ վիճարկվող իրավադրույթն իր իրավական անհստակությամբ խախտել է դիմողի իրավունքները` առկախելով դրանց իրացումը,

- ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասին` այն հիմնավորմամբ, որ իրավանորմն իր անորոշ իրավական բովանդակությամբ և իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելք է հանդիսանում անձի սեփականության իրավունքի անարգել իրացման համար, քանի որ օրենսդրորեն պարտապան իրավաբանական անձի բաժնետիրոջ պահանջի գրանցման իրավունքի իրականացումը պայմանավորվել է մի իրավաբանական փաստով, այն է` համապատասխան պարտավորության առկայությամբ, այն պարագայում, երբ դա խնդրո առարկա հերթի պայմաններում օբյեկտիվորեն անհնարին է, ինչը հանգեցրել է սեփականության իրավունքի խախտմանը,

- ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավահավասարության սկզբունքին` այն հիմնավորմամբ, որ վիճարկվող իրավանորմում առկա անորոշությունը և իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը հնարավորություն չեն տալիս հստակ և միանշանակ հետևություն անել այն մասին, թե խնդրո առարկա հերթում պարտապան իրավաբանական անձի բաժնետերերն ինչպես կարող են իրացնել օրենսդրորեն իրենց վերապահված իրավունքը, ինչը կարող է հիմք հանդիսանալ և հանդիսացել է սույն գործով իրավակիրառական պրակտիկայում այդ նորմի խիստ հակասական և կամայական մեկնաբանության, ինչը կհանգեցնի անձանց իրավահավասարության սահմանադրական սկզբունքի խախտմանը:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկները, գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Անդրադառնալով դիմողի` իրավական անորոշության վերաբերյալ փաստարկներին` պատասխանողը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ օրենքի իմաստով կարևոր է ոչ թե «պահանջներ» եզրույթի սահմանումը, այլ կարևոր են դրա այն տեսակների սահմանումները, որոնք օգտագործվում են կոնկրետ իմաստներով: Իր` վերը նշված հակափաստարկը հիմնավորելու համար պատասխանողը վկայակոչում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 44-րդ, 82-րդ և 83-րդ հոդվածները, որոնք վերաբերում են «ապահովված պահանջներ», «չապահովված պահանջներ», «ստորադաս չապահովված պահանջներ» բառակապակցությունների սահմանմանը և չապահովված պահանջների բավարարման հերթականությանը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իր կողմից վկայակոչված հոդվածների հիման վրա պատասխանողը գտնում է, որ օրենքում հստակ սահմանված են պարտատերերի պահանջների շրջանակը, պահանջների տեսակների սահմանումները, ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները, ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները, պահանջների բավարարման հերթականությունը, չապահովված պահանջների առաջնահերթությունը, իսկ «պահանջներ» եզրույթի բովանդակային կողմի սահմանված չլինելու հանգամանքը, ընդհակառակը, հնարավորություն է տալիս դիմողին ներկայացնել ցանկացած պահանջ: Այլ հարց է, որ օրենքը հստակ սահմանում է, թե որ պահանջները կարող են բավարարվել սնանկության վարույթի ընթացքում և ինչ հերթականությամբ:

Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված օրենքի վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 8-րդ հոդվածի 1-ին մասին և 14.1-րդ հոդվածի 1-ին մասին հակասության հետ, պատասխանողը գտնում է, որ դրանք ևս անհիմն են:

Արձանագրելով, որ ընկերության բաժնետերերի բաժնետոմսերը հանդիսանում են ընկերության գույքի մի մասը, ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, ընկերության մասնակիցն իր ներդրած ավանդի սահմաններում կրում է ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկերը, այդ թվում` ընկերության սնանկության հետ կապված ռիսկերը, պատասխանողը գտնում է, որ իրավաբանական անձի լուծարման գործընթացում բաժնետերերն իրենց պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը չեն կարող դիտարկել որպես իրավաբանական անձի նկատմամբ պահանջ, քանի որ դա կիմաստազրկի «իրավաբանական անձ» ինստիտուտի նշանակությունը:

Միաժամանակ, պատասխանողը, արձանագրելով հիմնադրի` բաժնետիրական ընկերության կապիտալում իր ռիսկով մասնակցության, ընկերության պարտավորությունների դիմաց իր մասնաբաժնի չափով գույքային պատասխանատվություն ստանձնելու և, հետևաբար, անուղղակիորեն պարտապան հանդիսանալու հանգամանքները, բնական է համարում այն հանգամանքը, որ ընկերության հիմնադրի պահանջները բավարարվում են ամենավերջին հերթում` բոլոր պարտատերերի պահանջները լրիվ բավարարելուց հետո մնացած գույքի արժեքի սահմաններում:

 

5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համադրված վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական ակտերը չեն բացառում բաժնետիրական ընկերության հիմնադիր (մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր) հանդիսացող անձանց` ընկերության հետ պարտավորական իրավահարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը և դրա վրա հիմնված` մինչև լուծարման գործընթացի ավարտը պահանջներ ներկայացնելու իրավունքը: Պարզապես տարբեր են պահանջների բնույթները. ի տարբերություն մյուս պարտատերերի, այս փուլում բաժնետիրական ընկերության հիմնադիր (մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր) հանդիսացող անձանց պահանջի իրավունքը սահմանափակված է, ի թիվս այլնի, շահութաբաժիններ ստանալուն, ընկերության կողմից վնաս պատճառելուց ծագող համապատասխան պահանջի բավարարմանը, պարտատոմսի անվանական արժեքից տոկոսադրույք կամ այլ գույքային իրավունք ստանալուն ուղղված, ինչպես նաև բաժնետիրական ընկերության հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի կամ գործընկերոջ) կողմից լուծարվող ընկերությանը վարկ կամ փոխառություն տրամադրելուց ծագող փոխադարձ իրավունքների և պարտականությունների շրջանակով:

Նման եզրահանգման համար հիմք են հանդիսանում հետևյալ հանգամանքները.

ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն. «Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից»,

բ) պարտավորությունների ծագման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված «այլ հիմքերից» մեկն էլ ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն. «Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները (մասնակիցները) ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները»,

գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի և 72-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով բաժնետիրական ընկերությունները հանդիսանում են տնտեսական ընկերություններ, այսինքն` բաժնետիրական ընկերության հիմնադիրը (մասնակիցը, բաժնետերը, անդամը կամ գործընկերը) ունի ընկերության նկատմամբ պարտավորական իրավունքներ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ պարբերության ուժով մինչև լուծարման գործընթացի ավարտը նրանք մյուս պարտատերերի հետ մեկտեղ կարող են պահանջ ներկայացնել բաժնետիրական ընկերությանը,

դ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով բաժնետոմսն առաջացնում է ընկերության նկատմամբ բաժնետիրոջ պարտավորական իրավունք, իսկ նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «ժ» ենթակետերի և 40-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությունից բխում է, որ այդ պարտավորական իրավունքը սահմանափակվում է, ի թիվս այլնի, շահութաբաժիններ ստանալուն, ընկերության կողմից վնաս պատճառելուց ծագող համապատասխան պահանջի բավարարմանը, պարտատոմսի անվանական արժեքից տոկոսադրույք կամ այլ գույքային իրավունք ստանալուն ուղղված, ինչպես նաև բաժնետիրական ընկերության հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի կամ գործընկերոջ) կողմից լուծարվող ընկերությանը վարկ կամ փոխառություն տրամադրելուց ծագող փոխադարձ իրավունքների և պարտականությունների շրջանակով:

Այլ խնդիր է պահանջների բավարարման հերթականությունը: Բոլոր դեպքերում պահանջների բավարարման հերթականություն սահմանելիս օրենսդիրը որպես ելակետ է ընդունել հետևյալ հանգամանքները.

ա) ընկերության կանոնադրական կապիտալն ուղղված է ընկերության պարտատերերի շահերի երաշխավորմանը («Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետ), այսինքն` նախ և առաջ, բաժնետիրական ընկերության հիմնադիր (մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր) չհանդիսացող անձանց շահերի երաշխավորմանը,

բ) ընկերության հիմնադիրը (մասնակիցը, բաժնետերը, անդամը կամ գործընկերը) իր ներդրած ավանդի սահմաններում կրում է ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկերը, այդ թվում` ընկերության սնանկության հետ կապված ռիսկերը,

գ) ընկերության մյուս պարտատերերը, ի տարբերություն ընկերության հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ, անդամի կամ գործընկերոջ), չեն հանդիսանում ընկերության կազմակերպակառուցվածքային տարր և պարտավորված չեն կրելու ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկերը, այդ թվում` ընկերության սնանկության հետ կապված ռիսկերը:

 

6. Անդրադառնալով դիմողի դիրքորոշումներին` կապված օրենքի վիճարկվող դրույթի իրավական անորոշության և դրա արդյունքում` սեփականության իրավունքի խախտման հետ, սահմանադրական դատարանը դրանք հիմնավոր չի համարում այն պատճառաբանությամբ, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 44-րդ և 83-րդ հոդվածներով «ապահովված պահանջներ», «չապահովված պահանջներ» և «ստորադաս չապահովված պահանջներ» բառակապակցությունների սահմանումները, պարտատիրոջ պահանջի, ինչպիսին էլ որ այն լինի, իրավունքը և այդ պահանջի իրացման կարգն ամրագրված լինելու պարագայում չի առաջանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում «պահանջներ» եզրույթի սահմանման անհրաժեշտություն, և դրա բացակայությունը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել:

Օրենքի վիճարկվող դրույթի հետևանքով սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի վերլուծության արդյունքները, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընկերության բաժնետերերի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի համար վճարված գումարները, ինչպես նաև ընկերության հիմնադրման գործում ներդրված ավանդները հանդիսանում են ընկերության գույքի մաս, և ընկերության հիմնադիրը (մասնակիցը, բաժնետերը, անդամը կամ գործընկերը) այլևս չի հանդիսանում բաժնետոմսերի համար իր վճարած գումարների կամ իր ներդրած ավանդի սեփականատեր: Դրանով, ինչպես նաև պարտատերերի շահերի երաշխավորման սկզբունքով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքը բաժնետոմսերի համար վճարված գումարները կամ ներդրված ավանդը վերադարձնելու պահանջի իրավունքի իրացումը պայմանավորել են լուծարման գործընթացի ավարտով և այն էլ` ընկերության մնացած գույքով: Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ տվյալ պարագայում առկա չէ պատճառահետևանքային կապ օրենքի վիճարկվող դրույթի և դիմողի սեփականության իրավունքի խախտման միջև, իսկ համապատասխան հիմքերի բացակայությունը դիմողին զրկում է սեփականության իրավունքի խախտումը հիմնավորելու հնարավորությունից:

 

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Դիմողը փորձել է դատական համապատասխան ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականության խնդրին, հետևաբար` նման դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով համարվում է սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարց չառաջադրող դիմում:

Վերահաստատելով իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները` կապված դիմումի հիմնավորված լինելու պահանջի հետ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Քաղաքացի Հենրիկ Պողոսյանի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


22 նոյեմբերի 2011 թ.
ՍԴՈ-998