«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11513151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 մարտի 2013 թ. N 42-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մարտի 2013 թ. N 10-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետերի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մարտի 2-ի թիվ 276-Ն որոշման 5.1 կետի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նիստերին մասնագետների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Ասատրյան |
ՀՀ առողջապահության նախարար
Դ. Դումանյան |
Հավելված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թ. մարտի 22-ի թիվ 42-Ն հրամանի ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. մարտի 25-ի թիվ 10-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած մասնագետների ցանկից պատահական ընտրության միջոցով բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) նիստերին մասնագետների մասնակցության հետ կապված հարաբերությունները:
2. Առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի նիստերին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետների ցանկում ներառված անձինք, այդ թվում` պոլիկլինիկաների տնօրենների փորձաքննության գծով տեղակալներ, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (մարզերի) առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետներ (այսուհետ` մասնագետներ):
3. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերը (այսուհետ` աշխատակազմ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած մասնագետների ցանկից պատահական ընտրության միջոցով ապահովում են մասնագետի մասնակցությունը հանձնաժողովի նիստերին:
4. Աշխատակազմը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետների ցանկը կոդավորում է և զետեղում համակարգչում, որում ընդգրկվում են հետևյալ տվյալները`
1) մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը,
2) պաշտոնը, մասնագիտացումը,
3) աշխատանքի վայրը,
4) բնակության վայրը,
5) հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային,
6) էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում):
5. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար մասնագետներն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված ցանկից` բժշկասոցիալական փորձաքննության անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
6. Աշխատակազմը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նիստերի ժամանակացույցի վերաբերյալ տեղեկանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական վեբ կայքից (www: mss.am):
7. Աշխատակազմը հանձնաժողովի նիստի (բժշկասոցիալական փորձաքննության) կայացման օրվանից առնվազն 2 օր առաջ ընտրված մասնագետին տեղեկացնում է նրա ընտրվելու, հանձնաժողովի նիստի /բժշկասոցիալական փորձաքննության/ օրվա, ժամի և վայրի մասին:
8. Հանձնաժողովների նիստերին մասնագետի մասնակցության անհնարինության դեպքում, մասնագետը մեկօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է աշխատակազմին: Աշխատակազմը հաստատած մասնագետների ցանկից պատահական ընտրության միջոցով ապահովում է այլ մասնագետի մասնակցությունը հանձնաժողովի նիստերին:
9. Ընտրված մասնագետը հանձնաժողովում նույն օրը, նախապես` մինչև անձի փորձաքննություն իրականացնելը, ուսումնասիրում է փորձաքննվող անձի բժշկական փաստաթղթերը, նրա առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար:
10. Բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում մասնագետը հիմնավորում է բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը` ներկայացնելով իր կարծիքն ու մասնագիտական եզրակացությունը փորձաքննվող անձի առողջական վիճակի, ֆունկցիայի խանգարման տեսակի և աստիճանի մասին:
11. Բժշկակասոցիալական փորձաքննության ժամանակ մասնագետը ունի խորհրդակցական ձայնի իրավունք, տրամադրում է մասնագիտական եզրակացություն, որը կցվում է է փորձաքննված անձի բժշկասոցիալական փորձաքննական գործին:
12. Հանձնաժողովների նիստերին մասնագետի մասնակցությունը գրանցվում է այդ նպատակի համար նախատեսված գրանցամատյանում և ստորագրվում նրա կողմից:
13. Հանձնաժողովը եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն` մասնագետների մասնակցության վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը կիսամյակը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նիստերին մասնագետների մասնակցության վերաբերյալ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|