Գլխավոր տեղեկություն
Համար
N 1431-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1461
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2011 թվականի N 1431-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության փրկարար ուժերի ստեղծման, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 437-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի երկրորդ կետով նախատեսված «Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած ինժեներական, քիմիական, ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումների հիմնում և դրանց հետագա զարգացման ապահովում» միջոցառման իրականացման ընթացքում ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1431-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական պաշտպանության փրկարար ուժերի (այսուհետ՝ ՔՊ-ի փրկարար ուժեր) ստեղծման, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման գործընթացները:

2. Քաղաքացիական պաշտպանության ուժերի տեսակները սահմանված են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

3. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության զինվորական ստորաբաժանումներ, որոնց համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը, իրավասությունը և կազմակերպական հիմքերն ու գործունեության սկզբունքները կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումներն անհրաժեշտության դեպքում ստեղծվում են համայնքներում, կազմակերպություններում, որոնց ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1532-Ն որոշմամբ:

5. ՔՊ-ի փրկարար ուժերն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության ընդհանուր թվի սահմաններում: ՔՊ-ի փրկարար ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, կազմը և կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

III. ՔՊ-Ի ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. ՔՊ-ի փրկարար ուժերը համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած մասնագիտացված հատուկ ստորաբաժանումներ են, որոնք նախատեսված են պատերազմի ժամանակ և արտակարգ իրավիճակներում բնակչության ու նյութական արժեքների պաշտպանության համար:

7. ՔՊ-ի փրկարար ուժերի խնդիրներն են`

1) ռազմական գործողությունների կամ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած խոցման օջախներում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.

2) մասնակցությունը վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման և տուժած բնակչության կենսաապահովման իրականացման աշխատանքներին.

3) մասնակցությունը պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին.

 4) քաղաքացիական պաշտպանության ուժերի` ռազմական գործողությունների կամ արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած խոցման օջախներ մուտքի ապահովումը.

5) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

8. ՔՊ-ի փրկարար ուժերի գործառույթներն են`

1) մասնակցությունը ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում ճառագայթային, քիմիական ու կենսաբանական վարակվածության տարածքներում հետախուզության և սահմանազատման իրականացմանը, վարակված օջախների շրջափակմանը.

2) մասնակցությունը ճառագայթային, քիմիական ու կենսաբանական վարակվածության օջախներում հատուկ և սանիտարական մշակման միջոցառումների իրականացմանը.

3) մասնակցությունը վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ բնակչության տարահանման, տեղաբաշխման և տուժած բնակչության կենսաապահովման իրականացման աշխատանքներին.

4) քաղաքացիական պաշտպանության ուժերի՝ խոցման օջախներ մուտքի և տարահանման երթուղիներում ճանապարհների անցանելիության ապահովումը.

5) փլատակների մաքրման կամ փլվածքների հարթեցման միջոցով անցուղիների հարմարեցումը, անցումների բացումը և վթարային կառույցների անվնաս փլուզումը.

6) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և ուժերի միջև հուսալի ու անխափան կապի ապահովմանը.

7) պայթուցիկ (պայթյունավտանգ) առարկաների և նյութերի հայտնաբերումն ու վնասազերծումը` արտակարգ իրավիճակների պայմաններում.

8) ականապատ տարածքների հայտնաբերումը, արգելանշանների տեղադրումը, ականազերծման աշխատանքների և տարածքների հսկողության կազմակերպումը` պատերազմի կամ ռազմական դրության պայմաններում.

9) մասնակցությունը տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման, տեսակավորման և բժշկական հիմնարկներ տեղափոխման աշխատանքներին.

10) մասնակցությունը մարդասիրական օգնության բեռների ստացման, պահպանման և բաշխման գործընթացներին.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

IV. ՔՊ-Ի ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

9. ՔՊ-ի փրկարար ուժերի ստորաբաժանումների գործունեության հիմնական սկզբունքները, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման կարգը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները, նյութական ապահովության հիմքերը և ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ու «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և նշված օրենքներից բխող այլ իրավական ակտերով:

10. ՔՊ-ի փրկարար ուժերի ստորաբաժանումների պատրաստվածության վիճակն ստուգվում է քաղաքացիական պաշտպանության համալիր և հատուկ տակտիկական ուսումնավարժությունների անցկացման միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան