Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.11.01/25(408) Հոդ.1465.4
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

ԵԱՔԴ/0157/01/10 որոշում

ԵԱՔԴ/0157/01/10

Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան

Դատավորներ`       Ռ. Ազարյան

                         Ա. Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

   
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ մեղադրող

Է. Պետրոսյանի

  2011 թվականի հուլիսի 13-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Սիմոնի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ մեղադրող Է.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2010 թվականի օգոստոսի 12-ին:

Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ Անմար Անուշավանի Գասպարյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ Աշոտ Սիմոնի Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի հոկտեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Աշոտ Սիմոնի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ:

Վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալի պաշտպան Ա.Սաղաթելյանը:

3. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ դատարանի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 11-ի որոշումն ամբողջությամբ բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

4. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, գործով մեղադրող Է.Պետրոսյանը Վերաքննիչ դատարանի 2011 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հունիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխաններ չեն ներկայացվել:

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

5. Նախաքննության մարմնի 2010 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ Աշոտ Սիմոնի Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականի հուլիսի 11-ին դիտավորությամբ քանդել ու վնասել է Երևանի Այգեկցի 30 տուն հասցեում գտնվող, Երևանի Ա.Խաչատրյան փողոցի 13 շենքի 35 բնակարանի բնակիչ Անմար Անուշավանի Գասպարյանին պատկանող ավտոտնակի կողային քարե պատի հատվածը, որով Ա.Գասպարյանին պատճառել է 27.000 ՀՀ դրամի նյութական վնաս (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 119):

6. Գործի նյութերից երևում է, որ Ա.Բաբայանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել` նշելով, որ ինքն Անմար Գասպարյանի ավտոտնակը որևէ կերպ երբևէ չի վնասել:

7. Տուժող ճանաչելու վերաբերյալ որոշմամբ Անմար Գասպարյանին պարզաբանվել են նրա իրավունքները, մասնավորապես՝ պատճառված վնասի փոխհատուցում ստանալու վերաբերյալ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջեր 84-85):

Որպես տուժող հարցաքննվելիս Ա.Գասպարյանը հայտնել է, որ համաձայն դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության իրեն պատճառվել է 27.000 ՀՀ դրամի վնաս, սակայն նա այդ գումարը չի պահանջում, քանի որ համարում է, որ իր արդարացի բողոքը նյութականի հետ կախված չէ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջեր 86-88):

Տուժող Ա.Գասպարյանը դիմել է Առաջին ատյանի դատարան՝ հայտնելով, որ իր ցուցմունքում հրաժարվել է 27.000 ՀՀ դրամից: Դատարանին խնդրում է, որ դատական ակտում նախատեսվի, որ իր միջոցներով ավտոտնակի վերականգնման աշխատանքները կատարելու ընթացքում Բաբայանները չխոչընդոտեն իրեն (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, էջ 20):

8. Առաջին ատյանի դատարանը Աշոտ Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2011 թվականի փետրվարի 11-ի որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «Դատական քննության ընթացքում տուժող Անմար Գասպարյանը և ամբաստանյալ Աշոտ Բաբայանը հայտնեցին, որ հաշտվել են միմյանց հետ, որևէ բողոք կամ պահանջ չունեն միմյանց նկատմամբ և խնդրեցին քրեական գործի վարույթը կարճել: Մեղադրողը և պաշտպանը չառարկեցին միջնորդության դեմ: (…)»:

Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 36-րդ հոդվածի, 183-րդ հոդվածի 1-ին մասի և 313-րդ հոդվածի վրա, որոշել է. «Աշոտ Սիմոնի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ» (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, էջ 125):

9. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության ունկնդրմամբ պարզ է դառնում հետևյալը.

ա) դատական նիստում տուժող Ա.Գասպարյանը հայտարարում է, որ հաշտվում է և խնդրում է գործը կարճել:

բ) տուժողի հայտարարության կապակցությամբ մեղադրողը հայտնում է, որ չի առարկում, քանի որ դա տուժողի իրավունքն է:

գ) պաշտպան Անահիտ Սաղաթելյանը հայտարարում է, որ պաշտպանական կողմը հակված է նրան, որ դատաքննությունն ընթանա բնական հունով: Այնուհետև ավելացնում է, որ եթե միայն տուժողի հաշտությունը բավարար է, ապա` «մեռնեմ օրենքին»:

դ) Առաջին ատյանի դատարանը հայտարարում է, որ հեռանում է խորհրդակցական սենյակ` տուժողի ներկայացրած միջնորդությունը քննարկելու համար: Դրան արձագանքում է պաշտպանը` հուշելով, որ դատարանը չի պարզել ամբաստանյալի դիրքորոշումը տուժողի հայտարարության վերաբերյալ: Ապա հետևում են դատավորի հետևյալ հարցադրումները` «ամբաստանայալն ա՞յլ կարծիք ունի», «համամի՞տ չէիք Ձեր պաշտպանի հետ», «ո՞ւմ հետ էիք համամիտ` տուժողի՞, թե՞ պաշտպանի»: Ամբաստանյալը պատասխանում է` «պաշտպանի»: Դատավորը հարցնում է` «տուժողի հետ հեչ կապ չունի՞», իսկ ամբաստանյալը պատասխանում է` «չէ, բացառված է»:

ե) Առաջին ատյանի դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ և երբ վերադառնում է, հրապարակում է որոշում` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, Քրեական գործ, հատոր 2, էջ 124):

10. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ա.Բաբայանի պաշտպանի վերաքննիչ բողոքը, 2011 թվականի ապրիլի 26-ին կայացրած դատական ակտի պատճառաբանական մասում նշել է հետևյալը. «Գործի նյութերի ուսումնասիրությունից, մասնավորապես` դատական նիստի ձայնային արձանագրությունից երևում է, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալը և պաշտպանը հստակ հայտնել են իրենց դիրքորոշումը տուժողի հետ չհաշտվելու վերաբերյալ և խնդրել դատական քննությունն անցկացնել ընդհանուր կարգով: (…) առաջին ատյանի դատարանի նշված որոշումը կայացվել է` ելնելով ձևական նկատառումներից և դրա արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ տուժողի հետ ամբաստանյալի հաշտության բացակայության պայմաններում դադարեցվել է քրեական հետապնդումը և կարճվել է քրեական գործի վարույթը»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշել է. «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 11-ի որոշումը` Աշոտ Սիմոնի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության» (տե՛ս Քրեական գործ, հատոր 3, էջեր 29-36):

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

11. Ըստ վճռաբեկ բողոք բերած անձի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ, 35-րդ, 36-րդ, 183-րդ հոդվածների բովանդակությունից և իրավական վերլուծությունից բխում է, որ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար ամբաստանյալի դիրքորոշումը կամ առարկությունները հաշվի չեն առնվում, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորելու համար վկայակոչել է Ա.Բաբայանի դիրքորոշումը` տուժողի հետ չհաշտվելու վերաբերյալ: Այս կապակցությամբ բողոք բերած անձը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանում դատական քննության ժամանակ թե՛ ամբաստանյալը, թե՛ վերջինիս պաշտպանը չեն առարկել տուժողի միջնորդության դեմ:

Արդյունքում բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ է մեկնաբանել հաշտության վերաբերյալ քրեադատավարական նորմը և կայացրել է օրենքից բխող որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ և 37-րդ հոդվածներին հակասող դատական ակտ:

12. Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի ապրիլի 26-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 11-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքով սահմանված` իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի հետ հանցանք կատարած անձի հաշտվելու հիմքով վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք հաշտության հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանելը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե (…) տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության վերաբերյալ դրանցում առկա ձևակերպումները տարբեր են: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` որպես հաշտության հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նախապայման, նշում է հանցանք կատարած անձի հետ տուժողի հաշտվելը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածն ընդհակառակը՝ տուժողի հետ հանցանք կատարած անձի հաշտվելը: Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով հաշտության փաստի հաստատման համար բավարար է արձանագրել, որ հաշտվել է տուժողը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի իմաստով՝ հանցանք կատարած անձը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոշարադրյալ իրավական կարգավորումները հստակ չեն, և դրանցից յուրաքանչյուրը հաշտության հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին միակողմանի մոտեցում է դրսևորում:

16. Սույն որոշման նախորդ կետում նշված իրավական անհստակությունը հարթելու նպատակով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշտության հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելը վարույթն իրականացնող մարմնի հայեցողական լիազորությունն է, որի իրացումը ենթադրում է որոշակի նախապայմանների առկայություն: Դրանք են՝

1) անձի կողմից ոչ մեծ ծանրության հանցանք կատարած լինելը,

2) տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությունը,

3) պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը:

Միևնույն ժամանակ, վարույթն իրականացնող մարմինը կարող է հրաժարվել իր լիազորությունն իրացնելուց այն դեպքում, երբ բացակայում է նշված երեք նախապայմաններից (իրավաչափության պայմաններից) մեկը կամ մի քանիսը:

17. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելուց վարույթն իրականացնող մարմնի հրաժարման իրավաչափության առաջին պայմանն անձի կողմից ոչ մեծ ծանրության հանցանք կատարած լինելն է: Ոչ մեծ ծանրության հանցանքի հասկացությունը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:

18. Սույն որոշման 16-րդ կետում նշված իրավաչափության պայմաններից երկրորդը տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությունն է: Հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝ հանցանք կատարած անձին ներելը: Բացի այդ, հաշտությունը ենթադրում է տուժողի և ենթադրյալ հանցագործի կամավոր և փոխադարձ համաձայնություն միմյանց հետ հաշտվելու վերաբերյալ: Այսինքն` հաշտությունը պետք է լինի ինչպես գործողություն, այնպես էլ փոխադարձ գործողությունների արդյունք:

Հաշտության կամավոր բնույթը ենթադրում է հաշտվելու վերաբերյալ կողմերի ինքնուրույն և ազատ կամահայտնություն:

Հաշտության փոխադարձ բնույթը նշանակում է, որ կողմերից երկուսն էլ պետք է հայտարարեն հաշտության մասին:

Հաշտության կամավոր և փոխադարձ բնույթի բացակայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի կարող որոշում կայացնել հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Այլ կերպ՝ հաշտությունը երկու կողմերի փոխադարձ կամահայտնությունն է, այն երբեք չի կարող կրել միակողմանի բնույթ, և եթե տուժողը ցանկություն է հայտնում հաշտվելու, իսկ հանցանք կատարած անձը դրա դեմ առարկում է, կամ հակառակը, ապա հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքը բացակայում է: Նույն կերպ, հաշտությունը կամավոր և փոխադարձ չի կարող համարվել, հետևաբար՝ այդ հիմքով քրեական գործի վարույթը չի կարող դադարեցվել, եթե հաշտությունը հետևանք է տուժողի նկատմամբ հանցանք կատարած անձի գործադրած ոչ իրավաչափ ներգործության:

19. Անդրադառնալով սույն որոշման 16-րդ կետում նշված երրորդ իրավաչափության պայմանին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն մեկնաբանելու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչ է նշանակում «պատճառված վնաս»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի իմաստով տուժող է այն անձը, ում հանցագործությամբ անմիջականորեն պատճառվել է ֆիզիկական, բարոյական կամ գույքային վնաս: Այս իրավական սահմանման լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հաշտության հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու իրավաչափության այս պայմանի իմաստով պատճառված վնասը հանցագործությամբ անմիջականորեն պատճառված ֆիզիկական, գույքային և բարոյական վնասն է:

Հետևաբար հանցանք կատարած անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա չի հատուցել կամ այլ կերպ չի հարթել տուժողին հանցագործությամբ անմիջականորեն պատճառված ֆիզիկական, գույքային և բարոյական վնասը:

Դրա հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե տուժողն իրեն պատճառված վնասի հատուցման պահանջ չի ներկայացնում, կամ տուժողն ու հանցանք կատարած անձը համաձայնության են գալիս վնասն ապագայում հատուցելու մասին, կամ տուժողը զիջում է պարտքը, կամ պարզապես չի ցանկանում ստանալ իրեն պատճառված վնասի փոխհատուցում, ապա այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից հաշտության հիմքով ազատելուն:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ.

ա) Ամբաստանյալ Ա.Բաբայանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

բ) Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության վերծանման համաձայն` ո՛չ ամբաստանյալ Ա.Բաբայանը, ո՛չ նրա պաշտպանը չեն հայտարարել տուժողի հետ հաշտվելու մասին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

գ) Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ հաստատված է համարել, որ տուժողն ու ամբաստանյալը հաշտվել են, որևէ բողոք կամ պահանջ չունեն միմյանց նկատմամբ և խնդրել են քրեական գործի վարույթը կարճել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

դ) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալի պաշտպանի վերաքննիչ բողոքը, գտել է, որ հաշտության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է ձևական նկատառումներից ելնելով, և դրա արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ տուժողի հետ ամբաստանյալի հաշտության բացակայության պայմաններում դադարեցվել է քրեական հետապնդումը և կարճվել է քրեական գործի վարույթը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել քրեական հետապնդումն ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ, մինչդեռ իրականում հաշտություն տեղի չի ունեցել: Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը, իրավացիորեն գտել է, որ դատական ակտն օրինական չէ, ըստ այդմ որոշել է այն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

21. Սույն որոշման 15-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշտության հիմքով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման՝ Վերաքննիչ դատարանի կողմից բեկանելը հիմնավորված է, քանի որ իրականում ամբաստանյալի և տուժողի միջև կամավոր և փոխադարձ հաշտություն չի եղել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հիմնավորված չէ բողոքի հեղինակի փաստարկն այն մասին, որ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելիս և քրեական հետապնդումը դադարեցնելիս ամբաստանյալի դիրքորոշումը կամ առարկությունները հաշվի չեն առնվում:

Հետևաբար, սույն գործի քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի խախտում թույլ չի տվել, այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Աշոտ Սիմոնի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 26-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Ե. Դանիելյան

 

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան