Գլխավոր տեղեկություն
Համար
N 1394-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2006.03.22/3(22) Հոդ.1429
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2011 թվականի N 1394-Ն

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 5
Երևան 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1394-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության համաձայն նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացները (այսուհետ՝ ուսուցման դասընթացներ) անցկացնելու (անցնելու) հետ կապված հարաբերությունները։

2. Նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումն է՝ գործնական հմտությունների ուսուցման, ինչպես նաև աշխատանքային բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ոլորտների ուսումնասիրության միջոցով:

3. Նոտարի թեկնածուների ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են նոտարի թեկնածուների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ուսուցման դասընթացի արժեքը սահմանում է սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունը: Ուսուցման դասընթացի մեկ ակադեմիական ժամի արժեքը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման մեկ ժամվա համար նախատեսված նախահաշվային արժեքի կրկնապատիկը:

4. Նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացներին կարող է մասնակցել նոտարական գործունեության ստաժավորում չանցած, իրավաբանի՝ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, ով որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունը և ստացել որակավորման վկայական:

5. Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է առնվազն 120 ակադեմիական ժամից և գործնական պարապմունքներից: Գործնական պարապմունքներն իրականացվում են սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունում կամ նոտարական գրասենյակներում, կամ նոտարական պալատում:

 

II. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացների ծրագրերը, ժամանակացույցը, դասընթացներին մասնակցող նոտարների թեկնածուների ցանկը:

7. Նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) կազմվում է` հաշվի առնելով նոտարի առջև դրված խնդիրների առանձնահատկությունները։

 

III. ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Նոտարների թեկնածուների ուսուցման դասընթացները կազմակերպվում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (այսուհետ՝ իրավաբանական ինստիտուտ)՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան:

9. Նոտարների թեկնածուների ուսուցման դասընթացներն սկսվում են նոտարների որակավորման ստուգման արդյունքների հիման վրա որակավորման վկայականների հանձնումից հետո մեկամսյա ժամկետում:

10. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք դասընթացներին մասնակցելու նպատակով կարող են ոչ ուշ, քան նոտարների թեկնածուների ուսուցման դասընթացներն սկսվելուց քսան օր առաջ հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ վճարելով ուսումնական դասընթացի համար նախատեսված գումարը:

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ստացված հայտերի հիման վրա կազմում է դասընթացներին մասնակցող նոտարների թեկնածուների ցանկը, ինչպես նաև ուսուցման դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը, որոնք դասընթացներն սկսվելուց ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հաստատման:

12. Նոտարների թեկնածուների ուսուցման ժամանակ իրավաբանական ինստիտուտի կողմից վարվում են դասընթացի մասնակիցների հաճախումների մատյաններ, որոնցում ուսուցման դասընթացի յուրաքանչյուր օրվա համար նշվում է մասնակիցների ներկա կամ բացակա լինելը:

13. Դասընթացի ավելի քան մեկ երրորդից բացակայելու դեպքում նոտարի թեկնածուն համարվում է ուսուցման դասընթացը չավարտած: Նշված դեպքում նոտարի թեկնածուին հնարավորություն է տրվում մասնակցելու նոտարների թեկնածուների համար կազմակերպվելիք հաջորդ ուսուցման դասընթացին: Ընդ որում, նոտարի թեկնածուն նոր դասընթացի համար կրկին վճարում է, իսկ նախորդ դասընթացի վճարը չի վերադարձվում նրան:

14. Ուսուցման դասընթացն ավարտվելուց հետո իրավաբանական ինստիտուտը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում ուսուցման դասընթացն ավարտած նոտարների թեկնածուների ցանկը:

15. Ուսուցման դասընթացն ավարտած նոտարի թեկնածուին իրավաբանական ինստիտուտի կողմից տրվում է համապատասխան վկայագիր:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան