Գլխավոր տեղեկություն
Համար
N 1481-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.02/59(862) Հոդ.1494
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1481-Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը՝ գնումների գործընթացին մասնակցող կազմակերպությունների` մրցակցային հիմունքներով կազմակերպվող գնումներին մասնակցությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գնումների հնարավոր մասնակիցների նախաորակավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

  

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1481-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված` գնումների գործընթացներում հնարավոր մասնակիցների նախաորակավորման հետ կապված հիմնական հարաբերությունները:

 

II. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Օրենքով սահմանված պատվիրատուի (այսուհետ` պատվիրատու) կողմից մրցակցային հիմունքներով կնքված գնման պայմանագրի կատարման արդյունքն ամբողջությամբ ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում պատվիրատուն գնման պայմանագրի կողմ հանդիսացող մասնակցի (այսուհետ` մասնակից) մասին տեղեկատվությունը տրամադրում է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կենտրոն), եթե պայմանագիրը, ներառյալ դրա առանձին մասերը, կատարվել են պատշաճ կարգով:

3. Գնման պայմանագիրը համարվում է մրցակցային հիմունքներով կնքված, եթե գնումը կատարվել է օրենքով նախատեսված գնման որևիցե ընթացակարգով՝ բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

4. Սույն կարգի իմաստով պայմանագրի կատարումը համարվում է պատշաճ, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին՝ առանց պայմանագրի կամ դրա առանձին մասերի՝ պայմանագրով սահմանված ժամկետների խախտման։

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ներառում է`

1) գնման առարկայի համառոտ նկարագրությունը.

2) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

3) պայմանագրի ծածկագիրը, կնքման ամսաթիվը և պայմանագրի գումարը.

4) մասնակցի անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվարկային հաշիվը (կիրառելիության դեպքում).

5) կիրառված գնման ընթացակարգը.

6) տնտեսական գործունեության խումբը (ոլորտը), եթե գործունեությունը լիցենզավորման ենթակա է, ապա նշվում է այն լիցենզիան, որի շրջանակներում կատարվել է պայմանագիրը:

6. Կենտրոնը, նախորդ երեք տարվա ընթացքում նույն մասնակցի վերաբերյալ առնվազն հինգ անգամ սույն կարգի 5-րդ կետով սահմանված համանման (նմանատիպ) գործունեության մասին տեղեկատվություն ստանալու դեպքում, տասն աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` տվյալ տնտեսական գործունեության խմբի` ոլորտի (լիցենզիայի) շրջանակներում կատարվելիք աշխատանքների, մատուցվելիք ծառայությունների, մատակարարվելիք ապրանքների համար նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակում ընդգրկվելու և մասնակցության իրավունք (այսուհետ` հավաստագիր) ստանալու հնարավորության մասին։

7. Գործունեությունը համարվում է համանման (նմանատիպ), եթե այն դասվում է համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբին: Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:

8. Օրենքի համաձայն գնման գործընթացին համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցող ընկերությունների մասին տեղեկատվությունը տրամադրվում է կենտրոնին՝ սույն կարգի 2-րդ կետում նշված պայմաններով, սակայն պայմանագրի կողմ հանդիսացող՝ կոնսորցիումով մասնակցող յուրաքանչյուր մասնակցի մասին կենտրոնին տրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված առանձին տեղեկատվություն:

9. Հավաստագիր ստանալու և նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակում (այսուհետ` ցուցակ) ընդգրկվելու համար մասնակիցը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ծանուցման հիման վրա կենտրոն է ներկայացնում ամբողջական փաթեթ, սակայն ոչ ուշ, քան ծանուցվելուց 180 օրվա ընթացքում: Եթե 180 օրվա ընթացքում մասնակցի կողմից փաթեթ չի ներկայացվում կենտրոն, ապա մասնակիցը կրկին հավաստագիր ստանալու և ցուցակում ընդգրկվելու ծանուցում ստանալու համար պետք է բավարարի սույն կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները՝ 181-րդ օրվանից սկսած:

10. Ամբողջական փաթեթը ներառում է`

1) հավաստագիր ստանալու և ցուցակում ընդգրկվելու մասին դիմում.

2) հայտարարություն այն մասին, որ`

ա. մասնակիցը` բացառությամբ ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների, կենտրոնին դիմելու տարվան նախորդող տարվա գործունեությունն ավարտել է շահույթով,

բ. մասնակիցը դատական կարգով սնանկ չի ճանաչվել,

գ. մասնակիցը չունի ժամկետանց պարտքեր՝ Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,

դ. մասնակցի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտարարությունը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված չի եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,

ե. մասնակիցը երբևէ ներառված չի եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

3) դիմումի և դրա անբաժանելի մասը կազմող հայտարարությունների օրինակելի ձևը հրապարակվում են էլեկտրոնային եղանակով` www.gnսmner.am համացանցային կայքում (այսուհետ` կայք).

4) հավաստագիր ստանալու համար տարեկան տասը հազար դրամը կենտրոնին վճարած լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը:

11. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնը մասնակցին տրամադրում է հավաստագիր, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, և մասնակցի մասին տվյալները, ինչպես նաև հավաստագրի համարը էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մասնակցի տվյալներն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս ներառում է ցուցակում, որը հրապարակվում է էլեկտրոնային եղանակով` կայքում:

12. Ցուցակում ընդգրկված մասնակիցները մինչև հավաստագրում նշված գումարով համանման (նմանատիպ) գնումների գործընթացների շրջանակներում ազատվում են իրենց մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու պահանջից, եթե նման պահանջի դեպքում ներկայացնեն համապատասխան հավաստագրի պատճենը` բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերի:

13. Գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում մասնակիցները մինչև հավաստագրում նշված գումարով համանման (նմանատիպ) գնումների գործընթացների շրջանակներում ազատվում են իրենց մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու պահանջից, եթե վերջիններս բավարարում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող անձանց ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

14. Հավաստագրում նշված գումարը սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ներկայացված մասնակցի պայմանագրերի գումարներից առավելագույնի կրկնապատիկն է:

15. Մրցակցային երկխոսության ընթացակարգի հայտերի գնահատման ժամանակ ցուցակում ընդգրկված մասնակիցների որակավորման հատկանիշների գնահատման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 112-րդ կետի 17-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված չափանիշների մասով որակավորումը գնահատվում է «Առկա է»: Նույն կետի 17-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված չափանիշի մասով ցուցակում ընդգրկված մասնակցի որակավորման գնահատման համար կարող են պահանջվել մասնակցի աշխատանքային ռեսուրսներին առնչվող լրացուցիչ տեղեկություններ:

16. Ցուցակը ներառում է մասնակցի անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, հավաստագրի համարը, հավաստագիրը տալու ամսաթիվը, տնտեսական գործունեության ոլորտը, հավաստագիրը կասեցված լինելու դեպքում՝ կասեցված լինելու կարգավիճակը և ամսաթիվը:

17. Տրամադրված հավաստագիրը դադարում է, և մասնակցի մասին տվյալները հանվում են ցուցակից, եթե`

1) մասնակիցը խախտել է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» - «ե» պարբերություններով սահմանված պահանջները.

2) մասնակիցը հավաստագիրը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել կենտրոն.

3) մասնակցին տրամադրված հավաստագիրը 2 տարի անընդմեջ կասեցված է եղել կամ 5 տարվա ընթացքում կասեցվել է երրորդ անգամ.

4) մասնակիցը վերջին մեկ տարվա ընթացքում կնքված պայմանագիրը պատշաճ կարգով չի կատարել՝ համաձայն կենտրոնին՝ պատվիրատուի կողմից ներկայացված համապատասխան գրության.

5) առկա է սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքը:

18. Տրամադրված հավաստագիրը կասեցվում է, և դրա մասին տեղեկատվություն է հրապարակվում ցուցակում, եթե՝

1) մասնակիցը, բացառությամբ ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների, տվյալ տարվան նախորդող տարվա գործունեությունը չի ավարտում շահույթով և (կամ)՝

2) մասնակիցը մինչև տվյալ տարվա ապրիլի 30-ը չի վճարում հավաստագրի համար սահմանված տարեկան վճարը:

19. Կասեցման հիմքը վերանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնը կայքում հրապարակում է մասնակցին ցուցակում վերականգնելու մասին տեղեկությունը:

20. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերում կենտրոնը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղարկում հավաստագրի դադարեցման կամ կասեցման մասին տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն այդ տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրն այդ տեղեկությունները հրապարակում է ցուցակում:

21. Հավաստագրի կասեցման դեպքում սույն կարգի 13-րդ և 15-րդ կետերով սահմանված դրույթները չեն գործում:

22. Հավաստագրի դադարումից հետո կրկին հավաստագիր ստանալու և ցուցակում ընդգրկվելու համար մասնակիցը պետք է հավաստագիրը դադարելուց հետո բավարարի սույն կարգի 6-րդ կետի պայմանները:

23. Ցուցակում ընդգրկված մասնակիցը, բացառությամբ ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների, պարտավոր է տվյալ տարվա գործունեությունը շահույթով չավարտելու դեպքում մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը կենտրոն ներկայացնել հավաստագիրը կասեցնելու մասին դիմում:

24. Կենտրոնը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը հավաստիանալու համար, որ մասնակիցը բավարարում է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջները, օգտագործում է պաշտոնական աղբյուրների տվյալները և (կամ) ուղարկելով համապատասխան հարցում` ստանում է իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Կենտրոնի կողմից պետական մարմիններ համապատասխան հարցում ուղարկվելու դեպքում պետական մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն:

25. Եթե կենտրոնը հավաստիանում է, որ մասնակիցը չի բավարարում սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի`

1) «ա» պարբերությամբ սահմանված պահանջները, ապա հավաստագիրը կասեցվում է, և դրա մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է հրապարակվում ցուցակում` միաժամանակ տեղեկացնելով նաև մասնակցին.

2) «բ» - «ե» պարբերություններով սահմանված պահանջները, ապա հավաստագիրը դադարում է, և մասնակցի մասին տվյալները հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանվում են ցուցակից` միաժամանակ տեղեկացնելով նաև մասնակցին։

26. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ մասնակցության իրավունքի և որակավորման հատուկ պահանջներ են սահմանված, ապա սույն կարգով նախատեսված հավաստագիրը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար չի գործում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան