«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013077
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2012 թ. N 09-Ն ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 դեկտեմբերի 2012 թ. N 22-Ն ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1913-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ռազմավարական ծրագրի 2012-2016 թվականների միջոցառումների ցանկի 3-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում տարբեր մակարդակների առողջապահական կազմակերպությունների և շահագրգիռ մարմինների դերերը հստակեցնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում տարբեր մակարդակների առողջապահական կազմակերպությունների և շահագրգիռ մարմինների դերերը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյան |
ՀՀ առողջապահության նախարար
Դ. Դումանյան |
Հավելված Հաստատված է ՀՀ տարածքային կառավարման նախարարի 28 դեկտեմբերի 2012 թ. թիվ 09-Ն ՀՀ առողջապահության նախարարի 25 դեկտեմբերի 2012 թ. թիվ 22-Ն |
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԵՐԵՐԸ
I. Ազգային մակարդակ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը՝
1) Ստանում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների իրավիճակի, դրանց առաջացման և տարածման պատճառների և պայմանների, կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացի մասին:
2) Քննության է առնում Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք կարող են ներառել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումներ:
3) Մշակում է Հայաստանի Հանրապետության մարզային և համայնքային նպատակային ծրագրեր, որոնք կարող են ներառել վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր:
4) Քննարկում է վարակիչ հիվանդություններին առնչվող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները):
5) Հաստատում է մարզպետների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա ծրագրերը, որոնք կարող են ներառել նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցեր:
6) Տալիս է համաձայնություն մարզպետների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա ծրագրերում չներառված միջոցառումներին, որոնք կարող են առնչվել նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերին:
7) Իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված, ինչպես նաև՝ համայնքի ավագանու՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերի վերաբերյալ լիազորությունների իրականացման նկատմամբ:
8) Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերով տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով, սահմանված կարգով, տալիս է սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ:
9) Իրականացնում է իրավական հսկողություն վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերով մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ:
10) Ամփոփում է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերով՝ մարզպետների գործունեության արդյունքների գնահատման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատականները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`
1) Իրականացնում է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների քաղաքականության, հայեցակարգերի, ռազմավարության մշակումն ու դրանց իրականացման նկատմամբ դիտարկումը:
2) Համակարգում է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացման դիտարկումը:
3) Մշակում է վարակիչ հիվանդությունների առնչությամբ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը և նպատակային ծրագրերը, մասնակցում դրանց իրականացմանը, ինչպես նաև դիտարկում է դրանց կատարման ընթացքը։
4) Մշակում է վարակիչ հիվանդությունների հարցերով բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթության ծրագրերը և դիտարկում է դրանց իրականացումը:
5) Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման հարցերը ներառում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի առողջապահական բաղադրիչում:
6) Ներառում է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման հարցերը լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջներ և պայմաններ մշակելիս և դրանց պահպանման նկատմամբ դիտարկումներ իրականացնելիս, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս:
7) Ներառում է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվեր ձևավորելիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրականացումը դիտարկելիս:
8) Պետական պատվերի շրջանակներում իրականացվող դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և ծառայությունների կենտրոնացված գնումներ իրականացնելիս, գնումների դիմաց ֆինանսական միջոցներ հատկացնելիս ներառում է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման համար օգտագործվող դեղերը, բժշկական նշանակության ապրանքները և ծառայությունները:
9) Իրականացնում է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ոլորտում ընդգրկված բարձրագույն, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման, առկա կադրային ներուժի պահպանման, զարգացման և վերարտադրման, կադրերի արդյունավետ վերադասավորման ոլորտներում պետական քաղաքականության ծրագրերի մշակումն ու դրանց դիտարկումը:
10) Մշակում է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին և կանխարգելմանն ուղղված օրենքներ ու այլ իրավական ակտերի նախագծեր, քննարկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին և կանխարգելման ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերը ու ներկայացնում համապատասխան եզրակացություններ:
11) Իրականացնում է վարակիչ հիվանդություններին առնչվող՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը:
12) Իրականացնում է վարակիչ հիվանդություններին առնչվող առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը:
II. Մարզային մակարդակ
3. Մարզպետարանը՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը տրամադրում է տեղեկատվություն մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների իրավիճակի, դրանց առաջացման և տարածման պատճառների և պայմանների, կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացի մասին:
2) Մշակում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը կարող է ներառել նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումներ:
3) Քննարկում է վարակիչ հիվանդություններին առնչվող քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները):
4) Մշակում է մարզպետի կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա ծրագիրը, որը կարող է ներառել նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացին առնչվող հարցեր:
5) Աջակցում է պետական կառավարման մարմիններին վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում:
6) Կառավարում է իր ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները:
7) Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է հիգիենիկ և հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը:
8) Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնահատում է մարզի բնակիչների առողջության ցուցանիշները, այդ թվում նաև՝ վարակիչ հիվանդությունների հիվանդացությունը և մահացությունը, և առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին:
9) Օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է պետական առողջապահական միջոցառումների իրականացմանը:
10) Մարզի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը:
11) Աջակցում է բնակչության սանիտարահիգիենիկ կրթությանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինները՝
1) Շահագրգիռ կառույցների հետ համագործակցելով` կազմակերպում են վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, մասնակցում են դրանց իրականացմանը։
2) Մարզպետարաններին տրամադրում են տեղեկատվություն վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակի և առաջարկություններ՝ կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ:
3) Իրականացնում են հսկողություն շահագրգիռ մարմինների տարածքային կառույցների կողմից վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի՝ իրենց իրավասության սահմաններում իրականացվող միջոցառումների իրականացման նկատմամբ:
4) Իրականացնում են պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն:
5) Կազմակերպում և իրականացնում են հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով՝ օդի, ջրի, հողի, պարենահումքի ու սննդամթերքի և այլ արտադրանքի, առարկաների ու նյութերի նմուշառում:
6) Կազմակերպում և մասնակցում են վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացմանը, բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցմանը:
7) Հայաստանի Հանրապետության տարածքում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով իրավասու մարմիններին ներկայացնում է առաջարկություններ կամ պահանջ վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման ուղղությամբ:
8) Բնակչության առողջության պահպանման ու սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով ընդունում է որոշումներ:
III. Տեղական (համայնքային) մակարդակ
5. Համայնքապետարանը`
1) Մարզպետին տրամադրում է տեղեկատվություն համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների իրավիճակի, դրանց առաջացման և տարածման պատճառների և պայմանների, կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին:
2) Մշակում է համայնքի զարգացման ծրագիր, որոնք կարող են ներառել նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցեր:
3) Քննարկում է վարակիչ հիվանդություններին առնչվող քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները):
4) Ներկայացնում է առաջարկ մարզպետի կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա ծրագրերում չներառված միջոցառումների վերաբերյալ, որոնք կարող են ներառել նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցեր:
5) Աջակցում է պետական կառավարման մարմինների տարածքային կառույցներին վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում:
6) Կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության առողջապահական կազմակերպությունների գործունեությունը:
7) Աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը, կազմակերպում է աղբահանությունը, քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը:
8) Աջակցում է առողջապահական մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը:
9) Կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող ջրմուղի, կոյուղու շահագործումը:
10) Իրականացնում է պետական ծրագրերով նախատեսված` համայնքի տարածքում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերացման և անասնաբուժության բնագավառում այլ աշխատանքները։
11) Իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից։
12) Իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր։
13) Լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով՝ իրականացնում է համայնքային առողջապահական ծրագրեր։
14) Աջակցում է բնակչության սանիտարահիգիենիկ կրթությանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնների տարածքային ներկայացուցչությունները իրականացնում են մարզային մակարդակի համար նախատեսված գործառույթները:
IV. Բոլոր մակարդակներ
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ (առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ՝ գյուղական բժշկական ամբուլատորիաներ, բուժակ-մանկաբուժական կետեր և պոլիկլինիկաներ, ինչպես նաև հիվանդանոցներ)՝
1) Իրականացնում են վարակիչ հիվանդությունների դեպքերի հայտնաբերում, հաշվառում, բուժում, սահմանված կարգով հաղորդում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների հրահանգով կանխարգելիչ միջոցառումների իրականացում:
2) Մասնակցում են բնակչության իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության գործընթացին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|